Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը (մաս 2)
Թ. Նախահայկեան օրացոյցը: Մովսէս Խորենացին պատմում է, որ Հայկը, Բաբէլոնից Հայաստան (Արարատի երկիր) գալով, այնտեղ գտնում է սակաւաթիւ մարդկանց, որոնց հպատակեցնում է: Ապա գալիս է Հարք (Տուրուբերան աշխարհը), եւ այստեղ էլ լինում են սակաւ մարդիկ, որ կամովին հնազանդւում են Հայկին:
Բնական է, որ Հայկի գալուստից առաջ Հայաստանում եղածները ունեցել են իրենց մշակոյթը եւ դրա մէջ, անշուշտ, նաեւ օրացոյցը: Ինչպիսի՞ն է եղել այդ (Նախահայկեան) օրացոյցը: Այս մասին ուղղակի տուեալներ մեզ չեն հասել: Բայց պարզւում է, որ քննելով Հայկեան օրացոյցը, կարելի է շատ բան պարզել դրան նախորդած օրացոյցի մասին28:
Ինչպէս արդէն նշուեց, միջնադարի շատ հեղինակներ (Անանիա Շիրակունի, Յովհ. Սարկաւագ, Գր. Տաթեւացի, Յովհ. Վանական եւ այլոք) պատմում են, որ Հայոց օրացոյցի ամիսները կոչուել են Հայկի զաւակների անուններով: Տարբեր հեղինակներ, թուելով Հայկի զաւակ-ամիսները, տալիս են որդի-դուստր տարբեր յարաբերութիւններ: Բայց ուշագրաւ է, որ բոլորն էլ միաձայն նշում են, որ միայն 10 ամիսներ են կոչուել Հայկի զաւակների անուններով, իսկ միւս երկու ամիսները կոչուել են այլ կերպ (ի գործոց կամ ի վերայ եղանակացդ):
Համեմատելով տարբեր հեղինակների յայտնածները Հայկի զարմերի մասին, ստանում ենք, որ Հայկի տաս զաւակներից երեքը եղել են որդիներ, եօթը` դուստրեր: Մ. Խորենացին էլ մեզ է հասցրել այդ երեք որդիների անունները` Մանաւազ, Խոռ ու Արամանեակ (կամ Արամենակ): Աւագը եղել է Մանաւազը, կրտսերը` Արամանեակը29: Ընդ որում, Հայկի որդիները, որպէս Հայր Աստուծոյ որդիներ, եղել են արեգակնային աստուածներ եւ խորհրդանշել են Արեւի երեք դիրքերը: Աւագ որդին` Մանաւազը, նշանակել է մայր մտնող Արեւը (Ման-Մեն-Լուսին): Միջնեկ որդին` Խոռը, եղել է միջօրէի կիզող, այրող Արեւը (Խոր-Խար-Հուր): Իսկ ծագող Արեւն էլ համապատասխանել է կրտսեր որդի Արամանեակին, որն էլ լինում է Հայկի ժառանգորդը, նրա գործը շարունակողը: Հայկի դուստրերին վերաբերող անուանական յիշատակութիւններ մեզ չեն հասել (հաւանական է` չեն էլ եղել):
Հայկի զաւակ-ամիսների ընդամենը 10 լինելը լաւ ներդաշնակում է այն փաստին, որ Հայկի աստղն էլ տարուայ մէջ Հայաստանից չի երեւացել 70 օր: Տարուայ 365 օրերից այս 70 օրը հանելով, կը ստանանք 295 օր, որ հաւասար է 10 լուսնային ամսի: Սա մտածել է տալիս, որ Նախահայկեան օրացոյցում տարին պարունակել է միայն 10 ամիս, իսկ մնացած ժամանակը համարուել է տարուց դուրս: Այստեղ զանց առնելով հարցիս մանրամասն քննութիւնը, նշենք միայն, թէ ինչպիսի պատկեր է ստացւում Նախահայկեան օրացոյցի կառուցուածքի համար:
Պարզւում է, որ մինչեւ Հայկի Հայաստան գալն ու մեզ յայտնի Հայկեան Բուն օրացոյցի հիմնելը, Հայաստանում կիրառուել է մի շատ հետաքրքիր օրացոյց: Այս օրացոյցում տարի է համարուել միայն այն ժամանակահատուածը, որի ընթացքում գիշերային երկնքում երեւացել է Հայկն աստեղատան գլխաւոր աստղը: Տարին սկսուել է հէնց այս աստղի արեգակ- նային ամբարձումով (առաջին անգամ ծագելով) եւ տեւել է այնքան, քանի դեռ հնարաւոր է եղել երկնքում տեսնել այդ աստղը: Այս աստղի վերջին երեւալով էլ (արեգակնային անկումով) տարին աւարտուել է: Այս ժամանակը տեւել է 295 – 300 օր: Հէնց 300 օր էլ համարուել է տարուայ տեւողութիւնը: Ի դէպ, սա ներդաշնակ է Խորենացու պատմածին, որ Հայկը Հայաստան է եկել 300 մարդկանցով: Իրօք, եթէ Հայկի զաւակները տարուայ ամիսներն են, բնական է, որ նրա հետի միւս մարդիկն էլ լինեն տարուայ օրերը:
Այս 300 օրերից դուրս մնացած ժամանակը համապատաս- խանել է Հայկի աստղի չերեւալու շրջանին: Համարուել է, որ այս ընթացքում աստուածների հայրը եղել է Անդրաշխարհում (եղել է մահացած): Եւ դրան զուգահեռ էլ այդ օրերը եղել են արգելքի օրեր: Այդ օրերի ընթացքում արգելք է եղել բազմաթիւ գործողութիւնների վրայ: Ի մասնաւորի, արգելուած է եղել նաեւ ամուսնութիւնը:
Տարուայ սկիզբն ու վերջը միշտ կապուած են եղել պաշտուող աստղի արեգակնային ամբարձմանն ու անկմանը, որով եւ մեծ ճշդութեամբ այդ օրերը մնացել են անշարժ: Տարին բաժանուած է եղել 10 ամիսների, իւրաքանչիւրը 30 օր տեւողութեամբ: Իսկ տարուց դուրս մնացած ժամանակամիջոցը տեւել է 65 – 70 օր: Բանն այն է, որ Հայկի աստղի չերեւալու շրջանը եղել է իրօք 70 օր, բայց որպէսզի դա ներդաշնակեցուի 300-օրեայ տարուայ հետ, տարուայ վերջին ամսի վերջին 5 օրերը համարուել են միաժամանակ ե՛ւ տարուայ 300 օրերի կազմում, եւ էլ 70-օրեայ արտատարեկան օրերի մէջ: Որպէսզի Նախահայկեան օրացոյցի այսպիսի կառուցուածքը տարօրինակ չթուայ, նշենք, որ իր բազմաթիւ կէտերով սա շատ նման է հին հռոմէական եւ էտրուսկեան օրացոյցներին: Հռոմէական հին օրացոյցի մասին շատ հին հեղինակներ են վկայել: Յայտնի է, որ այդտեղ էլ տարին եղել է միայն 10 ամիս, իսկ մնացեալ ժամանակը համարուել է տարուց դուրս: Յայտնի է նաեւ, որ Նումա Պոմպիլիոսի օրօք հռոմէական տարուայ վրայ յաւելուեցին եւս երկու ամիս` Փետրուարն ու Յունուարը:
Հայկական եւ հռոմէական օրացոյցների համեմատութիւնը հնարաւոր է դարձնում առաւել լրիւ հասկանալ դրանցից իւրաքանչիւրը: Սրա միջոցով հասկանալի է դառնում, թէ ինչու է հին հռոմէական տարին պարունակել միայն 10 ամիս, ինչու հետագայում յաւելուած ամիսներից Փետրուարը ձօնուած է եղել Անդրաշխարհի աստուածներին, եւ շատ այլ բաներ: Իսկ ինչ վերաբերում է հայ-հռոմէական օրացուցային զարմանալի ընդհանրութիւնները բացատրելուն, պէտք է մտածել, որ հաւանաբար, կապող օղակը Էտրուսկներն են, որոնք, գաղթած լինելով Փոքր Ասիայից, իրենց հետ տարել են նաեւ իրենց փոքրասիական մշակոյթի շատ տարրեր (նաեւ օրացոյցը) եւ ապա դա փոխանցել Լատիններին: Անշուշտ, հնարաւոր են այլ բացատրութիւններ եւս:
յսպիսով, մինչեւ Հայկ Նահապետի Հայաստան գալը, Հայաստանում կիրառուել է մի օրացոյց (պայմանականօրէն կ՛անուանենք Նախահայկեան օրացոյց), որի տարին պարունակել է միայն 300 օր, բաղկացած 10 ամիսներից: Տարին սկսուել է Հայկն աստեղատան գլխաւոր աստղի առաջին առաւօտեան ծագումով: Տարուայ 300 օրերից յետոյ եղել է մի ժամանակահատուած, որ դուրս է համարուել տարուց: Տարուայ ընթացքում Հայկի աստղը երեւացել է երկնքում, իսկ տարուց դուրս օրերին չի երեւացել: Այս` տարուց դուրս օրերը համարուել են դուռ, որով անցում է կատարուել հին տարուց դէպի նոր տարի: Այս դուռ համարուած 70 օրերի ընթացքում երկնքում Արեւը անցել է Ցուլ կենդանակերպից Առիւծ (յիշենք հայկական հէքեաթներում Դրախտի դռանը պահակ կանգնած Առիւծն ու Ցուլը): Տարին վերջացել է (Հայր Աստուածը մտել է Անդրաշխարհ), երբ Արեւը եղել է Ցուլում եւ Նոր տարին սկսուել է (աստուածների հայրը ելել է Լոյս Աշխարհ), երբ Արեւը եղել է Առիւծ կենդանակերպում:
Առայժմ ստոյգ յայտնի չէ, թէ երբուանից է կիրառուել այս օրացոյցը: Գիտենք միայն դրա կիրառութեան աւարտը: Ն.Ք. 2341 թուին Հայկը բարեփոխում է այս օրացոյցը: Նա տարուց դուրս եղած օրերը բաժանում է երկու ամիսների եւ կցում է տարուն: Տարին դարձնում է 365-օրեայ, շարժական, բայց իր տեղում է թողնում տարեմուտի տօնը, որ էլի շարունակում է տօնուել Հայկի աստղի արեգակնային ամբարձման շրջանում, ամիս-ամսաթուից անկախ: