Ռուբիկոն

Մշակութային մոտեցում կոմունիկացիային

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Փոխադրության բարոյական նշանակությունն, ուրեմն, Աստծո թագավորության հաստատումն ու ընդլայնումն էր երկրի վրա: Նույնն էր և հաղորդակցության բարոյական նշանակությունը: Տասնիններորդ դարի կեսերին հեռագիրը խախտեց հաղորդակցության ու տեղափոխության նույնականությունը, սակայն ստիպեց նաև ժամանակի քարոզիչներից մեկին` Գարդներ Սփրինգին բացականչել, թե մենք գտնվում ենք «հոգևոր հունձքի նախաշեմին, քանի որ միտքն այժմ ճամփորդում է շոգու և մագնիսական լարերի միջոցով» (Միլլեր, 1965, 48): Նույն կերպ` 1848-ին ՙՋեյմս Լ. Բաչելդերը կարող էր հայտարարել, թե Ամենազորն ինքն է հնարել երկաթուղին` միսիոներական նպատակների համար, իսկ Սեմյուել Մորզեն հեռագրային իր առաջին հաղորդագրությամբ կանխատեսել էր, թե գյուտը նախատեսված էր ոչ թե հաղորդելու, թե խոզի միսն ինչ արժե, այլ հարցնելու, թե «Ո՞րն է Բանն Աստծո» (Միլլեր, 1965, 52): Նոր այս տեխնոլոգիան ամերիկյան գաղափարախոսություն մուտք գործեց ոչ թե իբրև առտնին երևույթ, այլ իբրև աստվածային ներշնչանք` Քրիստոնեությունն ավելի մեծ արագությամբ ու ավելի հեռուն տարածելու նպատակով, հաղթահարելով ժամանակն ու տարածութունը, փրկելով հեթանոս ազգերին և մոտեցնելով ու ավելի հավանական դարձնելով փրկության օրը: Դարաշրջանին զուգընթաց, մինչ կրոնական միտքն ավելի ու ավելի էր մերձենում կիրառական գիտությանը, կոմունիկացիոն նոր տեխնոլոգիան սկսեց դիտվել իբրև տարածքների և բնակչության վրա իշխելու կատարյալ գործիք: Այս հարցերի մեր ամենանշանավոր մասնագետ Փերրի Միլլերն ասել է.

(Բողոքական աղանդների մեջ) դիտվող միասնականությունը, որ կարող է առաջին հայացքից խիստ անհավանական թվալ, ձևավորվել է հեռագրի և մամուլի միջոցով:

Դրանց միջոցով հաղորդվել ու հրատարակվել է «Քրիստոնեական կարեկցանքի հրճվանքը, ամեն քաղաքում միաժամանակ ժողովված բազմությունների ծով ու հորդաբուխ ներշնչմամբ, ի հետևանս որի ողջ ազգը միավորվեց աղոթքի միասնական հանգերգով»: Եվ ոչ էլ պա- տահական է այն, որ շարժումն այդ համընկավ Ատլանտյան հեռագրագծի անցկացման հետ, քանզի երկուսն էլ ավետաբերն էին նրա, «Ով մեզ առաջնորդում է հոգևոր գերագույն հաղթության…»: 1858 թվականի զարթոնքով առաջին անգամ ամերիկյան երևակայության մեջ կենսականորեն իրագործելի դարձավ նման քրիստոնեացված տեխնոլոգիայի ծրագիրը (Միլլեր, 1965, 91):

Շուտով, գիտության և աշխարհիկ կենսակերպի ամրապընդմանը զուգընթաց, բացահայտ կրոնական այլաբանությունները մի կողմ դրվեցին, և գիտական միտքը կենտրոնացավ հաղորդակցության տեխնոլոգիայի վրա: Դեռ ավելին` հաղորդակցության առավելությունը ֆիզիկական տեղափոխության նկատմամբ վավերացվեց տասնիններորդ դարի մի մեկնաբանի այն արտահայտությամբ, որ հեռագիրը կարևոր է, որովհետև ոչ միայն «նյութի պարզ փոխակերպում է ենթադրում, այլև մտքի փոխանցում»: Այժմ արդեն կոմունիկացիան դիտվում էր իբրև պրոցես, իբրև տեխնոլոգիա, որի միջոցով գիտելիքները, գաղափարներն ու ինֆորմացիան տարածքներ ու ժողովուրդներ վերահսկելու նպատակով (երբեմն նաև կրոնական նկատառումներով) ավելի արագ ու ավելի հեռուն են հաղորդվում, փոխանցվում ու տարածվում:

Անշուշտ, կային և դրա հակառակորդները. ես արդեն հիշա- տակեցի հեռագրի վերաբերյալ Թորոյի հիասթափությունը: Ավելի ևս հոռետեսորեն է տրամադրված Ջոն Ս. Քալհաունը, ըստ որի` «էլեկտրականության ծառայեցումը մարդու մեխանիկական կարիքներին… մարդկային քաղաքակրթության վերջին դարաշրջանն է»: Սակայն աղանդավորները քիչ էին, և այդ ժամանակաշրջանից ի վեր հաղորդակցության նկատմամբ փոխադրական հայեցակետը, գուցեև ավելի աշխարհիկ ու գիտական ձևերով, տիրապետող է եղել մեր մտածողության ու մշակույթի մեջ: Դեռ ավելին` ներկայումս ընդունված մեկնաբանություններից, նույնիսկ հաղորդակցության նոր միջոցների մասին տեխնիկական քննարկումներից դատելով` պատմա-կրոնական ենթատեքստը երբեք էլ չի անհետացել մեր մտածողությունից: Հեռագրից մինչև համակարգիչը` ցանկացած գործիքի մասին խոսելիս միշտ էլ ընդգծվում են դրանց ընձեռած նույն այդ բարոյական առա- ջադիմության անսպառ հնարավորությունները: Էլ չխոսենք, այն մասին, թե ինչ համառությամբ է ուսուցիչների, քարոզիչ- ների ու լրագրողների բանակը վկայակոչում կոմունիկացիոն առաջադիմությունն իբրև բոլորիս ամեն տեսակ հոգսերի լուծման բանալի: Զարմանալի կերպով նույն այդ սաղմնային մոտեցումներն են գործում նաև հաղորդակցության մասին մեր գիտական, անգամ ամենախորախորհուրդ պատկերացումներում (որ այստեղ կարող եմ ոչ այնքան ներկայացնել, որքան հաստատել):

Կոմունիկացիայի ծիսական մոտեցումը, թեև մեր ազգային մտածողության փոքրիկ պատառիկն է միայն, սակայն առավել հնագույնն է այդ մոտեցումներից, այնքան հին, որ բառարան- ներում բնորոշվում է որպես «արխաիկ»: Ծիսական բնորոշմամբ կոմունիկացիան առնչվում է այնպիսի հասկացությունների, ինչպիսիք են հետևյալները` «բաժանել, կիսել», «մասնակցություն», «ասոցիացիա», «անդամակցություն» և «պատկանելություն նույն հավատին»: Այս բնորոշման մեջ օգտագործվում են «համընդհանրություն», «հաղորդություն», «հանրություն» և «հաղորդակցություն» հասկացությունների հնագույն նույնականությունն ու արմատների ընդհանրությունը: Հաղորդակցության ծիսական մոտեցումն ուղղված է ոչ թե լուրերի սփռմանը տարածության մեջ, այլ հասարակության պահպանմանը ժամանակի մեջ, ոչ թե հաղորդվող տեղեկատվությանը, այլ ընդհանուր համոզմունքների արտահայտմանը:

Եթե ըստ փոխանցման հայեցակետի կոմունիկացիայի նախատիպը խոսքի աշխարհագրական տարածումն է` վերահսկման նպատակով, ապա ծիսական հայեցակետով դրա նախատիպն է սրբազան այն արարողությունը, որ մարդկանց համախմբում է ընկերակցության և կորպորացիայի մեջ: Կոմունիկացիայի ծիսական մոտեցման առնչությունը կրոնին ակնհայտ է այն անվան մեջ, որով խորհրդանշվում է: Դեռ ավելին` այն ծագում է կրոնի մասին այնպիսի պատկերացումից, ըստ որի ոչ այնքան քարոզն ու խրատն է կարևոր, որքան աղոթքը, օրհներգն ու արարողությունը: Սրա համաձայն` կոմունիկացիայի իսկական և գերագույն արտահայտությունը ոչ թե խելամիտ ինֆորմացիայի փոխանցումն է, այլ կարգավորված, իմաստալից մշակութային աշխարհի կառուցումն ու պահպանումը, որ կարող է վերահսկողի և կոնտեյների դեր կատարել մարդկային գործողությունների համար:

Այս մոտեցումը նույնպես զրկվել է ակնհայտորեն կրոնական արմատներից, սակայն երբեք չի կորցրել իր փոխաբերական իմաստը: Այս ավանդույթի հետևորդները իրենց հաճախ համարում են մասամբ` Դյուրքհայմի «Կրոնական կյանքի տարրական ձևեր»-ի ջատագով, մասամբ էլ` այն փաստարկի, թե «հասարակությունը մեր զգայարաններին մատչելի աշխարհը փոխարինում է մեկ այլ աշխարհով, որ հանրության իդեալների արտացոլումն է» (1953, 95): Հանրության իդեալների այս արտացոլումն ու մարմնավորումը շոշափելի ձևերի` պարերի, խաղերի, ճարտարապետության, հոդվածների, խոսքի ընթացքի մեջ, ստեղծում է արհեստական, սակայն ոչ պակաս իրական սիմվոլիկ մի ծիսակարգ, որը գործում է ոչ թե հաղորդելու, այլ հաստատելու նպատակով, ոչ թե մոտեցումներն ու տեսակետները փոխելու, այլ ներկայացնելու իրերի ներքին կարգը, ոչ թե ինչ-որ ֆունկցիա իրականացնելու, այլ արտացոլելու անորսալի ու հարատև սոցիալական պրոցեսները:

Կարդալ նաև

Մշակութաբանություն Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը (մաս 2) Գրիգոր Բրուտեան Գ. Հայոց Փոքր թուական: Ինչպէս արդէն նշուեց, Հայոց Մեծ թուականը կիրառւում է զուգահեռաբար երկու ձեւերով. ըստ աւանդական ձեւի (Աթանասի սահմանածի) եւ ըստ Անանիայի բարեփոխութեան: Աւանդական ձեւով կիրառութիւնը արդէն Հայոց ՆԾԲ (452) թուին յառաջ է… Մշակութաբանություն Ազատություն տալ աշխարհին Արա Գուրզադյան Տրոհվող մի բնակչություն իր առօրյա անդունդի առաձգական հատակին, որ պիտի մխիթարվի պապանձված ըմբռնումի իր առաքինությամբ այդ առաձգականության գործակցի ամենօրյա չափումներով: Մեր պատմությունը կարծես սպառել է իր էթնիկական պատկանելիության պաշարները: Մենք… Մշակութաբանություն Երկխոսություն Արա Գուրզադյան -Սերգեյ Խաչիկօղլյան Արա Գուրզադյան. – «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը հետխորհրդային շրջանի նշանակալից մշակութային նախաձեռնություններից է հայ իրականության մեջ: Կարծում եմ, որ աննախադեպ աշխատանք է տարվել և տարվում է այսօր, պետական և հասարակական…