Մշակութային մոտեցում կոմունիկացիային
Կոմունիկացիայի մասին ծիսական հայեցակետը գերիշխող թեմա չի եղել ամերիկյան գիտական մտքում: Մեր մտածողությունն ու գործունեությունը կառչած են եղել կոմունիկացիայի փոխանցողական հայեցակետին, որովհետև այս տեսակետը ներհատուկ է ամերիկյան մշակույթի բուն արմատներին, այն աղբյուրներին, որոնք սնուցանում են մեր գիտական կյանքն ու մեր ընդհանուր հասարակական աշխարհըմբռնումը: Սա զավեշտական է: Կոմունիկացիայի ծիսական հայեցակետը մեզ մոտ չի ուսումնասիրված, որովհետև բուն մշակույթի հասկացությունն ինքը ամերիկյան հասարակական մտքում թույլ ու անորոշ է: Մենք հասկանում ենք, որ ուրիշ ժողովուրդներ էլ մարդաբանական առումով մշակույթ ունեն, և կանոնավոր կերպով արձանագրում ենք այդ փաստը, հաճախ` չարամտորեն և մեծամտությամբ: Սակայն երբ քննադատաբար ենք փորձում անդրադառնալ ամերիկյան մշակույթին, այդ հասկացությունը տարրալուծվում է մնացորդային մի կատեգորիայի, որն օգտակար է միայն այն ժամանակ, երբ հոգեբանության և հասարակագիտության տվյալները սպառված են: Մենք հասկանում ենք, որ հասարակության ընչազուրկ հատվածն աղքատության մշակույթով է ապրում, միջին խավի մշակույթ հասկացությունն իբրև էպիտետ ենք օգտագործում և երբեմն ողջունում ենք մեր առաջատար և գլխավորապես գիտական մշակույթը: Սակայն մշակույթի հասկացությունը տեղական առումով բոլորովին էլ զուտ ինտելեկտուալ դատողությունների նեղ ոլորտին չի վերաբերում: Ինտելեկտուալ այս հակակրանքը մշակույթ գաղափարի հանդեպ մասամբ բխում է մեր չափազանցված ինդիվիդուալիզմից, որ հոգեբանական կյանքը գերագույն արժեք է նկատում, մեր պուրիտանիզմից, որ նշանակություն չի տալիս մարդկային գործունեության մեջ այն ամենին, ինչ գործնական չէ և չի ուղղված աշխատանքին, ինչպես նաև նրանից, որ մեզանում մշակույթն ու գիտությունը տարանջատված են. գիտությունը ստեղծում է մի ճշմարտություն, որ զերծ է մշակույթից, այնինչ մշակույթը էթնոցենտրիկ սխալներ է ծնում: Հետևաբար, մշակույթի կենտրոնական դերը և կոմունիկացիայի ծիսական տեսակետը շեշտող գիտական մոտեցում որոնելիս ստիպված ենք գլխավորապես հենվել եվրոպական աղբյուրների վրա կամ այն ամերիկացիների, որոնք մեծ ազդեցություն են կրել եվրոպական մտքից: Արդյունքում թյուրըմբռնման հնարավորություններն ահռելի են: Այդ պատճառով էլ կոմունիկացիայի մասին փոխանցողական ու ծիսական հայեցակետի որոշ տարբերություններ, թերևս, հասկանալի կդառնան, եթե մի կարճ հայացք նետենք հասարակական կյանքում լրագրի դերի վերաբերյալ եղած տարբեր ըմբռնումներին:
Եթե քննում ենք թերթի դերը կոմունիկացիայի փոխանցողական հայեցակետից, ապա մամուլը ներկայանում է իբրև տեղեկությունների ու գիտելիքների տարածման, երբեմն` ժամանցի միջոց, որ հաղորդվում է ավելի ու ավելի մեծ քանակությամբ, ավելի ու ավելի մեծ հեռավորությունների վրա: Այս տեսակետից առաջանում են հարցադրումներ, ասենք` ինչպե՞ս է ներգործում թերթը ընթերցողի վրա. լուրերը լուսաբանո՞ւմ, թե՞ քողարկում են իրականությունը, փոփոխո՞ւմ թե՞ ամրագրում դիրքորոշումները, սերմանում վստահությո՞ւն թե՞ կասկած: Հարցեր են ծագում նաև լրատվության ու լրագրի ֆունկցիաների վերաբերյալ: Դրանք արդյոք նպաստու՞մ են հասարակության ինտեգրացիային, թե՞ խանգարում դրան: Օգնու՞մ են, թե՞ խանգարում անհատի կայուն ապրելակերպին: Նման մեխանիկական վերլուծությունները հաճախ զուգորդվում են «հաղորդման, փոխանցման» փաստարկներով: Կոմունիկացիայի ծիսական մոտեցումը թերթերի դերը քննարկելիս կենտրոնանում է այլ կարգի հարցերի վրա: Օրինակ, լրագրի ընթերցումը, ըստ դրա, ոչ այնքան ինֆորմացիա ստանալու կամ հաղորդելու համար է, որքան` զանգվածներին սպասարկելու, մի իրավիճակ, երբ ոչ մի նոր բան չես սովորում, այլ պարզապես աշխարհի մասին մի որոշակի պատկերացում է ներկայացվում ու հաստատվում: Նորություններ կարդալն ու գրելը ծիսական արարողություն է, և դեռ ավելին` դրամատիկ արարողություն: Ընթերցողի առջև դրվում է ոչ թե սոսկ ինֆորմացիա, այլ աշխարհում մրցակցող ուժերի պատկերը: Ավելին` կարդալուն զուգահեռ ընթերցողը ներգրավվում է դերերի կամ դրամատիկ իրադարձությունների կիզակետի անընդմեջ հերթափոխի մեջ: Դրամական ճգնաժամի մասին հոդվածը ողջունում է նրան վաղեմի թշնամիների` Գերմանիայի և Ճապոնիայի դեմ կռված ամերիկյան հայրենասերների պես: Կանանց քաղաքական կուսակցության ժողովին նվիրված հոդվածը նրան մասնակից է դարձնում ազատականացման շարժմանը` իբրև կողմնակից կամ հակառակորդ: Համալսարանի շրջակայքում կատարված բռնարարքի մասին պատմությունը գրգռում է նրա դասակարգային թշնամանքն ու զայրույթը: Այստեղ մոդելը ոչ թե ինֆորմացիա ձեռք բերելն է, թեև այն տեղի է ունենում, այլ դրամատիկ այն գործողությունը, որով ընթերցողը հաղորդակից է դառնում աշխարհի հակամարտող ուժերին` իբրև ներկայացման հանդիսատես: Մենք հանդիպում ենք հարցերի ոչ թե տեղեկատվության ազդեցության կամ ֆունկցիաների վերաբերյալ որպես այդպիսին, այլ ընթերցողի կյանքն ու ժամանակը կազմավորելիս դրա առկայության և ներգրավման դերի վերաբերյալ: Ինչպես կրոնական արարողությունների դեպ- քում, մենք տեսնում ենք, որ նորությունները ևս առանձնապես չեն փոխվում, այնուամենայնիվ, ներքուստ բավարար մնալով. չնայած սահմանափակ ֆունկցիաներին, նորությունների պահանջը երբեք չի նվազում: Թերթերը ոչ թե որոշակի ներգործության կամ նպատակի ծառայող միջոցներ են, այլ` աշխարհի հիմքերը ներկայացնող դրամատիկ բավականության, և ոչ թե հաճույքի, աղբյուրներ: Եվ հենց այս դերով էլ ընկալվում է լրագիրը` իբրև տեքստ. ճիշտ ինչպես պոլինեզյան աքլորակռիվը կամ Դիկենսի վեպը, Էլիզաբեթյան դարաշրջանի դրաման կամ ուսանողական ցույցը. դա իրականության մի ցուցադրումն է, որ կյանքին ամբողջական ձև, կարգ ու երանգ է հաղորդում:
Դեռ ավելին` լրատվությունը պատմական իրողություն է: Դա մշակույթի մի ձև է` ստեղծված որոշակի դասակարգի կողմից պատմության որոշակի շրջանում. տվյալ դեպքում` միջին խավի կողմից, հիմնականում` տասնութերորդ դարում: Ինչպես մշակույթի ցանկացած նոր ձև, լրատվությունն էլ միաժամանակ թե՛ կերտում, թե՛ արտացոլում է որոշակի «կենսական պահանջարկ», այն է` էպիկականից, հերոսականից ու ավանդականից ազատվելու ցանկությունը` ի նպաստ առանձնահատուկի, յուրօրինակի, այժմեականի, նորության: Այս «պահանջարկն» ինքնին ունի պատմություն, հիմնված միջին խավի փոփոխվող ապրելակերպի և ճակատագրի վրա, և որպես այդպիսին չի ներկայացնում ունիվերսալ ճաշակ կամ գիտելիքի անպայմանորեն օրինական մի ձև (Փարք 1955, 71-88): Դա պատմական ժամանակաշրջանի հորինվածք է, որ մարդկային մնացած բոլոր հորինվածքների նման վերանալու է այն օժանդակող դասակարգի և մեզ համար այդ դասակարգի կարևորության անհետացման հետ մեկտեղ: Այսպիսով, ծիսական հայեցակետի համաձայն տեղեկատվությունը ոչ թե ինֆորմացիա է, այլ դրամա: Այն ոչ թե նկարագրում է աշխարհը, այլ պատկերում դրամատիկ ուժերի և գործողությունների մի թատերաբեմ. այն գոյություն ունի բացառապես պատմական ժամանակաշրջանում և հրավիրում է մեզ մասնակից լինելու, հաճախ փոխարինող սոցիալա- կան դերեր ստանձնելով, այդ ներկայացման մեջ3: