Ռուբիկոն

Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը (մաս 2)

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Այստեղ խոչընդոտ կարող է լինել միայն այն, որ հնարաւոր է, այդ օրացոյցի սկզբից յետոյ օրացոյցում ինչ-ինչ փոփոխութիւններ տեղի ունեցած լինեն եւ խզուած լինի ամսահաշուի անընդհատ ընթացքը: Անշուշտ, նման պարագայում իրաւունք չենք ունենայ հայկական շարժական օրացոյցով ետհաշուարկ անելու եւ դրա սկիզբը գտնելու: Սակայն, բարեբախտաբար, եղած փաստերի քննութիւնը համոզում է մեզ, որ հայկական շրջիկ ամսակարգում խզումներ, կտրուկ փոփոխութիւններ չեն եղել, որը եւ մեզ թոյլ է տալիս առանց սխալուելու վախի կատարել օրացուցային ետհաշուարկը եւ այդ միջոցով որոնել-գտնել օրացոյցիս սկիզբը16: Կատարելով օրացուցային ետհաշուարկ, գտնում ենք, որ Հայոց շարժական օրացոյցի տարեմուտը` Նաւասարդի մէկը Հայկի գլխաւոր աստղի արեգակնային ամբարձման օրուան զուգադիպել է հետեւեալ տարիներին: Փրկչական 560 թ. Յուլիսի 9-ին, ն.Ք. 893 թ. Յուլիսի 7-ին, եւ ն.Ք. 2341 թ. Յուլիսի 4-ին: (Այս ամսաթուերը տրուած են Յուլեան օրացոյցի համակարգով): Սրանից աւելի վաղ տարեթուերը չենք քննել զուտ պատմական նկատառումներով:

Այս երեք տարեթուերից ամենանորը` Փրկչ. 560 թուականը, անշուշտ, մեր որոնած սկզբնատարին չէ, թէկուզ այն պարզ պատճառով, որ ունենք դրանից աւելի վաղ հայկական օրա- ցոյցի (ամիսների, ամսաթուերի) օգտագործման օրինակներ: Մնում է պարզել, թէ միւս երկու տարեթուերից որն է Հայոց օրացոյցի սկզբնատարին:

Ն.Ք. 893 թուականը բաւական մօտ է Արարատեան թագաւորութեան տիրակալ Արամէի գահատարիներին: Ըստ արդի պատմագիտութեան, ընդունուած է Արամէ Արարատցու գա- հատարիները համարել ն.Ք. 860 – 840 թթ.: Ընդհանրապէս, տարածուած մօտեցում է, այս տիրակալին համարել Վանի Արարատեան թագաւորութեան հիմնադիրը, առաջին արքան: Եւ, ըստ այդմ, գուցէ թէ կարելի լինէր ն.Ք. 893 թուին օրացոյցի սկզբնաւորումը կապել Արամէի գործունէութեան սկզբի հետ, համարելով, որ նա արքայական հարստութեան հետ միասին հիմնել է նաեւ օրացոյց: Ա՛յս դէպքում հարկ պիտի լինէր 33-ամեայ ժամանակային անհամաձայնութիւնը բացատրել կամ իբրեւ մեր հաշուարկի սխալ, կամ էլ` իբրեւ Արամէի ժամանակագրութեան անճշդութիւն: Այս մօտեցումը, թէպէտ գայթակղիչ է երեւում նրանով, որ մօտիկ է մեզ յայտնի պատմական դէպքերին, այդուհանդերձ, ընդունելի լինել չի կարող, եւ ահա թէ` ինչու:

Նախ, որ Արամէն ոչ թէ տուեալ արքայական հարստութեան առաջին տիրակալն է, այլ մեզ յայտնի առաջինը, իսկ սրանք բնաւ միեւնոյնը չեն: Ոչ մի փաստ չունենք, որի հիման վրայ կարելի լինի պնդել, թէ նա իրօք առաջինն է: Ընդհակառակը, եղած փաստերը յուշում են, որ նա, աւելի հաւանական է, պիտի եղած լինի մի այլ արքայական հարստութեան վերջին ներկայացուցիչը, որից յետոյ Արարատեան երկրի իշխանութիւնն անցել է Վանի տիրակալների ընտանիքին: Իսկ եթէ իրօք Արամէն արքայատան առաջին ներկայացուցիչը չէ (առաւել եւս` եթէ վերջինն է), նշանակում է, յարմար չէ նաև նրա օրօք օրացոյցի հիմնադրութիւն դնելը:

Ընդհանրապէս, հնում Առաջաւոր Ասիայում ընդունուած է եղել սեփական ինքնուրոյն օրացոյցը դիտել իբր ինքնիշխանութեան, պետական անկախութեան նշանակ, անկախ պե- տականութեան պարտադիր ստորոգելի: Այս առումով, անշուշտ, բնական է, որ նոր օրացոյցի հիմնումը, սկզբնաւորումը կապուած լինի նոր պետութեան կամ նոր արքայատան հիմնման հետ: Իսկ, ինչպէս տեսնում ենք, ն.Ք. 893 թիւը այս առումով յարմար չէ: Այս թուականին ոչ միայն չունենք նոր պետութեան սկզբնաւորում, այլ ընդհակառակը, հաւանաբար սրան մօտ տարիներին պիտի եղած լինի մի հին արքայատան տապալում, իշխանութեան անցում մի ուրիշին: Քանի որ ն.Ք. 893 թիւը Հայոց օրացոյցի սկիզբ համարելու օգտին եղած միակ փաստը Արամէի գահատարիների եւ այդ տարեթուի մօտիկութիւնն է, եւ այդ մօտիկութիւնն էլ, ինչպէս ցոյց են տալիս փաստերը, ոչ մի կերպ չի կարող կռուան լինել օրացոյցի սկիզբը այդ թուին դնելու օգտին, բնակա- նաբար, հարկ է հրաժարուել այս տարեթուից եւ Հայոց օրացոյցի սկիզբը փնտռել այլ ժամանակներում:

Մեր ստացած երրորդ տարեթիւն է ն.Ք. 2341 թուականը: Այդ տարի Յուլիսի 4-ին (ըստ Յուլեան տոմարի հաշուարկի) Հայաստանի տարածքից դիտուել է Հայկի գլխաւոր աստղի արեգակնային ամբարձումը, եւ այդ օրն էլ եղել է Նաւասարդի մէկը17: Ի՞նչ տուեալներ կան հայկական օրացոյցի սկիզբը այս թուին դնելու օգտին կամ դրան դէմ:

Այս հնագոյն թուականը որակապէս ներդաշնակ է միջնադարի հայ տոմարագէտների յայտնածներին: Այսպէս. Անանիա Շիրակունին, պատմելով, որ Հայոց օրացոցի հիմնադիրը Հայկն է, նրան անուանում է Նոյի որդի Յաբեթի սերունդից և ժամանակն էլ դնում է «յառաջ քան զմարդեղութիւն բանին Աստուծոյ»: Փաստօրէն, Շիրակունին հետեւում է Մար Աբասի, Եւսեբիոս Կեսարացու, Խորենացու ժամանակագրութեանը` Հայկին տեղադրելով ն.Ք. երրորդ հազարամեակում` համաշխարհային Ջրհեղեղից եւ Աշտարակաշինութիւնից յետոյ:

Աւելի պերճախօս է Յովհաննէս Սարկաւագը: Ըստ Սարկաւագ վարդապետի, Հայկը տոմարը հիմնել է «յառաջ քան զՄովսէս»: Այսինքն, ստացւում է, որ ըստ Շիրակունու եւ Սարկաւագի, Հայոց օրացոյցի հիմնումը պիտի եղած լինի Ջրհեղեղից, Աշտարակաշինութիւնից յետոյ եւ Մովսէսից առաջ: Հրէից Մովսէս մարգարէի ժամանակն այսօր որոշուած է բաւական յուսալի: Ըստ արդի տուեալների, Մովսէսի գոր- ծունէութիւնը եւ Հրէից ելքը Եգիպտոսից եղել է ն.Ք. 1250 – 1230 թթ.: Իսկ ինչ վերաբերում է Աշտարակաշինութեանը, ըստ արդի հնագիտութեան ու պատմագիտութեան տուեալ- ների, Աստուածաշնչում այս մասին յիշատակուած պատմու- թիւնները ձեւաւորուել են ն.Ք. 2-րդ հազարամեակի սկզբից ոչ ուշ: Աստուածաշնչեան ջրհեղեղի նախօրինակն էլ ընդունուած է համարել Շումերների պատմութիւնը Զիուսուդրայի վերապրած ջրհեղեղի մասին, որ առկայ է Գիլգամէշի մասին շումերական դիցավէպում: Գիլգամէշն էլ ներկայումս համարւում է իրական պատմական անձ` Ուրի առաջին հարստութեան հինգերորդ տիրակալը` ն.Ք. 27 – 26-րդ դարերում: Ստանում ենք, որ Անանիա Շիրակունու եւ Յովհաննէս Սարկաւագի տուած ժամանակային կողմնորոշիչներով Հայոց օրացոյցի հիմնումը պիտի ընկած լինի ն.Ք. 27 – 13-րդ դարերի միջակայքում: Աստ քննարկուող` ն.Ք. 2341 թիւը շատ լաւ բաւարարում է այս պայմանին, այսինքն, այս տարեթիւը ներդաշնակ է հայ միջնադարեան երկու ականաւոր տոմարագէտների տուած ժամանակային տուեալներին:

Այս թուականը չի հակասում նաեւ Մովսէս Խորենացու տուած ժամանակագրութեանը: Ըստ Խորենացու, Հայկից, որը տո- մարի հիմնողն է, մինչեւ Վահէ, որը ժամանակակից է Ալէքսանդր Մակեդոնացուն, 54 սերունդ է: Եթէ Վահէի ժամանակը դնենք ըստ Ալէքսանդրի` ն.Ք. 330 թ., ապա կը ստացուի, որ 54 սերունդների համար կը լինի 2011 տարի. սա կը տայ մի սերնդի համար միջինում 37 տարի, որ շատ հեռու չէ ընդունուած միջինից (30 տարի): Ընդ որում, նշենք, որ այս 37- ը այդ թուի վերին սահմանն է միայն, իսկ դրա իրական արժէքը կարող է եւ աւելի փոքր լինել (հնարաւոր է, ցուցակից որոշ անուններ բաց են թողնուել. տե՛ս նաեւ ծանօթ. 45):

Կարդալ նաև

Մշակութաբանություն Ազատություն տալ աշխարհին Արա Գուրզադյան Տրոհվող մի բնակչություն իր առօրյա անդունդի առաձգական հատակին, որ պիտի մխիթարվի պապանձված ըմբռնումի իր առաքինությամբ այդ առաձգականության գործակցի ամենօրյա չափումներով: Մեր պատմությունը կարծես սպառել է իր էթնիկական պատկանելիության պաշարները: Մենք… Մշակութաբանություն Մշակութային մոտեցում կոմունիկացիային Ջեյմս Վ. Քյարի Երբ տարիներ առաջ որոշեցի լրջորեն զբաղվել կոմունիկացիայի մասին գրականությամբ, մի խելոք մարդ ինձ խորհուրդ տվեց սկսել Ջոն Դյուիից: Այդ խորհրդին հետևելու համար երբեք չեմ զղջացել: Թեև Դյուին իր թերություններն ունի (Ուիլիամ Ջեյմսի նկարագրությամբ` նրա… Մշակութաբանություն Երկխոսություն Արա Գուրզադյան -Սերգեյ Խաչիկօղլյան Արա Գուրզադյան. – «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը հետխորհրդային շրջանի նշանակալից մշակութային նախաձեռնություններից է հայ իրականության մեջ: Կարծում եմ, որ աննախադեպ աշխատանք է տարվել և տարվում է այսօր, պետական և հասարակական…