Բերկրանքի հայտնությունը
Վլադիմիր Մալյավին
Արդի քաղաքակրթությամբ սնված մարդը այնչափ երկար էր տարված աշխարհին տիրելու իր պայքարով, որ թվում է, գրեթե տարավարժվել է կյանքով զվարճանալուց: Եվ ովքե՞ր են Արևմուտքի հերոսները: Իր անհեռատես բարյացակամության համար պատժված Պրոմեթև՞սը: Սեփական հետաքրքրասիրության զոհը դարձած Ֆաո՞ւստը: Իր նողկանքն առ կյանքը կենսասերի դիմակի տակ թաքցրած Դոն Ժուա՞նը:
Չին իմաստուններն ապրում էին աշխարհի միանգամայն այլ զգացումով և ըմբռնումով: Նրանք չէին ծանրաբեռնում իրենց ո՛չ գիտենալու անհրաժեշտությամբ, ո՛չ ստեղծագործելու անհրաժեշտությամբ, ո՛չ էլ պատվիրաններն իրագործելու անհրաժեշտությամբ: Նրանք ապրում էին ոգու գաղտնի ազատությամբ, որը շնորհում է նույնքան գաղտնի, կողքից անտեսանելի, բայց անսպառ բերկրանքը կեցության, անսպառ, ինչպես հենց ինքը ժամանակը: Եվ թող որ այդ իմաստության գաղտնիքները թաղված լինեն ժամանակների անտակ ջրհորում: Դրանք, միևնույն է, անհնար է թաքցնել. դրանք փայլում և շողշողում են աշխարհի ամենայն գույներով շուրջը եռացող կյանքի լուսավոր հայելում, գոյի բոլոր երևույթների մակերեսին:
Ըստ էության, իմաստությունը խնդության և ըմբռնողության, մտքի և զգացմունքի այդ աննշմարելի միաձուլումն է: Երբևէ մարդիկ կսովորեն դատել քաղաքակրթությունների հասունացման մասին ըստ կեցության պարզ խնդությունները գնահատելու իրենց ունակության: Եվ պատահական է արդյո՞ք, որ Չինաստանի քաղաքակրթությունը, որ հնագույններից մեկն է աշխարհում, ամենայն երկրային բարիքներից, նույնիսկ երկնային երանությունից բարձր է դասել ամենաանհավակնոտ բարօրությունը` կյանքի առողջ և բերկրալի ինքնազգացողությունը: Քանզի հենց կյանքը, կյանքը որպես գոյի առատություն և լիություն, իր ամեն մի մասնիկում իսկական և միանգամայն բնական բարձրագույն բերկրանքն է: Ի վերջո մեր գոյությանն իմաստ է հաղորդում միայն բերկրանքը:
Եվ ահա անհրաժեշտ, Աստծո օրվա պես պարզ ու հասարակ խնդության պայմանը` իր «կամքով առ իշխանություն» և կյանքի հանդեպ տեխնոլոգիական անհոգի վերաբերմունքով խոհակալ սուբյեկտի բռնակալության հաղթահարումը: Ըստ էության, իշխանության այդ ծարավը, աշխարհի տեխնոկրատիկ տիրապետման և ճգնակեցական ինքնասանձահարման ակնբախորեն անհագ և անպտուղ ծարավը, դարձավ Արևմուտքի անսովոր նյութական զորեղության պատճառը, ինչպես նաև իր ոչ սակավ ապշեցուցիչ հոգևոր աղքատության կամ, ավելի ճիշտ, ինչ-որ ծրագրային բացասականության, նրա ոգու հավերժական անբավարարվածության պատճառը (ի դեպ, ավելորդ չէ հիշել, որ դեռևս Հեգելը աստվածացնում էր հենց այդ «մտքի ժխտողականությունը»):
Սակայն ինքն իր տերը դառնում է ոչ թե նա, ով իշխել է աշխարհին և ինքն իրեն, այլ նա, ով իշխել է հենց իշխելու ցանկությանը: Երանյալ է նա, ով ինքնահաղթահարման սխրանքում թույլատրել է աշխարհում ամեն ինչին լինել այն, ինչ է, ով աշխարհին աշխարհ է ընծայում և, ուրեմն, ինքն իր ներսում բացահայտել է պարգևի գաղտնիքը:
Չինական իմաստությունն անհաղորդ է արևմտյան տիպի ողբերգական հերոսին` նրան, ով մարտնչում է և հաղթում… սեփական կործանման գնով: Չինաստանի հուշամատյանները պատմում են չմարտնչող, բայց թաքուցյալ, սրտի ներքին ճանապարհով ընթացող հերոսի մասին, նրա մասին, ով լքել է աշխարհը և լքել է անկասելիորեն… հենց գնալու ցանկությունը, ով ինչ-որ բանի տիրանալու հրաժարումով վերադարձնում է ինքն իրեն տիեզերական տարածությունների հավերժությունը և հոգու անհողդողդ անխռովությունը:
Չին իմաստունը «խաղաղ է աղքատության մեջ»: Եվ ավելին, որքան նա «աղքատ է», այնքան ազատ է այն ամենից, ինչը համակում է իր գիտակցությանը, այնքան ունակ է ընդգրկելու իրենով, այնքան շատ է նրա հոգում հանգիստը` ամենայն իրական խնդության պարտադիր պայմանը:
Ավանդությունը հայտնում է, որ առաջին չին իմաստունը, Կոնֆուցիոսը, տարիների մայրամուտին, հասնելով կրթվածության և խելքի անգերազանցելի բարձունքների, պարզապես «ապրում էր պարապության մեջ»: Բայց դեռևս Կոնֆուցիոսից առաջ դաոսիզմի հիմնադիր Լաո-ցզին էր «անգործություն» քարոզում: Բանելը պարտադիր չէ, քանզի ունայն է: Չգործելը վսեմ է, քանի որ ազդարարում է անանցողիկը, հաստատում է ինքնաբավը, ինքն իրենում լին: Մարդը մեծ է ոչ թե իր արածով, այլ կյանքում իր չարածով և, երևի թե` առհավետ չիրագործելիով: Մարդը մեծ է դառնում շնորհիվ հանգստության, որի առջև նա բացում է իր սիրտը:
Բայց եթե ուրախությունը սերում է մարդկային սրտի համապարփակության անխռով հանգստից, ապա ի հայտ է գալիս ինքնավտարման սխրանքում, կեցության նոր և անիմանալի հորիզոնների տենչում: Ի վերջո Չինաստանի իմաստունները խնդուն են այն պատճառով, որ «իրենք իրենց ներսում մնալու տեղ չունեն»: Նրանց ողջ կյանքը այլոց հետ փոխշփման, ամենայն փոխ-կեցության (со-бытие), հենց իրերի փոխ-լինելության (со-бытийственности) մեջ է: Այդ կյանքը հենց կեցության Լուրն է, մտքի ամենագո լիությունը, որի մասին վճռականորեն վկայում է ամեն մի, նույնիսկ ամենափոքր փոփոխությունն աշխարհում, կյանքի յուրաքանչյուր կերպափոխությունը:
Այսպես է իմաստունը ցրվում կեցության մեջ. նա գնում է «միջին» ճանապարհով. վար բերելով իր անհատականությունը առ անշոշափելի միջավայր և սահմանային միջինություն, իրենով մարմնավորելով հենց գոյության սահմանայնությունը, որը բացահայտվում է մեզ ինքնակերպափոխման պահին: Չինացիներն իմաստությունը նմանեցնում էին «աղի, որը չափավոր է դրված կերակրի մեջ» և այդու հայտնաբերում է յուրաքանչյուր կերակրի համը, կամ էլ` ջինջ հայելու, որը դրսևորում է բոլոր պատկերները, սակայն ինքը չի հանգում դրանց:
Հայելին առանց իրերի գոյություն չունի և այդուհանդերձ չի նույնանում նրանց: Ճանապարհի (Դաո-ի) բերկրալի իմաստությունը ինչ-որ էություն չէ. այն` ուսմունք չէ, գաղափար չէ, վիճակ չէ, նույնիսկ սկզբունք չէ: Ավելի շուտ այն կարելի էր սահմանել որպես ոգեշունչ կենաց պահի համաժամանակայնություն: Այդ խնդությունը արթնացման պահ է, որ պահպանվում է անվերջանալի երազաշարով: Չինացիները բարեպաշտ վարպետների համբերատարությամբ և ճշտապահությամբ առ կյանքը, իրենց այդ խոնարհ վստահությունից մակաբերեցին իրենց նրբին – գեղարվեստական աշխարհի ամենայն խճողվածքներն ու նրբերանգները:
Եթե իրի ճակատագիրը նրա ինքնագոյափոխման մեջ է, ապա որքան հստակ մենք նշենք նրա սահմանը, այնքան լիարժեք կարտահայտենք նրա բնույթը: Ահա թե ինչու իմաստունը, ինչպես ասում են Չինաստանում, «քիչ է խոսում, քիչ է մտածում, քիչ է ցանկանում», նա լռում է հանուն այն բանի, որ ազդարարի ճշմարտությունը: Դա նշանակում է, որ նա չի կամենում իր ձայնով խլացնել Երկրի մեծ բազմաձայնությունը: Եվ թող նա ապրի անխախտ առանձնության մեջ, նրա սիրտը «միաբան է ժողովրդի սրտին»: Մենք այստեղ առնչվում ենք մարդկային մշակույթի սիմվոլիզմի ամենախորքային, համարյա թե կենսաբանական արմատներին: Ինչպես ասենք կենդանիների, ձկների կամ միջատների երանգավորումը հավասարապես թե՛ նրանց դեկորն է և թե՛ էությունը, առօրյայի ունայնությունը իմաստունի համար միաժամանակ թե՛ կացարան է և թե՛ տարբերանշան: Օ˜, իմաստունը կարողանում է ապրել «մարդկանց մեջ թաղված», ըստ ռուս պոետի խոսքի.