Ռուբիկոն

Մոնդրիան և Մալևիչ. արևելք-արևմուտք հակադրության հաղթահարումը

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Դիտեր Ռուդլոֆ

Ինչպես որ Եվրոպան աշխարհագրապես դեպի արևմուտք միտվածության մեջ ավելի ու ավելի է դիֆերենցվում և անհատականանում, բյուրեղանում կոշտ ձևերում, իսկ դեպի արևելք ընդհակառակը, ավելի ու ավելի է ինտեգրացվում, աստիճանաբար տարրալուծում բոլոր ֆիքսված ձևերն ու սահմանները, այնպես էլ 1945 թվականին «միջինի կորստի» շնորհիվ, այդ հակադրությունները քաղաքականորեն շատ ցայտուն կերպով բացահայտվում են որպես II Աշխարհամարտի հետևանք Կենտրոնական Եվրոպայի ջախջախումից հետո: Հոգևոր և մշակութային ոլորտում ևս տարանջատումն ավելի է նշանավորվում, քան ընդհանրականն ու կապակցողը: Ըստ որում, արևմտյան ամեն ինչը գտնվում էր և գտնվում է գերակշռող մեխանիստական մտածողության և կամայնության ռացիոնալիզմի, լուսավորչականության նշանի ներ- քո, որում միանշանակորեն տիրապետող են բնագիտությունը, տեխնիկան և արդյունաբերությունը:

Կոպտորեն պարզեցնելով կարելի է ասել. ուժի և հաջողելու մտածողության իր միակողմանի արական կողմնորոշմամբ, արևմուտքը գտնվում է մահվան կամ զգայարանների նյարդային բևեռում: Արևելքը, նույնիսկ բոլշևիկյան իր ծաղրանկարում, դրան հակառակ միշտ ցուցաբերում է ճկուն, պլաստիկ գիտակցություն, միստիկորեն կողմնորոշված, մեսիական ու մարգարեական կեցվածք, ընդ որում` նաև աթեիզմում, որը գտնվում է կյանքի իգական հանդիպակաց բևեռում, նյութափոխանակության-վերջավորությունների բևեռում: Ռուս փիլիսոփա Նիկոլայ Բերդյաևն ասել է, որ նույնիսկ աթեիզմում և բոլշևիզմում ռուսական հոգին սլանում է դեպի երկինք, այն ժամանակ, երբ ողջ արևմտյան կրոնականությունը միշտ մատերիալիստորեն կարծրանալու վտանգի տակ է: Այսպիսով, այն դեպքում երբ արևմուտքը հակված է ձևավորող կարծրացման, ապոլլոնյան ձևային քարացման, ձևի շիլլերյան մղումին, որին հաճախ պակասում է ազատագրող հոսունությունը, արևելքում հակառակն է. դիոնիսյան ձևազերծող նրա մղումին, շիլլերյան իմաստով նյութի նրա մղումին հաճախ պակասում է ձևավորման ուժը: Կյանքից զուրկ ձևն արևմուտքում հակադրվում է ձևից զուրկ կյանքին արևելքում1: Դա երևում է նաև ժամանակակից արվեստում: Արևմուտքում այն կրում է լայն էքսպերիմենտալ բնույթ. առաջին հերթին խոսքը վերաբերում է գեղարվեստական ձևերի պրոբլեմին և արվեստագետի ինքնաարտահայտմանը: Ընդ որում, բարոյական և սոցիալական տարրը առավելապես հետին պլան է մղվում: Իսկ այն, ինչ խորագույն իմաստով ոգեպես և բարոյապես վերաբերում է արևելքին, ներկայումս ընդհանրապես դեռ չի գտել իր սեփական գեղար- վեստական արտահայտությունը, այլ լայնորեն օգտագործում է, ինչպես այսօր «սոցիալիստական ռեալիզմի» արվեստում, 19-րդ դարի բուրժուական արվեստից վերցված ժամանակավրեպ ձևերը:

Իսկ ինչպե՞ս է այս հակադրությունն արվեստում, որ բնութագրվեց Կանդինսկուն և Պիկասսոյին նվիրված նախորդ հոդվածում, հաղթահարվում: Առհասարակ հնարավո՞ր է արդյոք այստեղ որևէ ներդաշնակ համաձայնություն: Այս հարցի պատասխան կարող է հանդիսանալ երկու նկարիչների կյանքն ու գործունեությունը. ըստ որում, երկուսն էլ իրարից անկախ սպառել են արևելքում և արևմուտքում անառարկայական և վերացական արվեստի ծայրագույն հնարավորությունները: Դա ռուսազգի Կազիմիր Մալևիչն է և հոլանդացի Պիտ Մոնդրիանը:

Երկուսի արվեստն էլ ապոկալիպտիկ բնույթ ունի և նպատա- կասլաց ուղղված է հեռավոր ապագային: Երկուսի համար էլ արվեստն որպես այդպիսին, որպես կյանքից վերացարկված, զուտ էսթետիկական ձեռնարկում, որպես էսթետիկ զբաղմունք երբեք չի եղել ինքնանպատակ: Քանզի երկուսին էլ մեծ երազանք էր թվում արվեստի միջոցով մարդուն, կյանքը և նույնիսկ աշխարհը ձևափոխելը այստեղ, երկրի վրա արդեն իսկ այսօր արվեստի միջոցով յուրատեսակ Երկնային Երուսաղեմ հիմնելը: Եվ սպիրիտուալ, թեկուզ արտաքնապես զուսպ էնտուզիազմը, որով ոգեշնչված, երկուսն էլ ապրում և ստեղծագործում էին, իր հետ բերում էր այն, որ նրանց նկարները ազդում էին որպես նոր գիտակցության մեդիտացիաներ (Meditationstafeln), իսկ նրանց տեսական հոդվածները նման էին իսկական կրոնական ուսմունքի:

Երկու նկարիչներն էլ համոզված էին այն բանում, որ զգայական դիտարկմանն ու վերացական բանախոհությանը կառչած ներկայիս ռացիոնալիստական և մենտալ գիտակցությունը վերջնականապես սպառված է և որ անհրաժեշտ է մի նոր և ավելի ընդգրկուն սպիրիտուալ գիտակցություն նվաճել: Արվեստում դա նշանակում է ոչ այլ ինչ, քան առարկայականին ուղղված տարածա-պատրանքային ու հեռանկարչական ձևակերտումը հետևողականորեն հաղթահարելու պահանջ, հօգուտ այնպիսինի, որը կկարողանար ներթափանցել ավելի խորը իրականությունների և բուն առարկաների էության մեջ:

Ընդ որում, երկու նկարիչներն էլ սերում էին միանգամայն տարբեր հոգևոր վայրերից, որոնք կրկին նախատիպորեն բնորոշում էին արևելք-արևմուտք հակադրությունն արվեստում: Հոլանդացի Մոնդրիանը ոգեպես կանգնած էր նիդերլանդական-կալվինիստական տրադիցիայում, որն ուներ մի կողմից` նեոպլատոնական, մյուս կողմից` արիստոտելյան կողմնորոշում, այսինքն` ծագում էր ինչպես Պլոտինոսից, այնպես էլ Ավգուստինուսից ու Թովմա Աքվինացուց2: Իր անառարկայական գեղանկարչությամբ Մոնդրիանը ներկայաց- նում էր դասական ուղղությունը, ներդաշնակության և նոր, խանգարիչ կոնտրաստներով չպղտորված կարգ ու կանոնի տենչը: Նրա ուտոպիան նպատակաուղղված էր նոր աշխարհի գեղեցկությանը, ուր ամեն ինչ ձևավորված է իդեալական, երկաթյա օրենքներով: Նրա նկարներն իրենց պարզ, տեսանելի գծային կառուցվածքով ցուցադրում են ապոլլոնյան ստատիկ ոգին:

Մալևիչի դեպքում հակառակն է: Նրա արվեստի միստիկական-էքստատիկ ուժը կարելի է բխեցնել Սոլովյովից, իսկ այդտեղից էլ բյուզանդական եկեղեցական հայրերի և քրիստոնեական գնոզիսի սպիրիտուալ պլատոնական ոգեղենությունից3: Վերջիններիս նման նա միշտ առավել ոգետես էր, քան սիստեմատիկ: Ի հակադրություն Մոնդրիանի, նրա ռոմանտիկորեն «սուպրեմատիզմ» անվանված պատկերային աշխարհը, որում գեղարվեստական միջոցները գերակշռություն, սուպրեմատիա պետք է ունենային ստեղծագործության լոկ արտապատկերող բնույթի նկատմամբ, ցուցադրում է միանգամայն դիոնիսյան գծեր, ուր զգացողության կրոնական եռանդը միահյուսվում է ծայրահեղ մաթեմատիկական ճշգրտության հետ:

Ինչպես արդեն Նովալիսի, իսկ ավելի ուշ Կլեեի պարագայում, պոեզիան և հաշվարկը, զգացողությունն ու մտածողությունը Մալևիչի համար ևս անքակտելի միասնություն էին կազմում: Նրա նկարները նպատակաուղղված են դեպի տիեզերականն ու անվերջը, ուր բոլոր առարկաները դարձյալ ազատ են երկրի ձգողությունից, որտեղ մատերիայի և ոգու, նյութի և ձևի, արտաքինի և ներքինի հակադրությունը բարձրացված է վեհ միասնության աստիճանի: Տիպիկ ռուսական անհանգստությունն է խոսում նրա նկարներից, իրենից վեր կանգնելու, անձի սեփական սահմանները, կյանքի ու աշխարհի սահմանները բոցավառ առաջընթացի մեջ պայթեցնելու տենչը:

Երկու նկարիչներն էլ պատկանում են նույն սերնդին` Մոնդրիանը ծնվել է 1872-ին, իսկ Մալևիչը` 1878-ին: Դա այն սերունդն է, որը յուգենդշթիլով, էքսպրեսիոնիզմով և կուբիզմով վերջնականապես ճեղքում է և անցում կատարում դեպի մեր դարաշրջանի ժամանակակից արվեստը: Այդ սերնդից են Բառլախը, Կլեեն, Կիրխները, Ֆայնինգերը, Մարկը, Հեկկելը, Պիկասսոն, Բրաքը և Մակկեն: Այդ պատճառով էլ հազիվ թե զարմանալի է, որ Մոնդրիանը և Մալևիչը իրենց արվեստում դարասկզբից մինչև 30-ական թվականները միանգամայն զուգահեռ ընթացող զարգացում են ցուցաբերում, ինչը կարծես անընդհատ երկխոսություն է նրանց միջև, չնայած նկարիչները կյանքում երբևէ իրար չեն հանդիպել:

Երկուսի արվեստն էլ սերում է էքսպրեսիոնիզմից, երկուսն էլ նույն 1912 թվականին, հանդիպելով նոր զարգացող կուբիզմին, վերապրել են իրենց ստեղծագործական մեծ ճգնաժամը: Սակայն դրա ներթափանցումն ու հաղթահարումը երկու արվեստագետների համար էլ ինքնագտնում էր նշանակում իրենց սեփական, այժմ արդեն անշփոթելի ոճի վերջնական կայացում: Մալևիչի դեպքում դա տեղի ունեցավ արդեն 1913-ին, Մոնդրիանի` միայն 1918-ին:

Բայց ապշեցուցիչ է նաև դարձյալ իրարից անկախ ընթացող, նրանց միաժամանակյա թեոսոֆական կողմնորոշումը, որ սկսվում է արդեն 1900-ականներից, և երկուսի ստեղծագործության հստակ խարսխված լինելը միևնույն հոգևոր ոլոր- տում: Մալևիչը Կանդինսկու նման պետք է ծանոթ լիներ Սոլովյովի ընկերների և հետևորդների, ինչպես նաև ռուս սիմվոլիստների շրջանից օկկուլտային և թեոսոֆական գաղափարներին: Հետագայում նշվածներից ոմանք 1910-ականներին հարեցին Ռուդոլֆ Շտայների անտրոպոսոֆիային3: Մոնդրիանը ծանոթացավ հոլանդական թեոսոֆիային արդեն 1899թ., որն այնտեղ լայն տարածում ուներ և որի հետ մինչև մահ չսպառվեց նրա ստեղծագործական հոգևոր բանավեճը: Դրա վկայությունն է նաև այն, որ 1944թ. Նյու-Յորքում նրա մահից հետո, իր տնօրինած համեստ ունեցվածքի մեջ գտան Ռուդոլֆ Շտայների դասախոսություններից մեկը ու Կրիշնա-մուրտիի մի փոքրիկ գործ4: Չնայած նրանց տարբեր հոգևոր ծագմանը, մնում է հավաստել մի զարմանալի երևույթ` այն, որ Մոնդրիանն ու Մալևիչը կարող էին հանդիպել բարձրագույն, իդեալական, նույնիսկ սպիրիտուալ ընդհանրության մեջ:

Ստիլ-շարժման դասականությունը

Դեռ վաղուց Պիտ Մոնդրիանի մեջ առկա էր 20-րդ դարով սկսվող նոր դարաշրջանի կոնկրետ զգացողությունը: Նա գիտեր, որ այդ բոլորովին նոր ձև ընդունած հին և խիստ սահմանափակ մենտալ գիտակցությունը կհաղթահարի անկապության մեջ խրված մարդու սուբյեկտիվությունը և կձգտի ունիվերսալ ապրումների: Մարդկային փորձի մեջ այն նորից կներառնի ոչ միայն երկրայինը, այլև տիեզերականը: Միանալով 1918թ. Ստիլ-շարժման առաջին մանիֆեստին` Մոնդրիանը մատնանշում է, որ նոր արվեստը հավասարակշռություն կստեղծի անհատականի և ունիվերսալի միջև: Նրա տեսական աշխատանքներում, ինչպես նաև նկարներում արտահայտվում է «vita nuova»-ի («նոր կյանքի») (Յաֆֆե) տենչը: Այդ պատճառով վերջիններում օգտագործված են միայն նախատիպային երկու հիմնական ուղղությունները` ուղղաձիգը (արական բաղադրիչը) և հորիզոնականը (իգական բաղադրիչը), երեք նախնական գույները` կապույտը, դեղինն ու կարմիրը (ըստ Շտայների` հոգու, ոգու և կյանքի ճաճանչող երեք գույները), ինչպես նաև լուսավորության երեք տարրերը` սպիտակը, մոխրագույնը և սևը4: Մոնդրիանի նկարն այսպիսով բաղկացած է սոսկ հասարակ գունավոր քառակուսիներից և ուղղանկյուններից. զգայապես ընկալելի աշխարհի ծայրահեղ պարզեցումն ու ռեդուկցիան է, որին ձգտում է արվեստագետն իր նկարներում: Սակայն ասկետիկ թվացող այդ ձևերի հետևում ընկած է համաչափության և գույնի հոգևոր և էթիկական արժեքը, նոր աշխարհակարգի տենչը: Մոնդրիանն ուզում  էր ազատել արվեստը ամեն մի կամայականությունից, ուզում էր մաքրել այն բնական աշխարհի պատահականություններից ու քմայքից, որպեսզի կերպավորվել կարողանար ոգու ճաճանչող աշխարհը:

Քանի որ Մոնդրիանի համար գեղարվեստը խարսխված է հոգևորի և էթիկականի վրա, այն միաժամանակ պետք է թերապևտիկ և սոցիալական խնդիր կատարի: Այն, ինչ դեռ Արիստոտելն էր պահանջում ատտիկական ողբերգությունից (վերջինս պետք է հոգեպես մաքրեր հանդիսատեսին, որ մարդը կարողանար վերափոխված նորից կյանք վերադառնալ), առկա է նաև Մոնդրիանի նկարների պարագայում: 1913թ. իր «Արվեստը և կյանքը» հոդվածում այս իմաստով նա խոսում է այն մասին, որ ներդաշնակությունը, որպես համայն զարգացման վերջնական նպատակ, դեռ նվաճված չէ, քանզի այն մշտապես խեղդվում է անզուսպ ու էգոցենտրիկ ինդիվիդուալիզմի կողմից: Վերջինս սակայն ոչ միայն անպարզություն է մտցնում կյանքի մեջ, այլ նաև ողբերգականություն: Միայն արվեստն է ի վիճակի այսօր արդեն պատկերել այդ ներդաշնակությունն ու իր դաշտում իրականացնել այն: Արվեստն, այսպիսով, գնում է համընդհանուր կյանքի առջևից, ցույց տալով նրան այդ իրագործման ուղին:

Գեղանկարչությունն այսպիսով նախակարապետն է ավելի մարդկային ապագայի, որի մեծ ու վճռորոշ խնդիրն է ճշմարիտ մաքրության պայծառացում բերել մարդուն: Սկզբում այն փոխարինողն է հենց կյանքի, իսկ հետագայում ավելորդ կդառնա, եթե մարդկությունը նորից ներդաշնակության և ուրեմն նաև դրախտի հասնի:

«Արվեստը միայն այնքան ժամանակ կլինի «փոխարինող միջոց», քանի դեռ կյանքի գեղեցկությունը թերի է: Եվ այն կանհետանա ուղիղ համեմատական ձևով կյանքի «հավա- սարակշռության» աճին… Ապագայում շոշափելի իրականության մեջ զուտ պլաստիկական արտահայտման իրագործումը կփոխարինի գեղարվեստական ստեղծագործությանը: Այդ ժամանակ մեզ պետք չեն լինի նկարներ և քանդակներ, քանզի մենք իրականացված արվեստում կապրենք»5: Արվեստը, որպես նախապես տրված, ներկայի վրա արտապատկերված ապագա, որպես նոր, Երկնային Երուսաղեմի հայտնություն, – սա է այն մեծ գաղափարը, որի ներքո է Մոնդրիանը տեսնում արվեստը:

Ապագայի ոգեղենությանը հասնելու այդ ճեղքումը նրան հաջողված է թվում իր նկարներում, քանզի առարկայականության մահվան, զգայական աշխարհին գամված գիտակցության ետևից անկործան ճառագում է կենսականի նոր, ապագա աշխարհը: Չնայած պատկերների այդ աշխարհը կարծես միայն երկրաչափական ձևերից է կառուցված, որպես սոսկ ուղղահայացներից և հորիզոնականներից կազմված կարկաս, այստեղ սակայն ընդհանրապես բացակայում է կոնստրուկտիվ, վերացական կամ ինտելեկտուալ տարրը, ընդհակառակը, այդ աշխարհն ավելի շուտ զգայական ճառագում ունի, քան վախճանի հասած առարկայական աշխարհը: Այստեղ կա ոչ միայն Զատկի Հարության ուրախ շունչը, այլ նաև Հոգեգալստի խանդավառությունը, որի ակունքներն այլևս ոչ թե արտաքին քրիստոնեական որևէ ավանդույթում են, այլ ամբողջովին բխում են անհատական գեղարվեստական ապրումից:

Մարկ Շագալը, որը չնայած միանգամայն հակադիր գեղարվեստական ոլորտներում է ստեղծագործում, որին հարազատ են արևելյան, խասիդական և ռուսական տրադիցիաները և որը նկարում է առարկայական ոճով, պայծառատեսորեն է ընկալել Մոնդրիանի պատկերային աշխարհը և մեկ անգամ ասել է, որ հոլանդացին ոչ թե աբստրակտ է նկարում, այլ դա հենց պոեզիան է, քանզի նրա ստեղծածը արդյունք է միմիայն իր զգայության և ոչ թե ուղեղային գործողությունների6: Վերացականության աստիճանն ըստ այդմ կախված է ոչ թե նկարի առարկայական կամ անառարկայական լինելուց, այսինքն` արտաքին գործոններից, այլ հենց իրենից` նկարչից. թե որքանով է նրան հաջողվել իր գործում մի միասնություն ստեղծել սեփական, ներքին և արտաքին աշխարհից:

Սուպրեմատիզմի ռոմանտիկան

Կազիմիր Մալևիչը Մոնդրիանի հակառակ բևեռն է արևելքում: Նրա համար ևս առարկայական նկարչությունը կարող է բացահայտել իրականության միայն մի ասպեկտը, այն դեպքում, երբ անառարկայնությունն արվեստում ներառում է համապարփակ ճշմարտություն և միաժամանակ էկզիստենցիալ փորձ: Այս իմաստով նա իր սեփական նկարները համարում է «ապագայի իկոնաներ», քանզի նրանք տիպիկ ռուսական ոճով արտահայտում են էության հոգևոր հայեցում,  իսկ գեղարվեստական ստեղծագործությունը ներկայացնում է ներքին պայծառացման, ինսպիրացիայի իրականացում: Դա, սակայն, գտնվում է սուբյեկտիվ չափանիշներից դուրս և այստեղ այլևս կիրառելի չեն սոսկ գեղագիտական ճաշակային դատողությունները: «Թող աշխարհը թույլ տա մեզ բնության ձեռքերը կտրել և մի նոր աշխարհ կառուցել, որը մարդկանց է պատկանում», – ոգևորված բացականչում է Մալևիչը:7 Ինչպես հին իկոնաներում, այնպես էլ Մալևիչի նոր իկոնաներում կոմպոզիցիայի հիմնատարրերն են խաչի, քառակուսու, ուղղանկյան, եռանկյան և շրջանի նախապատկերները, սակայն դրանք, որպես նոր տիեզերական գիտակցության խորհրդանիշներ, անկշիռ ու ազատ հառնում են պատկերների անվերջ տարածության մեջ: Նրա նկարներից շատերում հստակ զգացվում են Չարչարանքի, բայց նաև Հարության տարրերը, որը ևս տիպիկ ռուսական երևույթ է: Նորից ու նորից հայտնվում է սև գույնի խաչը, մահվան, Ավագ ուրբաթի գույնը, սև խաչը որպես այս բազմաչարչար անցողիկ երկրի գույն: Ըստ Ռուդոլֆ Շտայների` սևը «մահացածի ոգեղեն պատկերն է»: Հաճախ այդ սև խաչը շրջապատված է Զատկի կարմիրը պարունակող շրջանով կամ օվալով` տիեզերքի խորհրդանիշով: Իսկ կարմիրը, ըստ Շտայների, «կյանքի փայլքն է»:

Մալևիչի նկարներից նորից ու նորից խոսում են տառապանքն ու տառապանքի հաղթահարումը, մահն ու Հարությունը, Ավագ ուրբաթի վիշտն ու Զատկի ցնծությունը: Այստեղից հետևում է, թե որքան խորն է այս նկարչի կապը ռուսական ժողովրդական հոգու և մեր դարաշրջանում նրան բաժին հասած ողբերգական ճակատագրի հետ: Հակառակ դրան, Մոնդրիանի նկարները անցել են հոլանդական ժողովրդական հոգու սահմաններից, նրանք մխրճվել են հեռու, ունիվերսալ հոգեվոր ոլորտներ, կոսմոպոլիտ մի աշխարհ, որ մատչելի է բոլոր բարի կամքի տեր մարդկանց:

Եվ քանի որ ռուսական ամեն բան իր բնույթով հակված է ունիվերսալությանը, կոսմիկականին, ապա բնականաբար Մալևիչը ևս գտնվում է այդ զարգացման մեջ: Նա գրում է. «Ինձ համար անառարկայականության նշանները արվեստում նոր դարաշրջանի սկզբի հայտանիշն են: Դրանում բացահայտվում է արվեստի ճշմարիտ նշանակությունը, նրա իրական ճշմարտությունը, որն առարկայական բանախոհությամբ միայն սխալ է մեկնաբանվում: Գուցե ապագայում անառարկայական արվեստի ճշմարտությունը կդիմակազերծի առարկայական «իրականության» խաբկանքը, ցույց կտա, որ այն ոչ այլ ինչ է, քան թատրոնի կուլիս, ֆիկցիա»8:

Մալևիչ                                            Մոնդրիան

արևելք                                              արևմուտք

պլատոնական                                     արիստոտելական

դիոնիսյան                                          ապոլլոնյան

ռոմանտիկ                                          դասական

դինամիկ                                             ստատիկ

սուպրեմատիզմ                                    ստիլ

գնոստիկ-միստիկական                         կալվինյան

Որոգինես, Պլոտինոս                            Ավգուստինուս

արվեստն իբրև կրոն                             արվեստն իբրև գիտություն

Մալևիչը Մոնդրիանի նման, բայց միանգամայն պլատոնական իմաստով, արվեստն ու կյանքը դիտում է որպես հավասարակշռության սկզբունքի միակ իրականացում, ինչին պետք է միանա նաև մարդն իր ողջ գործունեությամբ: Քանզի որքան շատ է մարդն անջատվում կյանքի սկզբնական ներդաշնակ միասնությունից, հարաբերականացվելով որպես համաշխարհային օբյեկտիվ էակ և հակադրվելով արտաքին աշխարհին որպես սուբյեկտիվ «Ես», այնքան ավելի մեծ տեղ են գրավում համայն աշխարհում կործանարար պրոցեսները: Սակայն դրանում թաքնված է նաև չափազանց դրական մի հնարավորություն, այն է` մարդու խնդիրը ապագայում. քանզի ըստ Մալևիչի փիլիսոփայության ինքնագիտակից մարդը պետք է «աշխարհի սերմը» դառնա, որից մի նոր ներդաշնակություն կկարողանա ծնունդ առնել և գնալով ավելի զորեղ իրագործվել: Իսկ արվեստագետը ճակատագրով է նախորոշված` իր աշխատանքներում նախանշել և պատկերել այդ նոր ներդաշնակությունը:

«Այսպիսով ես մաքրեցի աշխարհը մեղքերից», – բիբլիական պաթոսով և ոչ թե սրբապղծորեն կարող էր 1922թ. բացականչել Մալևիչը2: Այս արտահայտության մեջ, սակայն, թաքնված է իսկական ռուսական մի գաղափար, որը դեռ Դոստոևսկին էր ձևակերպել և որին մենք նորից ու նորից հանդիպում ենք բազմաթիվ ստեղծագործողների, այդ թվում և Սոլժենիցինի մոտ. աշխարհը կփրկի արվեստը կամ գեղեցկությունը, ար- վեստի քահանայից կգա ցայժմյան կյանքի նորացումն ու վերափոխումը9:

Այս գաղափարը Մալևիչը ձևակերպել է հետևյալ կերպ. «Նկարչի կամ դերասանի արվեստը կարող է դիտվել որպես նախնական աստիճանը այն ժամանակների, որում ողջ կեցությունը կդառնա արվեստ, արվեստ, որը տարբերակման սահմաններ այլևս չի ճանաչում: Դա, սակայն, հասանելի կլինի միայն այն դեպքում, երբ արվեստը կգտնի ինքն իրեն, երբ կեցության կողմից այն չի շեղվի իրեն օտար ուղղությամբ»8: Այսինքն` եթե այն կառչած մնա առարկայականից, ինչը ազգությամբ ռուս Մալևիչը հարկադրված է մերժել որպես էապես ոչ սպիրիտուալ երևույթ:

Այդ իսկ պատճառով մարդու ճանապարհը պետք է ազատվի «հազարամյակների ընթացքում կուտակված ողջ առարկայական հնոտուց: Եվ միայն այդ ժամանակ հնարավոր կլինի լիովին ընկալել տիեզերական գրգիռի ռիթմը, այդ ժամանակ ողջ երկրագունդը կպատվի հավերժ գրգիռի քողով, դինամիկ լռության տիեզերական անվերջության ռիթմով»:8 Արվեստի միջոցով վերափոխված ու նորացված աշխարհի գաղափարը թերևս ավելի ապոկալիպտիկ կերպով գրեթե անհնար է արտահայտել:

Այսպիսով, հեռու ապագային է ուղղված Մոնդրիանի և Մալևիչի արվեստը: Դրա համար էլ նրանք հանդիպում են իրար հոգևոր մի ոլորտում, որում արևելք-արևմուտք հակադրությունը հաղթահարված է թվում: 1922թ. Վիեննայի «Արևմուտք-արևելք» կոնգրեսում Ռուդոլֆ Շտայների կոչը, որ արևելքն ու արևմուտքը պետք է հանդիպեն մի ընդհանուր, հոգևոր տարրում, այստեղ, համենայն դեպս, ինչ վերաբերում է արվեստին, առաջին անգամ իրականացված է թվում: Պլատոնական և արիստոտելական ոգեղենության, արվեստի և գիտության այդ միավորումը նմանատիպ սինթեզում ժամանակին արդեն իսկ իրագործել էր Գյոթեն գույների ուսմունքի պատմությանը նվիրված իր աշխատության մեջ, որտեղ նա գիտության համապարփակ ամբողջականության պահանջ է բարձրացնում, ինչը ինքն իր սեփական ստեղծագործություններում բավականաչափ իրականացրել էր. «Սակայն նման մի պահանջի մոտենալու համար պետք է գիտական գործունեության մեջ առկա մարդկային ուժերից և ոչ մեկը չբացառել: Պատժի անդունդներ, ներկայի ճիշտ հայեցություն, մաթեմատիկական խորություն, ֆիզիկական ճշգրտություն, բանականության բարձունք, բանախոհության սրություն, աշխույժ, տենչով լի երևակայություն, զգայականության սիրով լի ուրախություն, – ոչինչ չի կարող անմասն լինել ակնթարթի կենսունակ, արգասավոր տնօրինումին, որի շնորհիվ էլ ծնվում է արվեստի ստեղծագործությունը անկախ նրա բովանդակությունից»10:

Գյոթեն այստեղ նկարագրում է գիտական դիրքորոշումը և թվարկում է այն ամենը, ինչը արիստոտելական իմաստով պատկանում է դրան: Այսպիսով, բերվում է հատկությունների մի շարան, որոնք կշփոթեցնեն այսօրվա ակադեմիական գիտնականին և որոնց մեծամասնությունը նա վստահաբար ավելորդություն կհամարի իր հետազոտությունների համար: Գյոթեի հետևողականորեն ամբողջական և կենդանի մտածողությունը նրա գիտական արիստոտելական դիրքորոշումը աննկատելիորեն և ինքնաբերաբար փոխակերպում է գեղարվեստական-պլատոնականի:

Ինչպես նշում էր Շտայները, գիտելիքը, եթե այն քարացած, սառը և մեռած չի մնալու, այլ գնալով համապարփակ ու ազատ է դառնալու, կարող է բերել այն բանին, որ աշխարհը նորից սկսի շողալ գեղեցկության նոր փայլով: Ով արվեստն ու գիտությունն է տնօրինում, ընդ որում այնպես, որ դրանք ներդաշնակորեն լրացնում են իրար, նա ունի նաև կրոն, – համարում է Գյոթեն: Այսպիսով, Արիստոտելն ու Պլատոնը, որ հազարամյակների ընթացքում արևմուտքում և արևելքում տարբեր ուղիներով էին գնում, դրա շնորհիվ կարող են նորից միավորվել:

Ծանոթագրություններ

  1. Հանս Էրհարդ Լաուեր, «Եվրոպայի ժողովրդական հոգին», Շտուտգարտ, 1965թ. Վալտեր Շուբարտ, «Եվրոպան և արևելքի հոգին», Լյուցեռն, 1938թ.:
  2. «Մալևիչ-Մոնդրիան և իրենց շրջանը» Քյոլնի գեղարվեստական միավորման ցուցահանդեսի կատալոգ, 1976թ.:
  3. Մարգարիտա Վոլոշինա, «Կանաչ օձը. հիշողություններ», 1954թ., Ասյա Տուրգենևա, «Հիշողություններ Ռ. Շտայների մասին», 1972թ.:
  4. Միշել Սյուֆո, «Պիտ Մոնդրիան: Կյանքն ու գործունեությունը», Քյոլն, 1957թ.:
  5. Էռնեստո Գրասսի, «Գեղեցիկի տեսությունը անտիկ աշխարհում» Քյոլն, 1962թ.:
  6. Մարի Ալեն Կուտյուղյե, «Քրիստոնյայի ազատությունը. Օրագիր 1947-1954», Մայնց, 1964թ.:
  7. Վերներ Հոֆման, «Ժամանակակից արվեստի հիմքերը», Շտուտգարտ, 1966թ.:
  8. Կազիմիր Մալևիչ, «Սուպրեմատիզմ-անառարկայական աշխարհ», Քյոլն, 1962թ.:
  9. Դիտեր Ռուդլոֆ, «Կփրկի՞ արդյոք գեղեցկությունն աշխարհը. Արվեստի թերապևտիկ առաքելությունը», 1977թ. 10.Յ. Վ. Գյոթե, «Գույների ուսմունքի պատմություն», երկերի ժողովածու, հ.41, Մյունխեն, 1963թ.:

Գերմաներենից թարգմանությունը` Հասմիկ Սուքիասյանի

Diether Rudloff, «Zwischen Vision und Konstruktion», Jakobus Verlag.

Կարդալ նաև

Արվեստ Արվեստի իմաստը Անդրեյ Բելի Ռուսական սիմվոլիզմի մեծ գաղափարախոս, բանաստեղծ, արձակագիր ու մտածող Անդրեյ Բելիի «Արվեստի իմաստը» հոդվածը գրվել է 1909 թվականի սեպտեմբերին, հեղինակի վկայությամբ՝ Մոսկվայում, Պետերբուրգում և Կիևում կարդացած դասախոսությունների հիման վրա: Հոդվածը… Արվեստ Գիրք, որին սպասում էինք վաղուց Պողոս Հայթայան 20-րդ դարի հայ մեծագույն արվեստագետներից մեկի` Երվանդ Քոչարի ճակատագիրը մնայուն հաղթանակներով և դրամատիկ իրադարձություններով է բնութագրվում: Տարիներ շարունակ, տոտալիտար համակարգի մեղքով նրա կյանքի և ստեղծագործության տարբեր շրջանների իրական… Արվեստ Պիկասսոյի ստեղծագործությունը ծածկագրված օրագիր է՝ մեջը լիքը սուտ Ջոն Ռիչարդսոն Ջոն Ռիչարդսոն, 74 տարեկան, կազմում է Պիկասսոյի երբևէ գրված ամենամանրամասն և ամենաճշգրիտ կենսագրականը: Իր գրքի և արվեստագետի հետ իր հանդիպումների մասին է պատմում նա Նյու Յորքում ART-ի խմբագիր Ալֆրեդ Վելթիի հետ զրույցի ժամանակ: ART Պարոն…