Մշակութային մոտեցում կոմունիկացիային
Հաճախ առարկում են, թե քարտեզը միջավայրի պարզեցված տարբերակն է կամ դրա վերացարկումը: Միջավայրի ոչ բոլոր հատկանիշներն են մոդելավորվում, որովհետև ներկայացման նպատակը ոչ թե առարկաների հնարավոր ողջ բարդությունը, այլ դրանց պարզությունն արտահայտելն է: Տարածությունը կառավարելի է դառնում ինֆորմացիայի նվազեցմամբ: Այդ կերպ, սակայն, տարբեր քարտեզներում միևնույն միջավայրը տարբեր եղանակներով է կենդանանում,դրանք միանգամայն տարբեր իրականություններ են ստեղծում: Այդ պատճառով էլ ապրել տարբեր քարտեզների դաշտում նշանակում է ապրել տարբեր իրականությունների մեջ: Հետևաբար քարտեզները ոչ միայն բաղադրում են այն գործունեությունը, որ քարտեզագրություն է կոչվում, այլ դրանք բաղադրում են ինքնին բնությունը:
Մեկ այլ առնչություն վերաբերում է մտածողության բնույթին: Մեր գերակշռելիորեն անհատապաշտական տրադիցիայում մենք սովոր ենք մտածողությունը դիտել իբրև էապես անձ- նական երևույթ, մի գործունեություն, որ տեղի է ունենում գլխում` պատկերավոր ներկայացված Ռոդենի «Մտածողը» քանդակով: Ես, ի հակադրություն, կուզենայի առարկել, որ միտքը առավելապես հասարարական և սոցիալական երևույթ է: Այն հիմնականում հանդիպում է գրատախտակների վրա, պարերում և արտասանված բանաստեղծություններում:
Անձնական մտածողության կարողությունը ածանցյալ ու երկրորդական ձիրք է, որը ձևավորվում է անձի կենսագրության և մարդկային ցեղի պատմության ավելի ուշ շրջանում: Մտածողությունը հասարակական է, որովհետև այն կախված է հասարակությանը պիտանի խոհրդանիշների պաշարից: Այն հասարակական է նաև մեկ ուրիշ, ավելի էական իմաստով: Մտածողությունը կազմվում է տարբեր միջավայրերի քարտեզներ ստեղծելով: Մտածողությունը կառուցում է միջավայրի մոդելը և ապա այն գործի է դնում տվյալ միջավայրից ավելի արագ, տեսնելու համար, թե արդյոք հնարավո՞ր է հարկադրել բնությանը գործել այնպես, ինչպես մոդելն է գործում: Նախորդ օրինակում շրջակայքի քարտեզն ու տնից դպրոց տանող ճանապարհը ներկայացնում էին միջավայրը: Քարտեզի վրա գծված ճանապարհով անցնող մատը պատկերում է երեխային, որը պետք է գնա այդ ճանապարհով: Քարտեզի վրա ճանապարհն «անցնելն» ավելի արագ է կատարվում, քան այդ ուղիով քայլելն ու «փորձի» կամ «տեստի» կազմելը:
Մտածողությունը նման քարտեզների, մոդելների և նմուշների կառուցումն ու կիրառությունն է, ինչպես օրինակ` գրատախտակին գծված ֆուտբոլի խաղի դիագրամը, հավասարումները թղթի վրա, նախնիների բնույթը խորհրդանշող ծիսական պարերը, կամ սույն` արձակ խոսքը, որ փորձում է մեր այս լույս աշխարհում ներկայացնել կոմունիկացիայի բնույթը:
Այս առանձնահատուկ հրաշքը, որ կատարում ենք մենք ամեն օր և ամեն ժամ` իրականության արարման և ապա` մեր իսկ ստեղծածի մեջ ու դրան համաձայն ապրելու հրաշքը, կայա- նում է խորհրդանիշների այն առանձնահատկության մեջ, որով դրանք կարող են միևնույն ժամանակ թե ներկայացնել իրականությունը և թե փոխարինել այն:
Տան նախագիծը մի դեպքում ներկայացնում է իրականությունը. այդ իրականությանը համապատասխան և դրա վերահսկմամբ կառուցվում է մի նոր իրողություն` տունը, որն արտացոլում է նախագծի փոքրացված ու պարզեցված հարաբերակցությունները: Բայց կա նաև նախագծի մեկ այլ կիրառություն: Եթե որևէ մեկը խնդրում է նկարագրել տունը, կարելի է պարզապես ցույց տալ նախագիծն ու ասել. «Ահա այն»: Նախագիծն այստեղ իրականության պատկերն է կամ խորհրդանիշը: Ալտերնատիվ միջավայրում այն արտացոլում կամ ներկայացնում է որոշակի ռեալության համառոտ ձևակերպումը: Չնայած որ սրանք պարզապես միևնույն դրամի երկու երեսներն են, այնուամենայնիվ ցույց են տալիս սիմվո- լիկ ձևերի երկակիությունը. իբրև «ինչ-որ բանի սիմվոլներ» դրանք իրականությունն են ներկայացնում, իսկ իբրև «ինչ- որ բան փոխարինող սիմվոլներ» դրանք ստեղծում են հենց այն իրականությունը, որ ներկայացնում են:
Նախորդ օրինակում շրջակայքի քարտեզը մի դեպքում խորհրդանիշն է, պատկերն է, որ կարող է մատնանշվել, երբ ինչ-որ մեկն ուզում է տեղեկանալ տան և դպրոցի միջև առկա հարաբերակցության վերաբերյալ: Վերջիվերջո քարտեզը դառնում է իրականության պատկերը, երբ առաջնորդվելով դրանով երեխան անցնում է տնից դպրոց տանող ճանապարհը, և փորձառում տարածությունն այնպես, ինչպես բնորոշ սահմանափակումներով ու լրացումներով այն համառոտ ներկայացված է քարտեզում:
Նույնն է և կրոնական ծեսի պարագայում: Մի դեպքում` այն ներկայացնում է մարդկային կյանքի բնույթը, դրա վիճակն ու նշանակությունը, մյուս դեպքում` խթանում է այն պատրաս- տությունները, որ հավակնում էր պարզապես պատկերել: Ողջ մարդկային գործունեությունը շրջանի քառակուսացման նման մի վարժություն է (քիչ է մնում ասես` «ծես»): Նախ` սիմվոլիկ աշխատանքով ստեղծում ենք աշխարհը, ապա հիմնավորվում մեր ստեղծած այդ աշխարհում: Ավաղ, հրաշք կա մեր ինքնախաբեության մեջ7:
Մենք ոչ միայն ստեղծում ենք իրականությունը, այլև ստիպված ենք պահպանել այն, ինչ ստեղծել ենք: Քանզի միշտ էլ գալիս են նոր սերունդներ, որոնց համար մեր ստեղծածը վիճահարույց է ի սկզբանե և որոնց համար իրականությունը պետք է բարեփոխվի ու հեղինակավոր դառնա: Իրականությունն անհրաժեշտ է անընդհատ նորոգել, որովհետև այն անընդհատ փլուզվում է. մարդիկ ֆիզիկապես և հոգեպես կործանվում են, փորձերը` ձախողվում, եղածը հերքող փաս- տեր են ի հայտ գալիս, մտավոր խանգարում է սկսվում, – այս ամենը սպառնում է իրականությանն ու իրականության մեր մոդելներին, ինչը մղում է նորոգման աշխատանքների ինտենսիվացման: Վերջապես ստիպված ենք լինում, հաճախ վախով ու ափսոսանքով, դեն նետել իրականության մասին մեր հեղինակավոր պատկերացումները և վերսկսել աշխարհի կառուցումը: Ոչ պատահական մի օրինակ բերեմ. մենք անկողին ենք մտնում որպես նվիրյալ բիհեյվորիստներ, որոնք Սքինների ազդեցության տակ լեզուն համարում են վարքային սովորություն, և զարմանալի մի հրաշքով արթնանում իբրև աննկուն ռացիոնալիստներ` Խոմսկու ազդեցության տակ վերակառուցելով լեզվական մեր մոտեցումը խոր ստրուկտուրաների, ձևափոխությունների և արտաքին դրսևորումների ուղղությամբ: Սրանք ապրելու երկու տարբեր ինտելեկտուալ աշխարհներ են, և, ինչպես երևում է, մեկի անոմալիաները կարող են մղել մեզ ձևափոխելու այն մյուսի8: Կոմունիկացիայի ուսումնասիրությունը ակտուալ սոցիալա- կան պրոցեսների քննություն է, որում նշանակալից խորհրդանշական ձևեր են ստեղծվում, ըմբռնվում և կիրառվում:
Այս ձևակերպումը որոշ գիտնականներ չեն ընդունի` համարելով այն ոչ բավականաչափ էմպիրիկ: Ես անձամբ, հակառակ կարծիքի եմ, քանի որ այն ինձ համար փորձ է` ազատվելու կոմունիկացիայի վերաբերյալ գոյություն ունեցող պատկերացումներից, որոնք միմիայն մեր գիտելիքների քարացմանն են ծառայում: Իրականությունը կառուցելու, պահպանելու, նորոգելու և վերափոխելու մեր ջանքերը հասարակայնորեն նշմարելի գործողություններ են, որ տեղի են ունենում պատմական ժամանակաշրջանում: Իրականության մասին մեր գիտելիքներն ու դրա նկատմամբ մեր վերաբերմունքը մենք ստեղծում, արտահայտում և փոխանցում ենք մի շարք խորհրդանիշ-համակարգերի` արվեստի, գիտության, լրագրության, կրոնի, առողջ բանականության, դիցաբանության կառուցման միջոցով: Ինչպե՞ս ենք այդ անում: Որո՞նք են այդ ձևերի միջև տարբերությունները: Որո՞նք են դրանց մեջ եղած պատմական և համեմատական շեղումները: Ինչպե՞ս են հաղորդակցության տեխնոլոգիայի փոփոխություններն ազդում այն ամենի վրա, ինչ որոշակիորեն կարող ենք ստեղծել ու հասկանալ: Ինչպե՞ս են հասարակական խմբերը պայքարում իրականության իրենց սահմանումների համար: Խիստ պարզեցված տեսքով` սրանք են հարցերից մի քանիսը, որոնց պետք է պատասխանեն կոմունիկացիայի վերաբերյալ ուսումնասիրությունները: Վերջապես թույլ տվեք շեշտել կոմունիկացիայի ուսումնասիրության մի զավեշտական առանձնահատկությունը. այն, թե ինչպես է մեր խնդրո առարկան շրջվում իր դեմ և ներկայանում մեզ էթիկական պրոբլեմների բազմությամբ: Մեր զբաղմունքին բնորոշ գործունեություններից մեկը, ինչպես սույն էսսեում, կոմունիկացիան է` կոմունիկացիայի մասին: Սակայն կոմունիկացիան մաքուր երևույթ չէ, որ կարելի լիներ հայտնագործել: Բնության մեջ գոյություն չունի հաղորդակցություն կոչվող մի բան, որ հնարավոր լիներ հայտնագործել որևէ օբյեկտիվ մեթոդով` առանց մշակութային խեղաթյուրումների: Կոմունիկացիան մենք հասկանում ենք այնքանով, որքանով որ ընդունակ ենք կառուցել այդ պրոցեսի մոդելնեը կամ նմուշները: Սակայն կոմունիկացիայի մեր մոդելները, ինչպես ցանկացած մոդել նույն երկակի` «համար»-ի և «փոխարեն»-ի բնույթն ունեն: Մի դեպքում` կոմունիկացիոն մոդելները մեզ ասում են, թե ինչ է իրենից ներկայացնում այդ պրոցեսը: Մյուս դեպքում` դրանք վերարտադրում են նույն այն վարքը, որ նկարագրում են: Կոմունիկացիան կարելի է մոդելավորել էմպիրիկորեն մի քանի հա- մարժեք ձևերով, որոնք սակայն էթիկական տեսակետից տարբեր նշանակություն ունեն, քանի որ ստեղծում են սոցիալական հարաբերությունների տարբեր ձևեր: