Ռուբիկոն

Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը (մաս 2)

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Երբ ուշադիր նայում ենք երկնային քարտէզի վրայ Հայկն աստեղատանն ու դրա շրջակայքին, տեսնում ենք, որ ե՛ւ համաստեղութիւններն ու դրանց դասաւորութիւնը, ե՛ւ էլ Հայկի մասին մեզ հասած պատմութիւնները ենթարկւում են մէկ ընդհանուր տրամաբանութեան: Հայկը (Orion)  կից է Կենդանաշրջանին, բայց դուրս է դրանից. իր վերին հատուածով Հայկը յարում է Ցուլ եւ Երկուորեակներ կենդանակերպերին եւ մի փոքր մտնում է դրանց արանքը: Հարաւից Հայկին կից է Մեծ Շուն համաստեղութիւնը, որի տեղում բազմաթիւ հին ազգեր տեղադրել են Նետ-Աղեղ համաստեղութիւն, ընդ որում` Նետի սլաքն ուղղուած դէպի Հայկը: Հայկից արեւելք Փոքր Շուն աստեղատունն է: Այս երկու «շնային» աստեղատները երկնքում միշտ ընթանում են Հայկի ետեւից, որ յիշեցնում է Հայկին հետապնդող Բէլին ու իր զօրքին, որոնց Հայկը յորջորջեց «Շուն եւ երամակ շանց»: Փաստօրէն, Հայկին հետապնդող Բէլն էլ, որ նոյնացուած է Աստուածաշնչեան որսորդ Նեբրովթին, երկնքում ներկայացուած է Մեծ Շուն համաստեղութեամբ:

Բազմաթիւ կողմնակի տուեալների քննութիւնը ցոյց է տալիս, որ Հայկի մասին մեզ աւանդուած պատմութիւնը բազմաթիւ էական կողմերով ներկայացուած է երկնքում: Իսկ ինչ վերաբերում է Հայկի կերպարին, պարզւում է, որ ի դէմս Հայկի, ունենք Հայր Աստուծոյ կերպաւորումը21: Աւանդութեան մէջ Հայկը հայրն է տարուայ ամիսների, իսկ երկնքում էլ Հայկը հայրն է Կենդանաշրջանի աստեղատների:

Զանց առնելով բազմաթիւ մանրամասները, նշենք, որ ըստ Հայկի այսպիսի մեկնաբանութեան, օրացոյցը` այսինքն ժամանակը Հայկն աստեղատան գլխաւոր աստղով կարգաւորելը հնում պիտի նշանակած լինի պարզապէս առաջնորդուել Հայր Աստուծոյ (Արարչի) կարգով, նրա սահմանածով, ապրել նրա ժամանակով:

Ուշագրաւ է, որ իրերի այսպիսի (կատարեալ, աստուածային) վիճակը ենթարկուել է նաեւ լուրջ խեղումների: Այսպէս. քննութիւնը ցոյց է տալիս, որ երկնքում համաստեղութիւնների դա- սաւորութեան մէջ արտայայտուած է նաեւ աստուածաշնչեան յայտնի պատմութիւնը նախաստեղծ Մարդու (Ադամի) մեղանչման եւ Դրախտից արտաքսման մասին: Կենդանաշրջանի այն մասում, որը հակադիր է Հայկին, ունենք Օձակիր կոչուող մեծ համաստեղութիւնը: Սա երկնային քարտէզի վրայ պատկերւում է մերկ տղամարդու կերպարանքով, որ ձեռքերի մէջ պահում է մի երկար գալարուն օձ: Այս աստեղատունը իր պատկերած կերպարով ու մի շարք առնչութիւններով նոյնանում է նախաստեղծ Մարդու կերպարին` ըստ Հայր Աստծու պատկերի եւ նմանութեան: Հայկը (Հայր Աստուած, Արարիչը) ինքը դուրս լինելով Կենդանաշրջանից (լինելով Երկրից դուրս), Կենդանաշրջանում ունեցել է իր կերպարը ի դէմս Օձակիր աստեղատան, որ իրեն կից Կշիռ եւ Աղեղնաւոր աստեղատների հետ միասին մասն է կազմել Կենդանաշրջանի: Սակայն հետագայում, ինչ-որ ժամանակ, խաթարուել է այս նախնական կարգը, եւ Օձակիրը Կենդանաշրջանից դուրս է մնացել, իր տեղը զիջելով Կարիճին: Այս Կարիճը, որ սկզբում դուրս է եղել Կենդանաշրջանից, մտել է Կենդա- նաշրջան եւ եղել այնքան մեծ, որ զբաղեցրել է նաեւ ժամանակակից Կշիռ կենդանակերպի տեղը: Հետագայում, սակայն, մեր Փրկչական դարաշրջանի սկզբի դարերում, այդ վիճակը փոքր ինչ շտկուել է, Կենդանաշրջանում էլի վերականգնուել է Արարչի խորհրդանիշ Կշիռ կենդանակերպը, թէպէտ Արարչի պատկեր Օձակիրը էլի դուրս է մնացել Կենդանաշրջանից: Համաստեղութիւններին վերաբերող այս «դէպքերը» զարմանալիօրէն ներդաշնակ են աստուածաշնչեան պատմութիւններին` Նախաստեղծ Մարդու (Ադամի) մասին, որ ստեղծուած էր ըստ Աստծու պատկերի եւ նմանութեան եւ տեղադրուած` Դրախտում, ու ապա գայթակղուելով-պարտուելով չարից, արտաքսուեց Դրախտից:

Բազմաթիւ այլ փաստեր եւս վկայում են, որ աստղալից երկնքի բաժանումն ըստ համաստեղութիւնների, կատարուել է խիստ որոշակի կրօնական-աշխարհայեացքային պատկե- րացումների համաձայն, եւ այդ նոյն պատկերացումների համակարգը արտացոլուած է նաեւ Հայկ Նահապետին վերաբերող պատմութիւններում, Աստուածաշնչում եւ հին Միջագետքի դիցաբանութիւնում: Այս առիթով տեղին է յիշել նաեւ, որ կայ լուրջ հիմնաւորուած տեսակէտ այն մասին, որ աստղալից երկնքի` այսօր մեզ յայտնի բաժանումն ըստ աստեղատների կատարուել է Հայկական Լեռնաշխարհի տարածքում ն.Ք. 2800-ական թուականներին: Դրան շատ ներդաշնակ է նաեւ այն, որ յիշեալ հնագոյն պատկերացումների բազմաթիւ էական բեկորներ ցայսօր պահպանուել եւ մեզ են հասել Հայոց ազգագրական բազմաթիւ դրսեւորումներում եւ նոյնիսկ` Հայոց լեզուում22: Եւ ժամանակը, օրացոյցը Հայր Աստուծոյ, Արարչի առաջնորդ աստղով կարգաւորելն էլ, որ արել են Հայերը, եղել է սոյն պատկերացումների մի կարեւոր բաղկացուցիչ մասը:

Է. Ժամանակն ու պատմական տուեալները: Անշուշտ, Հայկի կանոնականացուած-աստուածացուած կերպար լինե- լը բնաւ չի նշանակում, թէ նա չէր կարող ունենալ իսկական մարդկային նախատիպ: Տակաւին պատմահայր Խորենացին գիտէր, որ առասպելներն ունեն իրական պատմական հէնք, իսկ Հայկի մասին իր գրածները նա նոյնիսկ ոչ թէ առասպել, այլ ճշմարիտ պատմութիւն է համարել: Ուրեմն, առաւել եւս պէտք է Հայկը իրական պատմական նախատիպ ունեցած լինի: Բնականաբար, նոյնը վերաբերում է նաեւ Բէլին: Ուրեմն, կարելի է, եւ պէտք է փնտռել Հայկին ու Բէլին վերաբերող պատումների նախնական պատմական բնօրինակը: Ընդհանրապէս, հայագիտութեան մէջ ընդունուած է եղել Հայկի ու Բէլի վերաբերեալ պատմութիւնը դիտել իբր առասպել, լաւագոյն դէպքում էլ` դա համարել Վանի Արարատեան թագաւորութեան եւ Ասորեստանի տեւական առճակատում- ների արձագանգ, առասպելական վերապատում: Մի քանի փորձեր արուել են Հայկեան Արամ Նահապետին Արամէ Արարատցու հետ նոյնացնելու կամ Արա Գեղեցիկին նոյնացնելու Արգիշտի արքային: Սակայն այս բոլոր մօտեցումները այլ թերութիւններից զատ ունեն նաեւ մէկ ընդհանուր սկզբուն- քային թերութիւն. դրանք բոլորն էլ էապէս հակասում են Խորենացու ժամանակագրական համակարգին: Խորենացին Հայկից մինչեւ Ալէքսանդր Մակեդոնացի նշում է 54 տիրակալ Հայկի սերնդից: Եթէ սրանց ժամանակը հաշուենք, մի սերնդին տալով միջինում 30 տարի, կը ստանանք, որ Հայկը պիտի եղած լինի ն.Ք. 20-րդ դարում: Ընդ որում, սա ստորին սահմանն է23: Փորձ է արուել նաեւ Հայկի պատ- մութիւնը տեղադրել ն.Ք. 1115 – 1110 թթ. Թիգլաթպալասար Ա-ի Հայաստանեան արշաւանքներին զուգահեռ, սակայն սա եւս հակասում է Խորենացու ժամանակագրութեանը:

Հայկի մասին աւանդուած է, որ նա Հայաստան է եկել Բաբէլո- նից24: Բաբէլոն նշանակում է ոչ միայն այդ անուամբ քաղաքը, այլ նաեւ Բաբէլոնիա երկիրը, որ ըստ էութեան ստորին Միջագետքն է: Համադրելով սա մեր ստացուած տարեթուի (ն.Ք. 2341 թ.) հետ, կը ստանանաք հետեւեալ պատկերը:

Ն.Ք. 24-րդ դարում ստորին Միջագետքում եղել է Շումեր երկի- րը, իսկ ն.Ք. 2341 թուականն էլ համընկնում է Շումերի վաղդինաստիական շրջանի վերջին տիրակալ Լուգալզագէսիի գահակալման սկզբին: Այս թագաւորը նշանաւոր է նրանով, որ ինքը լինելով մի փոքրիկ քաղաքի տիրակալը, կարողացել է միաւորել-տիրել ամբողջ Շումերին: Մինչ այդ Շումերը բաղ- կացած է եղել անկախ քաղաք-պետութիւններից, որոնցից ամեն մէկն ունեցել է իր ինքնիշխան թագաւորը: Ահա Լուգալզագէսին առաջին անգամ կարողանում է միաւորել ողջ Շումերը: Բազմաթիւ մանր թագաւորներ, կորցնելով անկա- խութիւնը, բնականաբար, խիստ դժգոհ են մնում նրանից: Իր գործունէութեան բազմաթիւ կէտերով Շումերի այս մեծագործ տիրակալը էապէս ներդաշնակ է Հայկի ախոյեան Բէլին, որի մասին եւս պատմւում է, թէ կարողացել է բռնանալ ամենքի վրայ: Յայտնի է, որ Լուգալզագէսին արշաւել է դէպի հիւսիս, հասել Վերին ծովին, որ Վանայ լիճն է: Բէլի մասին էլ պատմւում է, որ հետապնդելով Հայկին, հասել է մինչեւ Վանայ ծովակի մօտ Հայոց ձոր գաւառը: Լուգալզագէսին պարտուեց Սարգոն Աքքադացուց, որ իր փոքրաթիւ զօրքով կարողացաւ ջախջախել Լուգալզագէսիի մեծաթիւ զօրքին, կոտորելով ու գերի բռնելով նրա բազմաթիւ դաշնակիցներին: Բացի այդ, Սարգոնը առաջինն էր, որ ռազ- մական գործում կիրառում է նետաձիգ զօրք եւ հէնց դրա շնորհիւ էլ հասնում է փայլուն յաջողութիւնների: Բէլի ախոյեան Հայկն էլ ունի փոքրաթիւ զօրք եւ անվրէպ նետաձիգ է, ու Բէլին էլ յաղթում-սպանում է նետահարելով:

Կարդալ նաև

Մշակութաբանություն Ազատություն տալ աշխարհին Արա Գուրզադյան Տրոհվող մի բնակչություն իր առօրյա անդունդի առաձգական հատակին, որ պիտի մխիթարվի պապանձված ըմբռնումի իր առաքինությամբ այդ առաձգականության գործակցի ամենօրյա չափումներով: Մեր պատմությունը կարծես սպառել է իր էթնիկական պատկանելիության պաշարները: Մենք… Մշակութաբանություն Մշակութային մոտեցում կոմունիկացիային Ջեյմս Վ. Քյարի Երբ տարիներ առաջ որոշեցի լրջորեն զբաղվել կոմունիկացիայի մասին գրականությամբ, մի խելոք մարդ ինձ խորհուրդ տվեց սկսել Ջոն Դյուիից: Այդ խորհրդին հետևելու համար երբեք չեմ զղջացել: Թեև Դյուին իր թերություններն ունի (Ուիլիամ Ջեյմսի նկարագրությամբ` նրա… Մշակութաբանություն Երկխոսություն Արա Գուրզադյան -Սերգեյ Խաչիկօղլյան Արա Գուրզադյան. – «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը հետխորհրդային շրջանի նշանակալից մշակութային նախաձեռնություններից է հայ իրականության մեջ: Կարծում եմ, որ աննախադեպ աշխատանք է տարվել և տարվում է այսօր, պետական և հասարակական…