Արվեստի իմաստը
3) Վյաչ. Ի. Իվանովը միանգամայն ճիշտ է մատնանշում այն, որ սիմվոլիզմում մենք գործ ունենք երկու տարերքների հետ` ռեալիստական և իդեալիստական: Ռեալիստական տարերքում գեղարվեստական ստեղծագործությունը ակնհայտորեն առնչվում է կրոնական ստեղծագործության հետ: Իսկ ինչ վերաբերվում է իդեալիստական տարերքին, ապա այստեղ մենք գործ ունենք նույն կրոնական ստեղծագործության հետ, բայց` չգիտակցված ստեղծագործության. ես իմ սեփական կռահումին (прозрение) կարող եմ վերաբերվել որպես կրոնական ոգեշնչման ակտի. ինձ այցելող կերպարները հառնում են իբրև հավերժական էություններ, բայց դրանով դեռ չի հաստատվում մեծ արվեստագետի իմ իրավունքը. արվեստի արհեստագործական մասը չի մտնում իմ մեջ. իսկ արվեստն, ի դեպ, նաև տեխնիկա է. ոգեշնչում է «res»-ի (արտահայտությունը` Իվանովի) հայեցողության և ձևի մեջ «res»-ի մարմնավորման պահին. վերջին դեպքում ինձ համար, որպես տեխնիկի, կարևոր չէ, թե ինչպիսին է ինձ այցելող կերպարների ծագումը (արդյո՞ք դրանք իրոք այլ աշխարհի էութենական առարկաներ են, թե՞ արդյունք են իմ երևակայության). կարևոր է դրանց մարմնավորումը: Ենթադրենք` ես տեսնում եմ կերպար և վերապրում եմ այն, որպես իմ երևակայությանը հայտնված իսկական կրոնական էություն. սակայն միայն այդ հայտնությամբ տերցինաներով պոեմ չի ստացվի. ես պահպանում եմ հայտնության կերպարը, և ահա սկսում մարմնավորել այն բառերի նյութում. մարմնավորման պահին ինձ մտահոգում է արդեն ոչ թե այն, որ ինձ այցելած կերպարը կրոնական կերպար է, այլ` չափը, հանգը, ռիթմը և պատկերայնության միջոցները. այդ ամենը այժմ, քանի դեռ ես աշխատում եմ կերպարի մարմնավորման վրա, ինձ համար վեր է ածվում իսկության. և որպես «res» ընկալված կերպարը անխուսափելիորեն դառնում է ձևի զուտ ռեալ պայմանների խմբավորման լոկ ղեկավար սկզբունք. մուտք է գործում իմ աշխատանքի իդեալիստական պահը, երբ ինձ համար իսկություն է դառնում տեխնիկայի վարպետությունը. սկսվում է տեխնիկական ոգեշնչման պահը. ինձ համակում է հիացմունքի վիճակը բառերի և արտահայտչական միջոցների բուն ընտրության պրոցեսում. երբեմն այդ երկու ոգեշնչումները (հայեցումի ոգեշնչումն ու հայեցվածի տեխնիկական մարմնավորման ոգեշնչումը) միաձուլվում են. առաջին տեսակի ոգեշնչումը ինձ դարձնում է ընկալող. իմ էության կանացի տարերքով ես շրջվում եմ դեպի աստվածային սկզբնապատճառը, որ ինձ երևում է տեսիլքով: Երկրորդ տեսակի ոգեշնչումը ակտիվ է. իմ հոգու արական կողմը ձգտում է դրոշմել մարմարի, բառի, գույնի մեջ կանացիորեն ընկալված տեսիլքը. և այստեղ ես կարծես Լոգոսն եմ, որ կենդանացնում է ստեղծագործության անկենդան մատերիան. եթե այդ պահը, նմանեցնելով ինձ աստծուն, ընդգծում է ինդիվիդուալիզմն ու իմ անձի ինքնահաստատումը Աստծուց դուրս, ապա հարկ է հիշել, որ դրանով ստեղծագործությունը չի սպառվում: Այդ պահը լոկ աստվածային դրամայի ակտն է, որ կոչվում է գեղարվեստական ստեղծագործություն: Երրորդ պահը իմ կողմից ստեղծված տեսիլքի հայեցողու- թյան պահն է. այդ հայեցողության մեջ ես ասում եմ արարված կուռքին իմ «այո»-ն կամ «ոչ»-ը: Այդ պահի մեջ միաձուլվում են ստեղծագործության իդեալիստական և ռեալիստական էությունները, իմ ստեղծագործությանը ես ասում եմ. «Թող լինի այն»: Այդպես ասելով` ես հաստատում եմ այն որպես ստեղծագործական սկզբունք (իդեալիստական էություն), բայց արարվածը ես հաստատում եմ սոսկ այնքանով, որքանով իմ հոգու արական տարերքը կարողացել է վերստեղծել գույնի և մարմարի մեջ այն տեսիլքը, որ երևացել էր առ Աստված բացված իմ հոգու կանացի կողմին. չէ՞ որ այստեղ ես ընդունեցի ինձ այցելած կերպարը որպես որոշակի իրականություն կա՛մ ստեղծագործության պահից առաջ, կա՛մ արարված ստեղծագործության հայեցողության պահին: Յուրաքանչյուր արվեստագետի մեջ կենդանի են երեք պահ (կերպարի ընկալում, դրա հաղորդում և հաղորդված կերպարի հայեցողություն), որոնցում արվեստագետը հանդես է գալիս որպես մեդիում, մեդիումորեն ընկալվածի մեկնող և ականատես. իբրև ականատես նա իր մեջ միավորում է ռեալիզմի և իդեալիզմի պահերը: Ի տարբերություն զուտ կրոնական ստեղծագործության, գեղարվեստական ստեղծագործության յուրօրինակ բնույթը կերպարի արհեստագործական մարմնավորման մեջ է. իսկ մարմնավորման պրոցեսում ինքը կերպարը դառնում է արհեստագործական աշխատանքի լոկ ղեկավար սկզբունք. այդ աշխատանքը դառնում է ինչ-որ ինքնաբավ բան:
Այդ իսկ պատճառով էլ իդեալիզմի կնիքն են կրում արվեստի բարձրագույն ստեղծագործությունները. դա չի նշանակում, որ այդպիսի ստեղծագործությունները արվեստագետի կամայականություններն են. իդեալիստական և ռեալիստական սիմվոլիզմները արվեստում չկան մաքուր տեսքով: Ամեն մի գեղարվեստական ստեղծագործություն առավել կամ պակաս իդեալիստական է. այն նաև առավել կամ պակաս ռեալիստական է. ահա թե ինչու ռեալիստական սիմվոլիզմով են դրոշմված «ոգու» զուտ կրոնական ստեղծագործությունները. այդպիսի ստեղծագործությունների թվում նշենք Լեռան քարոզը: Բայց Դանտեի «Դրախտում» մեզ հանդիպում է արդեն ոչ թե մաքուր ռեալիզմը, այլ, այսպես ասած, իդեո-ռեալիզմը (ըստ մի երիտասարդ տեսաբան-սիմվոլիստի տերմինաբանության), որովհետև Դանտեի «Դրախտը» նաև գեղարվեստական ստեղծագործություն է: Դանտեի «Դրախտի» և հունական քանդակի իդեալիստական կերպարների միջև (եթե խոսենք Վյաչ.Իվանովի տերմինաբանությամբ) ավելի շատ նմանություն կա, քան Դանտեի «Դրախտի» և «Աստվածաշնչի» … Թե՛ «Դրախտը», թե՛ քանդակը կրում են «իդեո-ռեալիզմի» կնիքը, չնայած իդեալիզմի պահը մի ստեղծագործության մեջ նշանակալից դեր է խաղում, իսկ մյուսում գրեթե ոչ մի դեր չի խաղում:
Բնորոշ է այն, որ շոշափելով ստեղծագործության այդ երկու տարերքների սահմանազատումը, Վյաչ. Ի. Իվանովը հակված է ստեղծագործությունները համարելու իդեալիստական, եթե արվեստագետն իր վերացական գիտակցությամբ դրանք համարում է երևակայության, և միայն երևակայության արդյունք. իբր արվեստագետի վերացական գիտակցությունը կարող է որևէ վճռորոշ դեր խաղալ բուն ստեղծագործության մեջ: Պուշկինն ու Լերմոնտովը զգալի չափով սկեպտիկներ են. «ստեղծագործության դեմոնը» թե՛ մեկի, թե՛ մյուսի գիտակցության մեջ, իհարկե, այլաբանություն է: Կպնդի՞ արդյոք Վյաչ.Ի.Իվանովը, թե նրանք երկուսն էլ իդեալիստ են: Գյոթեն, ինչպես հայտնի է, սպինոզական էր (վերջին շրջանում նա կարծես հակվում էր կանտականության). Սպինոզայի աթեիզմի առումով գոյություն ունի բանավեճ: Վյաչ. Ի. Իվանովի տեսակետից Գյոթեն արվեստում պետք է իդեալիստ լինի. այնուհանդերձ Վյաչ. Ի. Իվանովը նրան ռեալիստ է անվանում: Ինչի՞ հիման վրա: Արդյո՞ք այն բանի, որ Գյոթեի վերացական աշխարհայեցողությունը դիմակ է: Բայց չէ՞ որ յուրաքանչյուր արվեստ անհնար է առանց դիմակի. դիմակն էլ հենց ստեղծագործության իդեալիստական սկզբնապատճառն է:
Գյոթեն և ռոմանտիկները, ըստ Իվանովի, ռեալիստներ են. այդ դեպքում Գյոթեն ինչու՞ էր ասում, որ ռոմանտիզմի հաղթահարումը իր վրա մի քանի տարի նստեց: Իսկ ի՞նչ ուղղությամբ էր Գյոթեն հաղթահարում ռոմանտիզմը: Իհարկե կլասիցիզմի, այսինքն` կերպարի մարմնավորման հստակության: Ստեղծագործության արհեստագործական պահն աճում էր Գյոթեի մոտ: Ուրե՞մն, Գյոթեն հեռանում էր ռեալիզմից դեպի իդեալիզմ: Մի՞թե: