Մշակութային մոտեցում կոմունիկացիային
Եկեք շիտակ նայենք այս երկընտրանքին: Մեր գեներում չկա ոչինչ, որ մեզ թելադրեր, թե ինչպես է պետք ստեղծել և իրականացնել այն գործողությունները, որ մենք ընդհանրացնում ենք «կոմունիկացիա» տերմինի ներքո: Եթե պատրաստվում ենք դրանով զբաղվել` գրել էսսե, նկարահանել ֆիլմ, զվարճացնել հանդիսատեսին, հաղորդել ինֆորմացիա և խորհուրդ տալ, ապա պետք է մեր մշակույթի մեջ հայտնաբերենք այն մոդելները, որոնք մեզ կասեն, թե ինչ կերպ է իրականանում այդ հրաշքը: Այդպիսի մոդելներ մենք գտնում ենք առողջ բանականության մեջ, օրենքում, կրոնական ավանդույթում և հարաճուն կերպով նաև գիտական տեսություններում: Ավանդաբար կրոնական միտքն է եղել հաղորդակցու- թյան մոդելների կրողը: Օրինակ` տասնիններորդ դարի ամերիկյան կրոնական մտածողության մեջ, կոմունիկացիայի փոխանցման հայեցակետի պատմական արմատները նկարագրելիս, ես նկատի ունեի հետևյալը. կրոնական միտքը ոչ միայն նկարագրել է կոմունիկացիան, այլև առաջադրել է լեզվական համապատասխան կիրառությունների մոդել, մարդկային շփման թույլատրելի ձևեր, նպատակներ, որոնց պետք է ծառայի հաղորդակցությունը և մոտիվներ, որ պետք է բացահայտի: Ուսուցանում էր այն, ինչ կոչված էր դրսևորել: Այսօր կոմունիկացիայի մոդելները ավելի շատ հանդիպում են գիտության, քան կրոնի բնագավառում, սակայն դրանց նշանակությունը նույնն է: Օրինակ` ամերիկյան հասարակագիտության մեջ կոմունիկացիան հիմնականում ներկայացված է փոխանցման հայեցակետով` կամ իշխանության, կամ տագնապի (anxiety) մոդելով: Սրանք ընդհանուր գծերով համապատասխանում են նրան, ինչ առկա է ինֆորմացիայի, ուսումնառության, ազդեցության տեսության մեջ (իշխանություն) և աններդաշնակության, հավասարակշռության տեսության մեջ ու ֆունկցիոնալիզմի կամ կիրառության ու հատուցման վերլուծություններում (տագնապ): Ես հնարավորություն չունեմ ադեկվատ կերպով պարզաբանել այս տեսակետերն այստեղ, սակայն դրանք բոլորն էլ կոմունիկացիայի ֆենոմենոլոգիական արտակարգ բազմազանությունը սահմանափակում են մի ասպարեզով, որում մարդիկ կա՛մ ձգտում են իշխանության, կա՛մ փախչում տագնապալից: Եվ բավական է միայն հետևել ժամանակակից հաստատությունների վարքին` տեսնելու համար քաղաքականության և ծրագրերի միջոցով այդ մոդելների պատկերած վերացական մոտիվների ու հարաբերակցությունների արարման աստիճանը:
Այսպիսով` կոմունիկացիայի մոդելները ոչ թե պարզապես կոմունիկացիայի պատկերումներ են, այլ պատկերումներ կոմունիկացիայի համար. նմուշներ, որ, ապարդյուն թե ոչ, ուղղորդում են մարդկային փոխազդեցությունների մասսայական և միջանձնական կոնկրետ պրոցեսները: Այդ իսկ պատճառով էլ կոմունիկացիայի ուսումնասիրությունը ներառում է հենց այդ կոմունիկացիոն մոդելների կառուցման, ըմբռնման ու կիրառության քննությունը, – այդ մոդելների կառուցումը առողջ բանականության, արվեստի և գիտության ասպարեզում, դրանց պատմականորեն յուրահատուկ արարումն ու կիրառությունը ծնողի և երեխայի, գովազդողի և սպառողի, սոցապ գործակալի և նպաստառուի, ուսուցչի և ուսանողի բախումների ոլորտում: Այդ բախումների մեջ և դրանց ետևում են ընկած մարդկային շփման ու փոխհարաբերության մոդելները:
Հետևաբար` հաղորդակցության մեր մոդելները ստեղծում են այն, ինչ մենք անբարեխղճորեն ձևացնում ենք, թե դրանք սոսկ նկարագրում են: Արդյունքում` Ալվին Գուլդների արտահայտությամբ` մեր գիտությունը ռեֆլեքսիվ է: Մենք ոչ միայն նկարագրում ենք վարքը, այլև ստեղծում մշակույթի մի առանձին անկյուն, մշակույթ, որ մասամբ որոշարկում է հաղորդակցական այն աշխարհը, որի մեջ բնակվում ենք:
Ռեյմոնդ Ուիլիամսը, որի վերլուծությանն եմ հետևելու եզրափակման մեջ, տեղին է նկատել.
Կոմունիկացիան սկսվում է սովորելու և նկարագրելու մեր պայքարում: Մեր ուղեղում այս պրոցեսը սկսելու և արդյունքները ուրիշներին հաղորդելու համար մենք հենվում ենք որոշակի կոմունիկացիոն մոդելների, որոշակի կանոնների և սովորույթների վրա, որոնց միջոցով կարող ենք շփման մեջ մտնել: Կարող ենք փոխել այդ մոդելները, երբ դրանք այլևս չեն բավարարում կամ կարող ենք ձևափոխել ու ընդարձակել դրանք: Սրան և եղած մոդելները հաջողությամբ օգտագործելուն ուղղված մեր ջանքերը խլում են մեր կենսական էներգիայի զգալի մասը… Դեռ ավելին` մեր կոմունիկացիոն մոդելներից շատերը իրենք են սոցիալական հաստատություններ դառնում: Ուրիշների նկատմամբ որոշակի վերաբերմունքը, դիմումի որոշակի ձևերը, որոշակի տոնն ու ոճը մարմնավորվում են այդ հաստատություններում, որոնք զորեղ սոցիալական ներգործության են հասնում… Վիճելի այս ենթադրությունները հաճախ մարմնավորվում են խոշոր, գործնական հաստատություններում, որոք հետագայում ուսուցանում են նույն այդ մոդելները, որոնցից սկզբնավորվել են իրենք (1966, 19-20):
Ուիլիամսի կողմից նկարագրված գիտության և հասարակության այս հարաբերակցությունը լրիվ չի անտեսվել հասարակության կողմից, և դրանով է բացատրվում լայն հետաքրքրությունը կոմունիկացիայի նկատմամբ: Ես նկատի չունեմ մարդկային բոլոր պրոբլեմները պարզապես հաղորդակցության պրոբլեմների կամ հաղորդակցության ձախողումների հանգեցնելու ժամանակակից սովորությունը: Եկեք այդ սովորությունը դիտենք այնպես, ինչպես կա: Դա իրականությունը կլիշեներով ծածկելու սովորությունն է, որի նպատակն է ստեղծել սեմանտիկ խաչելություններ, ժամանակակից վամպիրներին վանելու համար: Սակայն մեզ հատուկ ցինիզմը չպետք է մեզ շեղի նման արտահայտություններում թաքնված ճշմարտության հատիկը որոնելուց:
Եթե հետևենք Դյուիին, ապա կարող է ստացվել այնպես, որ կոմունիկացիայի պրոբլեմները կապված են հանրության պրոբլեմների հետ: Այն պրոբլեմների, որոնցով համակված են մեր ստեղծած և մեր կողմից բնակեցված հանրությունները:9 Քանի որ սովորական մարդու համար հաղորդակցությունը կազմված է պարզապես առօրյա գործողությունների շարքից` խոսակցություններից, հրահանգներ տալուց, զվարճանալուց, քննարկումներից ու բանավեճից, տեղեկություն ստանալուց: Մեր կյանքի որակը էապես կապված է այս գոր- ծունեություններին և այն բանին, թե ինչպես են դրանք իրագործում հանրության մեջ:
Մեր միտքն ու կյանքը ձևավորվում են մեր ամբողջական փորձառությունից կամ, ավելի ճիշտ, այդ փորձառության պատկերներից, և ինչպես պնդում է Ուիլիամսը` այդ փորձառության անվանումն է կոմունիկացիա: Եթե փորձ արվեր քննել հասարակությունը իբրև հաղորդակցության ձև, ապա այն (հասարակությունը) կներկայանար իբրև մի պրոցես, որով ստեղծվում, բաշխվում, ձևափոխվում ու պահպանվում է իրականությունը: Երբ այդ պրոցեսն անթափանցիկ է դառնում, երբ պահանջ է զգացվում իրականությունը ներկայացնող և դրան փոխարինող մոդելների, որոնք հասկանալի կդարձնեին աշխարհը, երբ որ մենք անկարող ենք նկարագրել ու բաշխել այն. երբ կոմունիկացիայի մեր մոդելների բացակայության պատճառով չենք կարողանում շփվել ուրիշների հետ, ապա բախվում ենք կոմունիկացիայի պրոբլեմներին ամենազորեղ ձևով: