Ռուբիկոն

Մշակութային մոտեցում կոմունիկացիային

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Հասարակական բուռն հետաքրքրությունը կոմունիկացիայի հանդեպ բխում է կոմունիկացիայի և հանրության մեր մոդել- ների խարխլումից: Այդ խարխլումն իր հերթին ծագում է հաղորդակցության փոխանցողական հայեցակետին չափազանց մեծ տուրք տալուց և նրանից, որ կոմունիկացիան ներկայացվում է իբրև մի երկրորդական բան` իշխանության և տագնապի լրացուցիչ մոդելների տեսքով: Արդյունքում, երբ մտածում ենք հասարակության մասին, մեր ավանդույթները ստիպում են մեզ գրեթե միշտ դիտել այն իբրև իշխանության, վարչարարության, որոշումների և վերահսկողության մի ցանց իբրև քաղաքական համակարգ: Մյուս կողմից` մենք հասարակությունը տեսնում ենք նաև հիմնականում որպես սեփականության, արտադրության և առևտրական հարաբերությունների ձևով. տնտեսական համակարգ: Սոցիալական կյանքը, սակայն, ավելին է, քան իշխանությունն ու առևտուրը (նաև շատ ավելին է, քան թերապիան): Ինչպես պնդում է Ուիլիամսը` այն ներառում է նաև էսթետիկական փորձի, կրոնական գաղափարների, անձնական արժեքների և հույզերի, ինչպես նաև ինտելեկտուալ պատկերացումների փոխանակում. ծիսական համակարգ:

Կոմունիկացիայի առկա մեր մոդելները ավելի շուտ նպաստում են ժամանակակից մշակութային քաոսին, քան դրա վերլուծմանը: Եվ մենք փաստորեն խիստ թանկ ենք վճարում էական հաղորդակցական պրոցեսները երկար ժամանակ միայն քաղաքական, առևտրական և թերապևտիկ նպատակների ծառայեցրած լինելու համար: Բերեմ երեք օրինակ. քանի որ կոմունիկացիոն տեխնոլոգիայի յուրաքանչյուր նոր ձեռքբերմանը վերաբերվել ենք իբրև քաղաքական և տնտեսական նոր հնարավորության, ապա այն գրեթե բացառապես ծառայեցրել ենք կառավարման և առևտրի հարցերին: Հազվադեպ է եղել, երբ այդ առաջադիմությունը դիտվել է որպես միջոց` նպաստելու մարդկանց կրթության և գաղափարների ու փորձի փոխանակման հնարավորությանը: Քանի որ կրթությունը հիմնականում դիտվել է իր քաղաքական ու տնտեսական պոտենցիալի տեսանկյունից, մենք այն վեր ենք ածել քաղաքացիության, պրոֆեսիոնալիզմի և սպառողականության, և առավել մեծ չափով` թերապիայի: Քանի որ մեր քաղաքները դիտել ենք որպես քաղաքականության և տնտեսության պատվարներ, դրանցում իսկապես բույն է դրել տեխնոլոգիան ու բյուրոկրատիան: Մեր փողոցները հարմարեցված են ավտոմեքենաներին, մայթերը` առևտուրը հեշտացնելու, մեր երկիրն ու տները` տնտեսությանն ու անշարժ գույքի սպեկուլյանտին բավարարելու նպատակներին:

Եվ այսպես` կոմունիկացիայի ուսումնասիրությունը ծիսական մոդելով վերաձևավորելու մեր նպատակը ոչ միայն այդ «հրաշալի» պրոցեսի էության ավելի խոր ըմբռնումն է, այլև մեր համընդհանուր մշակույթը վերաձևավորելու համար կենսատու նոր արժեքների որոնումը կոմունիկացիայի և դրան փոխարինող մոդելների ստեղծման ճանապարհով:

Ծանոթագրություններ

  1. Այս հարցերի մանրամասն քննարկման համար տե՛ս գլուխ 4:
  2. Այս տեսակետի հետաքրքրական մեկնաբանության համար տե՛ս Լուիս Մամֆորդ (1967):
  3. Այստեղ ներկայացված նկարագրության միակ զուգահեռը նորությունների առումով Ուիլիամ Ստիֆենսոնի «Զանգվածային հաղորդակցության խաղային տեսություն» աշխատությունն է (1967): Թեև Ստիֆենսոնի մոտեցումը շատ թերություններ ունի, մանավանդ որ նա խորամուխ է լինում հիմնա- կանում ոչ էական մեթոդոլոգիական խնդիրներում, այնուհանդերձ դա կոմունիկացիոն նոր հայեցակետ մշակելու անկեղծ փորձ է:
  4. Հակասական այս տեսակետները կոմունիկացիայի վերաբերյալ, ըստ իս, ծագում են նաև լեզվի, մտածողության ու սիմվոլիզմի բնույթի մասին հակասական պատկերացումներ- ից: Կոմունիկացիայի փոխանցողական հայեցակետով լեզուն շեշտվում է իբրև պրակտիկ գործողության և դիսկուրսիվ փաստարկման միջոց, մտածողությունը` որպես զուտ կոն- ցեպտուալ և անհատական կամ ռեֆլեկտիվ, իսկ սիմվոլիզմը` որպես հիմնականում վերլուծական միջոց: Այնինչ, կոմունիկացիայի ծիսական մոտեցումը լեզուն դիտում է իբրև դրամատիկ գործողության միջոց, մտածողությունն` իբրև էապես կացութային ու սոցիալական, իսկ սիմվոլիզմը` որպես հիմնականում երաշխիքային:
  5. Սա չի նշանակում, թե իրական աշխարհը հենց լեզվով է կազմավորվում, ինչպես հաճախ պնդում է Էռնստ Կասսիրերը: Ես ուզում եմ ասել, որ աշխարհը հասկանալի է մարդկանց միմիայն լեզվի կամ մեկ այլ սիմվոլիկ ձևի միջոցով:
  6. Այս ձևակերպումը, ինչպես նաև այս աշխատության շատ այլ ասպեկտներ Էապես պայմանավորված են Քլիֆորդ Գեերթսի ազդեցությամբ (տե՛ս Գեերթս, 1973):
  7. Մենք, իհարկե, ստեղծում ենք ոչ միայն ընդամենը մեկ աշխարհ. մենք ստեղծում ենք այնքան, որքան կարող ենք, և բնակվում դրանց դյուրին կամ ցավագին անցումների մեջ: Սա է այն պրոբլեմը, որ Ալֆրեդ Շութցը (1967) վերլուծել է իբրև «բազմակի իրականությունների» ֆենոմեն: Այստեղ անհնար է անդրադառնալ դրան, սակայն հարկ եմ համարում ընդգծել, որ ստեղծվող իրականության բազմակի բնույթի մասին նման մոտեցումն անհրաժեշտ է կողմնորոշվելու համար կոմունիկատիվ «էֆեկտների» բավական տխուր ոլորտում:
  8. Օրինակն ու լեզուն պատահաբար չեն ընտրված: Թոմաս Քահնի «Գիտական հեղաշրջումների կառուցվածքը» (1962) կարելի է դիտել իբրև նկարագրություն այն բանի, թե գիտական աշխարհն ինչպես է ստեղծվում (պարադիգմերի ստեղծում), պահպանվում (պարադիգմերի արտաբերություն, նոր սերնդի գիտնականների ուսուցանում օրինակների միջոցով), վերականգնվում (թողնելով անոմալ երևույթները, բացառելով հակասող դրույթները, ավելի խստորեն պարտադրելով բնության ամփոփումը կոնցեպտուալ շրջանակների մեջ) և փոխակերպվում (հեղափոխությունների հետևանքով և դրանց հաստատմամբ դասագրքերում ու գիտական հանրության շրջանակներում):
  9. Տե՛ս Դյուի (1927). միտքն անավարտ չթողնելու նպատակով թույլ տվեք ընդգծել այն` տեքստից դուրս մեջ բերելով Թոմաս Քահնից մի տող հանրության և մոդելի կառուցման միջև հարաբերության մասին: «Ընտրությունը… մրցակից պարադիգմերի` միջև ընտրություն է հանրային կյանքի անհամատեղելի ձևերի միջև» (1962, 92):

Անգլերենից թարգմանությունը` Անի Կլչյանի

James W. Carey ՙCommunication As Culture՚, Routledge

Կարդալ նաև

Մշակութաբանություն Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը (մաս 2) Գրիգոր Բրուտեան Գ. Հայոց Փոքր թուական: Ինչպէս արդէն նշուեց, Հայոց Մեծ թուականը կիրառւում է զուգահեռաբար երկու ձեւերով. ըստ աւանդական ձեւի (Աթանասի սահմանածի) եւ ըստ Անանիայի բարեփոխութեան: Աւանդական ձեւով կիրառութիւնը արդէն Հայոց ՆԾԲ (452) թուին յառաջ է… Մշակութաբանություն Ազատություն տալ աշխարհին Արա Գուրզադյան Տրոհվող մի բնակչություն իր առօրյա անդունդի առաձգական հատակին, որ պիտի մխիթարվի պապանձված ըմբռնումի իր առաքինությամբ այդ առաձգականության գործակցի ամենօրյա չափումներով: Մեր պատմությունը կարծես սպառել է իր էթնիկական պատկանելիության պաշարները: Մենք… Մշակութաբանություն Երկխոսություն Արա Գուրզադյան -Սերգեյ Խաչիկօղլյան Արա Գուրզադյան. – «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը հետխորհրդային շրջանի նշանակալից մշակութային նախաձեռնություններից է հայ իրականության մեջ: Կարծում եմ, որ աննախադեպ աշխատանք է տարվել և տարվում է այսօր, պետական և հասարակական…