Ազատ ժամանակի արարումը և զբաղված ժամանակի ֆենոմենոլոգիան (վարիացիա)
«Բայց չէ՞ որ մենք ազատ ժամանակի պակաս չունենք»:
Ուրեմն ի՞նչ է նշանակում չունենալ ազատ ժամանակի պակաս, և ինչպե՞ս կարելի է չունենալ ազատ ժամանակի պակաս, – սրանք են այն հարցերը, որոնց քննությունը կարող է լույս սփռել ժամանակի երկվության վրա:
Ո՞ր պակասի մասին է խոսքը: Այն, որի մասին ես գլխի չեմ ընկնում, որ այն պակա՞ս է, թե՞ այն, որի լրացման բերկրանքը ինձ հայտնի է: Եթե այդ բերկրանքն ինձ հայտնի է, ապա ես չեմ ստեղծում ազատ ժամանակ (ժամանակ ընդհանրապես), այլ միայն վերագտնում եմ այն, ինչը մշտապես արդեն եղել է:
Այդ դեպքում ժամանակը մշտապես միայն անցյալ է, ավելին, այն երբեք չի կարող ազատ լինել, որովհետև վերջինս կախված է այն զբաղվածությունից, որը կազմում է նրա` որպես անցյալ ժամանակի ժամանակայնությունը: Մինչդեռ որպես ազատ հարափոխություն ժամանակը ծածանվում է ոչ թե անցյալի կամ ապագայի «հավիտենական հեռուներում», այլ յուրաքանչյուր ակնթարթի մեջ, որում ինձ հաջողվում է ոչնչացնել ժամանակը իմ մեջ: Եթե ժամանակային պակասի լրացման բերկրանքն ինձ անհայտ է, ապա դա այն դեպքն է, երբ ինձ հաջողվում է ազատություն շնորհել ժամանակին, և ես սկսում եմ ոչ թե պակասի լրացման ինձ արդեն ծանոթ բերկրանքը ճաշակելու նախասպասումից, հետևաբար ժամանակն արդեն զբաղված ճանաչելուց, այլ զարմանքից, որը հենց պակասի առնչությամբ է, այն պակասի, որն իր այդպիսի չգոյության մեջ դեռ չի ստացել գոյության ժամանակ: «Ժամանակը ընդհանրապես բոլոր երևույթների a priori ֆորմալ պայմանն է»,-իրավացիորեն ասում է Կանտը: Սակայն պակասը չի կարող երևույթ լինել և չի կարող երևալ: Պակասի լեզուն մշտապես այն զարմանքն է, որը բախվում է պակասի ժամանակազրկությանը:
Եվ ուրեմն, այսպիսի պակասն է զարմանք շարժում, ստիպում զարմանքին գործել: Հայտնի է, թե ինչ է գոյանում զարմանքի գործունեությունից: Թավմասը (զարմանքը) անխուսափելիորեն լույս աշխարհ է բերում Իրիսին (լուրին):
Երիտասարդ Թեետետոսը կարծես չգիտի այդ մասին, ահա ինչու շփոթվում է, երբ Սոկրատեսը խորամուխ է լինում կայացման էության խնդրի խրթին քննությանը:
«– Աստվածները վկա, Սոկրատես, այդ բաների մասին խորհելիս մեծագույն զարմանք եմ ապրում և երբեմն ուշադիր ներհայեցողությունը բերում է նրան, որ գլուխս մթագնում է»:
Սակայն Սոկրատեսի համար հենց Թեետետոսի այս զարմանքն է պակասի մեջ եղածի լրացման համար սկիզբ առնող ժամանակի մեկնակետը:
«– Թեոդորոսը կարծես վատ չի կռահել քո բնությունը, – ասում է նա, – քանզի հենց փիլիսոփային է հատուկ այդպիսի զարմանքը: Փիլիսոփայությունը զարմանքից բացի այլ սկիզբ չունի, և նա, ով ասել է, թե Իրիսը Թավմասի զավակն է, չի սխալվել տվյալ ծննդաբանության հարցում»:
Զարմանքը մշտապես նրա առնչությամբ է, ինչն իր պակասի մեջ դեռ չի ստացել գոյության ժամանակ, և հենց Իրիսը` Թավմասի զավակն է հանդիսանում այդ պակասի ժամանակային լրումը: Առհասարակ զարմանքի պահը չի ճանաչում ժամանակի հակադարձելիություն, որովհետև այդ պահին ժամանակայինը, այսինքն` այն, ինչը զբաղեցնում էր ժամանակը, ժամանակի մեջ մահանում է: Պակասը, թեև զարմացնում է, սակայն չի երևում, այսինքն` ինքը ժամանակազուրկ է: Նրա համար փիլիսոփան չունի ազատ ժամանակի պակաս, ավելին, հենց այն պակասը հանուն որի փիլիսոփան ժամանակ է ստեղծում, ազատ է շնորհիվ նրա, որ այն ստեղծված է պակասի համար: Զարմանքը ոչ թե հետքերի առնչությամբ է, այլ անհետության (հետք = հայտ + ք = բաներ, որոնք հայտնի են, որոնք երևույթ են): Ոչ թե երևույթի հետքերով է գնում զարմանքը, այլ` ինքնին իրի անհետության: Երևույթը բոլորովին էլ ինքնին իրի հետքը չէ, որովհետև երևույթի առնչությամբ չէ, որ ես զարմանում եմ, այլ նրա, ինչը չի հայտնվում երևույթի մեջ և հետևաբար նրա, ինչը երևույթի մեջ ժամանակային հետքեր չի թողնում: Աներևույթը ճանաչելու մետաֆիզիկական հավակնությունները նույնպես զարմանքի արդյունք են, քանի որ աներևույթի նախնական առկալման այլ օրգան տվյալ գիտությունը չունի: Իսկ երևույթի ոլորտին հատուկ որակների կիրառումը պակասի նկատմամբ արդյունք են նրա, որ զարմանքը մշտապես ուզում է ժամանակ ծնել ինքնին իրի համար, տարածությունից ներս հրավիրել այն: Մետաֆիզիկայի պատմությունն ինքը այն ժամանակն է, որ արարված է փիլիսոփայական պարապության (sxolazein) մեջ հանուն նրա, ինչը իր պակասի մեջ գոյության ժամանակի կարիք է ունեցել:
«[Փիլիսոփայությամբ զբաղվողները] հերթական որևէ խորհրդածության շուրջ համաձայնության չգալու դեպքում կարող են հոգ չտանել դրա երկարության կամ կարճության մասին, քանի որ նրանց մտահոգում է լոկ հարցի էությունը»:
Հարցի էությունը չի ճանաչում երկարություն կամ կարճություն, քանի որ զարմանքին ու պարապությանը տրված փիլիսոփան կարող է անսահմանափակ քանակությամբ ազատ ժամանակ ստեղծել: Հենց իր` փիլիսոփայի պարապությունն է այս դեպքում նախապայման այդ ժամանակի համար: Բայց մի՞թե պարապությունը կորզված չէ զբաղվածության աշխարհի մերժումից, աշխարհ, որում մնացողներին մշտապես շտապեցնում է ջրային ժամացույցը:
«Յուրաքանչյուր իր ժամանակ է ուզում»,- ասում է Մաքս Պիկարդը: Զարմանքի և հիացմունքի մեջ յուրաքանչյուր իր ժամանակ է ուզում իր էության համար, քանի որ էությունը ուզում է բացվել գոյության ազատ ժամանակի մեջ: Հակառակ դեպքում այն զրկվում է ժամանակից. չէ՞ որ զբաղված ժամանակի մեջ, որն անվերջ շտապեցնում է մարդուն, զարմանքի համար տեղ չկա: Զարմանալ նշանակում է պարապության ստեղծել, որի մեջ անպետքության և անօգտակարության նշանի տակ (Արիստոտել) փռվում է ոչ թե իրերի և նրանց վիճակների պիտանի և օգտակար հերթագայությունը, այլ նրանց անպետք և անօգուտ էության ազատ ու անսահմանափակ ժամանակը: Որքան ավելի մեծ է զարմանքը, որքան ավելի մեծ է հիացմունքը1, այնքան ավելի մեծ քանակությամբ ազատ ժամանակ կարող է այն տրամադրել իրերին և, հետևաբար, անժամանակային համակրության մեջ մտնել նրանց էության հետ: Որքան մեծ է Ուոլդենի անտառում Դևիդ Թորոյի ստեղծած ազատ ժամանակը2:
Ժամանակի էության մեջ թափանցելու համար Բերգսոնը ազատում է ժամանակը տարածականությունից, չէ՞ որ տարածությունը սոսկ ժամանակի զբաղվածության կողմնակի էֆեկտ է: Հենց զբաղված լինելու հնարավորությունն է խոսք բացում տարածականության մասին: Քննելով քանակի, իրականության և սուբստանցի կատեգորիաների կանտյան սխեմաները, Հայդեգգերը ցույց է տվել, որ կատեգորիաների այդ սխեմաները հենց ժամանակի որոշարկումներ են, այսինքն` հանդիսանում են կատեգորիաների տրվածություն ժամանակի կերպի մեջ: Երեք դեպքում էլ տեղի ունի ժամանակային հոսքի թեմատիկավորում երեք տարբեր առումներով: «Թվով» ժամանակային հոսքը թեմատիկավորվում է իր զանազանած «տեղանքի» առումով, սակայն տեղանք ժամանակի մեջ, ասենք` այս պահին: «Իրականության» դեպքում թեմատիկավորումը տեղի ունի հոսքի որակական բնորոշումների միջոցով, ինչպես օրինակ` այժմ այսպիսի: Ժամանակային համասեռության հաստատունությունը հնարավոր է դարձնում սուբստանցի գոյությունն առհասարակ` նրա գոյելը, այսինքն` գոյ լինելը: Կարճ ասած, քանի որ ժամանակը ճանաչվում է բոլոր, այդ թվում նաև տարածական երևույթների ձևական պայման, վերջինս առաջնություն ունի տարածության նկատմամբ: