Վենետիկի Բիեննալեի քաղաքակրթական նշանակությունը
- Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է արդյոք ստեղծել փոխանակությունների և անդամակցությունների հոսք անհատական ազգային տաղավարների միջև:
- Դա հեշտ նախաձեռնություն չէ, բայց այն պետք է ձեռնարկվի: Քանզի տարածքայնությունը սահմանակցում է տարածությանը, մենք պետք է ազգային բոլոր կուրատորների հետ միասին մշակենք մի դինամիկ մեթոդաբանություն, որը հնարավորություն կընձեռի փոփոխել և պտտել տարածքը՝ ձգտելով գտնել ընդհանուր մի դիզայն, որը կներկայացնի յուրաքանչյուրին: Նախ և առաջ մենք պետք է Ջիարդինի դի Կաստելլոն (Giardini di Castello) դիտենք որպես մշտապես համասեռ աշխարհիկությամբ լեցուն մի միավոր: Ընդունելով այս գլոբալ, գրեթե օդային տեսլականը – ոչ թե ներքևից՝ իր պատմաքաղաքական արմատներից, այլ վերևից՝ ունիվերսալ հեռանկարից դիտվող Բիեննալեի, – մենք կարող ենք աշխատել մշակույթների բազմազանության և առաջարկությունների բազմության վրա: Ենթադրվում է ձև տալ այն բանին, ինչը մերժում է ձևը. պատկերացնենք Բիեննալեի ֆիզիկական տարածքը որպես մի մեծ մայրցամաք, որը մոռացել է իր տարբեր ինքնությունները. ծածկել այդ «տարածքը» արվեստագետներով՝ լեզվական և ճարտարապետական պահանջներին համապատասխան, հասնելով լիակատար կերպարանափոխության, որոշակիությունները դարձնելով անորոշություններ՝ հօգուտ տրանսֆորմացիայի, հիմնված ոչ թե դիվանագիտության և էկոնոմիկայի, այլ արվեստագիտական եռանդի տեղաշարժի վրա: Պարզ է, որ այստեղ ես խոսում եմ տարածքի տարրալուծման մասին, տարածք առանց նմուշների կամ սահմանների, որտեղ ուժի մեջ է արվեստի պոտենցիալը և ոչ թե հզորությունը:
- Ո՞րն է Արվեստի Բիեննալեի կենտրոնական ցուցահանդեսին ձեր կողմից տրված «Ապագա, Ներկա, Անցյալ» խորագրի իրական իմաստը: Որո՞նք են ցուցադրության հիմնական գաղափարներն ու միտումները: Ինչպե՞ս ծնվեցին այդ ծրագրերը:
- Քանի որ ստիպված էի սահմանել արվեստի պատմության շարադրման իմ մոտեցումը, մտածեցի, որ անընդունելի կլիներ այսօր ներկայացնել թեման, իսկ հետո վավերացնել այն՝ արվեստի ստեղծագործություններին վերաբերվելով որպես կերպարային (iconic) կամ սիմվոլիկ, փիլիսոփայական կամ մարդաբանական տեսլականի նկարազարդումների: Ես ինքս բացվում էի Արվեստին, կարծես այն վիթխարի մի համաստեղություն էր, որն անհնար է միանգամից ամբողջությամբ ըմբռնել, բայց որի միջով կարելի է ճամփորդել նրա բոլոր նորերով (nova) և գերնորերով (supernova) հանդերձ, իր մեծ ու փոքր չափումներով, և այդ բոլորը լիցքավորված այնպիսի լուսեղությամբ, որը այլաբանորեն՝ կարող է յուրաքանչյուր աստղի արվեստի ստեղծագործությանը բնորոշ իմացական, տեսողական, լեզվական և ֆորմալ պայծառությամբ օժտել: Ընդունելով մոլորակային այս տեսադաշտը, որը ներառում է լեզվի և նյութի, տեղի և դիրքի բոլոր ոլորտները, ես հայտնվեցի տիեզերագնացի դերում, որն ազատ խիզախում է հայտնի և անհայտ աշխարհների միջև: Հետևելով կոորդինատների շարքին – ինչպիսին է տարածքի և նորագույն քարտեզների, հետազոտման և կանխատեսման համակարգերի իմացությունը՝ հիմնված պատմա-քննադատական հեռանկարի և ուղղակիորեն թանգարանային համակարգի հետ աշխատանքից ձեռք բերված փորձի վրա – ես սկսեցի քննել Վենետիկ 97-ով իմ ուղևորության հնարավոր կոորդինատները: Սկզբից ևեթ շարժվելով տարածականորեն անորոշարկելի համաստեղության միջով, ես խնդիր դրեցի իմ առջև դիտարկել միայն «ժամանակի» գործոնը, խուսափելով տարածքի բոլոր սահմանումներից: Սև խոռոչները գոյություն ունեն: Ժամանակի ընտրությունը որպես այս ճամփորդության իդեալական վեկտոր, նույնպես հարկադրեց ինձ փնտրել անորոշարկելի մի չափում՝ «անցյալի, ներկայի, և ապագայի» միջև ժամանակագրական կտրվածքին համապատասխան նյութի կազմակերպումից խուսափելու համար: Իբրև ժամանակակից արվեստի պատմաբան ես հավատում եմ, որ պատմությունը շարունակաբար գրված և վերագրված է օր առ օր. այդ իսկ պատճառով տրամաբանությունը, որ ես ուզում էի տալ Բիեննալեին, ներառում էր տերմինների տեղափոխություն՝ «Ապագա, Ներկա, Անցյալ»:
Ամրագրելով այն, որ մենք ետևում թողեցինք թեմատիկ չափողությունը և ընդունեցինք բաց, շրջված ժամանակային հեռանկարը, ես փորձեցի հասկանալ, թե ի՞նչ է դա նշանա- կում նյութի մեկնաբանական ընթերցման լեզվով: Դրա իմաստը պարզ է. անցյալը իմ ապագան է, իսկ իմ ապագան՝ իմ անցյալն է. այդ երկուսը հանդիպում են կենտրոնում, որը ներկան է:
Հաջորդ քայլը արվեստի և ցուցահանդեսների լեզվով այդ պարադիգմի (նմուշի) արդյունավետության ու տրամաբանության որոշարկումն էր, որը խճճում է ժամանակային տերմինները՝ դրանց միջև ստեղծելով օսմոս (փոխներթափանցում): Արվեստագետների մակարդակով այդ նշանակում է, որ քանի դեռ գոյություն ունեն առանձին սերունդներ, նրանք կարող են միաձուլվել: Այստեղից էլ նախորդ Բիեննալեները բնորոշող պատմական ցուցահանդեսի և «բաց» ցուցահանդեսի միջև առկա տարբերության բացառումը: Վերջապես՝ բոլոր հրավիրված արվեստագետներին խնդրելու անհրաժեշտությունը – միևնույն է՝ ութսուն թե քսան տարեկան – ներկայացնել վերջին շրջանի ժամանակակից մի գործ՝ արված մի քանի ամիս առաջ կամ հատուկ Բիեննալեի համար, հանգեցրել է այն որոշմանը, որ Վենետիկում ներկայացված արվեստի բոլոր ստեղծագործությունները համընկնելու են ժամանակային հորիզոնականի մակարդակով: Տալու համար մեթոդաբանական մոտեցման մեկ ուրիշ օրինակ, կարելի է խոսել կոմպյուտերային էկրանի և Internet-ի մասին, որում բոլոր կետերը նույն հարթության վրա են, և ընդամենը դրանցից մեկը սեղմելով կարելի է ընթանալ մի ուղղությամբ, որ թեև ամբողջովին անհատական է, սակայն դեռևս՝ օբյեկտիվ, որովհետև պայմանավորված է կանխապես տրված չափողությամբ, այսինքն՝ ներկա տվյալներով:
Այժմ, եթե դուք ներկայացնեք բոլոր այդ տվյալները միասին, ապա դրանք համընկնում են արագության այն պահանջների և էներգիայի ու ինֆորմացիայի այն խտացման հետ, ըստ որի ես հրավիրվել էի համադրելու այս Բիեննալեն, 1997թ. հունվարի և հունիսի միջև: Սա մի ցուցահանդես է կազմակերպված ծայրահեղ արագությամբ, համահնչյուն արվեստի տիեզերքն ու արվեստագիտական ինֆորմացիան մեծ արագությամբ ընկալելու և ընդգրկելու ժամանակակից տեսլականին (vision):
- Արվեստագետների տարբեր սերունդներին առնչվող ի՞նչ թեմատիկաներ են ներկայացվում:
- Թեմատիկաներ չկան, կան սոսկ որոշ մարդկանց որոշակի պատմական ժամանակաշրջաններով խմբավորելու մտքեր և տեսլականներ: Ժամանակային մոտեցման ընտրությունը ենթադրում էր աստղային այնպիսի դիտակետ, ըստ որի նկատի են առնվում լեզվաբանորեն՝ վաթսունականներին և հետո ծնված արվեստագետները, այսինքն՝ առանց ընդգրկելու հիսունականների վարպետներին: Վերջիններիս ներկայությունը սիմվոլիկ է, և մեծարվում են լոկ երկու մեծ մրցանակներով՝ «Ողջ կյանքի գործի համար Ոսկե Առյուծներով», այսինքն՝ ժամանակակից արվեստի պատմության մեջ նրանց ներդրման համար: Այս արմատներից, այս մեծ աստղերից բխում են այլ համակարգեր, որոնք այսպես ասած պտտվում են վերլուծական նկարչության, Փոփ արտի, Մինիմալիզմի, Արտե-Պովերայի և Կոնցեպտուալ արվեստի շուրջ՝ ներառյալ անհատական առասպելացման օրինակները: Այս առաջին սերնդին, որ ձևավորվել է 1960 և 1970 թվականների միջև, հաջորդում է միջանկյալ մի սերունդ՝ նկարների և օբյեկտների փոփոխուն տրամադրություններով, սեռական դիալեկտիկայով, մասսայական սպառողականության հետ քննադատական և մրցակցող խաչասերումներով հարուստ: Այնուհետև գալիս է ամենավերջին սերունդը, որն անկաշկանդ շարժվում է ողջ հանրածանոթ աշխարհով, արևելքից՝ արևմուտք, հարավից՝ հյուսիս և որը, կարծես, հատկորոշվում է վիզուալ բազմամշակութայնության հանդեպ տածած լուրջ հետաքրքրությամբ: