Մշակութային մոտեցում կոմունիկացիային
Իմ նախադասության առաջին մասը, թեև ոչ բավարար, փորձում է հենց դրան հասնել: Թե՛ մեր ողջախոհությունը և թե՛ գիտական ռեալիզմը վկայում են, որ նախ գոյություն ունի օբյեկտների, իրադարձությունների և պրոցեսների իրական մի աշխարհ, որ տեսանելի է մեզ: Եվ երկրորդ, որ կա լեզու կամ խորհրդանիշներ, որ անուններ է տալիս իրական աշխարհի այդ իրադարձություններին և ստեղծում դրանց առավել կամ պակաս համարժեք նկարագրություններ: Այսինքն` նախ գոյություն ունի իրականություն, և միայն դրանից հետո` այդ իրականության մեր բացատրությունները: Մենք պնդում ենք, որ տարբերություն կա իրականության և երևակայության միջև. մենք պնդում ենք, որ մեր տերմինները այս աշխարհին հարաբերվում են այնպես, ինչպես ստվերը նյութին: Թեև լեզուն հաճախ աղճատում, մթագնում ու խճճում է այդ արտաքին աշխարհի մեր ընկալումը, մենք գրեթե չենք վիճարկում դրա փաստացի ռեալությունը: Մենք շերտ առ շերտ հեռացնում ենք տերմինների և իմաստների սեմանտիկ շերտերը` գոյության այս առավել էույթային տիրույթը քողազերծելու համար: Լեզուն հարաբերվում է իրականությանը այնպես, ինչպես երկրորդականը` առաջնայինին գալիլեյան հին պարադիգմում, որից և սկզբնավորվել է այս մոտեցումը:
Նախադասությանս առաջին մասով ես փորձել եմ շրջել այս հարաբերակցությունը, ոչ թե լայն մետաֆիզիկական հավակնություններից ելնելով, այլ ավելի շուտ վերակարգավորելու համար իրականության հետ կոմունիկացիայի փոխհարաբերությունը` կոմունիկացիային վերագրելով շատ ավելի պրոբլեմատիկ ակտիվություն, քան սովորաբար թվում է: Նկատի առնելով Սուրբ Հովհաննեսի Ավետարանը` ես ուզում եմ ընդունել, թե ի սկզբանե Բանն է եղել. որ բառերը ոչ թե իրերի անվանումներն են, այլ յուրացնելով Քենեթ Բըրքի տողերից մեկը` իրերը բառերի նշաններն են: Իրականությունը տրված չէ, ոչ էլ մարդկայնորեն գոյություն ունեցող մի բան է, լեզվից անկախ, որի նկատմամբ լեզուն լոկ դժգույն բեկում է: Ավելի ճիշտ` իրականությունը գոյության է բերված, ներկայացված է կոմունիկացիայի միջոցով, կարճ ասած` խորհրդա- նշական ձևերի կառուցմամբ, դրանց ըմբռնմամբ և կիրառությամբ:5 Չնայած իրականությունը սիմվոլիկ ձևերի սոսկ ֆունկցիա չէ, սակայն այն ստեղծվում է տերմինային համակարգերի կամ այդպիսի համակարգեր ստեղծող մարդկանց միջոցով, որ ֆոկուսացնում են նրա գոյությունը առանձ- նահատուկ տերմիններով:
Ռեալիզմի ազդեցության ներքո մենք սովորաբար ընդունում ենք, որ կա գոյության մի կարգ, որ մարդկային միտքը ինչ-որ ընդունակության միջոցով կարող է հայտնագործել և նկարագրել: Ես գտնում եմ, որ իրականությունը չի տրված հայտնագործելու համար որևէ նշանակալից դետալում: Աշխարհը էնտրոպիկ է, այսինքն` ճշգրիտ կարգավորված չէ, թեև դրա բազմազանությունը բավական զսպված է, որպեսզի միտքը կարողանա ըմբռնել դրա ուրվագծերն ու կարգ հաստատի բնության ընդարձակ ու առաձգական հարկադրումների դրսից ու ներսից: Խոսակցական լեզվով ասած` բնության մեջ գոյություն չունեն զուգահեռականներ և միջօրեականներ, բայց Երկիրը պատելով բոլորովին էլ ոչ բացառապես ճշգրիտ այս խորհրդանշական համակարգով` աշխարհի տարածական կազմակերպվածքին որոշակի կարգ է վերագրվում` այն մարդկային որոշակի նպատակների ծառայեցնելու համար:
Ինչ էլ որ իրականությունը լինի վանահայր Բերքլիի Աստծո մտքում կամ որոշ կենդանիների համար, մեզ համար այն անծայրածիր մի ստեղծագործություն է, բեմականացված մի արարում, որ ստեղծվում է մարդու կողմից և նրա միջոցով էլ պահպանվում: Աշխարհում առկա կարգը մեզ ոչ գեներում է տրված, ոչ էլ բացառապես բնությամբ: Ինչպես նշում է կենսաբան Ջ. Զ. Յանգը, «Մեզանից յուրաքանչյուրի ուղեղը բառացիորեն ստեղծում է իր սեփական աշխարհը» (1951, 61): Էրիկ Ֆոգելինի խոսքերով` պատմության կարգը «կարգի պատմությունն է», – բյուրավոր այն ձևերը, որոնցով մարդիկ նշանակություն, կարգ ու իմաստ են շնորհել աշխարհին իրենց սեփական ինտելեկտուալ պրոցեսների միջոցով:
Էռնստ Կասսիրերն ասել է, իսկ ուրիշները դրա նշանակությունը վերացնելու աստիճան կրկնել են, թե «մարդն ապրում է նոր չափողության իրականության` սիմվոլիկ իրականության մեջ, և հենց այդ կարողության շնորհիվ է, որ գոյությունն արարվել է»: Եվ չնայած որ այն հաճախ է կրկնվել, այնուամենայնիվ հազվադեպ է հետազոտվել: Կրկնելուց առավել մենք պետք է լրջորեն վերաբերվենք այս խոսքերին և մինչև վերջին բառը քննենք` գնահատելու համար մեր ուսումնասիրությունները աշխուժացնելու դրա ունակությունը: Կասսիրերը պնդում է, որ կոմունիկացիան, նույնիսկ գիտական կոմունիկացիան, անգամ մաթեմատիկական արտահայտությունը պետք է ուսումնասիրել իբրև փորձի նախնական ֆենոմեն, և ոչ թե ավելի «թույլ» ու ածանցյալ մի բան` «ավելի իրական» գոյողից:
Որպեսզի սա հանկարծ խրթին չթվա, թույլ տվեք լուսաբանել օրինակով, այնքան պարզ ու հասարակ մի օրինակով, որ իմաստը հստակ կլինի նույնիսկ եթե դա տեղի ունենա ուշագրավ կոմպլեքսության զոհաբերումով: Ենթադրենք, մեկը վեց-յոթ տարեկան երեխային պետք է բացատրի տնից դպրոց գնալու եղանակը: Դպրոցի մոտով անցնելիս երեխան տեսել է դպրոցի շենքը, որը վեց կամ յոթ թաղամաս այնկողմ է, այնպես որ եթե տեսնի, կճանաչի դպրոցը, բայց նա գաղափար չունի իր տան և դպրոցի առնչության մասին: Տան և դպրոցի միջև ընկած տարածությունը կարող է, ինչպես ասում են` ճանապարհազուրկ անապատ լինել: Ինչպե՞ս վարվել նման իրադրության մեջ:
Մի քանի ընտրություն կա: Կարելի է երեխային թույլ տալ փորձի և սխալի միջոցով ինքնուրույն հայտնաբերել ճանապարհը` ընթացքում ուղղելով, ճիշտ այնպես, ինչպես վարժեցնելիս: Կամ էլ երեխան կարող է հետևել մեծահասակին, ինչպես լսածիս համաձայն` ապաչիների մոտ է ընդունված, ճանապարհը «դաջելով» երեխայի վրա: Սակայն ամենասովորական մեթոդը երեխայի համար քարտեզ գծելն է: Թղթի վրա փողոցներն ու շենքերը խորհրդանշող գծեր, անկյուն- ներ, անուններ, քառակուսիներ նկարելով` դատարկ տարածությունը վեր են ածում պատկերավոր միջավայրի: Թեև որոշ տեղանքներ մյուսներից ավելի հեշտ է պատկերել, (ճանապարհազուրկ անապատներից ի վեր), տարածությունը հասկանալի ու կառավարելի է դառնում, երբ այն ներկայացված է սիմվոլիկ ձևերով:
Քարտեզը միջավայրի պատկերն է, որը կարող է պարզել խնդրահարույց իրադրությունը: Այն կարող է ուղղորդող դեր տանել` միաժամանակ չդիֆերենցված տարածությունը վերածելով կոնֆիգուրացվածի, այսինքն` հայտնի, ըմբռնված, հասկացված տարածության:
Նկատի առեք նաև, որ միջավայրը կամ որևէ առկա տարա- ծություն կարող է քարտեզագրվել մի շարք տարբեր ձևերով. օրինակ` մենք կարող ենք հատկապես կարևոր տարածք քարտեզագրել բանաստեղծական կամ երաժշտական նկարագրությամբ: Ինչպես այն երգում, ուր ասվում է` «Նախ կգնաս ձախ, հետո` աջ», տարածքը կարելի է նկարագրել բանաստեղծական խոսքերի շարքով, որ մի կողմից` հաղորդում է տարածքի բնույթը, մյուս կողմից` հիշողության մեջ ապահովում «քարտեզի» մնայունությունը` օգտագործելով երգի ու բանաստեղծության մնեմոնիկ միջոցները: Համապատասխան պահին վերհիշելով բանաստեղծությունը, կարելի է հաջողությամբ վերականգնել նաև տարածքի պատկերը: Տարածքը «քարտեզագրելու» երրորդ եղանակը պարային ծեսն է: Պարային շարժումները կարող են զուգորդվել տարածության մեջ համապատասխան շարժումներով: Պարը սովորելով երեխան ձեռք է բերում տարածության պատկերը, ինչը մեկ ուրիշ դեպքում կարող է ղեկավարել նրա վարքը: Տարածությունն այսպիսով կարող է քարտեզագրվել տարբեր եղանակներով` թղթի վրայի գծերի, օդում հնչող ձայնի կամ պարային շարժումների միջոցով: Բոլոր երեքն էլ սիմվոլիկ ձևեր են, թեև սիմվոլներն այստեղ տարբեր են` տեսողական, հնչյունային ու կինէսթետիկ: Դեռ ավելին` խորհրդանշական այդ ձևերից յուրաքանչյուրը երկու առանձնահատկություն ունի` փոխարինում և արդյունավետություն: Սովորական լեզվի պես յուրաքանչյուր եղանակ հնարավորություն է տալիս ներկայացնել կամ խոսել ինչ-որ առարկայի մասին, երբ վերջինս առկա չէ: Փոխարինման այս կարողությունը, երբ «իրական» ազդակի ֆիզիկական բացակայությամբ բարդ մի գործողություն է իրագործվում, հաճախ նշվող, սակայն քիչ հետազոտված մեկ այլ կարողություն է: Երկրորդ` խորհրդա- նշական այս ձևերից յուրաքանչյուրն արդյունավետ է, քանի որ սիմվոլներին տիրապետող մարդը կարող է սահմանափակ թվով սիմվոլիկ տարրերի հիման վրա անվերջ թվով պատկերներ ստեղծել: Ինչպես լեզվի պարագայում, այնպես էլ մյուս խորհրդնշական ձևերի դեպքում սահմանափակ թվով բառերով կամ սահմանափակ թվով հնչյուններով կարելի է քերականական կոմբինացիաների միջոցով անսահման քանակությամբ նախադասություններ ստեղծել: