Ռուբիկոն

Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը (մաս 2)

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Հայկի բարեփոխած օրացոյցը ապրում է շատ երկար, սակայն իր ծալքերում պահպանում-մեզ է հասցնում դրա նախորդ Նախահայկեան օրացոյցի մասին բազմաթիւ տեղեկութիւններ:

Առաւել հին հայկական օրացոյցների մասին առայժմ ստոյգ ոչինչ ասել հնարաւոր չէ: Սակայն, մեզ հասած որոշ վկայութիւնների հիման վրայ կարելի է ենթադրել, որ հաւանաբար, Նախահայկեան օրացոյցից առաջ Հայաստանում կիրառուել է լուսնա-արեգակնային օրացոյց: Այստեղ ամիսները պիտի եղած լինեն լուսնային (այսինքն, ամիսները միշտ սկսուեն նորալուսնով), որ տեւում է միջինում 29.5 օր: Առայժմ քննութեան առնուած տուեալները բաւարար չեն սրա մասին աւելի մանրամասն պատկերացում կազմելու համար:

* * *

Ի մի բերելով ամբողջ շարադրուածը, ստանում ենք հայկական օրացոյցի զարգացման հետեւեալ ընթացքը: Արեգակնային օրացոյցը Հայաստանում կիրառուել է շատ վաղուց: Կարելի է ասել, նախապէս դա եղել է ոչ թէ զուտ արեգակնային, այլ աստղա-արեգակնային օրացոյց: Տարի է համարուել Հայկի (Հայր Աստուծոյ) աստղի երեւալու շրջանը միայն: Իսկ մնացեալ ժամանակը համարուել է տարուց դուրս: Տարին ունեցել է միայն 10 ամիս (30-ական օրով) եւ տեւել է 300 օր: Տարեմուտն էլ եղել է գարնան վերջում, ամառնամուտից մօտ մի շաբաթ առաջ եւ որոշուել է Հայկի աստղի առաջին առաւօտեան ծագումով:

Ն.Ք. 2341 թուին Հայկ Նահապետը արմատապէս փոխում է այս օրացոյցը: Նա տարուց դուրս եղած շուրջ 70 օրերը բաժանում է երկու ամսի եւ կցում տարուն: Տարին դառնում է 12-ամսեայ իւրաքանչիւր ամիսը 30 օր տեւողութեամբ: Տարուայ 360 օրերից յետոյ դրւում են եւս 5 յաւելեալ օրեր, որով օրացուցային շրջանի տեւողութիւնը դառնում է 365 օր:

Այս կերպ, տարեմուտը դառնում է շարժական եւ մօտ 4 տարում մի օրով յառաջ ընկնում տարուայ եղանակների նկատմամբ: Սրա հետ մէկտեղ, իր նախկին տեղում է  թողնում գլխաւոր տօնը` Նաւասարդը, որ էլի նշւում է Հայկի աստղի առաջին ծագման օրը (ամառնամուտից մի շաբաթ առաջ) մեր հաշուով` Յունիսի 14-ին: Իր այս վիճակով, առանց էական փոփոխութիւնների, Հայկեան օրացոյցը ապրում է մինչեւ քրիստոնէութեան մուտքը Հայաստան:

Փրկչական 552 թուից սկսւում է Աթանաս Տարօնացու կազմած հայկական քրիստոնէական օրացոյցը: Այստեղ էլի կիրառւում են Հայկեան օրացոյցի շարժական տարիները, Նաւասարդի մէկ շարժուն տարեմուտով: 552-ին Նաւասարդի 1 = Յուլիսի 11:

Եօթներորդ դարում Անանիա Շիրակունին բարեփոխում է այս օրացոյցը: Նա տարեմուտը առանձնացնում է Նաւասարդի մէկից եւ կայուն դնում Յունուարի վեցի դիմաց: Չորս տարին մէկ փոխւում է տարեմուտին համապատասխանող հայկական ամիս-ամսաթիւը: Ա. Շիրակունին նաեւ կազմում է 532-ամեայ մանրամասն օրացուցային աղիւսակներ, որոնցում իւրաքանչիւր տարուայ համար տրւում են կարեւորագոյն տօների օրերն ու այլ էական տոմարական մակաչափեր. ընդ որում այդ ամենը տրւում է ե՛ւ հայկական, ե՛ւ էլ հռոմէական ամիս-ամսաթուերով: Անանիա Շիրակունու բարեփոխութեամբ Հայոց Մեծ թուականի առաջին տարին սկսւում է 553 թ. Յունուարից (իսկ ըստ Աթանասի սկսուում էր 552 թ. Յուլիսի 11-ից): Թէպէտ Շիրակունու կազմած անշարժ տոմարը չի վաւերացւում եկեղեցու ժողովով, այդուհանդերձ, դրանից յետոյ Հայոց Մեծ թուականը կիրառւում է երկու տարբերակներով. ոմանք կիրառում են այն ըստ Աթանասի սահմանածի, ոմանք էլ` ըստ Անանիայի բարեփոխածի:

ԺԲ դարի սկզբում Յովհաննէս Սարկաւագը էական երկու փոփոխութիւն է մտցնում Հայոց աւանդական օրացոյցի մէջ: Նախ. նա ամսակարգի մէջ մուծում է նահանջի օր, որ չորս տարին մէկ դրւում է Մեհեկան եւ Արեգ ամիսների միջեւ (Մարտի 8-ի դիմաց) եւ դրանից զատ, կտրուկ տեղաշարժում է տարեմուտը: Նաւասարդի մէկը, որ այդ ժամանակ շրջելով հասել էր Փետրուար ամսի վերջերը, նա անշարժ դնում է Օգոստոսի 11-ի դիմաց: Ստացւում է Հռոմէական Յուլեան տոմարի նման անշարժ օրացոյց, որտեղ Հայ-Հռոմէական ամիս-ամսաթուերի զուգաւորութիւնը միշտ մնում է նոյնը (նաեւ նահանջ տարին): Սարկաւագադիր օրացոյցը ունենում է համեմատաբար սահմանափակ կիրառութիւն: Այս օրացոյցի հիման վրայ են կառուցուած «Յայսմաւուրք» ժողովածուները եւ «Յայսմաւուրացոյց» կոչուող օրացուցային աղիւսակները: Սարկաւագադիր կարգի հետ միասին կիրառւում է նաեւ Հայոց Փոքր թուականը, որի տարեհաշիւն սկսւում է 1084 թուի Օգոստոսի 11-ից:

Հետագայ դարերում ստեղծուում են նաեւ այլ հայկական օրացոյցներ, որոնք բոլորն էլ ունենում են յոյժ սահմանափակ կիրառութիւն:

  1. Սա գալիս էր հին Հրէական օրացոյցից, որ լուսնա-արեգակնային էր, եւ տարուայ սկիզբ էր համարւում գարնանային առաջին նորալուսինը: Հրէականից էլ սա մտաւ քրիստոնէական տոմարական աւանդոյթի մէջ: Իսկ Հրէից այսպիսի օրացոյցն էլ փոխառութիւն է հին Բաբէլականից:
  2. Յայտնի է նաեւ «Մտրուկ» անունով: Ընդհանրապէս, հարկ է նկատել, որ Մեծ թուականը Մեծ կարող էր յորջորջուել միայն Փոքրի ի յայտ գալուց յետոյ` այդ երկու թուականներն իրարից տարբերելու նպատակով. այսինքն, ե՛ւ Մեծ, եւ Փոքր թուական անունները պիտի ի յայտ եկած լինեն Փոքր թուականի սկսուելուց յետոյ միայն:
  3. Յովհաննէս Սարկաւագի տոմարական գործունէութեան եւ նրա ստեղծած օրացոյցի մասին մանրամասն տե՛ս Գր. Բրուտեան, Հայոց Տոմարի որոշ հարցերի մասին, Հայոց Փոքր թուական (Սարկաւագադիր տոմար), «Էջմիածին» 1994, թիւ Դ – Ե, էջ 100-116:
  4. Աւելի մանրամասն այս մասին տե՛ս Գրիգոր Բրուտեան, Անանիա Շիրակացու «Խառնախորանը»:
  5. Այս եւ այլ մանրամասներ տե՛ս Գր. Բրուտեան, «Էջմիածին», 1994, թիւ Դ – Ե, էջ 100 – 116:
  6. 1460 տարին հայկական շարժուն ամսաթուերի կրկնման, պտոյտի պարբերութիւնն է Հռոմէական Յուլեան օրացոյցի ամսաթուերի նկատմամբ (365.25 X 1460 = 365 X 1461): Իրօք, 1460 տարին մէկ կրկնւում է հայկական շարժուն ամսաթուերի եւ Յուլեան ամսաթուերի միեւնոյն զուգակշռութիւնը:
  7. Սա 365-օրեայ օրացոյցի պտտման պարբերութիւնն է 365.2422-օրեայ արեւադարձային տարուայ նկատմամբ (365.2422 X 1506 = 365 X 1507):
  8. Մանրամասն տե՛ս Գր. Բրուտեան, ՙԷջմիածին՚, 1994, թիւ Դ – Ե, էջ 100 – 116:
  9. Այս մասին տե՛ս Գր. Բրուտեան, Հայոց Տոմարի որոշ հարցերի մասին. Հայոց օրացոյցը մինչեւ Մեծ թուականը, «Էջմիածին» 1984, թիւ Ե, էջ 54 – 58:
  10. Արեգակնային ամբարձումը աստղի առաջին առաւօտեան ծագումն է դրա չերեւալու շրջանից յետոյ: Արեգակնային անկումն էլ աստղի վերջին իրիկնային մայրամուտն է չերեւալու շրջանից առաջ: Այս երեւոյթը արդիւնք է Երկրի պտոյտի որոշ առանձնայատկութիւնների: Դրանց հետեւանքով հիւսիսային բեւեռից բաւականաչափ հարաւ գտնուող աստղերը տարուայ մէջ որոշ ժամանակ տուեալ վայրից դիտելի չեն: Հէնց այս ժամանակամիջոցի սկիզբն ու վերջն էլ տուեալ աստղի արեգակնային անկումն ու ամբարձումն են:
  11. Զարմանալի զուգադիպութեամբ Եգիպտոսից այս աստղի (Sirius-ի) դիտումներով որոշուած տարուայ տեւողութիւնը (ի հետեւանք աստղի դիրքի եւ որոշ այլ բաների) եղել է հէնց 365.25 օր, այսինքն, ճիշդ այնքան, ինչքան Յուլեան տարուայ տեւողութիւնն է եղել դրանից շատ յետոյ: Սրա շնորհիւ էլ Եգիպտական 365-օրեայ շարժական տարին այս աստղի ծագման օրուայ նկատմամբ շրջան է կատարել 1460 տարում:
  12. Հինգերորդ դարում այս տօնի ազդեցութեամբ արեւմտեան եկեղեցին Քրիստոսի ծննդեան օրը Յունուարի 6-ից տեղափոխեց Դեկտեմբերի 25-ը, որ սակայն չընդունուեց Հայոց եւ որոշ այլ արեւելեան եկեղեցիների կողմից:
  13. Իրիկնային ծագումը (ակրոնական ամբարձում) աստղի ծագումն է Արեւի մայրամուտի պահին: Արեգակնային ամբարձումների եւ անկումների մասին տե՛ս ծնթ. 10:
  14. Մանրամասն տե՛ս Գր. Բրուտեան, «Էջմիածին», 1985, թիւ Ա, էջ 51 – 57, թիւ Բ – Գ, էջ 72 – 80: 

Կարդալ նաև

Մշակութաբանություն Ազատություն տալ աշխարհին Արա Գուրզադյան Տրոհվող մի բնակչություն իր առօրյա անդունդի առաձգական հատակին, որ պիտի մխիթարվի պապանձված ըմբռնումի իր առաքինությամբ այդ առաձգականության գործակցի ամենօրյա չափումներով: Մեր պատմությունը կարծես սպառել է իր էթնիկական պատկանելիության պաշարները: Մենք… Մշակութաբանություն Մշակութային մոտեցում կոմունիկացիային Ջեյմս Վ. Քյարի Երբ տարիներ առաջ որոշեցի լրջորեն զբաղվել կոմունիկացիայի մասին գրականությամբ, մի խելոք մարդ ինձ խորհուրդ տվեց սկսել Ջոն Դյուիից: Այդ խորհրդին հետևելու համար երբեք չեմ զղջացել: Թեև Դյուին իր թերություններն ունի (Ուիլիամ Ջեյմսի նկարագրությամբ` նրա… Մշակութաբանություն Երկխոսություն Արա Գուրզադյան -Սերգեյ Խաչիկօղլյան Արա Գուրզադյան. – «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը հետխորհրդային շրջանի նշանակալից մշակութային նախաձեռնություններից է հայ իրականության մեջ: Կարծում եմ, որ աննախադեպ աշխատանք է տարվել և տարվում է այսօր, պետական և հասարակական…