Ռուբիկոն

Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը (մաս 2)

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Հայոց օրացոյցի սկզբի համար ստացուած ն.Ք. 2341 թուականը շատ լաւ յարմարում է նաեւ մի այլ տուեալի: Խօսքը հ. Մ. Չամչեանցի տուած թուականների մասին է: Չամչեանցը իր պատմութեան ժամանակագրութիւնը կազմել է հայ եւ արտաքին պատմագիրների ժամանակագրական տուեալների հիման վրայ: Ի մասնաւորի, ըստ եօթանասնից կազմուած ժամանակագրութեան համար հիմք է  ընդունուած Եւսեբիոս Կեսարացու (եւ այլոց) ժամանակագրական համակարգը (Աշխարհի արարչութիւնից մինչեւ Քրիստոսի ծնունդը` 5199 տարի): Ահա այս համակարգում, ըստ հ. Մ. Չամչեանցի, Հայկի պատերազմը Բէլի դէմ տեղի է ունեցել ն.Ք. 2343 թուին 18: Այս տարեթիւը միայն երկու տարով է տարբերւում մեր ստացած ն.Ք. 2341-ից, որ այսքան մեծ ժամանակահատուածի համար կարելի է դիտել իբր բացառիկ լաւ համընկում: Բնական է, որ Հայկի տոմարադիր գործունէութիւնը պիտի ժամանակով շատ մօտ լինէր Հայկի ու Բէլի պատերազմին: Այս թուականների համընկումը ուշագրաւ է նաեւ նրանով, որ սրանք ստացուած են բոլորովին տարբեր ճանապարհներով: Հ. Չամչեանցի տուած ն.Ք. 2343 թիւը ստացուել է հին պատմագիրների ու ժամանակագիրների յայտնած տեղեկութիւնների համադրմամբ, հերթական տիրակալների տարիներն իրար գումարելով: Իսկ մեր ստացած ն.Ք. 2341-ը ստացուել է աստղագիտական երեւոյթի` Հայկի գլխաւոր աստղի արեգակնային ամբարձման եւ օրացուցային հաշուարկի համադրմամբ, որ բնաւ կապ չունի վերը նշուած (ն.Ք. 2343) թուականի ստացման հետ: Այսինքն, սկզբունքօրէն տարբեր ուղիներով ստացուել է միեւնոյն տարեթիւը (երկու տարուայ սխալով, որ սոյն դէպքում լիովին անտեսելի է): Այս համընկումը խօսում է այն մասին, որ այս երկու թուականներն էլ ճիշդ են (գոնէ որակապէս):

Այս հնագոյն տարեթիւը ճիշդ լինելու օգտին վկայող այլ տուեալներ եւս կան, սակայն բաւարարուենք այստեղ նշուածով:

Այսպիսով, տեսնում ենք, որ մեր ունեցած տարբեր տուեալների համադրումը բերում է այն համոզման, որ իրօք, հայկական օրացոյցը սկզբնաւորուել է ն.Ք. 2341 թուականին, Յու- լիսի 4-ին (ըստ Յուլեան տոմարի հաշուի), որին մեր արդի օրացոյցով կը համապատասխանի Յունիսի 14-ը: Սրանով ճշգրտուում է նաեւ Հայկ Նահապետի գործունէութեան ժամանակը, որ բնականաբար, պիտի եղած լինի այս թուականի մերձակայ տարիներին:

Ընդունուած է այս թուից սկզբնաւորուող օրացոյցն ու տարե- հաշիւը կոչել Հայոց Բուն օրացոյց եւ Բուն թուական: Մենք եւս կը պահպանենք այդ յորջորջումը, սրան զուգահեռ երբեմն կը կոչենք սա Հայկեան օրացոյց (նշելով Հայկի կողմից դրա հիմնուած լինելը): Թիւրիմացութիւնից խուսափելու համար նշենք, որ Հայոց Բուն թուականը զուտ պայմանական անուանում է, որ տրուել է Հայկի ժամանակից սկզբնաւորուած օրացոյցի տարեհաշուին նոր շրջանի տոմարագէտների կողմից: Այս տարեհաշիւը (թուականը) հնում երբեւէ չի կիրառուել: Ամեն դէպքում, մեզ չի հասել Հայոց Բուն (Հայկեան) թուականի կիրառութեան ոեւէ օրինակ հնուց: Ինչպէս տես- նում ենք, այս օրացոյցի սկիզբը ինքը գտնուած է հաշուարկի միջոցով: Հայկ Նահապետից սկսուող տարեթուի կիրառութիւնը հայ իրականութեան մէջ սկիզբ է առել Ղ. Ալիշանի տոմարական աշխատութիւններից: Ալիշանը զուտ տոմարա- կան հաշուարկի հիման վրայ Հայոց Բուն օրացոյցի սկիզբը դրել էր ն.Ք. 2492 թուին19: Հայր Ալիշանի գտած սկզբնաթիւը, լինելով որակապէս ճիշդ, բաւական լայն տարածում է գտել, եւ այսօր այն նշւում է տարբեր օրացոյցների վրայ (տրւում է տարեթիւն այդ սկզբնակէտից հաշուած): Այդուհանդերձ, ե՛ւ տոմարական, ե՛ւ պատմական-ժամանակագրական, ե՛ւ էլ աստղագիտական առումով Ալիշանի տուած տարեթիւն այնքան էլ ճիշդ չէ: Ալիշանից յետոյ տարբեր հեղինակներ փորձել են տարբեր դատողութիւնների հիման վրայ օրացուցային հաշուարկով գտնել Հայոց Բուն օրացոյցի սկիզբը (Բուն թուականը) եւ ստացել են տարբեր իրարամերժ տարեթուեր, որոնք բոլորն էլ հակասում են Խորենացու, Շիրակունու, Յովհ. Սարկաւագի եւ այլոց տուեալներին: Մեր ստացած տա- րեթիւը, որակապէս չտարբերուելով Ալիշանի տուածից, փաստօրէն, կարելի է դիտել, որպէս Ալիշանի գտած (որակապէս ճիշդ) տարեթուի ճշգրտուած, բարելաւուած, աւելի լրիւ հիմնաւորուած տարբերակ: Ըստ այսմ, ճիշդ է Հայկեան թուականը հաշուել ն.Ք. 2341 թ. Յուլիսի 4-ից ըստ Յուլեան տոմարի հաշուարկի: Այս թուականով տարեթուերը տալիս հարկ է յիշել, որ հայկական տարիները մի փոքր կարճ են Յուլեան տարիներից, որի հետեւանքով 1460 Յուլեան տարուն համապատասխանում է 1461 հայկական տարի: Հարկ է նաեւ նշել, որ ն.Ք. տարեթուերից Փրկչական տարեթուերն ընկած ժամանակը հաշուելիս հարկ է Ն.Ք. տարեթիւը նուազեցնել մէկով20: Այսպէս. այսօր` 1998 թ. Յուլիսի 4-ին ն.Ք. 2341 թ. Յուլիսի 4-ից անցել է 4338 տարի.

1998 – (- 2340) = 1998 + 2340 = 4338: Այս կերպ, հաշուի առնելով նաեւ անցած ժամանակահատուածում առաջացած «եկամուտ» տարիները, կը ստանանք, որ Հայկեան 4341 թուականի Նաւասարդի 1 = 1998 թ. Յուլիսի 15-ին (հին տոմարով) կամ Յուլիսի 28-ին (նոր տոմարով): Հայկեան յաջորդ` 4342 թիւը կը սկսուի 1999 թ. Յուլիսի 27-ին (նոր տոմարով): Ահա առաջիկայ մի քանի տարիների ցուցակը.

Հայոց Բուն (Հայկեան)               Փրկչական թիւ

թուական                                 (Նոր տոմար)

4338 թ. Նաւասարդի 1  =  1995 թ. Յուլիսի 29,

4339 թ. Նաւասարդի 1  =  1996 թ. Յուլիսի 28,

4340 թ. Նաւասարդի 1  =  1997 թ. Յուլիսի 28,

4341 թ. Նաւասարդի 1  =  1998 թ. Յուլիսի 28,

4342 թ. Նաւասարդի 1  =  1999 թ. Յուլիսի 28,

4343 թ. Նաւասարդի 1  =  2000 թ. Յուլիսի 27,

4344 թ. Նաւասարդի 1  =  2001 թ. Յուլիսի 27,

4345 թ. Նաւասարդի 1  =  2002 թ. Յուլիսի 27,

4346 թ. Նաւասարդի 1  =  2003 թ. Յուլիսի 27,

4347 թ. Նաւասարդի 1 = 2004 թ. Յուլիսի 26, եւ այլն:

Այսքանով կարող ենք ամբողջացած սեպել Հայոց Բուն Հայկեան օրացոյցի, դրա սկզբի եւ այդ սկզբից հաշւուող տարեթուերի հարցը:

Աւելորդ չէ աստ համառօտակի դիտարկել նաեւ, թէ ի՞նչ է կերպաւորել Հայկն համաստեղութիւնը, որով առաջնորդուել են հին Հայերն իրենց օրացոյցն ու տօները կարգաւորելիս. ընդհանրապէս, ի՞նչ կերպար է եղել Հայկը, որ համարուել է Հայոց նախնին, անուանադիրն ու սկզբնաւորողը:

Զ. Հայկը երկնքում եւ երկրի վրայ: Մովսէս Խորենացին, Սեբէոսի պատմութեան Անանուն սկզբնաւորողը, Թովմա Արծրունին, Անանիա Շիրակունին, Յովհաննէս Սարկաւագը եւ որոշ այլ հայ հեղինակներ բաւական ընդարձակ տեղեկութիւններ են հաղորդում մեզ Հայոց նախնի Հայկի եւ նրա գործունէութեան մասին: Այս տեղեկութիւնների հիման վրայ, անշուշտ, կարելի է փորձել պարզել, թէ ինչ պատմական անձ է ծածկուած Հայկ անուան տակ: Դա կ’արուի ստորեւ, ըստ կարգի, իսկ արդ փորձենք պարզել մի այլ բան:

Ինչպէս ցոյց է տալիս մեր ստացած թուականը, Հայկի հետ կապուած անցքերը ունեն շատ մեծ վաղեմութիւն: Գաղտնիք չէ նաեւ, որ նոյնիսկ ամենապարզ ու յստակ պատմական դէպքերը, ժամանակի ընթացքում պատմուելով ու վերապատմուելով, շատ արագ կանոնականացւում են, եւ ժողովրդական մտածողութիւնը դրանք ներդաշնակեցնում, համաձայնեցնում է իր կրօնական-դիցաբանական աշխարհայեացքին ու պատկերացումներին: Ըստ այսմ լիովին սպասելի է, որ Հայկն ու իր պատմութիւնը եւս, մեզ հասած տարբերակներով, լինեն լիովին կանոնականացուած-դիցականացուած: Ուստի, Հայկի պատմական անձնաւորումը ճշդելուց առաջ հարկ է պարզել, թէ ինչ կերպար է դա (կանոնականացուելով ինչի են վերածուել Հայկն ու իր պատմութիւնը):

Կարդալ նաև

Մշակութաբանություն Ազատություն տալ աշխարհին Արա Գուրզադյան Տրոհվող մի բնակչություն իր առօրյա անդունդի առաձգական հատակին, որ պիտի մխիթարվի պապանձված ըմբռնումի իր առաքինությամբ այդ առաձգականության գործակցի ամենօրյա չափումներով: Մեր պատմությունը կարծես սպառել է իր էթնիկական պատկանելիության պաշարները: Մենք… Մշակութաբանություն Մշակութային մոտեցում կոմունիկացիային Ջեյմս Վ. Քյարի Երբ տարիներ առաջ որոշեցի լրջորեն զբաղվել կոմունիկացիայի մասին գրականությամբ, մի խելոք մարդ ինձ խորհուրդ տվեց սկսել Ջոն Դյուիից: Այդ խորհրդին հետևելու համար երբեք չեմ զղջացել: Թեև Դյուին իր թերություններն ունի (Ուիլիամ Ջեյմսի նկարագրությամբ` նրա… Մշակութաբանություն Երկխոսություն Արա Գուրզադյան -Սերգեյ Խաչիկօղլյան Արա Գուրզադյան. – «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը հետխորհրդային շրջանի նշանակալից մշակութային նախաձեռնություններից է հայ իրականության մեջ: Կարծում եմ, որ աննախադեպ աշխատանք է տարվել և տարվում է այսօր, պետական և հասարակական…