Ռուբիկոն

Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը (մաս 2)

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Բնական է, որ Հայաստանում խոր արմատներ եւ լայն տարածում ունեցող արեւապաշտութիւնը եւս պիտի ունենար Արեւի որոշակի սեւեռեալ դիրքերի (նախ եւ առաջ արեւադարձերի) հետ կապուած տօներ: Կան այլ հանգամանքներ եւս, որոնք յուշում են, որ հնում Հայերը պիտի ունեցած լինեն անշարժ տօներ, սակայն չծաւալուենք եւ սահմանափակուենք նշուածներով:

Հաւաստիանալով, որ հին Հայաստանում նշուել են աստղագիտական առումով անշարժ տօներ, մնում է պարզել, թէ ինչ կերպ են որոշուել այդ տօների օրերը:

Ինչպէս նախընթաց շարադրանքում տեսանք, քրիստոնէու- թեան մուտքից առաջ երկար դարեր Հայաստանում օգտագործուել է 365-օրեայ կայուն տարիով եւ շարժուն տարեմուտով օրացոյցը: Անշուշտ, այս աւանդական օրացոյցով անկարելի պիտի լինէր տարուայ մէջ կայուն օրեր որոշելը:

Այս կարգի խնդիրների համար Հայոց աւանդական օրացոյցը բնաւ պիտանի չէ: Մնում է փնտռել այդ խնդրի լուծման այլ` ոչ օրացուցային եղանակ:

Եթէ անշարժ տօների ժամանակի նկատմամբ լինէին միմիայն եղանակային պահանջներ, այդ դէպքում այդ տօների օրերը կարելի կը լինէր որոշել հէնց եղանակային-բնական միջոցներով, ասենք, օրինակ, այդ օրերը որոշելով տարբեր բոյսերի ծլելու, ծաղկելու, հասունանալու կամ կենդանական աշխարհի ինչ-ինչ փոփոխութիւնների միջոցով: Սակայն, ինչպէս վերն արդէն նշուեց, զուտ պաշտամունքային նկատառումներով, կենդանական ու բուսական աշխարհի միջոցներով օրերի որոշումը (դրանց ճշգրտութիւնը) պիտի անբաւարար լինէր: Պաշտամունքը պիտի պահանջէր տօների օրերի որոշման առաւել ճշգրիտ միջոց: Բացի այդ, բաւականաչափ ընդարձակ երկրի պայմաններում (ինչպիսին ժամանակին եղել է Հայաստանը), համազգային-համապետական տօնի օրը պիտի որոշուէր շատ աւելի ճշգրիտ, եւ անկախ տեղային բնական պայմաններից, որպէսզի կարելի լինէր ապահովել այդ տօնի համաժամանակութիւնը երկրի բոլոր մասերում:

Այս տեսակ պահանջներին կարող են բաւարարել տօնի օրուայ որոշման միմիայն աստղագիտական միջոցները: Իրօք, նկատի առնելով խնդրոյ առարկայ ժամանակաշրջանի գիտական ու գործնական հնարաւորութիւնները, կարող ենք վստահ լինել, որ այդ ժամանակներում միմիայն  աստղագիտական միջոցներով հնարաւոր պիտի լինէր անհրաժեշտ ճշդութեամբ, ամեն ինչից անկախ որոշել տօների օրերը: Յայտնի է, որ հնում տարբեր երկրներում տարուայ մէջ կայուն օրեր որոշելու նպատակով դիտել են տարբեր պայծառ աստղերի առաւօտեան ու իրիկնային ծագումներն ու անկումները (մայրամուտերը): Շումերները, Աքքադացիք, Եգիպտացիներն ու Յոյները (եւ այլ ազգեր) այդ նպատակով դիտել են աստղերի արեգակնային ամբարձումները եւ անկումները: Չինաստանում էլ դիտել են իրիկնային ծագումները13: Հայաստանում այսպիսի աստղագիտական դիտումներ հնում եղած լինելու մասին ուղղակի (գրաւոր) վկայութիւններ չկան (կամ գոնէ մեզ չեն հասել): Սակայն կան ոչ քիչ կողմնակի, անուղղակի տուեալներ ազգագրութիւնից, պատմութիւնից ու հնագիտութիւնից, որոնք բոլորը հաստատում են, որ վաղ անցեալում Հայաստանում էլ դիտուել են որոշ  պայծառ աստղերի արեգակնային ամբարձումները: Արեգակնային անկումների ու նաեւ ակրոնական ամբարձումների եւ անկումների դիտումների մասին վկայութիւններ չունենք: Ուստի, կարող ենք համոզուած լինել, որ Հայաստանում  հնում անշարժ տօների օրերը որոշելու համար դիտուել են ինչ-որ պայծառ աստղերի արեգակնային ամբարձումները (առաջին առաւօտեան ծագումները):

Որպէսզի հնարաւոր լինի գտնել, թէ տարուայ որ մասում են եղել այդ անշարժ տօները, հարկ է իմանալ, թէ յատկապէս ո՞ր աստղն է դիտուել եւ ո՞րտեղից: Տեղի հարցը համեմատաբար պարզ է: Որպէս այդ դիտումների վայր է ընդունւում պատմական Հայաստանի կենտրոնը` 39.5 աստիճան աշխարհագրական լայնութեան վրայ: Սա յարմար է մի քանի առումներով. նախ, որ այս լայնութեան վրայ է գտնուում Հայոց երկրի` հնուց ի վեր սրբացուած միջնաշխարհը` Հարքը, այստեղ են Բիւրակնի լեռները, որ նոյնացուած են եղել Դրախտի հետ: Այս լայնութեան վրայ է Բիւրակնի Սերմանց գագաթը, սրա մօտ է եւ հին պաշտամունքի նշանաւոր կենտրոն Բագաւանը: Ի վերջոյ, մօտաւորապէս այս նոյն լայնութեան վրայ է Նպատ լեռը, որի ստորոտում, Արածանու ակունքի շրջանում հեթանոս Հայերը ամեն տարի աշխարհախումբ հանդիսութեամբ նշել են իրենց գլխաւոր տօնը` Նաւասարդը: Այս մասին մեզ են հասել մատենագրական հաւաստի վկայութիւններ:

Գալով նրան, թէ յատկապէս ո՞ր համաստեղութեան աստղերն են դիտման առարկայ եղել սոյն խնդրի համար, այստեղ հարցն այնքան էլ դիւրին չէ: Գրականութեան մէջ տարբեր առիթներով կարծիքներ են յայտնուել, թէ իբր հնում հայկական օրացոյցը կապուած է եղել Բոյլք (Pleiades) աստղակոյտի դիտումների հետ: Կարծիք է եղել նաեւ, որ հնում Հայերը դիտել են Մեծ Շուն աստեղատան ամենապայծառ աստղը` Շնաստղը (Sirius): Այդուհանդերձ, հին Հայաստանում գլխա- ւոր անշարժ տօնի օրը որոշուել է ոչ թէ դրանց, այլ Հայկն (Orion) համաստեղութեան դիտումներով: Բազմաթիւ փաստեր վկայում են, որ հէնց այս գեղեցիկ ու պայծառ աստեղա- տան գլխաւոր աստղը` Բետելգեյզէն է եղել Հայոց օրացոյցի ուղեցոյց-առաջնորդ աստղը14:

Միջնադարի հայ տոմարագէտները պատմում են, որ Հայոց օրացոյցի հիմնադիրն եղել է հէնց Հայկ Նահապետը, որի ուստրերի ու դուստրերի անուններով էլ կոչուել են հայկական ամիսները: Միեւնոյն ժամանակ, գիտենք, որ Հայերը Հայկ կամ Հայկն են կոչել երկնքի ամենաակնառու, պայծառ ու գեղեցիկ համաստեղութիւններից մէկը, որ այսօր յայտնի է առաւելաբար իր յունական Orion անունով: Այս աստեղատունը Հայերն անուանել են նաեւ Չափ ու Կշիռ, որ նշանակում է, թէ իրօք դրանով կատարուել է ժամանակի չափում: Հայկն աստեղատան գլխաւոր աստղը` Բետելգեյզէն, որի անունը ստուգաբանւում է իբր «Հայկի ձեռք», երկնային քարտէզի վրայ իրօք համապատասխանում է երկինք ելած Հայկի ձեռքին, ընդ որում, աջ ձեռքին, աջին, որ եւս շատ լաւ յարմարում է այդ աստղի առաջնորդ լինելուն:

Այստեղ զանց կ’առնենք բազմաթիւ տուեալների թուարկումը եւ քննութիւնը, որոնք ցոյց են տալիս, որ իրօք, հնում Հայերը իրենց գլխաւոր անշարժ տօնի օրը որոշել են, դիտելով այս աստղի արեգակնային ամբարձումը: Այսինքն, հին Հայոց գլխաւոր տօնը նշուել է այն ժամանակ, երբ Հայաստանից դիտուել է Հայկն աստեղատան գլխաւոր աստղի (Հայկի աջ ձեռքի) առաջին առաւօտեան ծագումը դրա 70-օրեայ չերեւալու շրջանից յետոյ: Թէ երբ է հնում դա տեղի ունեցել, այսօր էլ կարելի է որոշել, կատարելով ոչ բարդ հաշուարկներ: Նախ որոշւում է տուեալ աստղի ճշգրիտ դիրքը մեզ հետաքրքրող ժամանակներում: Ապա, օգտուելով ոլորտային եռանկիւնա- չափութեան յայտնի բանաձեւերից, հաշուարկւում է, թէ հիւսիսային լայնութեան 39.5 աստիճանի վրայ ե՞րբ (տարուայ ո՞ր օրը) այդ աստղը կը լինի արեւելեան հորիզոնի վրայ, Արեւը հորիզոնից 15 աստիճան վար եղած պահին15: Հաշուարկը ցոյց է տալիս, որ հնում (մեզ հետաքրքրող դարերում) Հայոց միջնաշխարհի տարածքից Հայկի գլխաւոր աստղի արեգակնային ամբարձումը դիտուել է ամառնամուտի շրջանում, ամառային արեւադարձից, ութ օր առաջ: Սա նշանակում է, որ հէնց այդ օրերին էլ կատարուել է Հայոց գլխաւոր տօնը` Նաւասարդը: Ի դէպ, Նաւասարդի տօնի այսպիսի դիրքը հաստատւում է բազմաթիւ այլ կողմնակի տուեալներով եւս, սակայն այդ մասին` ստորեւ, ըստ կարգի: Տօնի օրը գտնելուց յետոյ, բնականաբար, կարելի է գտնել նաեւ օրացոյցի սկիզբը: Օրացոյցի սկիզբը գտնւում է հետեւեալ պարզ դատողութեան հիման վրայ: Քանի որ Հայոց օրացոյցը շարժական է եղել եւ տարեմուտը` Նաւասարդի ամսի մէկը, դարերի ընթացքում (1506 տարում) շրջել է տարուայ եղանակներով, ապա բնական է սպասել, որ օրացուցային շրջանի սկզբում, օրացոյցի սկիզբը (տարեմուտը) համընկած լինի հէնց գլխաւոր տօնի օրուան, առաւել եւս, որ ե՛ւ առաջին ամիսը, ե՛ւ էլ գլխաւոր տօնը կրում են միեւնոյն անունը` Նաւասարդ, որ նշանակում է «ամանոր, նոր տարի»:

Կարդալ նաև

Մշակութաբանություն Ազատություն տալ աշխարհին Արա Գուրզադյան Տրոհվող մի բնակչություն իր առօրյա անդունդի առաձգական հատակին, որ պիտի մխիթարվի պապանձված ըմբռնումի իր առաքինությամբ այդ առաձգականության գործակցի ամենօրյա չափումներով: Մեր պատմությունը կարծես սպառել է իր էթնիկական պատկանելիության պաշարները: Մենք… Մշակութաբանություն Մշակութային մոտեցում կոմունիկացիային Ջեյմս Վ. Քյարի Երբ տարիներ առաջ որոշեցի լրջորեն զբաղվել կոմունիկացիայի մասին գրականությամբ, մի խելոք մարդ ինձ խորհուրդ տվեց սկսել Ջոն Դյուիից: Այդ խորհրդին հետևելու համար երբեք չեմ զղջացել: Թեև Դյուին իր թերություններն ունի (Ուիլիամ Ջեյմսի նկարագրությամբ` նրա… Մշակութաբանություն Երկխոսություն Արա Գուրզադյան -Սերգեյ Խաչիկօղլյան Արա Գուրզադյան. – «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը հետխորհրդային շրջանի նշանակալից մշակութային նախաձեռնություններից է հայ իրականության մեջ: Կարծում եմ, որ աննախադեպ աշխատանք է տարվել և տարվում է այսօր, պետական և հասարակական…