Ռուբիկոն

Վենետիկի Բիեննալեի քաղաքակրթական նշանակությունը

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021
  • «Ապագա, Ներկա, Անցյալ»-ի թեմատիկաներն ու ընտրությունը կներառե՞ն արդյոք նաև այս Բիեննալեի այլ ցուցահանդեսային (ազգային մասնակցության և հովանավորված ցուցադրումների) տարածքներն ու իրադարձությունները: Կողմնակի նախաձեռնությունները ինչպե՞ս կբաշխվեն Վենետիկ քաղաքում:
  • Բիեննալեն միշտ փորձել է համաձայնության գալ Վենետիկի հետ՝ փորձելով թե՛ կազմակերպչական և թե՛ գիտա- կան առումով հնարավորին չափ կոորդինացնել այն իրադարձությունները, որ ծավալվելու են՝ կազմելով նրա ծրագրի մի մասը: Տվյալ դեպքում ևս՝ շատ այլ ցուցահանդեսներ անցել են Բիեննալեի հոգածության տակ, ստանալով ղեկա- վար Խորհրդի (Consiglio dell’Ente) հովանավորությունը, որ պատասխանատու է կուրատորի հետ միասին վճիռ կայացնելու հարցում: Ես կցանկանայի շեշտել, որ հովանավորությունը թույլատրվել է այն իրադարձությունների բովանդակության քննությունից և քննադատական ընտրությունից հետո, որ աջակցություն են ստացել հիմնադրամների, հասարակական հաստատությունների և թանգարանների կողմից, և իհարկե այն ցուցահանդեսների, որոնց աջակցել են ազգային մասնակիցները, այդպիսով խուսափելով մասնավոր և կոմերցիալ նախաձեռնությունների հետ պոտենցիալ փոխզիջողական որևէ հարաբերակցությունից: Ինչ վերաբերվում է օտարերկրյա մասնակիցներին, ապա գրեթե անհնար է փորձել կոորդինացնել նրանց, բայց այս Բիեննալեի համար ընտրված խորագիրը՝ «Ապագա, Ներկա, Անցյալ» այնքան ընդգրկուն է, որ դժվար չէ ընդհանուր հիմք գտնել: Ավելին, մենք փորձեցինք ստեղծել փոխհամաձայնեցված ընթացակարգեր, փնտրելով ընդհանուր եզրեր: Այսպես օրինակ՝ կատալոգի ֆորմատի դեպքում, որը (եթե միակ չափն արդեն սահմանված է) հիմնվելով Գլխավոր Կատալոգի և առանձին երկրների կողմից արված բոլոր հատուկ հրապարակումների վրա, կարող է այժմ հանգրվանել 1997 թվականի Վենետիկի Բիեննալեի գրադարանում: Ինչ վերաբերվում է առանձին երկրների ընտրությանը, ապա ես շատ դրական կարծիքի եմ, քանզի ինձ թվում է, որ կուրատորները, որոնց թվում են շատ անդամակցող ճանապարհորդներ և ընկերներ արվեստի աշխարհում – ինչպես օրի- նակ Ֆումիո Նանջոն, Էֆի Ստրոուսան, Միմի Ռոբերտսը, Յորգ Գլուզբերգը, Մայքլ Լինչը, Ալեքսանդրե Մելոն, Լինն Քուկը, Փոլ Հեկենհոֆը, Անդրեա Ռոզը և Պիտեր Վայբլը – ընտրել են բացարձակ ներկայի վրա հիմնված քննադատական մոտեցում՝ խուսափելով ավանդական և պաշտոնական, ընդհանուր կամ անանուն ընտրություններից: Օտարերկրյա տաղավարների  հատվածում  փաստորեն  կան արվեստագետներ, որոնց ես ինքս կընդգրկեի կամ կարող էի ընդգրկել (ես իսկապես կապվել եմ նրանցից մի քանիսի հետ մինչև պաշտոնական ցուցակի մասին իմանալը) «Ապագա, Ներկա, Անցյալ» միջազգային ցուցահանդեսի մեջ: Դրանք են՝ Ռեյչըլ Ուայթրիդը, Ջուլիո Սարմենտոն, Ստեֆըն Անտոնակոսը, Մարկ Դիոնը, Կոմարն ու Մելամիդը, Հելմութ Ֆեդերլեն, Ռոդնի Գրեհեմը, Գերարդ Մերցը, Թիերրի Դե Կորդիերը, Ֆաբրիս Հյուբերթը, Կատարինա Սիվերդինգը և Ռեյ Նայթոն: Ուրվագծված են նաև պատմական և մշակութային զարթոնքի որոշ չափազանց հետաքրքիր առաջարկություններ, ինչպես օրինակ ավստրալիական ներդրումը, Ավստրիայի կողմից ընտրված «Weimer Gruppe»-ն և սկանդինավյան երկրների արտազգային ինտերսեկցիան: Նույնիսկ հովանավորված ցուցադրությունները, որոնց մասին դժվար է դատել օբյեկտիվ բացարձակ ստանդարտի բացակայության պատճառով, ինչպես օրինակ «Մետամորֆոզներ»-ի և «Արդիականություններ և հուշեր»-ի տիպի ցուցահանդեսներում, արվեստագիտական   բազմամշակութայնության  ճանապարհին արտացոլում են աստիճանական առաջընթացը տարածքների և սահմանների տարրալուծման ուղղությամբ: Այնպիսի ցուցադրումներով, ինչպիսիք են՝ «Gorgona, Gorgonesco, Gorgonico»-ն և «Արվեստագետները Սարայեվոյի համար»-ը, Արևելյան Եվրոպայի վիզուալ արվեստների օրակարգային հարցերի հետագա վերականգնում և ուժեղացում է  իրագործվում, այն դեպքում, երբ «Club Media»-ով, «Illumination»- ով և «Deposition»-ով լեզվաբանական և մշակութային շերտավորումները համակցվում են նոր տարածությունների և նոր մեդիաների օգտագործման հետ: Եվ վերջապես Վենետիկ քաղաքի կողմից կազմակերպված չորս մեծ ցուցադրումները, որոնք ուղեկցում են 1997-ի Բիեննալեի մյուս իրադարձությունները, ներկայացնում են երկու արվեստագետների՝ եվրոպացի Անսելմ Քիֆերի և ամերիկացի Դենիս Օպենհայմի՝ չորս պատմա-շրջակայքային դասախոսությունները, ինչպես նաև երկու քննադատական մշակում քաղաքի ինքնության վերաբերյալ, սկսած նրա ժամանակակից պատմությունից Venezia 50-60 «l’Officina del Contemporaneo»-ում (Արդի արվեստանոց) մինչև նրա արտադրական գոտու խեղաթյուրումները՝ «15 լուսանկարիչներ»-ում և «Venezia Mutante»-ում (փոփոխվող Վենետիկ): Ամռան ընթացքում այս ցուցադրումները կհամալրվեն «Venezia Poesia»-ի և թատերական ու երաժշտական այլ իրադարձություններով և այս բոլորը միասին «կթեժացնեն» «Բիեննալե 97»-ի վենետիկյան ամառը:
  • Համեմատած արվեստի այլ ցուցադրումների (art fair) հետ, որ բացվելու են գրեթե միաժամանակ, ինչպես օրինակ՝ Կասսելի Դոկումենտան, Մյունսթերի «Skulpture Projekte»-ն ու Լիոնի Բիեննալեն, ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք տեսնում Վենետիկի Բիեննալեում:
  • Ես տեղյակ չեմ, արդյո՞ք սպառիչ են այն ցուցակները, որ հրապարակվել են ինտերնետով Դոկումենտայի վերաբերյալ, բայց կարծես թե Բիեննալեն և Դոկումենտան ունեն միայն մեկ ընդհանուր արվեստագետ: Բավականին մեծ տարբերություն է առկա այստեղ ձեզ համար: Մյունսթերի և Լիոնի հետ որոշ նմանություններ կան՝ ոչ ավելի քան երեք կամ չորս ընդհանուր արվեստագետներ: Մեր ցուցահանդեսային մեթոդները սակայն, այնքան տարբեր են, որ Վենետիկի տեղեկատվական հարվածն իմ կարծիքով կլինի նշանակալից: Եվ Մյունսթերի նման, որը քանդակի բացօթյա ցուցահանդես է գերմանական այդ քաղաքի զբոսայգիներում և հասարակական վայրերում, «Ապագա, Ներկա, Անցյալ»-ը նույնպես կունենա իր բացօթյա ցուցադրավայրը: Մուտքը և Իտալական Տաղավարին տանող ուղին կառանձնանա Սոլ Լե Վիտի քանդակով, Դանիել Բուրենի շրջակայքային միջամտությամբ ծառերի մեջ, Մարիա Նորդմանի ճարտարապետությամբ և Ջուլիո Պաոլինիի ճակատային կառույցով: Իսկ ինչ վերաբերվում է Դոկումենտային, ես կարծում եմ, որ տարբերությունները պայմանավորված են ցուցադրումների համադրության համար հատկացված ժամանակի քանակով: Այն դեպքում, երբ Կատրին Դավիդը չորս տարի ուներ իր տրամադրության տակ, ես ունեի ընդամենը չորս ամիս: Այս իսկ պատճառով ես կարծում եմ, որ տարբերություններն ակնհայտ  կլինեն  հրապարակումներում.  գերմանականը՝ առավել պատմական և համապարփակ, ձգտելով որոշարկել խտացված ձևով տասնամյակների արվեստի համակարգը, Վենետիկյանը՝ ավելի բաց, հակված երևակայականին, արագությանն ու ֆրագմենտացիային: Դոկումենտայի տեղեկատվական արտադրանքն անկասկած կփորձի համակարգել, ֆրանսիական ոճով, բոլոր տվյալները ունիվերսալ հանրագիտարանի համար: Իսկ Վենետիկում մենք աշխատում էինք բաց բևեռներով արվեստի անսահման տիեզերքի գաղափարով, որում հաղորդակցման միաձայն համակարգն այլևս պիտանի չէ: Այսպիսով մենք ընտրեցինք ազդանշանների բազմապատկման և նյութերի չկարգավորված, ներպայթուցիկ կուտակման ուղին, որի ազդարարած փոփոխությունը, չի կարող համակարգվել կամ բյուրեղացվել: Կարգավորման, ռեդուկցիայի, կանխագուշակելիության և ռացիոնալ կազմակերպման որևէ փորձ ներկայումս ենթակա է ձախողման: Պատահականությունն ու անորոշությունը վնասում են բոլոր ցուցահանդեսներին, քանզի իմացության բոլոր բնագավառներում չկա տարբերություն ապագայի, ներկայի և անցյալի միջև:

Կարդալ նաև

Արվեստ Ասույթներ Ջինո Դե Դոմինիցիս Նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Ջինո Դե Դոմինիցիսը ծնվել է Անկոնայում 1947 թվականին: Նրա ստեղծագործությունը ետպատերազմյան շրջանից ի վեր բացարձակապես զերծ է այլազան գեղարվեստական ազդեցություններից: Առաջին անգամ ցուցադրվել է 1966 թվականին,… Արվեստ Արվեստի սահմանները Անդրե Ժիդ Տիկնայք և Պարոնայք*, Եթե եկել եմ այստեղ խոսելու արվեստի սահմանների մասին, նախապես համոզված եղեք, բնավ ոչ այն պատճառով, որ այդ սահմանները ընդարձակելու կամ նեղացնելու որևէ մտադրություն ունեմ այս զրույցի ընթացքում: Եվ եթե տվյալ վերնագիրը կթվա… Արվեստ Կանդինսկի և Պիկասսո – երկու հակապատկեր Դիտեր Ռուդլոֆ Նկարել Սուրբ Ոգու շնչով Նկարիչ, դերասան և գրող Լոթար Շրայերը 1921-ից մինչև 1923թ. աշխատում էր Վայմարում որպես Bauhaus-ի ձևի վարպետ (Formmeister): Նա “Sturm”-ի և “Bauhaus”-ի մասին իր հիշողություններում, «Իկոնա» հատկանշական խորագրի ներքո, պատմում…