Ռուբիկոն

Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը (մաս 2)

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Գալով երկրորդ կէտին (տօների օրերին), նկատենք, որ այս դէպքում էլ անշարժ օրացոյցը անհրաժեշտութիւն չէ: Յայտնի է, որ հնում Միջագետքում, Եգիպտոսում եւ այլուր մարդիկ իմացել են աստղերի դիտումներով տարուայ մէջ անշարժ օրեր որոշելու կերպը: Դիտուել են պայծառ աստղերի արեգակնային ամբարձումներն ու անկումները10, որոնցով շատ մեծ ճշդութեամբ որոշուել են անշարժ օրեր տարուայ մէջ:

Աստղերի դիտումներով որոշել են նաեւ երկրագործական աշխատանքների ժամկէտները: Հաշուի առնելով համարեա բոլոր հին կրօնների սերտ կապը երկնային լուսատուների հետ, շատ սպասելի է, որ այդ կրօնների տօների օրերն էլ որոշուէին աստղերի դիտումներով եւ ոչ այլ կերպ: Դրա ամենավառ օրինակն են հին Եգիպտացիք, որոնք իրենց տարեկան տօներից ամենագլխաւորը տօնում էին Շնաստղի (Sirius-ի) արեգակնային ամբարձման հետ: Այս աստղը նրանք պաշտել են եւ դրանով էլ որոշել են իրենց գլխաւոր տօնի օրը: Նոյնիսկ օրացուցային շրջանը` 1460-ամեակը11, կոչել են այդ աստղի անունով` Սոթիական շրջան (աստղը նրանք կոչել են Սոթիս – «Լուսափայլ»): Եւ հազարամեակներ շարունակ Եգիպտացիներն առաջնորդուել են այս աստղի դիտումներով ու կարիք չեն ունեցել անշարժ օրացոյցի: Ընդհակառակը, մեծ նախանձախնդրութեամբ պաշտպանել են իրենց աւանդական շարժական օրացոյցը:

Ինչպէս տեսնում ենք, սա եւս չի կարող փաստարկ ծառայել յօգուտ անշարժ օրացոյցի գոյութեան: Այն միջոցները, որ կիրառուել են Հայաստանի հարեւան երկրներում, կարող էին կիրառուել նաեւ Հայաստանում, առաւել եւս, որ յայտնի է բարձր զարգացած աստղագիտութեան առկայութիւնը Հայոց երկրում տակաւին ն.Ք. երրորդ հազարամեակից:

Մնում է երրորդ փաստարկը` հայ եւ օտար ամսաթուերի զուգադրումները: Եթէ չենք ուզում Մաշտոցին ու նրա դպրոցի թարգմանիչներին մեղադրել տգիտութեան մէջ, պէտք է կամ ընդունենք, որ նրանց ձեռքի տակ եղել է մի անշարժ օրացոյց, եւ կամ էլ համարենք, որ յիշեալ զուգադրումներն արել են ոչ նրանք: Նախորդ հետազօտողները գնացել են այս ուղիներից առաջինով. այդ զուգադրութիւններից եզրակացրել են, որ Մաշտոցի ժամանակ եղել է մի անշարժ հայկական օրացոյց, որն էլ նրանք (թարգմանիչները) օգտագործել են:

Այս զուգադրումների քննութիւնը ցոյց է տալիս, որ դրանք ոչ թէ հէնց թարգմանիչների ձեռքի գործն են, այլ յետսամուտ են եւ շարադրանքի մէջ են մուծուել թարգմանուելուց յետոյ. ամենայն հաւանականութեամբ` հէնց առաջին արտագրութիւնների-բազմացումների ժամանակ:

Բանն այն է, որ այս զուգադրութիւնների ճնշող մեծամասնութիւնը ունի միակերպ կառուցուածք: Շարադրանքում նախ գրուած է օտար անշարժ օրացոյցի ամիս-ամսաթիւը, ապա` «որ է» յաւելումով` հայկականը: Սա, մեղմ ասած, տարօրինակ է, զի նոյն թարգմանիչները Սուրբ Գրքում եւ այլուր թարգմանել են ամեն ինչ, նոյնիսկ համաստեղութիւնների անունները եւ բոլոր դէպքերում էլ օտար անուան փոխարէն դրել են համարժէք հայկականը, առանց բացատրելու` «որ է»: Եւ միայն ամսաթուերի դէպքում ունենք նման բացատրական շարադրանք: Բացի այդ, էական է, որ այս զուգադրութիւնները միարժէք չեն. տարբեր զուգադրումներ բերում են Նաւասարդի մէկի տարբեր դիրքերի: Սա եւս ցոյց է տալիս դրանց յետսամուտ լինելը: Իրօք, դրանք միարժէք չեն նոյնիսկ Աստուածաշնչում: Իսկ յայտնի է, որ Աստուածաշունչը թարգմանուելուց յետոյ լրիւ վերանայուել է Սահակ Պարթեւի կողմից: Բնական է, որ այս դէպքում լինէր ամբողջ Աստուածաշնչում տեղ գտած զուգադրումների միարժէքութիւն, որ, սակայն, չկայ: Շատ չծաւալուելով, նշենք, որ այս ամենը բերում է նրան, որ օրացուցային զուգադրութիւնները Աստուածաշնչում եւ 5-րդ դարի բազմաթիւ այլ թարգմանութիւններում ոչ թէ թարգմանիչների արածներն են, այլ շարադրանքի մէջ են մուծուել (գուցէ լուսանցքից) առաջին արտագրութիւնների ժամանակ: Իսկ սա էլ նշանակում է, որ Մաշտոցն ու իր դպրոցի թարգմանիչները չեն ունեցել հայկական անշարժ օրացոյց, ուրեմն եւ այդպիսի բան չի եղել: Ինչպէս տեսնում ենք, անշարժ օրացոյցի գոյութիւնը ոչ մի փաստով չի հաստատւում: Ուրեմն, մնում է միայն շարժական օրացոյցը: Այսինքն, Մեծ թուականից առաջ Հայոց մօտ անշարժ օրացոյց չի եղել: Եղել է միայն 365-օրեայ տարիով ու շարժական տարեմուտով աւանդական օրացոյցը, որի հիման վրայ էլ յետոյ ստեղծուել է Հայոց Մեծ թուականը (ապա եւ` Փոքր թուականը):

Իրենց անշարժ տօների ժամանակն էլ հնում Հայերը պիտի որոշած լինէին, ամենայն հաւանականութեամբ, աստղերի դիտումներով: Այսինքն, օրացոյցն եղել է շարժական, իսկ օրացոյցից անկախ (անկախ ամիս-ամսաթուից) եղել են նաեւ տօներ, որոնք ունեցել են իրենց կայուն դիրքը տարուայ մէջ, եւ դրանց օրերը որոշուել են աստղերի դիտումներով: Այդ կերպ պիտի որոշուած լինի նաեւ հին Հայոց գլխաւոր տօնի` Նաւասարդի օրը: Այս տօնը, որ կրում է նոյն անունը, ինչ եւ առաջին ամիսը, պիտի տարբեր եղած լինի համանուն ամսից: Նաւասարդի ամիսը շրջիկ էր, եւ Նաւասարդի 1-ը 1506 տարում շրջում էր տարուայ եղանակներով: Իսկ Նաւասարդի տօնը եղել է կայուն. կապուած չի եղել նոյնանուն ամսուայ հետ, եւ այդ տօնի օրն էլ որոշուել է ինչ-որ աստղի (կամ աստղերի) դիտումներով: Թէ երբ է եղել այդ տօնը, որ աստղի դիտումով են որոշել տօնի օրը, կը քննենք ստորեւ:

Ե. Հայոց Բուն թուականի սկիզբը: Անկասկած է, որ հնում Հայերն ունեցել են անշարժ տօներ, այսինքն այնպիսիք, որոնց դիրքը արեւադարձային տարուայ մէջ եղել է կայուն: Ինչի՞ վրայ է հիմնուած այս պնդումը: Նախ նշենք, որ ազգագրութիւնը պահպանել եւ մեզ է հասցրել հնագոյն ժամանակներից ժառանգուած բազմաթիւ հայկական ժողովրդական ծէսեր, սովորութիւններ, որոնք անպայմանօրէն պիտի կապուած լինեն որոշակի եղանակային պայմանների հետ: Օրինակ, Վարդավառի ջրախաղերը, որ կարելի է անել միմիայն տարուայ տաք եղանակին, տարբեր տօների հետ կապուած բացօթեայ միջոցառումները, ծաղիկներով եւ այլ բոյսերով արուող գուշակութիւնները եւ այլն: Պարզ է, որ Հայաստանի խստաշունչ ձմեռների պայմաններում անկարելի պիտի լինէր բացօթեայ, դաշտային տօնահանդէսներ անցկացնելը կամ ծաղիկներով գուշակութիւններ անելը, էլ չասած` ջրախաղերի եւ ջրային լոգանքների մասին: Այս ամենը մտածել են տալիս, որ հնում Հայերն էլ շատ այլ ժողովուրդների պէս, ունեցել են տօներ, որոնց դիրքը տարուայ մէջ կապուած է եղել խիստ որոշակի բնական-եղանակային դրութեան հետ: Կայ մի այլ հանգամանք եւս: Յայտնի է, որ նախքան քրիստոնէութիւնը Հայստանում եղել է (ի թիւս այլ պաշտամունքների) նաեւ Արեւի պաշտամունք: Արեւապաշտութիւնը Հայերի մէջ պէտք է, որ շատ խոր արմատներ ունեցած լինի: Եւ դրա ցայ- տուն վկայութիւն կարելի է դիտել այն, որ քրիստոնէութեան մուտքից ու պետական-պաշտօնական ընդունումից աւելի քան ութ դար անց Հայաստանում դեռ եղել են արեւապաշտ- ներ (արեւորդիներ), որոնց մասին վկայում է Հայոց հայրապետ Ներսէս Շնորհալին: Իսկ Արեւի պաշտամունքը, բնականաբար, պիտի կապուած լինէր այդ լուսատուի տարբեր դիրքերի հետ, այսինքն, արեւադարձերի եւ գիշերահաւասարների հետ: Յայտնի է, օրինակ, որ Հռոմէական կայսրութեան մէջ միհրապաշտութեան շրջանում շատ մեծ հանդիսութեամբ Դեկտեմբերի 25-ին տօնում էին «Անյաղթ Արեւի ծննդեան» տօնը, որ փաստօրէն համընկնում էր ձմեռային արեւադարձին12:

Կարդալ նաև

Մշակութաբանություն Ազատություն տալ աշխարհին Արա Գուրզադյան Տրոհվող մի բնակչություն իր առօրյա անդունդի առաձգական հատակին, որ պիտի մխիթարվի պապանձված ըմբռնումի իր առաքինությամբ այդ առաձգականության գործակցի ամենօրյա չափումներով: Մեր պատմությունը կարծես սպառել է իր էթնիկական պատկանելիության պաշարները: Մենք… Մշակութաբանություն Մշակութային մոտեցում կոմունիկացիային Ջեյմս Վ. Քյարի Երբ տարիներ առաջ որոշեցի լրջորեն զբաղվել կոմունիկացիայի մասին գրականությամբ, մի խելոք մարդ ինձ խորհուրդ տվեց սկսել Ջոն Դյուիից: Այդ խորհրդին հետևելու համար երբեք չեմ զղջացել: Թեև Դյուին իր թերություններն ունի (Ուիլիամ Ջեյմսի նկարագրությամբ` նրա… Մշակութաբանություն Երկխոսություն Արա Գուրզադյան -Սերգեյ Խաչիկօղլյան Արա Գուրզադյան. – «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը հետխորհրդային շրջանի նշանակալից մշակութային նախաձեռնություններից է հայ իրականության մեջ: Կարծում եմ, որ աննախադեպ աշխատանք է տարվել և տարվում է այսօր, պետական և հասարակական…