Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը (մաս 2)
Ուշագրաւ է մի բան եւս. Հայկը Բէլին յորջորջում է Շուն եւ նրա հետիններին էլ` երամակ շանց: Սրան զուգահեռ, պատմութիւնից յայտնի է, որ Սարգոնը մարտում գերի բռնե- լով Լուգալզագէսիին, նրան դնում է շների վանդակի մէջ: Նշուածները եւ բազմաթիւ այլ փաստեր ցոյց են տալիս, որ, հաւանաբար, ի դէմս շումերական Լագալզագէսի տիրակալի, ունենք Հայկի պատմութեան մէջ յիշատակուած Բէլին, նրա նախատիպին: Իսկ Հայկն ինքն էլ, հաւանաբար, պիտի եղած լինի շումերական մի անկախ քաղաքի տիրակալ, որ նեղուելով Լուգալզագէսիի նուաճումներից եւ չկարողանալով տեղում յաղթել նորաթուխ բռնակալին, գաղթել է Շումերից եւ եկել ու հիմնաւորուել է Հայաստանում: Այսինքն, ինչպէս տեսնում ենք, ե՛ւ իրենց ժամանակով, ե՛ւ աշխարհագրութեամբ, ե՛ւ էլ դէպքերի ընթացքով Հայկի եւ Բէլի մասին մեզ հասած պատմութիւնները շատ սերտօրէն աղերսւում են Շումերի վաղդինաստիական շրջանի վերջի դէպքերին ու իրական պատմական անձերին:
Գալով օրացոյցի հիմնադրմանը, յիշենք, որ հնում ինքնուրոյն սեփական օրացոյց ունենալը դիտուել է իբր անկախ պետա- կանութեան մի կարեւոր բաղադրիչը, յայտանիշը: Ըստ այդմ, լիովին բնական է, որ Լուգալզագէսիի բռնակալութիւնից դժգոհ ոմն Հայկ իր համախոհներով գալով Հայաստան, տիրէր երկրին, նոր անկախ պետութիւն ստեղծէր եւ դրա հետ միաժամանակ հիմնէր նաեւ ինքնուրոյն օրացոյց: Հայկի եւ Բէլի ա՛յսպիսի պատմական անձնաւորումը առաւել հաւանա- կան ու ճշմարիտ է երեւում, նկատի առնելով Շումերի եւ Հայաստանի միջեւ առկայ բազմաթիւ մշակութային, լեզուական, մարդաբանական ընդհանրութիւնները, որ փաստուած են այսօրուայ գիտական տուեալներով:
Ը. Հին Հայոց գլխաւոր տօնը: Ինչպէս վերը արդէն նշուեց, Հայոց Բուն Հայկեան օրացոյցի սկզբնաւորման շրջանում Հայերն իրենց գլխաւոր տօնը նշել են ամառնամուտի շրջանում, ամառային արեւադարձից ութ օր առաջ (արդի օրացոյցի հաշուով` Յունիսի 14-ին): Սա, փաստօրէն, աստղագիտական գարնան վերջն է, գարնան եւ ամռան միջասահմանը: Հին Հայոց գլխաւոր տօնի` Նաւասարդի դիրքի հարցը հայագիտութեան մէջ շատ է հոլովուել: Տարբեր կարծիքներ են եղել Նաւասարդը գարնանամուտին, կամ աշնանը, կամ ամառուայ կէսին (Օգոստոսի 11-ին) տօնելու մասին: Սակայն, ինչպէս ցոյց է տալիս տոմարական, աստղագիտական ու նաեւ ազգագրական բազմաթիւ փաստերի քննութիւնը, Նաւասարդի տօնի նախնական դիրքը եղել է հէնց վերոնշեալ տեղում` գարնան ու ամռան միջասահմանում, ամառնա- մուտից ութ օր առաջ25: Աստղագիտական եւ տոմարական հաշուարկով ստացուած այս դիրքը յուշում է, որ Նաւասարդի տօնը իր բովանդակութեամբ ու խորհուրդներով եւս պիտի կապուած լինի ամառնամուտին եւ որոշ իմաստով լինի հէնց ամառնամուտի տօն: Այս օրերին Արեւը իր տարեկան շրջապտոյտի ընթացքում հասել է երկնակամարի վրայ իր ամենաբարձր դիրքին: Միեւնոյն ժամանակ, այս տօնի օրը որոշուել է Հայկն համաստեղութեան գլխաւոր աստղի առաջին առաւօտեան ծագումով` արեգակնային ամբարձումով: Այդ օրը, երկնքում չերեւալու 70-օրեայ շրջանից յետոյ, Հայկի գլխաւոր աստղը (աջ ձեռքը) առաջին անգամ դիտուել է արեւածագից մի քիչ առաջ արեւելեան հորիզոնի վրայ, որ ընկալուել է իբր գլխաւոր պաշտուող էակի` Հայկի (աստուածների հօր) Անդրաշխարհից Լոյս Աշխարհ դուրս գալը:
Նաւասարդի տօնի այսպիսի դիրքը հաստատւում է նաեւ Ագաթանգեղոսի այն վկայութեամբ, որ Նաւասարդը համարուել է «Նոր պտղոց տօն»: Իրօք, հէնց ամառնամուտի շրջանում Հայաստանում հասունանում են առաջին պտուղները` ծիրան, թութ, բալ, կեռաս եւ այլն: Իսկ ամենակաեւորն այն է, որ հէնց այս շրջանում է հասունանում աշնանացան ցորենը, որը երկրագործ Հայի բարեկեցութեան հիմքն է եղել երկար հազարամեակներ: Ցորենի մշակութիւնը բացառիկ կարեւորութիւն է ունեցել հնուց ի վեր: Դրա վկայութիւնն են բազմաթիւ աշխատանքային-ծիսական երգերը, որ կապուած են հացի մշակութեան տարբեր փուլերին (վարից մինչեւ հացի թխումը): Ցորենի մշակութիւնը արտացոլուած է նաեւ երկնքում, ուր մի քանի պայծառ աստեղատներ կրում են դրա տարբեր փուլերի հետ աղերսուող անուններ: Դրանցից են Մեծ եւ Փոքր Արջերը, որ հնում Հայերն ու այլ ազգեր կոչել են Սայլ եւ Միւս Սայլ (Սայլով կրել են ցորենի խրձերը եւ Սայլով նաեւ կալ են արել26), այդ շարքում է նաեւ Եզողը, որ փաստօրէն Սայլի եզները վարողն է, եղել է նաեւ Ցորենքաղ Մշակ աստեղատունը: Սրան է վերաբերում նաեւ Կոյս կենդանակերպը, որ միշտ պատկերուել է ցորենի հասկը ձեռքին եւ դրա գլխաւոր աստղն էլ կոչւում Spica-«Հասկ»: Ուշագրաւ է, որ աշնանացան ցորենի հասունացումը տեւում է մօտ 270 օր, որ ինն ամիս է, եւ դա շատ մօտ է մարդու սաղմի զարգացման տեւողութեանը: Պատահական չէ, որ Նաւասարդի հիմնական ծիսական կերակուրն էլ` հարիսան, բաղկացած է հիմնականում ցորենից (եւ մսից): Մինչեւ մեր ժամանակներն էլ պահպանուել են հայկական բազմաթիւ սովորութիւններ, ժողովրդական ծէսեր, որ հաստատում են Նաւասարդի կապը ցորենի (հացի) հետ:
Նաւասարդի հնագոյն տօնի ծէսերն ու խորհուրդները մեծ մասամբ մեզ են հասել հայկական ժողովրդական տարբեր տօների ու սովորութիւնների ձեւով: Ներկայումս Հայաստանեայց եկեղեցու բազմաթիւ տօներ (ինչպէս` Համբարձումը, Վարդավառը, Բարեկենդանը, Տէրնդէզը եւ այլն) զուգորդւում են ժողովրդական ծէսերով, սովորութիւններով, զանազան հաւատալիքներով, որոնք` յաճախ նաեւ անուններով, վերապրուկներն են նախաքրիստոնէական հնագոյն տօների (տօնաշարքի) եւ իրենց մէջ պահել ու մեզ են հասցրել Հայոց հնագոյն Նաւասարդեան մեծ տօնակատարութեան բեկորները: Քննելով այդ տօների բազմաթիւ ծէսերն ու սովորութիւները, հնարաւոր է դառնում վերականգնել եւ ի մի բերել Նաւասարդեան տօնի բազմաթիւ տարրեր եւ «վերականգնել» դրա փոքր ի շատէ ամբողջական պատկերը:
Նաւասարդեան տօնի հիմնական բեկորները պահպանուել ու մեզ են հասել Համբարձման ու Վարդավառի տօների մէջ: Այս երկու տօները, որ այսօր էլ կատարւում են ժողովրդական ծէսերով, յաճախ հանդէս են գալիս որպէս երկուորեակներ: Հայաստանի տարբեր շրջաններում միեւնոյն ծիսական տարրը մասն է մերթ Համբարձման, մերթ Վարդավառի, յաճախ էլ` ե՛ւ մէկի, ե՛ւ միւսի: Օրինակ, Համբարձման վիճակախաղը որոշ վայրերում կրկնուել է նաեւ Վարդավառին, իսկ որոշ տեղերում էլ վիճակախաղը կիսուած է եղել. սկսուել է Համբարձմանը եւ աւարտուել` Վարդավառին: Այս երկու տօները երկուորեակ են նաեւ իրենց օրացուցային դիրքով:
Այսպէս, երկուսն էլ լինելով շարժական տօներ, տարուայ մէջ իրենց գրաւած դիրքով սրանք համաչափ են դասաւորուած Յունիսի 15-ի նկատմամբ, որ, փաստօրէն, Նաւասարդի տօնի նախնական դիրքն է ըստ մեր գտածի (միայն մէկ օրուայ տարբերութեամբ):
Համբարձման ժողովրդական ծէսերը իրենց խորհուրդներով կապուած են գիշերուայ հետ: Այդպէս է նաեւ Նաւասարդը: Այդ օրուայ գիշերը համարուել է բացառիկ խորհրդաւոր: Այդ գիշեր մի պահ կանգ են առել հոսող ջրերը, ձեռք են բերել կախարդական, բուժիչ յատկութիւններ, աղբիւրներից ոսկի, արծաթ է բխել, երկինք-գետին իրար են եկել, համբուրուել: Համբարձման (նաեւ Վարդավառի) գիշերը բացուել է Մհերի Դուռը, դուրս է եկել ժայռում փակուած Մհերը եւ ստուգել աշխարհի վիճակը: Համբարձման վիճակախաղի հիմնական գործիքն էլ` Վիճակը (բղուղ` մէջը ջուր եւ ծաղիկներ), որով յետոյ գուշակուել է մարդու ապագան, իր մոգական զօրութիւնը ստացել է գիշերը «աստղունք» (աստղերի ներքոյ) դրուելով եւ աստղունքից վերցուել է նախքան արեւածագը: