Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը (մաս 2)
Ընդհանրապէս, նահանջ բառն ինքը, որպէս տոմարական եզր, հայկական օրացոյցում բնիկ չէ, այլ ցոյց է տալիս հայկական եւ (հռոմէական) անշարժ օրացոյցների առնչութիւնը, զի նահանջ տարիներին անշարժ օրացոյցով որոշուած կայուն օրերին համապատասխանող հայկական ամսաթուերը մի օրով նահանջում են` ետ են ընկնում: Ասենք` օրինակ, եթէ մի տարի գարնանամուտը` Մարտի 20-ը Նաւասարդի 2-ին է, ապա չորս տարի անց գարնանամուտը կը լինի Նաւասարդի 3-ին, եւ այդպէս շարունակ: Յոյները նահանջը կոչել են էմբոլիսմոս – «ներդրուած», Հռոմէական օրացոյցում էլ նահանջի օրերը կոչուել են դիես ինտերկալարէս, որ էլի նշանակում է «ներդրուած», Պարսիկներն էլ նահանջ տարին կոչել են սալէ քաբիսէ, որտեղ քաբիսէ – «նահանջային» բառը գալիս է «մեծ» նշանակող քաբիր բառից. այսինքն, այստեղ էլ նահանջ տարին անուանել են մեծ տարի:
Այս ամենից երեւում է, որ նահանջելու գաղափարը իրօք գալիս է հայ եւ օտար անշարժ օրացոյցների համեմատութիւնից: Սրանով եւ նահանջը, առաւել եւս` նահանջից նահանջը, որպէս տոմարական եզր, բնաւ կապ չունեն հայկական աւանդական 365-օրեայ շարժական օրացոյցի հետ, այլ առաջացել են հայկականի եւ այլ օրացոյցների համեմատութիւնից:
Յովհաննէս Սարկաւագի տոմարական կարգադրութիւնների մասին պատկերացումն ամբողջացնելու համար ցանկալի է իմանալ նաեւ դրանց ժամանակն ու հերթականութիւնը:
Եղած տուեալների հիման վրայ կարելի է տալ ժամանակային հետեւեալ պատկերը: Հայոց ՇԿ (560) թուին (որ է Յուլեան 1112թ.) աւարտւում է Անանիայի 532-ամեայ տօնացոյցը: Ուրեմն, Սարկաւագը իր ՇԼԲ աղիւսակը կազմել է այդ տարուց ոչ ուշ: Դրանից որոշ ժամանակ անց` 1116 թուին Սարկաւագը ստեղծում է իր անշարժ օրացոյցը:
Ի տարբերութիւն Հայոց Մեծ թուականի, Սարկաւագադիր օրացոյցը իր ակնառու առաւելութիւններով հանդերձ ունե- նում է բաւական սահմանափակ կիրառութիւն: Կիրառւում է հիմնականում եկեղեցու կողմից` Յայսմաւուրք ժողովածուներում: Տոմարական տարբեր աշխատութիւններում յաճախ նոյնացուած են Հայոց Փոքր թուականը (1085 թուի Յունուարից սկսուող տարեհաշիւը) եւ Սարկաւագադիր կարգը: Եւ այսօր էլ այս երկուսը ներկայացւում են իբր մէկ ամբողջութիւն: Ըստ այդմ Հայոց Փոքր թուականը պատկերանում է հետեւեալ կերպ: Հաշուարկի սկիզբը 1084 թ. Օգոստոսի 11 = Նաւա- սարդի 1-ով: Տարուայ միջին տեւողութիւնը 365.25 օր է, Նահանջ տարիներին նահանջի օրը դրւում է Մարտի 8-ի դիմաց` Մեհեկանի վերջում եւ այս կարգը անշարժ է Յուլեան օրացոյցի նկատմամբ8:
Դ. Հայոց Օրացոյցը նախքան Մեծ թուականը: 6 – 7-րդ դարերից առաջ Հայաստանում օգտագործուած օրացոյցի մասին մեզ հասած վկայութիւնները շատ սակաւ են: Յայտնի է, որ 553 թուից առաջ եկեղեցական տօների օրերը որոշելու համար երկար ժամանակ օգտագործուել է Անդրէաս Բիւզանդացու կազմած 200-ամեայ աղիւսակը: Դրանից առաջ էլ օգտագործուել են Ղեւոնդէսի, Որոգինէսի եւ Անատոլիոսի տօնացոյցները: Սրանք բոլորն էլ քրիստոնէական տոնացոյցներ են եղել` կազմուած այս կամ այն անշարժ (Յուլեան տիպի) ոչ հայկական օրացուցային համակարգի հիման վրայ: Քրիստոնէութեանը նախորդած դարերում Հայաստանում օգտագործուած օրացոյցի մասին ոչ մի ուղղակի վկայութիւն մեզ չի հասել: Այդ օրացոյցի բնոյթը պարզել կարելի է, քննելով Հայոց օրացոյցի աւանդական կառուցուածքը, եւ տոմարին աղերսուող որոշ այլ իրողութիւններ9:
Ընդհանրապէս, կարծիքներն այս հարցում երկուսն են: Առաջինը 365-օրեայ կայուն տարիով եւ Նաւասարդի մէկ շարժուն տարեմուտով օրացոյցի գոյութիւնն է սկզբից եւեթ: Երկրորդը այն է, որ շարժական օրացոյցին զուգահեռ Հայերն ունեցել են նաեւ անշարժ (Յուլեան տիպի) մի օրացոյց եւս, որի տարեմուտը կայուն դիրք է ունեցել տարուայ մէջ:
Ինչ վերաբերում է շարժական օրացոյցին, ապա սրա գոյու- թիւնը ոչ մի հետազօտողի մօտ կասկած չի յարուցել: Սրա գոյութեան ամենահիմնական ապացոյց կարելի է սեպել Հայոց աւանդական 365-օրեայ ամսակարգը առանց նահանջի օրուայ եւ Նաւասարդ ամսի անունը, որ ստուգաբանւում է իբր «Ամանոր»: Բացի այդ, սրա օգտին է վկայում եւ դարերով արմատացած աւանդոյթը` շարժական Նաւասարդի ամսի մէկը դիտել իբր տարեմուտ:
Աւելի բարդ է անշարժ օրացոյցի գոյութեան հարցը: Այսպիսի օրացոյցի գոյութիւնը ե՛ւ հաստատող, ե՛ւ ժխտող մէկից աւելի «ծանրակշիռ» կռուաններ կան: Հայոց մօտ հնում անշարժ օրացոյց եղած լինելը հիմնաւորւում է նախ եւ առաջ նրանով, որ ըստ բազմաթիւ առարկայական վկայութիւնների, դեռ շատ վաղուց Հայաստանում եղել է բարձր զարգացած գիւղատըն- տեսութիւն: Իսկ յայտնի է, որ թէ՛ երկրագործութեան, եւ թէ՛ անասնապահութեան կարիքների համար շարժական օրացոյցը այնքան էլ պիտանի չէր կարող լինել. վարի, ցանքսի, անասունների խառնքի եւ այլ գործերի համար շատ աւելի նպատակայարմար պիտի լինէր, անշուշտ, անշարժ օրացոյցը: Բացի այդ, յայտնի է, որ հին Հայոց աւանդական (նա- խաքրիստոնէական) տօների մէջ եղել են այնպիսիք, որոնք Հայաստանի կլիմայական պայմաններում հնարաւոր պիտի լինէր տօնել միմիայն տարուայ որոշակի եղանակի: Անկարելի է, ասենք, պատկերացնել, որ Վարդավառի ջրախաղերը լինէին ձմեռուայ սառնամանիքին կամ Համբարձման բացօթեայ տօնախմբութիւնը (դարձեալ ջրախաղերով ու ծաղիկների միջոցով գուշակութեամբ) լինէին աշնանը, կամ ձմռանը, երբ չկան ծաղիկներ, անձրեւ կամ ձիւն է տեղում ու ցուրտ է:
Երրորդ, ամենածանրակշիռ կռուանը անշարժ օրացոյցի գո- յութեան օգտին, այն է, որ 5-րդ դարի բազմաթիւ թարգմանա- կան երկերում ու նաեւ` Աստուածաշնչում առկայ են բազմաթիւ օրացուցային զուգադրութիւններ, ուր օտար անշարժ ամիսների եւ ամսաթուերի դիմաց դրուած են դրանց համապատասխան հայկականները: Սա մտածել է տալիս, որ մաշտոցեան դպրոցի թարգմանիչները պիտի ունեցած լինէին մի անշարժ օրացոյց, ըստ որի էլ կարգել են սոյն զուգադրումնե- րը: Այլապէս, եթէ եղած չլինէր մի անշարժ օրացոյց, այդ զուգադրութիւնները անողներին հարկ կը լինէր մեղադրել տգիտութեան մէջ (որովհետեւ կարելի չէ անշարժ օրացոյցի ամսաթիւը զուգակշիռ դնել շարժական օրացոյցի ամսաթուին):
Ահա, հիմնականում այս փաստարկներով է ապացուցւում անշարժ օրացոյցի գոյութիւնը Հայոց մօտ հնում: Նայենք, թէ ինչքանով են այս փաստարկները կենսունակ: Սկսենք առաջինից:
Երկրագործական եւ անասնապահական պէտքերի համար անշարժ օրացոյցը բնաւ էլ անհրաժեշտութիւն չէ: Այս դէպքում էականը ոչ թէ կայուն ամսաթուեր ունենալն է, այլ ինչ-որ կերպ տարուայ մէջ կայուն ժամանակներ որոշելը: Իսկ այդ նպա- տակին կարող էին ծառայել բնութեան բազմաթիւ երեւոյթներ (օր. տարբեր բոյսերի ծլելը, բողբոջելը, ծաղկելը, պտուղի հասունանալը, թռչունների չուն, թխսելը, վայրի կենդանիների վարքը, տարբեր տեղանքների (լեռների, գագաթների) բնական պայմանների փոփոխութիւնը (ձիւն դնելը, հալուելը եւն)): Այս եւ նման բազում այլ ձեւերով կարելի է լրիւ բաւարար ճշդութեամբ որոշել գիւղատնտեսութեան համար անհրաժեշտ օրերը, ժամանակները: Նման մօտեցումը յաճախ կիրառւում է եւ մեր օրերում: