Ռուբիկոն

Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը (մաս 2)

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Գրիգոր Բրուտեան

Գ. Հայոց Փոքր թուական: Ինչպէս արդէն նշուեց, Հայոց Մեծ թուականը կիրառւում է զուգահեռաբար երկու ձեւերով. ըստ աւանդական ձեւի (Աթանասի սահմանածի) եւ ըստ Անանիայի բարեփոխութեան: Աւանդական ձեւով կիրառութիւնը արդէն Հայոց ՆԾԲ (452) թուին յառաջ է բերում մի շատ լուրջ տոմարական թիւրիմացութիւն: Բանն այն է, որ ըստ սուրբգրային աւանդութեան, տարուայ սկիզբ պիտի դիտուէր գարնանամուտը: Գարնանամուտին էր համարւում ե՛ւ աշխարհի արարչութիւնը, ե՛ւ էլ տարուայ սկիզբը1: Ահա, գարնանամուտը սկիզբ սեպելու պարագայում, եթէ Հայոց տարեմուտն էլ Նաւասարդի մէկը լինէր, ապա հէնց որ Նաւասարդի մէկը չորս տարում մի օր յառաջանալով զուգադիպէր գարնանամուտին եւ անցնէր դրանից, հայկական տարեհաշիւը պիտի մէկով աւելանար: Այդպէս էլ` Հայոց ՆԾԲ (452) թուին Նաւասարդի մէկը գարնանամուտին (Մարտի 20-ին) համընկելուց յետոյ Հայոց տարեհաշւում առաջանում է մէկ «եկամուտ» տարի: Սա պատճառ է դառնում տոմարական լուրջ շփոթութիւնների:

Այս եւ այլ օրացուցային շփոթութիւնները վերացնելու համար, Յովհաննէս Սարկաւագը կարգաւորում է հայկական օրացոյցը: Նրա ժամանակ` Հայոց ՇԿ (560) թուին (1112թ.) աւարտւում է Անանիայի կազմած ՇԼԲ բոլորակը, եւ կարիք կար նոր տօնացոյցի: Սարկաւագ վարդապետը կազմում է նոր 532-ամեայ տօնացոյց-աղիւսակ Հայոց եկեղեցու տօների համար: Ի տարբերութիւն Անանիայի աղիւսակի, Սարկաւագինը միայն հռոմէական ամիս-ամսաթուերով է, այստեղ հայկական ամիսներով ոչինչ չկայ: Որպէս տարեմուտ էլ վերցուած է Յունուարի մէկը: Իսկ աղիւսակը սկսւում է ոչ թէ Շիրակունու աղիւսակի աւարտից, այլ դրանից 28 տարի առաջ` Հայոց 533 թուից (նոր` մէկ թուականով): Այս աղիւսակի առաջին տարին Փրկչ. 1085 թիւն է: Փաստօրէն, Սարկաւագ վարդապետը 532-ամեակներով պարբերացնում է հայկական օրացոյցը: Ի տարբերութիւն Մեծ թուականի, այս նոր աղիւսա- կով տրուած տարեթիւը կոչւում է Հայոց Փոքր թուական2:

Բացի այդ, օրացուցային խառնաշփոթը շտկելու համար, կարգադրում է Մեծ թուականի տարեհաշուից դուրս ձգել «եկամուտ» մէկ տարին3:

Օրացուցային հարցերը պարզաբանելու համար Յովհաննէս Սարկաւագը շարադրում է նաեւ տոմարական բացատրական աշխատութիւններ: Դրանցից ամենակարեւորը` «Պատճէն տոմարի» աշխատութիւնը մանրամասն տալիս է օրացուցային հաշւումներ անելու կանոնները: Ընդ որում, այստեղ Մեծ թուականից զատ ներկայացուած է նաեւ Փոքր թուականը: Իր տոմարական աշխատութիւններում Սարկաւագ վարդապետը մանրամասն բացատրում է, թէ ինչպէս է հայկական օրացոյցում գոյացել «եկամուտ» տարին եւ իր յետնորդներին պատուիրում է ապագայում եւս նման իրավիճակ կրկնուելու դէպքում հաշուից հանել «եկամուտ» տարին:

Այդուհանդերձ, Յովհաննէս Սարկաւագը, Հայոց օրացոյցի առաջիկայ թիւրիմացութիւններից մէկընդմիշտ ազատուելու համար, ստեղծում է Յուլեան օրացոյցի հետ զուգահեռ ընթացող անշարժ հայկական օրացոյց հայկական աւանդական ամիսներով: Այս օրացոյցն էլ յայտնի է Սարկաւագադիր կարգ անունով: Սարկաւագադիր կարգի բացատրութիւնը մանրամասն ներկայացուած է տոմարական «Պատճէնում»: Իսկ հիմնական աշխատութիւնները, որոնցում ներկայա- ցուած է այս նոր Սարկաւագադիր կարգը, երկուսն են: Առաջինը Անանիա Շիրակունու հեղինակած Խառնախորանի սարկաւագեան խմբագրութիւնն է, որտեղ 14 ազգերի տոմարներից զատ, որպէս անշարժ օրացոյց, ներկայացուած է նաեւ հայկական Սարկաւագադիր օրացոյցը` Նաւասարդի 1 = Օգոստոսի 11 կայուն տարեմուտով: Սա, փաստօրէն, Անանիայի կազմած Խառնախորանն է, ուր Սարկաւագ վարդապետը ներմուծել է իր ստեղծած անշարժ հայկական օրացոյցը: Երկրորդը արդէն Յովհ. Սարկաւագի հեղինակած օրացուցային աղիւսակներն են, որ յայտնի են «Յայսմաւուրացոյց» անունով: Ի տարբերութիւն Խառնախորանի, որ կազմուած է Հռոմէական օրացոյցի հիման վրայ, Յայսմաւուրացոյցը կազ- մուած է հայկական Սարկաւագադիր օրացոյցի հիման վրայ եւ էլի պարունակում է հայկականից զատ հետեւեալ 14 ազգերի օրացոյցների զուգահեռ ներկայացումը. Հռոմէացիների, Յունաց, Ասորւոց, Պարսից, Եբրայեցւոց, Արաբացւոց, Մակեդոնացւոց, Եգիպտացւոց, Եթովպացւոց, Աթենացւոց, Բիւթանացւոց, Կապադովկացւոց, Վրաց եւ Աղուանից: Այս երկու տեսակի տոմարական աղիւսակներում էլ կայուն ամսա- թուերով նշուած են անշարժ տօները եւ որոշ կարեւոր օրեր (գիշերահաւասարներ, արեւադարձներ եւն): Ահա այս խմբագրուած Խառնախորանում եւ Յայսմաւուրացոյցում, որպէս հայկական օրացոյց, ներկայացուած է Սարկաւագադիր կարգը4:

Արդ, մի փոքր մանրամասն ներկայացնենք այս օրացոյցը: Ի տարբերութիւն Անանիա Շիրակունու, որը հայկական օրացոյցն անշարժացրել էր հայկական տարեմուտը Նաւասարդի մէկից անջատելու եւ կայուն Յունուարի սկզբում դնելու միջոցով, Սարկաւագը, հայկական օրացոյցն անշարժացնելու նպատակով, Հայոց ամսակարգի մէջ մուծում է նահանջի օր: Մինչ այդ նման բան չէր եղել: 365-օրեայ ամսակարգը շատ երկար ժամանակ դիտուած է եղել իբր անձեռնմխելի մի բան, որին չէր կարելի ոչինչ յաւելել, կամ փոփոխութեան ենթարկել (հնում դա նոյնիսկ սրբացուած է եղել): Ահա, Սարկաւագ վարդապետը առաջինն էր, որ յանդգնեց փոփոխել այդ անձեռնմխելի կառոյցը: Նա Հայոց ամսակարգի 365 օրերին չորս տարին մէկ յաւելում է մէկ օր` նահանջ տարուայ օրը: Դրանով Հայոց ամսակարգը դառնում է միջինում 365.25- օրեայ եւ լրիւ զուգահեռ դառնում հռոմէական (եւ այլ նմանատիպ) օրացոյցներին: Այս կերպ, նորաստեղծ հայկական օրացոյցում կայուն անփոփոխ դիրք են ստանում ե՛ւ տարեմուտը, ե՛ւ անշարժ տօները (Յայտնութիւն, եւ այլն), ե՛ւ էլ գիշերահաւասարներն ու արեւադարձերը:

Ամսակարգի անշարժացումից զատ, Յովհաննէս Սարկաւագը փոխում է նաեւ հայկական տարեմուտը: Հայոց Մեծ թուականի տարեհաշուի սկզբից` 552 թուից յետոյ անցած 532 տարիների ընթացքում, Հայոց Նաւասարդի մէկը չորսական տարում մի-մի օր յառաջանալով, 1084 թուին եկել-հասել էր Փետրուարի 29-ին: Իսկ 1116-ին, երբ ստեղծուել է այս անշարժ օրացոյցը, Նաւասարդի մէկը համընկնում էր Փետրուարի 21-ին: Այդուհանդերձ, Սարկաւագ վարդապետը իր ստեղծած անշարժ օրացոյցի տարեմուտը դնում է ամառուայ կէսին` Օգոստոսի 11-ին: Արդ, ինչո՞ւ է յատկապէս ա՛յս օրն ընտրում Սարկաւագ վարդապետն իբր տարեմուտ: Այս հարցը շատ է հոլովուել արդի հայ տոմարագէտների կողմից, եւ այս հարցին տրուել են մէկից աւելի տարբեր պատասխաններ: Հիմնականում, փորձեր են արուել այս Օգոստոսի 11-ը բացատրել իբր շատ վաղ անցեալում հայկական օրացոյցի բուն տարեմուտի օր, փորձել են դա կապել Հայկ Նահապետի գործունէութեան` նրա Հայաստան գալու, կամ Բէլին յաղթելու օրուայ հետ: Սակայն նշենք, որ Օգոստոսի 11-ը ոչ Հայոց պատմութեան, եւ ոչ էլ Հայոց հին (կամ հնագոյն) օրացոյցի համար ոեւէ բանով նշանաւոր, էական օր չէ: Սա պարզապէս մի հերթական, սովորական հռոմէական ամսաթիւ  է, որին զուգադիպել է Հայոց շրջիկ տարեմուտը` Նաւասարդի մէկը 428 – 431 թթ. քառամեակում: Իսկ թէ ինչո՞ւ է Սարկաւագն ընտրել հէնց ա՛յդ օրը, այս հարցի բացատրութիւնը տրուած է հէնց իր` Սարկաւագի տոմարական աշխատութիւններում: Սարկաւագ վարդապետը, բացատրելով, թէ ինչու է ինքն ընտրել Օգոստոսի 11 տարեմուտը, նշում է, որ ինքը հիմք է ընդունել Աստուածաշնչում եւ դրան աղերսուող որոշ այլ գրքերում առկայ հայ եւ օտար ամիսների տարբեր զուգադրումները: Խօսքը վերաբերում է 5-րդ դարի սկզբներում կատարուած որոշ թարգմանութիւնների, որոնց հայերէն շարադրանքում իրօք կան հայկական ամիսների, երբեմն` եւ ամսաթուերի զուգադրումներ հրէական, եգիպտական, կամ այլ անշարժ օրացոյցների ամսաթուերի հետ: Բնականաբար, այս երկերի բնագրերում չկան յիշեալ  զուգադրումները. այդտեղ տրուած են միայն օտար (բնագրային)  ամիս-ամսաթուերը: Այսինքն, այդ զուգադրումները կատարուել են այդ գրքերը հայերէն թարգմանելու կապակցութեամբ: Այդ թարգմանութիւնները հիմնականում արուել են հինգերորդ դարի սկզբներին եւ դրանց մեծ մասը (ոչ բոլորը) հանգեցնում է Նաւասարդի 1 = Օգոստոսի 11 դիրքին: Հէնց դա էլ հիմք է ընդունել Սարկաւագը:

Կարդալ նաև

Մշակութաբանություն Ազատություն տալ աշխարհին Արա Գուրզադյան Տրոհվող մի բնակչություն իր առօրյա անդունդի առաձգական հատակին, որ պիտի մխիթարվի պապանձված ըմբռնումի իր առաքինությամբ այդ առաձգականության գործակցի ամենօրյա չափումներով: Մեր պատմությունը կարծես սպառել է իր էթնիկական պատկանելիության պաշարները: Մենք… Մշակութաբանություն Մշակութային մոտեցում կոմունիկացիային Ջեյմս Վ. Քյարի Երբ տարիներ առաջ որոշեցի լրջորեն զբաղվել կոմունիկացիայի մասին գրականությամբ, մի խելոք մարդ ինձ խորհուրդ տվեց սկսել Ջոն Դյուիից: Այդ խորհրդին հետևելու համար երբեք չեմ զղջացել: Թեև Դյուին իր թերություններն ունի (Ուիլիամ Ջեյմսի նկարագրությամբ` նրա… Մշակութաբանություն Երկխոսություն Արա Գուրզադյան -Սերգեյ Խաչիկօղլյան Արա Գուրզադյան. – «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը հետխորհրդային շրջանի նշանակալից մշակութային նախաձեռնություններից է հայ իրականության մեջ: Կարծում եմ, որ աննախադեպ աշխատանք է տարվել և տարվում է այսօր, պետական և հասարակական…