Ռուբիկոն

Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը (մաս 2)

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Անշուշտ Յովհաննէս Սարկաւագը չէր կարող իմացած չլինել, թէ ինչ կերպ են ծագել յիշեալ զուգադրումները հայ եւ օտար ամսաթուերի միջեւ: Սակայն տարեմուտի ընտրութեան հարցում նա ոեւէ այլ ելակէտ չունէր, ուստի եւ ընտրում է տարեմուտն այնպէս, որ գոնէ կարեւորագոյն, լաւագոյն գրքերում եղած զուգադրումները ներդաշնակ լինեն իր ստեղծած նոր օրացոյցի կարգին: Այդ կերպ էլ, ահա, նա իր ստեղծած անշարժ օրացոյցով «հաւերժացնում» է, «սրբագործում» է 428 թուի օրացուցային դրութիւնը, երբ իրօք Նաւասարդի 1 = Օգոստոսի 11: Սրանից զատ ոեւէ այլ բացատրութիւն, այլ պատճառ այս Օգոստոսի 11 տարեմուտը չունի: Նոյն կերպ էլ` 428 թիւը ոեւէ բանով նշանաւոր տարի չէ հայկական օրացոյցի համար: Այս տարեթուի «բացառիկ» լինելն էլ պայմանաւորուած է միմիայն Սարկաւագ վարդապետի ընտրած տարեմուտով:

Սարկաւագադիր օրացոյցին վերաբերող միւս կարեւոր հարցը նահանջ տարիներին ամսակարգի մէջ աւելացուող օրուայ (նահանջի օրուայ) դիրքի հարցն է: Երկար ժամանակ արդի հայ տոմարագիտութեան մէջ իշխել է այն տեսակէտը, թէ իբր Սարկաւագ վարդապետը չորս տարին մէկ նահանջի օրը յաւելել է տարեվերջում` աւելեաց 5 օրերից յետոյ (համարել են, որ չորս տարին մէկ այսպէս կոչուած` «աւելեաց ամիսը» դարձել է 6 օրանոց): Այս պատկերացումը ժառանգուել է հեղինակից հեղինակ եւ նոյնիսկ ըստ սրա են կազմուած բազմաթիւ գրքերում տպուած աղիւսակները` Սարկաւագադիր օրացոյցի պարզաբանման համար: Այդուհանդերձ, այս պատկերացումը տոմարական ոեւէ փաստի վրայ յեցած չէ եւ չի համապատասխանում իրականութեանը: Իսկ, թէ որն է նահանջի օրուայ ստոյգ տեղը, շատ յստակ նշուած է Յով- հաննէս Սարկաւագ Իմաստասէրի տոմարական աշխատութիւններում:

Յովհաննէսի խմբագրած խառնախորանում Օգոստոս ամսուայ էջում Նաւասարդի մէկից առաջ աւելեաց 5 օրերից յետոյ ոչ մի նշում չկայ նահանջի օրուայ մասին: Իսկ, որպէս նահանջի օրուայ տեղ, նշուած է Մեհեկան եւ Արեգ ամիսների արանքը: Այստեղ Մարտ ամսուայ էջում, Մարտի 8-ի դիմաց, Արեգ ամսի սկզբից առաջ գրուած է. «Հայք զաւելորդ նահանջին աստ դնեն»: Նոյնի վերաբերեալ յստակ նշում կայ եւ «Պատճէն տոմարի» աշխատութիւնում: Այստեղ էլ Սարկաւագադիր կարգին վերաբերող մասում գրուած է, որ նահանջ տարիներին Մեհեկան ամիսը դառնում է 31 օր5:

Ստացւում է, որ ըստ Սարկաւագի տոմարական աշխատու- թիւնների, Սարկաւագադիր կարգում նահանջի օրը դրուել է Մարտի 8-ի դիմաց` Հայոց Մեհեկան եւ Արեգ ամիսների միջեւ (որ նոյնն է, թէ Մեհեկանը դառնար 31 օր): Մեհեկանը Հայոց ամիսների մէջ 7-րդն է, եւ օրինական հարց է առաջանում, թէ ինչո՞ւ է Սարկաւագ վարդապետը 7-րդ ամսից յետոյ դրել նահանջի օրը:

Այս հարցի պատասխանը շատ պարզ է: Բանն այն է, որ հռոմէական օրացոյցում, ինչպէս յայտնի է, նահանջի օրը չորս տարին մէկ մուծւում էր (եւ է) Փետրուար եւ Մարտ ամիսների միջեւ` Փետրուարի 28-ից յետոյ (որ այժմ ընկալում ենք իբր Փետրուարի 29): Սարկաւագ վարդապետն էլ խնդիր է ունեցել այնպէս մուծել նահանջի օրը, որ նուազագոյնի հասնի նահանջ տարիներին առաջացող հայ եւ հռոմէական ամիսների զուգընթացութեան խախտումը: Իսկ դրա համար նահանջի օրուայ յարմարագոյն տեղը Փետրուարի 29-ին մերձակայ հայկական ամսամուտն էր: Փետրուարի 29-ին ամենամօտ հայկական ամսամուտը Արեգի մէկն էր, որ ըստ Սարկաւագադիր կարգի պիտի համընկէր Մարտի 9-ին: Ահա, դրանից առաջ էլ` Մարտի 8-ի դիմաց, Յովհաննէսը դնում է նահանջի օրը: Դրանով, իրօք, նուազագոյնի է հասցւում հայ-հռոմէական ամիսների զուգընթացութեան խախտումը նահանջ տարիներին: Դա դառնում է ընդամենը ութ օր (Մարտի 1-ից Մարտի 8-ը), որից առաջ եւ յետոյ հայ-հռոմէական ամսաթուերի զուգընթա- ցութիւնը կայուն է բոլոր տարիների համար:

Այսպիսով, Սարկաւագադիր անշարժ օրացոյցի համար ստացւում է հետեւեալ պատկերը: Տարուայ միջին տեւողու- թիւնը 365.25 օր է: Տարեմուտ է Նաւասարդի մէկը, որ կայուն դրուած է Օգոստոսի 11-ին: Չորս տարին մէկ էլ նահանջի օրը յաւելւում է Մեհեկան եւ Արեգ ամիսների արանքը` Մարտի 8-ի դիմաց, որ երբեմն համարուել է նաեւ Մեհեկան 31: Այսպիսով, այս օրացոյցում կայուն դիրք են ստացել բոլոր կայուն օրերը: Ստորեւ կարճառօտ աղիւսակով տանք Սարկաւագադիր օրացոյցի ամսամուտերը:

Նաւասարդի    մէկ = Օգոստոսի          11,

Հոռի               մէկ = Սեպտեմբերի     10,

Սահմի            մէկ = Հոկտեմբերի       10,

Տրէ                մէկ = Նոյեմբերի          9,

Քաղոց            մէկ = Դեկտեմբերի       9,

Արաց             մէկ = Յունուարի          8,

Մեհեկան         մէկ = Փետրուարի        7,

Արեգ              մէկ = Մարտի              9,

Ահեկան           մէկ = Ապրիլի             8,

Մարերի           մէկ = Մայիսի             8,

Մարգաց          մէկ = Յունիսի            7,

Հրոտից           մէկ = Յուլիսի             7:

Աւելեաց օրերն էլ միշտ ունեն հետեւեալ դիրքը.

Աւելեաց առաջին         օր (Լուծ)            = Օգոստոսի 6,

Աւելեաց երկրորդ         օր (Եղջերու)      = Օգոստոսի 7,

Աւելեաց երրորդ           օր (Ծկրաւորի)   = Օգոստոսի 8,

Աւելեաց չորրորդ         օր (Արտախոյր)  = Օգոստոսի 9,

Աւելեաց հինգերորդ  օր (Փարազնոտի)   = Օգոստոսի 10:

Այս զուգադրութիւնները Սարկաւագադիր օրացոյցում կայուն են եւ չեն փոխւում նաեւ նահանջ տարիներին:

Քանի որ այսքան ընդարձակ խօսք եղաւ նահանջի մասին, աստ մի փոքր անդրադառնանք նաեւ դրա հետ կապուած մի տարածուած թիւրիմացութեան:

Շարժական տարեմուտով օրացոյցների կապակցութեամբ յաճախ կիրառւում է «հանդիպման» կամ «վերադարձի» տարի հասկացութիւնը: Սրա իմաստն այն է, որ ինչ-որ կայուն պարբերութեամբ տուեալ օրացոյցի շարժուն տարեմուտը վերադառնում է իր նախնական դիրքին, հանդիպում է էլի իր սկզբնակէտին: Այս երեւոյթը յայտնի է յունարէն ապոկա- տաստասիս անունով: Ահա, նոր շրջանի որոշ հայ տոմարագէտներ, կարծելով, թէ հնում հայկական տոմարում յատուկ նշուել է այդ երեւոյթը, պնդել են, թէ իբր հնում 1460 տարին մէկ Հայոց օրացոյցում յատուկ նշուել է օրացուցային շրջանի հանդիպման երեւոյթը, հաշուից դուրս է թողնուել այդ ընթաց- քում գոյացած մէկ յաւելեալ տարին, եւ այդ հանդիպման տա- րին էլ կոչուել է նահանջից նահանջ տարի6:

Այստեղ մի անգամից երկու թիւրիմացութիւն կայ: Նախ, որ հայկական հին օրացոյցում չի եղել եւ չէր էլ կարող լինել հանդիպման երեւոյթի հասկացութիւնը. ամեն դէպքում, Յուլեան օրացոյցի ամսաթուերի նկատմամբ դա լինել չէր կարող, քանի որ 365.25-օրեայ տարիներով այդ օրացոյցն ինքն այնքան էլ հին չէ: Հանդիպման երեւոյթ հայկական օրացոյցը կարող էր դիտել միայն տարուայ եղանակների կրկնութեան, կամ էլ ոեւէ աստղագիտական երեւոյթի (աստղերի ծագումի, արեւադարձերի եւնի) նկատմամբ: Այս դէպքում էլ պարբերութիւնը պիտի լինէր ոչ թէ 1460, այլ 1506 տարի7: Ամեն դէպքում, այս մասին էլ մեզ ոչ մի փաստ չի հասել: Իսկ գալով նահանջից նահանջ եզրը օրացուցային շրջանի հանդիպման երեւոյթին վերագրելուն, սա ակնյայտ թիւրիմացութիւն է: Նահանջից նահանջը տոմարական եզր է, որ հայկական օրացոյցում կիրառուել է 19-երեակ, կամ 28-երեակ տարիները նշանակելու համար: Այսինքն, նահանջից նահանջը, որպէս օրացուցային եզր, գալիս է ոչ թէ հայկական բնիկ շարժական օրացոյ- ցից, այլ ՙանշարժ՚ օրացոյցների հետ հայկականի համեմատութիւնից:

Կարդալ նաև

Մշակութաբանություն Ազատություն տալ աշխարհին Արա Գուրզադյան Տրոհվող մի բնակչություն իր առօրյա անդունդի առաձգական հատակին, որ պիտի մխիթարվի պապանձված ըմբռնումի իր առաքինությամբ այդ առաձգականության գործակցի ամենօրյա չափումներով: Մեր պատմությունը կարծես սպառել է իր էթնիկական պատկանելիության պաշարները: Մենք… Մշակութաբանություն Մշակութային մոտեցում կոմունիկացիային Ջեյմս Վ. Քյարի Երբ տարիներ առաջ որոշեցի լրջորեն զբաղվել կոմունիկացիայի մասին գրականությամբ, մի խելոք մարդ ինձ խորհուրդ տվեց սկսել Ջոն Դյուիից: Այդ խորհրդին հետևելու համար երբեք չեմ զղջացել: Թեև Դյուին իր թերություններն ունի (Ուիլիամ Ջեյմսի նկարագրությամբ` նրա… Մշակութաբանություն Երկխոսություն Արա Գուրզադյան -Սերգեյ Խաչիկօղլյան Արա Գուրզադյան. – «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը հետխորհրդային շրջանի նշանակալից մշակութային նախաձեռնություններից է հայ իրականության մեջ: Կարծում եմ, որ աննախադեպ աշխատանք է տարվել և տարվում է այսօր, պետական և հասարակական…