Վենետիկի Բիեննալեի քաղաքակրթական նշանակությունը
- Ինչպե՞ս է իտալական արվեստագետների ներկայությունը արտահայտված (articulated) այս Բիեննալեում:
- Իտալական արվեստի մասին ես միշտ մտածել եմ Արվեստի լեզվի մեջ նրա միջազգային ներդրման առումով: Ես այն միշտ դիտել եմ ոչ թե սոսկ որպես «իտալական» էներգիա, այլ՝ «Իտալիայից» եկող էներգիա: Այս դիտանկյունից եմ ես մոտեցել «Իտալիայից ծագող» արվեստին՝ դիտելով այն աշխարհի մյուս ազգերի ներդրումների հարթության մեջ: «Sezione Italia»-ի դեպքում ես որոշեցի իտալական արվեստագետների քանակը սահմանափակել երեքով, ներկայացվածությունը համաձայնեցնելով արտասահմանյան երկրների համար նախատեսված ստանդարտին՝ միջին ցուցադրման պարագայում՝ մեկից մինչև երեք արվեստագետ: Այսպիսով մենք ունենք երեք տարբեր սերնդի երեք արվեստագետ, որ ներկայացված են «Ապագա, Ներկա, Անցյալ» ցուցադրության մեջ «Իտալիայից». բայց մենք ունենք նաև արտահայտման ազատություն: Որքան ես գիտեմ, փաստորեն առաջին անգամն է, որ արվեստագետները ներկայացվելու են ոչ թե նրանց անհատականությունը մեծարող առանձին սրահներով, այլ ընդհանուր գործի հետ, որտեղ կարելի է նկատել ինչպես անհատական ներդրումները, այնպես էլ «Փոխներթափանցման մեջ գտնվող» («in osmosis») ստեղծագործություններով, ոչ միայն անհատապաշտությանը, այլև լեզվաբանական, ձևական և ստեղծագործական հետազոտությանը հավատալու պահանջ առաջացնելու ցանկությունը: Նկատի առնելով Բիեննալեի դերը զարգացող իտալական արվեստում, միջազգային մեծ ցուցահանդեսին «Իտալիայից» արվող ընտրության համար, ես որոշեցի ամրագրել իտալական ներկայացուցիչների ընդունելի մի տոկոս՝ պակաս անհամաչափ, քան անցյալ Բիեննալեներում: Ես կանգ առա հրավիրվածների մոտ քսան տոկոսի վրա, որը կազմեց տասներկու անձ (յուրաքանչյուր սերնդի համար՝ չորս):
- Այս ցուցադրության մեջ կա՞ արդյոք իդեալական որևէ ուղեցույց սկզբունք: Եթե կա, ապա ո՞ր արվեստագետներով կամ գործերով է պետք սկսել և որոնցո՞վ՝ ավարտել:
- Դա բաց ուղեցույց է: Ես չեմ կարծում, որ այսքան տարբեր մեծության մի շարք խոշոր աստղերով այստեղ ներկայացված համաստեղության մեջ կա որևէ կետ՝ մի մոտեցումը մյուսից գերադասելու համար: Քարտեզով կարելի է ճամփորդել բոլոր ուղղություններով. փաստորեն, Կորդերիայում գործում էր ճարտարապետություն՝ «առանց պատերի» գաղափարը: Այսինքն, մենք պիտի փորձենք հարթեցնել հատակը, պիտի խուսափենք տարանջատող և մեկուսացնող ուղղահայաց պատերից և թողնենք ողջ տարածությունը բաց, ինչպես ասենք մեծ բազիլիկայում կամ մզկիթում: Արվեստագետներն իրենց ստեղծագործությունները կցուցադրեն ոչ թե տաղավարներում՝ ինչպես տոնավաճառում, այլ բացօթյա տեղանքներում, թափառաշրջիկների կամ ճանապարհորդների նման ճամբարելով դրսում, մեկը մյուսի կողքին: Մթության պրոբլեմի պատճառով մեկուսացում պահանջող դեպքերում, մենք առաջարկում ենք ոչ կոշտ կիսակառույց լուծումներ: Նկարներ կամ հարթաքանդակներ ցուցադրելու համար պատերի անհրաժեշտություն զգալու պարագայում, միջնորմներ կկառուցվեն Կորդերիայի պատերին զուգահեռ: Կլինի մաքսիմում տարածություն և օդ՝ ամեն ինչի համար. կենտրոնական սրահի (nave) վերականգնում որպես ցուցահանդեսի տարածք (և ոչ որպես փողոց), և կողաշենքերի երկայնական վերականգնում:
Անհատական ցուցումների համար արվեստագետների դասավորությունը ծրագրել եմ ըստ նրանց պատմական և սերնդային հաջորդականության: Ես հետամուտ էի ոչ թե արժեքի, այլ ժամանակի տրամաբանությանը, որ որոշ բացառություններով բխում էր ճարտարապետական կոնտեքստից: Ջյարդինիյում, Իտալական Տաղավարի դրսում և ներսում ես փորձեցի տարածք տրամադրել վաթսունականներին սկսված փորձերի համար: Պատմական երկու մեծ դեմքերից՝ Ագնես Մարթինից և Էմիլիո Վեդովայից զատ, որ ընդգրկված են ժամանակակից արվեստի զարգացման մեջ իրենց ներդրումների համար, մեր ընտրությունը կանգ առավ Փոփ Արտի, մինիմալիզմի, կոնցեպտուալիզմի, Arte Povera-ի, Body art-ի, Land Art-ի, «սառը գեղանկարչության», շրջակա արվեստի և նեոէքսպրեսիոնիստական գեղանկարչության ներկայացուցիչների վրա, ինչպես նաև առանձին դեմքերի, որ անկախ են նման որոշարկումներից: Այս մեծ սրահներում համախառն կտեսնենք Օլդենբուրգի, վան Բրուգգենի և Մերցի, Քիֆերի և Քրեգի, Լիխտենշտայնի և Զորիոյի, Ռուշայի և Մեսսիջերի, Բալդեսարի և Ռութենբեկի, Հոռնի և Թաթլի, Մարդենի և Դե Դոմենիցիսի, Դայնի և Ֆաբրոյի գործերը կամ ինստալացիաները: Մյուս կողմից Կորդերիա դել Արսենալեի (Corderie dell Arsenale) համաստեղությունը ներկայացված է XVI դարի իր մեծ զետեղարանով: Աստղերն այստեղ շարժվում ու տարածվում են լուսային զանգվածներին համահունչ: Քարտեզելու կամ ստորաբաժանելու աշխատանքը դժվար էր, քանզի շատ կարևոր էր հոգալ լույսի անհատական աղբյուրների մասին և կանխել դրանց համընկնումն ու բախումը: Այդ իսկ պատճառով ես աշխատում էի մագնիսական դաշտի սկզբունքով, ըստ որի շատ բարձր էներգիայի մասնիկները, չնայած իրար նկատմամբ շատ մոտ տեղակայմանը, չեն հայտնվում սև խոռոչի մեջ, այլ գոյակցում են համատեղ: Սա զարկ էր տալիս ամբողջին, որում ուժերը բաշխված են ըստ անհատական ինքնության, որ ենթակա են հարգանքի և մեծարման: Դա գործում է համանմանությամբ և հակադրությամբ, ներկայությամբ և բացակայությամբ, նյութականությամբ և աննյութականությամբ, հեգնանքով և լրջությամբ, փոքրությամբ և մեծությամբ, ընդարձակմամբ և նեղացմամբ: Դասավորությունը ճառագայթների մի խառնակույտ (կոնգլոմերատ) է, որոնք ոչ թե միախառնվում են, այլ մոտենում են մեկ մեկու այնպես, որ ժամանակի ընթացքում մեծանա էներգիայի նրանց լիցքը: Այդ հորիզոնի վրա մենք գտնում ենք այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Կլեմենտեն, Լոնգոն, Գաբելոնը, Թեյլըր-Վուդը, Թայմանսը, Քյանգը, Լենգլենդզն ու Բելլը, Էյրին, Պանկրասին, Ստոքհոլդերը, ԼեԴրեյը, Մունոզը, Ռեիզը, Համիլթընը, Քունզը և Շտայնբախը: Ուստի Կորդերիայի «դատարկ» տարածությունում տեղի կունենա շղթայական ռեակցիա, որը, ես հուսով եմ, կլինի գեղարվեստորեն պայթուցիկ:
- Ի՞նչ տարածքներ են օգտագործված այս ցուցահանդեսում և ի՞նչ չափանիշներ են որոշում կազմակերպման սկզբունքները:
- Ցուցահանդեսի չափանիշները շատ պարզ են: Նախ և առաջ ճարտարապետական էֆեկտի կամ ֆրագմենտացիայի բացառում: Կենտրոնական Տաղավարում տարածու- թյունները կվերածվեն պարզ արտաքին խորանարդների, օդափոխիչ խողովակները կներկվեն սպիտակ, իսկ հատակը կունենա նույն գույնը՝ մուգ մոխրագույն, ինչպես Կորդերիայում: Վերջինս, գույն՝ գումարած սալահատակ, փաստորեն կլինի այդ երկու տարածությունների միասնության նշանը: Տարածությունների նախապատրաստությունը բխում է ծրագրված կամ էլ ցուցադրվելիք գործերի պահանջներից: Դա կլինի անհատ ջատագովների համագործակցական արտադրության մի ճիգ, նվագախմբի ղեկավարման նման մի բան, որում յուրաքանչյուր անձ հակված կլինի առավելագույնս արտահայտել իրեն՝ իր տրամադրության տակ ունենալով տարածություն կամ ցուցադրության գործիք, իր հաղորդակցական և արտահայտչական կարիքներին համահունչ: