Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը (մաս 2)
Այս ամենը շատ համահնչուն է Նաւասարդի օրը Հայկի աստղի ծագման հետ: Այդ աստղի ծագումն էլ եղել է գիշերը, գի- շերուայ վերջում, գիշերուայ Առաւօտ ժամին, որ արեւածագից առաջ է եւ նշուել է յատուկ ծէսերով ու հանդիսութեամբ27: Նաւասարդի տօնի բեկորներ են նաեւ գիշերային ջրային լոգանքները, որ եղել են Համբարձմանը նաեւ Ամանորին, աղբիւրներին եւ ընդհանրապէս ջրերին արուած ցորենի ու հացի ընծայումները, յատուկ ծիսական հացը (կամ բաղարջը), որ կոչուել է Տարի եւ որի մէջ դրուած ոսկեայ դրամով կատարուել է գուշակութիւն: Նաւասարդեան բեկորներ են նաեւ Բարեկենդանեան խաղերը, որոնցում անպայման եղել է ծիսական թափօր թագաւորի գլխաւորութեամբ: Տարբեր տեղեր Բարեկենդանեան խաղերն ու թափօրները կոչուել են Carnaval, որ գալիս է հին Միջագետքից: Միջագետքում հնում տարեմուտին տօնում էին Մարդուկ աստծու Ջրաշխարհից (Սանդարամետից) ցամաք` Լոյս Աշխարհ դուրս գալը. ընդ որում, Մարդուկը Ջրաշխարհից ցամաք է ելել նաւով, եւ նաւի տակ էլ եղել են անիւներ` ցամաքում իբր կառք գնալու հա- մար: Ըստ այդմ էլ Carnaval նշանակել է Car navalis – Նաւակառք:
Շատ ուշագրաւ են նաեւ Տէրնդէզի ծէսերը: Այս տօնը ժողովրդական սովորութեամբ կապուած է կրակի հետ, թէպէտ եկեղեցին խոտելի է համարել այդ հրավառութիւնը, այդուհանդերձ, շատ տեղերում այդ օրը խարոյկներ են վառուել հէնց եկեղեցու բակում եւ վառողն էլ եղել է քահանան կամ այդ տարուայ մի նորափեսայ: Ծխի ուղղութեամբ էլ գուշակուել է գալիք տարուայ բերքը: Այս տօնին եղել է նաեւ կրկնապսակ անելու սովորութիւն:
Նաւասարդեան մի բեկոր էլ ունենք ի դէմս Ծաղկազարդի: Սա կոչուել է նաեւ Ծառզարդար: Այս տօնին եկեղեցում ծառ են զարդարել, ընդ որում` զանազան պտուղներով: Սա, անշուշտ, նախօրինակն է մերօրեայ Ամանորի տօնածառերի, որոնք էլի զարդարւում են պտղակերպ խաղալիքներով: Ծաղկազարդին եկեղեցում օրհնւում են արմաւենու, ձիթենու կամ ուռենու ոստեր: Սրանք բոլորն էլ սրածայր տերեւներով բոյսեր են, որով եւ նշանակը, խորհրդանիշն են Արեւի: Ի դէպ, նոյնն է եւ եղեւնին, որ փշատերեւ է:
Նաւասարդեան տօնահանդէսի մի շատ կարեւոր վերապրուկ էլ ունենք ի դէմս Հայոց աւանդական հարսանեաց ծէսի: Այս ծէսը տեւել է 7 օր (որ համահնչուն է Նաւասարդը արեւադար- ձից ութ կամ եօթն օր առաջ նշուելուն): Հարսանեաց ծէսում էլ եօթն օրերից իւրաքանչիւրն ունեցել է իր խորհուրդը, իր ծէսն ու կարգը: Եղել է եւ ծիսական զոհաբերութիւն (երկուշաբթի օրը քաւորի եւ փեսայի մասնակցութեամբ եզը մորթելը), ծիսական թափօր փեսայի ու հարսի (թագաւորի ու թագուհու) գլխաւորութեամբ: Հարսանեաց եօթնօրեակի վերջն էլ` նորապսակ հարս ու փեսայի մերձեցումը եւ արիւնոտ սաւանի ցուցադրումը, զուգահեռ է ծիսական ամուսնութեանը, որ կատարուել է Նոր Տարուայ ծէսերի շարքում տակաւին շատ վաղ ժամանակներից:
Ի մի հաւաքելով Հայոց հնագոյն գլխաւոր տօնից մեզ հասած բեկորները, կարելի է դառնում մօտաւոր կերպով վերականգնել այդ հնագոյն մեծ տօնահանդէսի հետեւեալ որակական պատկերը:
Նաւասարդի տօնը իր սկզբնաւորման ժամանակներում եղել է բազմօրեայ տօնակատարութիւն իրար ագուցուած տօներով: Կատարուել է ամառային արեւադարձի շրջանում, գարնան եւ ամռան սահմանին: Տօնակատարութեանը նախորդել է 70-օրեայ նախատօնական նախապատրաստական շրջան, կապուած Հայկի աստղի չերեւալու շրջանի հետ, որ ընկալուել է իբր Հայկ-Հայր Աստուծոյ Անդրաշխարհ-Սանդարամետ իջնելը (մահացած լինելը): Այս շրջանում կատարուել են տարբեր ծէսեր, եղել են զանազան արգելքներ, կապուած Անդրաշխարհի եւ դրա խորհրդանիշերի հետ: Ի մասնաւորի, չի գործածուել կաթնամթերք, մայրամուտից յետոյ կանայք չեն գործել, արգելուել է ամուսնութիւնը եւ այլն: Այս 70 օրերի սկիզբը, ըստ արդի օրացոյցի, պիտի եղած լինի Ապրիլի 5-ին: Արգելքի շրջանն էլ սկսուել է Անդրաշխարհի հետ կապուած ծէսով. եփուել է բակլայ եւ ճաշակուել, իբր նշան սգոյ, թաղման: Արգելքների այս 10 շաբաթներին յաջորդել է բուն Նաւասարդեան տօնակատարութիւնը, որ տեւել է 7 օր: Սկսուել է արեւադարձից (ամառնամուտից) մի շաբաթ առաջ եւ տեւել է մինչեւ արեւադարձ: Դատելով ըստ տօների խորհուրդների, այս տօնակատարութիւնը սկսուել է Անդրաշխարհին ձօնուած օրով (երկուշաբթի) եւ աւարտուել է Արեւի օրով` կիրակիով (արեւադարձի օրը պիտի յարմարեցուած լինէր կիրակիին):
Այս տօնական շաբաթուայ բոլոր օրերը ձօնուած են եղել համապատասխան աստուածների, եւ իւրաքանչիւր օր նշուել է համապատասխան տօնը: Տօնական շաբաթուայ սկզբում կատարուել են արարողութիւններ ու ծէսեր, կապուած Սանդարամետի խորհուրդների հետ: Այդ օրուայ գիշերը եղել է սրբացուած, կատարուել է գիշերային ծէս, հսկել են, որ դիտեն Հայկի աստղի առաջին անգամ ծագելը Արեւից առաջ: Դա էլ տեղի է ունեցել գիշերուայ Առաւօտ ժամին: Կատարուել է զոհաբերութիւն եւ զոհասեղանի ոզջակէզի ծուխն էլ, որ կոչուել է ծուխ ծխանի, ունեցել է բացառիկ կարեւորութիւն: Այդ ծխով, դրա ուղղութեամբ գուշակութիւններ են արուել երկրի գալիք բարեկեցութեան վերաբերեալ:
Տօնաշարքի կենտրոնը` 4-րդ օրը ձօնուած է եղել Հայկին-Արարչին: Այդ օրը կատարուել է հանդիսաւոր թափօր թագաւորի եւ թագուհու գլխաւորութեամբ: Այդ (կամ յաջորդ) օրը եղել է բերքի երախայրիքի ընծայում Աստծուն: Առաջին հերթին ընծայուել են նորահաս ցորեն, գարի, դրանցից պատրաստուած հաց, բաղարջ ու նաեւ վաղահաս պտուղներ: Տեղի է ունեցել տարուայ առաջին բերքի հանդիսաւոր օրհնութիւն, որից յետոյ միայն արտօնուել է այն ճաշակել: Եղել է պարտադիր ծիսական կերակուր` հարիսան, որ եփուել է ցորենով (կամ գարիով) եւ զոհաբերուած կենդանու մսով (այդ օրուայ զոհի կենդանին երեւի պէտք է եղած լինի ուլը կամ գուցէ եղջերուն): Հարիսան էլ եփուել է գիշերուայ ընթացքում եւ ճաշակուել առաւօտեան ծէսից յետոյ: Տօնակատարութեան 6-րդ օրը` շաբաթ, եղել է ծիսական ամուսնութիւնը, որ կատարել է թագաւորը անպայման կոյս մի քրմուհու հետ: Հաւատ է եղել, որ այս ծէսի յաջող ելքից (կոյսի յղիացումից) է կախուած ողջ երկրի մարդկանց, կենդանիների եւ ծառ ու թփի արգասաւորութիւնը, բերրիութիւնը: Յապացոյց այս սուրբ կենակցութեան կայացման, թագաւորի առնականութեան, ցուցադրուել է արիւնոտ սաւանը: Տօնակատարութեան 7-րդ օրը` կիրակի, որ եղել է հէնց արեւադարձի օրը, ձօնուած է եղել Արեւին: Այդ օրը Արեւը հասել է երկնքում իր ամենաբարձր դիրքին:
Պահպանուած եւ մեզ հասած պատմական տեղեկութիւնները եւ ժողովրդական սովորութիւնները վկայում են, որ Նաւասարդեան բազմօրեայ տօնակատարութիւնները արուել են բացօթեայ, բնութեան գրկում: Ընդ որում, այդպէս եղել է սկզբից եւեթ, եւ այդպէս շարունակուել է ընդհուպ մինչեւ այդ տօնի խափանումը Գրիգոր Լուսաւորչի սահմանած նոր տօներով:
Նաւասարդեան տօնի բացօթեայ լինելը վկայութիւն է այս տօնի շատ մեծ վաղեմութեան եւ դրա կատարողների աւանդապահութեան: Իրօք, մի ժողովուրդ իր գլխաւոր բազմօրեայ տօնը բացօթեայ կը կատարէր, եթէ չունենար, կառուցած չլինէր տաճարներ (այդ տօնը սահմանելու ժամանակ): Իսկ սա էլ պիտի եղած լինի շատ վաղ անցեալում, երբ տակաւին ձեւաւորուած չէր պաշտամունքային շինարարութեան աւանդոյթը: (Սրան համահնչուն է Հրեաների կրօնի հին շրջանը, երբ տաճարի կառուցումից առաջ, նրանք իրենց կրօնական պէտքերը հոգում էին, ծէսերը կատարում էին բացօթեայ եւ իրենց սրբութիւններն էլ պահում էին շարժական խորաններում):