Ռուբիկոն

Մշակութային մոտեցում կոմունիկացիային

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Ջեյմս Վ. Քյարի

Երբ տարիներ առաջ որոշեցի լրջորեն զբաղվել կոմունիկացիայի մասին գրականությամբ, մի խելոք մարդ ինձ խորհուրդ տվեց սկսել Ջոն Դյուիից: Այդ խորհրդին հետևելու համար երբեք չեմ զղջացել: Թեև Դյուին իր թերություններն ունի (Ուիլիամ Ջեյմսի նկարագրությամբ` նրա գրական ոճը անտանելի է), սակայն նրա աշխատությունն ունի մի խորություն, մտածողությանը զարկ տվող բնատուր օժտվածություն, որ անընդհատ գլուխկոտրուկներ ու հանելուկներ է առաջադրում. մի բան, որ անկասկած մեր գրականության մեջ մեծ մասամբ բացակայում է:

Դյուին «Փորձ և բնություն» գրքում կարևոր նոր էջ է բացում` առաջ քաշելով անհեթեթ թվացող այն վարկածը, թե «չկա ավելի սքանչելի բան, քան կոմունիկացիան» (1939, 385): Տեսնես ի՞նչ էր ուզում ասել դրանով: Եթե մեկնաբանենք բառացի` ասվածը կամ կեղծ է կամ տափակություն: Անկասկած, լրատվամիջոցների մատուցած նորություններն ու հաճելի ժամանցը ըստ էության այն են, ինչ Թորոն է կանխատեսել միջազգային հեռատիպի համար. «իմանալ, որ արքայադուստր Ադելաիդան հիվանդ է կապույտ հազով»: Նյու Յորք Թայմսի ամենօրյա նյութն, իհարկե, այդքան էլ անհեթեթ չէ, թեև ավելի շուտ ճնշող է, քան հիացական: Դեռ ավելին` մարդու շփումներն ուրիշների հետ սքանչելի են միմիայն չափազանցված ինքնախարազանման (մազոխիզմի) պահերին: Ցանկացած տրամաբանական մեկնաբանությամբ` Դյուիի նախադասությունն առօրյա կյանքում կամ կեղծ է, կամ պարզապես տափակություն, եթե նա նկատի ունի այն, թե որոշ դեպքերում կոմունիկացիան հաճելի է և հոգեպարար:

Մեկ այլ տեղ Դյուին կոմունիկացիայի մասին նույնքան առեղծվածային մեկ ուրիշ թեզ է առաջ քաշում. «Հասարակությունը գոյություն ունի ոչ միայն փոխանցման ու հաղորդակցության միջոցով, այլև արդարացիորեն կարելի է ասել` փոխանցման ու հաղորդակցության մեջ» (Դյուի, 1916, 5): Ո՞րն է այստեղ մակբայների փոփոխության նշանակությունը1: Միգուցե Դյուին նկատի ունի այն, որ հասարակությունն ինֆորմացիա հաղորդելով, (և խիստ մարդաբանորեն` իր այդ գործողությամբ ու իրեն հատուկ հաղորդակցության խողովակներով) դրանով իսկ ապահովում է իր գոյությունը: Տրամաբանական վարկած է, իհարկե, սակայն այդքանն իմանալու համար մեզ հասարակագետներ ու փիլիսոփաներ առանձնապես պետք չեն: Դա ինձ հիշեցնում է Ռոբերթ Նիսբեթի այն կծու ակնարկը. «Եթե ուզում եք` հասարակագետները ձեզ ասեն` իշխող դասակարգ ունեք թե ոչ, ուրեմն, հաստատ չունեք»: Սակայն եթե այս պարզ մեկնաբանությունն էլ է մերժելի, ապա ի՞նչ երաշխիք, թե իմաստային այս թնջուկի բոլոր շերտերի կեղևվելուց հետո տակը որևէ էական բան է մնալու:  Կարծում եմ` կա. քանի որ Դյուիի աշխատությունն իր բովանդակությամբ ոչ թե շարքային իմաստություն է, այլ շատ հիմնարար: Նրա խոսքերը ըստ ընդունված կարգի մեջբերելու փոխարեն (իմ մեջբերումներն առանց բացատրության ու մեկնաբանության պարբերաբար երևան են գալիս կոմունիկացիայի մասին գրականության մեջ), ավելի նպատակահարմար կլինի բացատրել հակասությունը, որը կարող է լույս սփռել ժամանակակից ուսումնասիրությունների վրա: Իմ կարծիքով բարդությունն այն է, որ Դյուին կոմունիկացիան օգտագործում է երկու տարբեր իմաստներով: Նա շատ-շատերից ավելի լավ է հասկացել, որ կոմունիկացիան արևմտյան փիլիսոփայության պատմության մեջ երկու հակադիր սահմանումներով է հանդես եկել, և այդ սահմանումների միջև եղած հակասությունն իր աշխատության մեջ օգտագործել է իբրև ստեղծագործական լարման աղբյուր: Բնականաբար նույն այդ հակասությունը նրան հանգեցրել է նաև յուրահատուկ սխալների: Նրա պայծառ կռահումները երկյուղածությամբ կրկնելու կամ անգիտակցաբար սխալներն ընդօրինակելու փոխարեն, ավելի լավ է շարունակենք նրա միտքը` կառչելով նույն այդ հակասությանը, որ նա նկատել է «կոմունիկացիա» բառի մեր կիրառության մեջ, և մեր հերթին օգտագործենք այն որպես մեր ուսումնասիրությանը կյանք հաղորդելու միջոց:

Տասնիններորդ դարում կոմունիկացիա տերմինի` առօրյա շրջանառության մեջ մտնելուց ի վեր այդ հասկացության երկու տարբերակ է գործել ամերիկյան մշակույթում: Երկու բնորոշումներն էլ, ինչպես աշխարհիկ կյանքի շատ այլ երևույթներ, բխում են կրոնական հիմքերից, թեև վերաբերում են կրոնական կյանքի փոքր ինչ այլ ոլորտների: Այս բնորոշումները, թեկուզև մեր մտքերին ուղենիշ դարձնելու նպատակով, եկեք անվանենք կոմունիկացիայի փոխանցողական և ծիսական մոտեցումներ: Կոմունիկացիայի փոխանցողական տեսակետը մեր մշակույթում, թերևս նաև բոլոր արդյունաբերական մշակույթներում, ամենից ավելի տարածվածն է և ժամանակակից բոլոր բառարաններում էլ այդ եզրով է հանդես գալիս: Բնորոշվում է այնպիսի տերմիններով, ինչպիսիք են` «հաղորդել», «ուղարկել», «փոխանցել» կամ «ինֆորմացիա տալ ուրիշներին» և բխում է աշխարհագրության կամ ճամփորդության պատկերացումներից: Տասնիններորդ դարում, այսօր գուցեև ավելի քիչ, մարդկանց, ապրանքների, ինչպես և ինֆորմացիայի փոխադրումը գրեթե նույն կերպ էր ընկալվում, և երկուսն էլ բնորոշվում էին համընդհանուր «կոմունիկացիա» (փոխադրություն) բառով: Կոմունիկացիայի այս գաղափարի հիմքում ընկած է ազդանշանների կամ հաղորդագրությունների փոխանցումը տարածության մեջ` վերահսկողության նպատակով: Սա կոմունիկացիայի այնպիսի ըմբռնում է, որ բխում է մարդու հնագույն երազանքից` զորացնել տարածության միջով անցնող հաղորդագրութան  արագությունն ու ազդեցությունը: Առաջին դինաստիայի ներքո Վերին և Ներքին Եգիպտոսի միավորումից մինչև հեռագրի գյուտը տեղափոխությունն ու կոմունիկացիան անքակտելի են եղել: Թեև հնարավոր էր կենտրոնացված եղանակով հաղորդագրությունների արտադրությունն ու վերահսկումը հրատարակչական մենիշխանության կամ մամուլի արագ վերարտադրության միջոցով, սակայն սուրհանդակի տարած կամ գրքի կազմի մեջ ամփոփված միտքը նպատակին ծառայեցնելու համար դեռ անհրաժեշտ էր տարածել այն արագ փոխադրության միջոցով: Հեռագրի գյուտը խարխլեց այդ միասնությունը, բայց չոչնչացրեց այլաբերությունը: Մարդկային մտածողության ամենախոր ծալքերում կոմունիկացիայի հանդեպ մեր հիմնական կողմնորոշումը դեռ խարսխված է փոխանցման գաղափարի վրա. այսինքն` կոմունիկացիան մի պրոցես է, որով խոսքը հաղորդվում է և տարածվում տարածության մեջ` հեռավորությանն ու մարդկանց վերահսկելու նպատակով2:

Ասացի, որ այս հայեցակետը բխում է կրոնից, թեև վերն ասվածը, կարծես, ավելի շուտ վերաբերում էր քաղաքականությանը, տնտեսությանն ու տեխնոլոգիային: Այնուամենայնիվ, կոմունիկացիայի փոխանցողական հայեցակետը, առնվազն մեր մշակույթում, էապես կրոնական մոտեցումների վրա է խարսխված: Ես կարող եմ դա ցուցադրել ոչ ուղղագիծ, այնու- հանդերձ մանրամասներում ոչ նույնական ճանապարհով: Ըստ Օքսֆորդի անգլերենի բառարանի` կոմունիկացիայի փոխանցողական հայեցակետն իր ժամանակակից տեսքով ծագել է հետազոտությունների և հայտնագործությունների դարաշրջանում: Մեզ չափազանց հաճախ են հիշեցնում, որ տարածության մեջ այս ահռելի շարժումների մոտիվները քաղաքական ու շահադիտական են եղել: Այդ դրդապատճառների առկայությունն, անշուշտ, չի կարելի ժխտել, սակայն դրանց կարևորությունը չպետք է գերագնահատել` անտեսելով նույնքան կարևոր այն փաստը, որ մասնավորապես Հարավային Աֆրիկայում Դանիական Ռեֆորմիստական Եկեղեցու կամ Նոր Անգլիայի պուրիտանների վկայությամբ` տարածության մեջ այդ տեղաշարժերի գլխավոր դրդապատճառը կրոնական է եղել: Եվրոպայի սահմաններից ազատվելու, նոր կյանք ստեղծելու, նոր համայնքների հանդիպելու, Մասաչուսեթսի անտառներից նոր Երուսաղեմ կառուցելու միտումներն են եղել գրեթե աշխարհասփյուռ Եվրո- պական սպիտակամորթ քաղաքակրթության տեղաշարժերի հիմնական դրդապատճառները: Հսկայական (և առաջին անգամ ժողովրդավարական) այդ միգրացիան տարածության մեջ առաջին հերթին փորձ էր` հին աշխարհը փոխարինելու նորով, և ներկայացնում էր այն անսպառ հավատքը, թե տարածության մեջ շարժումը կարող է ինքնին արդեն հատուց- ման գործողություն լինել: Հավատք, որից ամերիկացիները այդպես էլ չկարողացան ձերբազատվել: Տեղափոխությունը (Transportation), հատկապես, երբ դրա հետևանքով Եվրոպայի քրիստոնյա հասարակությունը շփման մեջ մտավ Ամերիկյան մայրցամաքի հեթանոս բնիկների հետ, դիտվում էր իբրև կրոնական խոշոր նշանակության հաղորդակցություն: Տարածության մեջ այս տեղաշարժը փորձ էր` հաստատելու և ամրապնդելու Աստծո արքայությունը, ստեղծելու այնպիսի պայմաններ, երբ իշխում է Աստծո գաղափարը, հիմնադրելու երկնային և այդուհանդերձ հողեղեն մի քաղաք:

Կարդալ նաև

Մշակութաբանություն Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը (մաս 2) Գրիգոր Բրուտեան Գ. Հայոց Փոքր թուական: Ինչպէս արդէն նշուեց, Հայոց Մեծ թուականը կիրառւում է զուգահեռաբար երկու ձեւերով. ըստ աւանդական ձեւի (Աթանասի սահմանածի) եւ ըստ Անանիայի բարեփոխութեան: Աւանդական ձեւով կիրառութիւնը արդէն Հայոց ՆԾԲ (452) թուին յառաջ է… Մշակութաբանություն Ազատություն տալ աշխարհին Արա Գուրզադյան Տրոհվող մի բնակչություն իր առօրյա անդունդի առաձգական հատակին, որ պիտի մխիթարվի պապանձված ըմբռնումի իր առաքինությամբ այդ առաձգականության գործակցի ամենօրյա չափումներով: Մեր պատմությունը կարծես սպառել է իր էթնիկական պատկանելիության պաշարները: Մենք… Մշակութաբանություն Երկխոսություն Արա Գուրզադյան -Սերգեյ Խաչիկօղլյան Արա Գուրզադյան. – «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը հետխորհրդային շրջանի նշանակալից մշակութային նախաձեռնություններից է հայ իրականության մեջ: Կարծում եմ, որ աննախադեպ աշխատանք է տարվել և տարվում է այսօր, պետական և հասարակական…