Մոնդրիան և Մալևիչ. արևելք-արևմուտք հակադրության հաղթահարումը
Մալևիչի նկարներից նորից ու նորից խոսում են տառապանքն ու տառապանքի հաղթահարումը, մահն ու Հարությունը, Ավագ ուրբաթի վիշտն ու Զատկի ցնծությունը: Այստեղից հետևում է, թե որքան խորն է այս նկարչի կապը ռուսական ժողովրդական հոգու և մեր դարաշրջանում նրան բաժին հասած ողբերգական ճակատագրի հետ: Հակառակ դրան, Մոնդրիանի նկարները անցել են հոլանդական ժողովրդական հոգու սահմաններից, նրանք մխրճվել են հեռու, ունիվերսալ հոգեվոր ոլորտներ, կոսմոպոլիտ մի աշխարհ, որ մատչելի է բոլոր բարի կամքի տեր մարդկանց:
Եվ քանի որ ռուսական ամեն բան իր բնույթով հակված է ունիվերսալությանը, կոսմիկականին, ապա բնականաբար Մալևիչը ևս գտնվում է այդ զարգացման մեջ: Նա գրում է. «Ինձ համար անառարկայականության նշանները արվեստում նոր դարաշրջանի սկզբի հայտանիշն են: Դրանում բացահայտվում է արվեստի ճշմարիտ նշանակությունը, նրա իրական ճշմարտությունը, որն առարկայական բանախոհությամբ միայն սխալ է մեկնաբանվում: Գուցե ապագայում անառարկայական արվեստի ճշմարտությունը կդիմակազերծի առարկայական «իրականության» խաբկանքը, ցույց կտա, որ այն ոչ այլ ինչ է, քան թատրոնի կուլիս, ֆիկցիա»8:
Մալևիչ Մոնդրիան
արևելք արևմուտք
պլատոնական արիստոտելական
դիոնիսյան ապոլլոնյան
ռոմանտիկ դասական
դինամիկ ստատիկ
սուպրեմատիզմ ստիլ
գնոստիկ-միստիկական կալվինյան
Որոգինես, Պլոտինոս Ավգուստինուս
արվեստն իբրև կրոն արվեստն իբրև գիտություն
Մալևիչը Մոնդրիանի նման, բայց միանգամայն պլատոնական իմաստով, արվեստն ու կյանքը դիտում է որպես հավասարակշռության սկզբունքի միակ իրականացում, ինչին պետք է միանա նաև մարդն իր ողջ գործունեությամբ: Քանզի որքան շատ է մարդն անջատվում կյանքի սկզբնական ներդաշնակ միասնությունից, հարաբերականացվելով որպես համաշխարհային օբյեկտիվ էակ և հակադրվելով արտաքին աշխարհին որպես սուբյեկտիվ «Ես», այնքան ավելի մեծ տեղ են գրավում համայն աշխարհում կործանարար պրոցեսները: Սակայն դրանում թաքնված է նաև չափազանց դրական մի հնարավորություն, այն է` մարդու խնդիրը ապագայում. քանզի ըստ Մալևիչի փիլիսոփայության ինքնագիտակից մարդը պետք է «աշխարհի սերմը» դառնա, որից մի նոր ներդաշնակություն կկարողանա ծնունդ առնել և գնալով ավելի զորեղ իրագործվել: Իսկ արվեստագետը ճակատագրով է նախորոշված` իր աշխատանքներում նախանշել և պատկերել այդ նոր ներդաշնակությունը:
«Այսպիսով ես մաքրեցի աշխարհը մեղքերից», – բիբլիական պաթոսով և ոչ թե սրբապղծորեն կարող էր 1922թ. բացականչել Մալևիչը2: Այս արտահայտության մեջ, սակայն, թաքնված է իսկական ռուսական մի գաղափար, որը դեռ Դոստոևսկին էր ձևակերպել և որին մենք նորից ու նորից հանդիպում ենք բազմաթիվ ստեղծագործողների, այդ թվում և Սոլժենիցինի մոտ. աշխարհը կփրկի արվեստը կամ գեղեցկությունը, ար- վեստի քահանայից կգա ցայժմյան կյանքի նորացումն ու վերափոխումը9:
Այս գաղափարը Մալևիչը ձևակերպել է հետևյալ կերպ. «Նկարչի կամ դերասանի արվեստը կարող է դիտվել որպես նախնական աստիճանը այն ժամանակների, որում ողջ կեցությունը կդառնա արվեստ, արվեստ, որը տարբերակման սահմաններ այլևս չի ճանաչում: Դա, սակայն, հասանելի կլինի միայն այն դեպքում, երբ արվեստը կգտնի ինքն իրեն, երբ կեցության կողմից այն չի շեղվի իրեն օտար ուղղությամբ»8: Այսինքն` եթե այն կառչած մնա առարկայականից, ինչը ազգությամբ ռուս Մալևիչը հարկադրված է մերժել որպես էապես ոչ սպիրիտուալ երևույթ:
Այդ իսկ պատճառով մարդու ճանապարհը պետք է ազատվի «հազարամյակների ընթացքում կուտակված ողջ առարկայական հնոտուց: Եվ միայն այդ ժամանակ հնարավոր կլինի լիովին ընկալել տիեզերական գրգիռի ռիթմը, այդ ժամանակ ողջ երկրագունդը կպատվի հավերժ գրգիռի քողով, դինամիկ լռության տիեզերական անվերջության ռիթմով»:8 Արվեստի միջոցով վերափոխված ու նորացված աշխարհի գաղափարը թերևս ավելի ապոկալիպտիկ կերպով գրեթե անհնար է արտահայտել:
Այսպիսով, հեռու ապագային է ուղղված Մոնդրիանի և Մալևիչի արվեստը: Դրա համար էլ նրանք հանդիպում են իրար հոգևոր մի ոլորտում, որում արևելք-արևմուտք հակադրությունը հաղթահարված է թվում: 1922թ. Վիեննայի «Արևմուտք-արևելք» կոնգրեսում Ռուդոլֆ Շտայների կոչը, որ արևելքն ու արևմուտքը պետք է հանդիպեն մի ընդհանուր, հոգևոր տարրում, այստեղ, համենայն դեպս, ինչ վերաբերում է արվեստին, առաջին անգամ իրականացված է թվում: Պլատոնական և արիստոտելական ոգեղենության, արվեստի և գիտության այդ միավորումը նմանատիպ սինթեզում ժամանակին արդեն իսկ իրագործել էր Գյոթեն գույների ուսմունքի պատմությանը նվիրված իր աշխատության մեջ, որտեղ նա գիտության համապարփակ ամբողջականության պահանջ է բարձրացնում, ինչը ինքն իր սեփական ստեղծագործություններում բավականաչափ իրականացրել էր. «Սակայն նման մի պահանջի մոտենալու համար պետք է գիտական գործունեության մեջ առկա մարդկային ուժերից և ոչ մեկը չբացառել: Պատժի անդունդներ, ներկայի ճիշտ հայեցություն, մաթեմատիկական խորություն, ֆիզիկական ճշգրտություն, բանականության բարձունք, բանախոհության սրություն, աշխույժ, տենչով լի երևակայություն, զգայականության սիրով լի ուրախություն, – ոչինչ չի կարող անմասն լինել ակնթարթի կենսունակ, արգասավոր տնօրինումին, որի շնորհիվ էլ ծնվում է արվեստի ստեղծագործությունը անկախ նրա բովանդակությունից»10:
Գյոթեն այստեղ նկարագրում է գիտական դիրքորոշումը և թվարկում է այն ամենը, ինչը արիստոտելական իմաստով պատկանում է դրան: Այսպիսով, բերվում է հատկությունների մի շարան, որոնք կշփոթեցնեն այսօրվա ակադեմիական գիտնականին և որոնց մեծամասնությունը նա վստահաբար ավելորդություն կհամարի իր հետազոտությունների համար: Գյոթեի հետևողականորեն ամբողջական և կենդանի մտածողությունը նրա գիտական արիստոտելական դիրքորոշումը աննկատելիորեն և ինքնաբերաբար փոխակերպում է գեղարվեստական-պլատոնականի:
Ինչպես նշում էր Շտայները, գիտելիքը, եթե այն քարացած, սառը և մեռած չի մնալու, այլ գնալով համապարփակ ու ազատ է դառնալու, կարող է բերել այն բանին, որ աշխարհը նորից սկսի շողալ գեղեցկության նոր փայլով: Ով արվեստն ու գիտությունն է տնօրինում, ընդ որում այնպես, որ դրանք ներդաշնակորեն լրացնում են իրար, նա ունի նաև կրոն, – համարում է Գյոթեն: Այսպիսով, Արիստոտելն ու Պլատոնը, որ հազարամյակների ընթացքում արևմուտքում և արևելքում տարբեր ուղիներով էին գնում, դրա շնորհիվ կարող են նորից միավորվել:
Ծանոթագրություններ
- Հանս Էրհարդ Լաուեր, «Եվրոպայի ժողովրդական հոգին», Շտուտգարտ, 1965թ. Վալտեր Շուբարտ, «Եվրոպան և արևելքի հոգին», Լյուցեռն, 1938թ.:
- «Մալևիչ-Մոնդրիան և իրենց շրջանը» Քյոլնի գեղարվեստական միավորման ցուցահանդեսի կատալոգ, 1976թ.:
- Մարգարիտա Վոլոշինա, «Կանաչ օձը. հիշողություններ», 1954թ., Ասյա Տուրգենևա, «Հիշողություններ Ռ. Շտայների մասին», 1972թ.:
- Միշել Սյուֆո, «Պիտ Մոնդրիան: Կյանքն ու գործունեությունը», Քյոլն, 1957թ.:
- Էռնեստո Գրասսի, «Գեղեցիկի տեսությունը անտիկ աշխարհում» Քյոլն, 1962թ.:
- Մարի Ալեն Կուտյուղյե, «Քրիստոնյայի ազատությունը. Օրագիր 1947-1954», Մայնց, 1964թ.:
- Վերներ Հոֆման, «Ժամանակակից արվեստի հիմքերը», Շտուտգարտ, 1966թ.:
- Կազիմիր Մալևիչ, «Սուպրեմատիզմ-անառարկայական աշխարհ», Քյոլն, 1962թ.:
- Դիտեր Ռուդլոֆ, «Կփրկի՞ արդյոք գեղեցկությունն աշխարհը. Արվեստի թերապևտիկ առաքելությունը», 1977թ. 10.Յ. Վ. Գյոթե, «Գույների ուսմունքի պատմություն», երկերի ժողովածու, հ.41, Մյունխեն, 1963թ.:
Գերմաներենից թարգմանությունը` Հասմիկ Սուքիասյանի
Diether Rudloff, «Zwischen Vision und Konstruktion», Jakobus Verlag.