Մշակութային մոտեցում կոմունիկացիային
Կոմունիկացիայի այս հակադիր տեսակետներից և ոչ մեկը անհրաժեշտաբար չի ժխտում մյուսի հաստատածը: Ծիսական մոտեցումը չի բացառում ինֆորմացիայի փոխանցման կամ կեցվածքի փոփոխության պրոցեսները: Այն միայն պնդում է, որ հնարավոր չէ այդ պրոցեսները ճիշտ հասկանալ` առանց դրանք դիտարկելու կոմունիկացիայի ու հասարակական կարգի էապես ծիսական տեսանկյունից: Նմանապես` փոխանցման տեսակետին անմնացորդ նվիրված հեղինակներն անգամ ստիպված են լինում ծիսական հաղորդակցության որոշակի գաղափար մտցնել, որպիսին է ասենք Մալինովսկու` ծիսական գործողությունների դերը հասարարակական կյանքում բնորոշելու թույլ և ուշացած փորձը: Այնուամենայնիվ, ինտելեկտուալ հարցերում ելակետն է որոշում արդյունքը, և այն ջրբաժանը, որտեղից սկսվում է կոմունիկացիայի հարցի ուսումնասիրությունը, լայնորեն կանխորոշում է այն ուղին, որով ընթանալու է բուն վերլուծությունը:
Դյուիի աշխատության ուժը գալիս է կոմունիկացիայի այս երկու հակադիր հասկացությունների հետազոտումից: Կոմունիկացիան «ամենահրաշալի բանն է», որովհետև այն մարդկային ընկերակցության հիմքն է. այն ստեղծում է սոցիալական աղերսներ` շինծու կամ ոչ, որոնք կապում են մարդկանց իրարու և որոնց շնորհիվ հնարավոր է դառնում համակեցու- թյունը: Հասարակությունը որպես այդպիսին հնարավոր է դառնում օրգանական համակարգով շրջանառող բաշխված տեղեկատվության կապող ուժերի շնորհիվ: Հետևյալ մեջբերումը բացահայտում է այդ լարվածությունն ու կոմունիկացիայի ծիսական տեսակետի հանդեպ Դյուիի վերջնական կողմնորոշումը.
Համընդհանուր, համայնք և հաղորդակցություն բառերը լոկ «բառացի» առնչությամբ չէ, որ կապված են: Մարդիկ համայնքների մեջ ապրում են հանուն այն ամենի, ինչ համընդհանուր է, իսկ հաղորդակցությունը այն ձևն է, որով կարելի է հասնել այդ համընդհանուրին: Այն, ինչ համայնքը պետք է համատեղ ունենա… համընդհանուր նպատակներն են, համոզմունքները, ձգտումները, գիտելիքները` փոխըմբռնումը, ինչպես սոցիոլոգներն են ասում` համամտությունը: Նման բաները չեն կարող ֆիզիկապես փոխանցվել մեկից մյուսին` ինչպես աղյուսի սալիկները: Դրանք հնարավոր չէ բաժանել, ինչպես տորթն են բաժանում կտորների… Փոխհամաձայնությունը հաղորդակցություն է պահանջում (Դյուի, 1916, 5-6):
Դյուին, մնացած բոլորիս նման հաճախ հավատարիմ չի եղել իր իսկ մտքերին: Ապագայի մասին իր ակնկալիքները հաճախ ստվերել են նրա վերլուծության թափը: Դե իհարկե, «ցանկությունը գործի կեսն է»: Նա ի վերջո սկսել է չափազանց մեծ տեղ հատկացնել գիտական ինֆորմացիային ու հաղորդակցական տեխնոլոգիային` դիտելով դրանք իբրև սոցիալական պրոբլեմների բանալի և հասարակական կապերի աղբյուր: Այսուհանդերձ, այդ երկու տեսակետների միջև հակասությունը դեռևս կարող է կոմունիկացիայի հարցում պարզաբանել բազմաթիվ խնդիրներ, քանզի սրանք ոչ միայն պարզապես կոմունիկացիայի տարբեր հայեցակետեր են, այլև որոշակի պատմական դարաշրջանների, տեխնոլոգիաների ու հասարակարգերի արգասիք4:
Կոմունիկացիայի փոխանցողական հայեցակետը ամերիկյան փիլիսոփայության մեջ իշխել է 1920-ական թվականներից: Երբ ես առաջին անգամ մուտք գործեցի այս ասպարեզ, զգացի, որ վարքային ու ֆունկցիոնալ տերմիններով բնորոշվող այս մոտեցումը սպառել է իրեն: Այն ակադեմիա- կան է դարձել, վեր է ածվել անցյալի նվաճումների կրկնո- ղության, անառարկելի դրույթների ցուցադրության: Չնայած լուրջ ձեռքբերումներին` այն այլևս չէր կարող զարգանալ առանց ինտելեկտուալ ու սոցիալական աղետալի հետևանքների: Ինձ թվում էր, որ անհրաժեշտ է վերսկսել վերլուծությունը` այն թարմացնելով Դյուիի աշխատության մեջ նկատվող ավյունով, և ամենագլխավորը` որոնումներ պետք է սկսել այլ բնագավառներում` կենսաբանության, աստվածաբանության, մարդաբանության և գրականության մեջ` ստանալու համար ինտելեկտուալ այն նյութը, որով կարող ենք խուսափել մոնոտոն աշխատանքի փակուղուց:
II
Սակայն որտեղի՞ց, թեկուզ նախնականորեն, գտնել այն աղբյուրները, որոնցով կարելի է թարմ հայեցակետ ձեռք բերել կոմունիկացիայի նկատմամբ: Համենայն դեպս ինձ համար այդ աղբյուրները գտնվել են ինչպես վերադառնալով Վեբերի, Դյուրքհայմի, դը Թոքվիլի և Հեյզինգայի աշխատություններին, այնպես էլ օգտվելով ժամանակակիցներից` Քենեթ Բըրքից, Հյու Դանքընից, Ադոլֆ Փորթմանից, Թոմաս Քանից, Փիթեր Բերգերից և Քլիֆորդ Գեերթսից: Այնուամենայնիվ, կոմունիկացիայի մասին ամենաառողջ, թեև անբավարար սոցիալական մտքի տրադիցիան, հիմնականում սերում է Չիկագոյի դպրոցից` Դյուիի գործընկերներից ու հետևորդ- ներից, սկսած Միդից և Քուլիից` Ռոբերտ Փարքով մինչև Իրվինգ Գոֆման:
Նման աղբյուրներից կարելի է կոմունիկացիայի մասին ապշեցուցիչ պարզության, միաժամանակ որոշակի ինտելեկտուալ հզորության ու ընդգրկումի բնորոշումներ գտնել. կոմունիկացիան խորհրդանշական պրոցես է, որով իրականությունը ստեղծվում, պահպանվում, նորոգվում ու վերափոխվում է: Այժմ թույլ տվեք քակել այդ երկար նախադասության առաջին մասը, որում շեշտվում է իրականության սիմվոլիկ ստեղծագործումը:
Կոմունիկացիայի մասին խոսելիս ծագող ամենամեծ պրոբլեմն այն է, որ այդ գոյականը խորհրդանշում է մեր ամենասովորական առտնին մարդկային գործունեությունը: Ինչ-որ առումով Մարշալ ՄըքԼահանն իրավացի է` պնդելով, թե միակ բանը, որից ձուկն անտեղյակ է, ջուրն է. հենց այն միջավայրը, որը ստեղծում է ձկան շրջակայքն ու ապահովում նրա գոյությունը: Նմանապես և կոմունիկացիան լեզվի և սիմվոլիկ այլ ձևերի միջոցով կազմում է մարդկային գոյության բնական միջավայրը: Այն գործողությունները, որ միասնաբար կոմունիկացիա ենք անվանում` խոսակցությունները, հրահանգներ տալը, գիտելիքներ հաղորդելը, կարևոր գաղափարներ փո- խանակելը, տեղեկություններ փնտրելը, զվարճացնելն ու զվարճանալը, այնքան սովորական ու առօրյա բաներ են, որ հազվադեպ են գրավում մեր ուշադրությունը: Դեռ ավելին, երբ մտովի խորանում ենք այս պրոցեսի մեջ, հաճախ կենտրոնանում ենք սովորականի և ոչ պրոբլեմայինի վրա. այնքան որ վարժված ենք կոմունիկացիայի առեղծվածային ու պատկառելի կողմերին:
Մի իմաստուն մարդ ասել է, թե արվեստի նպատակը «երևույթը արտառոց դարձնելն է»: Իրերն այնքան սովորական են դառնում, որ մենք այլևս դադարում ենք դրանք ընկալել: Այնինչ, արվեստը կարող է վերցնել ծովի խշշոցը, ձայնի ելևէջը, հյուսվածքի գործվածքը, դեմքի կառուցվածքը, բնապատկերի վրա ընկնող լույսի խաղը և սովորական այս երևույթները, կտրելով իրենց գոյության ֆոնից, մղել խորհրդածության դաշտը: Երբ Սքոթ Ֆիցջերալդը Դեյզի Բյուքենանին նկարագրելով ասում է, թե «նրա ձայնը լի էր դրամով», նա մեզ ստիպում է նորից լսել, եթե պատրաստ ենք, այդ սովորական բանը` ձայնը, և մտածել, թե ինչ է այն կանխատեսում: Այն գրավում է մեր ըմբռնողականությունն ու կենտրոնացնում կերպարի առեղծվածին` բացահայտված ձայնի մեջ: Նմանապես և հասարակական գիտությունները, սոցիալա- կան կյանքից վերցնելով ամենաակնհայտ, սակայն անկարևոր փաստերը, կարող են մղել դրանք զարմանքի առաջ- նային պլան: Դրանք կարող են մեզ ստիպել մտորել հասարակական կյանքի առանձին այն հրաշքների մասին, որ հենց այդտեղ պարզ ու սովորական են դարձել մեր աչքին: Երբ Դյուին ասում էր, թե կոմունիկացիան աշխարհում ամենահրաշալի բանն է, նա անկասկած փորձում էր մեր մեջ զարմանքի ու երկյուղածության կարողություն արթնացնել շատ սովորական այս գործունեության նկատմամբ: Դյուին գիտեր, որ գիտելիքները առավել էֆեկտիվ են զարգանում այն պահին, երբ իրադրությունը պրոբլեմային է դառնում, երբ «տեղեկատվական ճեղքվածք» է առաջանում հանգամանքների հարկադրանքով անելու և այն բանի միջև, թե ինչ է պետք իմանալ ընդհանրապես գործելու համար: Ինֆորմացիոն այս ճեղքվածքը, պրոբլեմայինի այս զգացողությունը հաճախ կարող է առաջանալ միայն հանելով կյանքի առօրեական հանդերձանքը և մեր ողջախոհությունն ու գիտական ենթադրությունները դնելով հեգնանքի լույսի տակ, որից երևույթները արտասովոր են դառնում: