Միքելանջելո
«Նավակի վրա բեկուն, ծովի մեջ ալեկոծ, ավարտեցի ես ընթացքը կյանքիս. բախում եմ այն դուռը, ուր ամեն ոք գալիս, հաշվետու է լինում իր բարի ու չար գործերի մասին: Ա~խ, ես լավ հասկացա, որ այս արվեստը, որ եղել է կուռքն ու բռնակալն իմ երևակայության, մխրճել է կյանքս մեղքի մեջ. ամեն ինչ մեղք է այս աշխարհում»:
«Խոկումնե՛ր սիրային, պատկերացումնե՛ր նանիր ու քաղցր, ի՞նչ կլինեք այժմ, երբ մոտենում եմ երկու մահվան` մեկը, որ հաստատ է, մյուսը, որ սպառնում է ինձ: Ո՛չ, քանդակագործությունը, նկարչությունը չեն կարող բավարար լինել խաղաղեցնելու համար այն հոգին, որ հակվել է դեպի քեզ, օ~ Աստված իմ, և որ կիզվում է կրակով քո սիրո»:
Սովորական նախապաշարումներից զուրկ մարդիկ, եթե կուզեն, թող ծաղրեն այս վսեմ հանճարին, որը մահվան շեմին տարակուսել է, թե արդյո՞ք ճիշտ է ապրել իր կյանքը և որը երկյուղել է Աստծո դատաստանից: Ես պատկերացնում եմ մեծն Միքելանջելոյին այն պահերին, երբ նրա երևակայությունը բորբոքված է եղել Դանտեի արարումներով կամ Սուրբ գրոց ընթերցմամբ, իսկ ձեռքը լամպի լույսի ներքո նկարել է մեկն այն վիթխարի ֆիգուրներից, որոնք մեկ անգամ տպավորվելով մեր մեջ` այլևս երբեք չեն մոռացվում: Իր մեծ աշխատանքները ստեղծելիս նա շատ քիչ է քնել, միշտ պառկել է առանց հանվելու` ամեն վայրկյան պատրաստ` անսալու ներշնչանքի ձայնին: Պատկերացնում եմ նրան գիշերվա ուշ ժամին, ինքն իսկ վախով համակված ի տես իր գործերի. նա ինքն առաջինն է ըմբոշխնել այն գաղտնի սարսափը, որ ցանկացել է առթել մարդկանց հոգիներում աստվածային վրեժխնդրության ու կործանումի ահեղ պատկերներով: Ինձ համար հաճելի է նաև պատկերացնել նրան այն պահերին, երբ գեղանկարչության միջոցով իր գաղափարների վեհությանը հասնելու անկարողությունից հոգնած, փորձել է մտքի անհանգիստ որոնումների ընթացքում օգնության կանչել պոեզիային: Դրա մեջ նա արտահայտել է իր խոր մելամաղձը կամ ավելի ճիշտ` իր խռովքն ու երկյուղը ապագա կյանքի մասին խորհելիս, անցած երիտասարդության ափսոսանքը, վախը` անորոշ ու ահավոր գալիքի հանդեպ:
Հայտնի է, թե ինչ տեղ է գրավել Միքելանջելոյի կյանքում սերը նշանավոր Վիտտորիա Կոլոննայի հանդեպ, որին նա ձոնել է բազմաթիվ քերթվածներ:
Այդ գեղեցիկ էակի մահը արվեստագետին երկար ժամանակ նետել է մի այնպիսի խոր հուսալքության մեջ, որ ոչինչ չի կարողացել նրան ողոքել: Այդ միանգամայն ողջախոհ սերը եղել է մի տեսակ ոգեշունչ բարեկամություն, որն ասես ձուլվել է նրա սրտում աստվածային սիրո հետ: Տարօրինակ բան այդ սարսափելի բարքերով հատկանշվող դարաշրջանի համար: Բորջաներն ու շատ ուրիշներ բոլոր կարգի անառակությունների օրինակ էին տվել: Արետինոն և ժամանակի որոշ այլ բանաստեղծներ, որոնք մետաֆիզիկական ոգեշնչումից հեռու են եղել, ամենևին չեն նպաստել առաքինի հակումների տարածմանը: Պատմությունը չի վկայել, որ Միքելանջելոն նվիրաբերել է իր սիրտը երկրային սիրուն:
Եթե նա փոքր-ինչ հաղորդակցվել է դրան, ապա դա երջանկություն է եղել նրա տաղանդի համար. բայց նրա գործունեությունն ընդմիջած տևական դադարները, նրա տեղատվությունները, որոնց ակունքին լավ իրազեկ չենք, հնարավոր չէ՞ որոշ չափով վերագրել այն խելահեղ կրքին, որը մեզ արբեցնում է մեր լավագույն տարիներին, և որը միակ ափսոսելի բանն է այն ամենի մեջ, ինչը ծերությունը խլում է մեզանից:
Վազարիի և իր այլ աշակերտների խնդրանքով Միքելանջելոն մտադրվել է շարադրել իր մտքերն արվեստի մասին: Այդ զբաղմունքն, անշուշտ, նրան անպտուղ է թվացել. նա ավելի շատ բնական մղում է ունեցել դեպի պոեզիան: Նրա ժամանակ, ինչպես մեր օրերում, եղել են շատերը, որոնք զբաղվել են տեսություններով և ստեղծել արվեստի վերաբերյալ կուռ համակարգեր` ոչինչ չստեղծելով բուն արվեստի բնագավառում: Միքելանջելոն, ընդհակառակը, հաճույք է ստացել ծաղրելով այդ դատարկաբաններին17 և լայն հնարավորություն է տվել նրանց բանավիճելու անգամ իր կապակցությամբ: Մինոսի հետ կապված դեպքից զատ, որքան մեզ հայտնի է, նա երբևէ շնորհ չի արել մրցասպարեզ ելնելու իրեն վարկաբեկողների ու իր քննադատների հետ, որքան էլ նրա ի բնե սուր ու խայթիչ մտքի գերազանցությունն ու հեշտ գրելու ունակությունը վրեժխնդիր լինելու հնարավորություն են ընձեռել նրան: Ինչ վերաբերում է այն կարդինալներին ու սենյորներին, որոնք իրավասու են եղել կազմակերպելու և հսկելու նրա աշխատանքները, ապա արվեստագետն առանց այլևայլության ընդդիմադրել է նրանց, երբ վերջիններս հանդուգն դիտողություններ են արել: Այս պարագայում նրա անկախ բնավորությունը երբեք տեղի չի տվել:
Մի անգամ, երբ Միքելանջելոն ջանադրաբարտարված է եղել Ս. Պետրոսի տաճարի աշխատանքներով, նրան հայտնել են, թե Պողոս IV պապը ցանկանում է, որ նա փոփոխություններ կատարի «Ահեղ դատաստանի» մեջ, քանզի նկարում առկա որոշ մերկ մարմիններ վիրավորում են պարկեշտությունը: Մոլեգնած ծերունին այսպիսի խիստ պատասխան է տվել. «Ասացե՛ք պապին, որ նրան անհանգստություն պատճառողը չնչին բան է, ինչը կարելի է հեշտությամբ շտկել. թող նա վերափոխի աշխարհը, և այդպիսով կփոխվեն գեղանկարները»:
Այդ ազնիվ հպարտությունը Միքելանջելոյի մեջ զուգակցել է անչափ նուրբ ու սիրառատ սրտին: Իր մերձավորների ու բարեկամների համար նա եղել է սահմաններ չունեցող բարեհոգություն: Ութսուներեք տարեկանում նա կորցրել է իր հավատարիմ սպասավորին, որը նրա համար իսկական ընկեր էր դարձել:
Անունը Ուրբանո էր: Նա Միքելանջելոյի կողքին է եղել 1530 թվականի Ֆլորենցիայի պաշարումից ի վեր, և իր հանդեպ նրա հոգատարության ու նվիրվածության համար արվեստագետը հաճույքով բազմիցս նպաստել է նրա նյութապես հարստացմանը: Երբ Ուրբանոն անկողին է ընկել, այդ մեծ մարդը ցանկացել է անձամբ հսկել ու սպասարկել նրան և բազում գիշերներ նրա կողքից չհեռանալով` խնամել է որդու նման, մինչև որ նա մահացել է իր ձեռքերի վրա: Ահա թե ինչ հուզիչ խոսքերով է Միքելանջելոն պատասխանել Վազարիին, որն այդ տխուր առիթով որոշ սփոփանքներ էր հղել նրան. «Մեսսիր Ջո՛րջո, բարեկա՛մս, ես ի վիճակի եմ ձեզ միայն վատ գրել. սակայն հարկ է, որ պատասխանեմ ձեզ: Գիտեք, որ Ուրբանոն մահացավ. դա ինձ համար Աստծո շնորհ էր և միաժամանակ մեծագույն դժբախտություն. շնորհ, քանզի այդպիսի ազնվագույն մարդու մահը տեսնելը ինձ ոչ միայն ուսուցանում է, թե ինչպես պիտի մահանալ, այլև թե ինչպես պիտի ցանկանալ մեռնել: Այդպես էր վիճակված, որ քսանվեց տարի անց ես պիտի բաժանվեի նման հազվագյուտ ու հավատարիմ սպասավորից: Ի~նչ մեծ բավականությամբ եմ ես հարստացրել նրան և ինչպիսի~ բերկրանքով եմ մտածել, որ նա կդառնա իմ ծերության նեցուկը: Այժմ ինձ մնում է միայն հուսալ, որ նրան վերստին կհանդիպեմ հաջորդ կյանքում. ես նրա երջանկության գրավականը տեսնում եմ վախճանվելու նրա կերպի մեջ, որի ականատեսը եղա: Իմ Ուրբանոյին մտատանջել է ոչ թե այն, որ ինքը պիտի մեռնի, այլ որ ինձ պիտի մենակ թողնի իմ անկարողությունների մեջ` այս չար ու խաբեական աշխարհում: Հիրավի, նա իր հետ տարավ իմ լավագույն մասը, և այն ամենն, ինչ մնացել է ինձ, սոսկ ցավ ու տառապանք է: Հարգանքներիս հավաստիքը ձեզ»: Միքելանջելոն իր այդ հավատարիմ բարեկամից հետո ապրել է ևս մի քանի տարի: Նա ընդամենը սպասել է մահվան, չնայած իրար հաջորդող պապերը նրա հանդեպ մեծ հարգանք են տածել, իսկ բազում իշխաններ` հավասարապես սնապարծությունից ու անկեղծ հիացմունքից մղված, ջանացել են նրան իրենց կողքին տեսնել կամ պատվի արժանացնել: Նա տեսել է, թե ինչպես են իր շուրջը վախճանվել ժամանակի գրեթե բոլոր մեծ արվեստագետները. նրանցից ոմանք եղել են նրա թշնամիներն ու նրա փառքի նախանձորդները. բայց վերջիններիս մահը խլել է նրանից իրեն արժանի հակառակորդներին և դատավորներին, որոնց հիացմունքը նվաճելը հաճելի է եղել նրա համար: Այդուհետ նա շրջապատված է եղել միայն այդ նշանավոր վարպետների այլասերված աշակերտներով, և փառքը նրա աչքին արդեն նվազել է իր այդ աննշան մրցակիցների ասպարեզում: Նշանավոր Ռեյնոլդսը հրապարակավ արտահայտել է Միքելանջելոյի նկատմամբ իր անսահման հիացմունքը: Ահա նրա ելույթներից մեկի վերջին հատվածը, որ գրեթե ամբողջովին ձոնված է այդ մեծ արվեստագետին. «Միքելանջելոյի հիշատակի հանդեպ դարերի պաշտամունքի պատճառն ինչ էլ որ լինի` անգամ նախապաշարմունքը, ես հպարտությամբ ինձ դասում եմ, չեմ ասում նրա հետևորդների, այլնրա կրքոտ երկրպագուների շարքը: Եթե ես ուրիշ և առավել նվազ վսեմ ճանապարհով եմ ընթացել, ապա պատճառը միայն այն է, որ դա ավելի հարիր է եղել իմ ձիրքերին և իմ ապրած ժամանակաշրջանին: Այսուհանդերձ, որքան էլ ինձ անզոր եմ զգում նման նախաձեռնության համար, բայց եթե իմ ուղին նորից սկսեի, ես կհանդգնեի քայլել այդ մեծ վարպետի հետքերով, և իմ հավակնությունը բավարարված կհամարեի, եթե կարողանայի հասնել նրա կատարելությունների նվազագույնին: Երջանիկ եմ, որ ինձ ունակ եմ համարում ապրելու այն զգացումները, որոնք նա ջանացել է ներշնչել մեզ: Որոշ սնապարծությամբ մտածում եմ, որ իմ բոլոր ելույթները կրում են այդ իսկապես աստվածային մարդու հանդեպ տածած իմ հիացմունքի վկայությունը, և շատ կուզեմ, որ այս Ակադեմիայում և հենց այստեղ իմ արտասանած վերջին բառը լինի Միքելանջելո»: Սրտառուչ է այն հանգամանքը, որ դա իսկապես եղել է այդ հռչակավոր վարպետի արտասանած վերջին բառը ակադեմիական ամբիոնից: Այդ ելույթից մի քանի ամիս անց նա վախճանվել է: Տարածված է այն կարծիքը, թե Միքելանջելոն կյանքի վերջում կուրացել է և երբեմն գնացել շոշափել է իր քանդակները` իր մեջ վառ պահելու համար գեղեցիկի պատկերացումները: Այս հորինվածքը չի կարող տեղ գտնել նրա մասին մեզ հասած տվյալների շարքում: