Բերկրանքի հայտնությունը
Եվ ինքս աննշմար դարձա ընդ մեջ Հայրենիքի,
Եվ դարձա հանց ծանր ավազ:
Երբ դիմակն ու բնույթը, սովորույթն ու հայտնությունը տարօրինակ կերպով միահյուսվում են մեկ անկապտելի կծիկում, երբ մենք բացահայտում ենք ճշմարտությունը խուսավարող գծում, որն ընկած է ՙեղածի և չեղածի միջև՚, այնժամ իմանում ենք չին իմաստունի ներքին բերկրանքի` ինքնաբացակայման բերկրանքի մասին: Մենք իմանում ենք այդ մասին տարածության արտաքին կերպարների հետ նրա քմահաճ և այդուհանդերձ մանկամիտ խաղից և խաբուսիկ տեսարանների նուրբ ճաշակից, որոնք ներշնչանքի անսպառ աղբյուր են ծառայել Չինաստանի գեղանկարչության համար:
Մենք իմանում ենք այդ մասին և չինական բանահյուսությունից, որն այնքան է հակված առ փոխաբերական խոսքը, էքսպրեսիվ հակիրճությունը և բառի հագեցվածությունը: «Իմաստունը քիչ է խոսում…», բայց ավելին է փոխանցում (сообщает): Հատկապես փոխ-կապակցում (со-общает) է կյանքի ստեղծագործական զորության հետ: Չէ՞ որ աֆորիզմը, ասացվածքը, «քնարական հատվածը» չանվանելով անվանելու, չխոսելով ասելու լավագույն միջոցն է: Գրականության այդ բոլոր ձևերն ապրում են ինքնասահմանափակմամբ, իրենց սեփական սահմանով. դրանցում ինչ-որ բան անվանվում է սոսկ այն բանի համար, որպեսզի դրդի եղածի հաղթահարմանը, դրանցում ամեն ինչ ասվում է «ոչ այն մասին»: Խելամուտ լինելով դրանց` մենք ըմբռնում ենք սահմանի անսահմանությունը (և անսահմանի սահմանայնությունը), հավերժորեն սահում ենք կերպափոխությունների անդունդում: Եվ քանզի աֆորիստիկ խոսքը մշտապես «հատված է», Անբառելիի օվկիանոսի վաղանցիկ երևույթ, այն անխուսափելիորեն կլանում է մեզ դեպի ակամայության տարածությունը, ճշմարիտ կենսական երկխոսությունը, որն անդադար կայանում է մեզանից յուրաքանչյուրում. երկխոսություն, որը չի վերածվում հարցերի և չի պահանջում պատասխաններ, քանզի կենդանի իրադարձությունների այս հոսքում ամենայն ինչ անհետանում է նույնիսկ ավելի վաղ, քան տեսանելի կերպար ստանալը: Իմաստունն իր ներսում պահպանում է անհետևելի սրընթաց, ասես կայծակի փայլատակում, փոփոխությունների գաղտնիքը, անթիվ սիմվոլիկ աշխարհների անտեսանելի ծննդյան և կործանման գաղտնիքը.
Թող որ հոգու խորքում
Ծագեն և մարեն նրանք
Մունջ, հանց աստղերը գիշերով…
Չինական իմաստության խոսքերը ինքնախորասույզ հոգու գիշերային երկնքում ասեղնագործված աստղանախշ են: Որքան վառ բռնկվեն բառ-հատվածների աստղերը, այնքան հոծ կթանձրանա երկնախորերի խավարը: Եվ որքան պարզ են այդ բառերը, այնքան հաստատակամ են հայցում նրանք գերիմաստ հոգու լռությանը` անտակ և թափանցիկ, ինչպես երկինքը: Որքան լիարժեք է մեր ներկայությունն աշխարհում, այնքան առավել ենք մենք թաքնված արտաքին, սահմանափակ հայացքից:
Այսպես, ճշմարտության երևույթների տեսանելի խճանկարայնության ներքո թաքչած է ոգու ծածուկ ամբողջականությունը, տիեզերքի բոլոր ռիթմերի առաջ բաց, թաքուցյալ ամենամարդը: Հավասարապես անըմբռնելի և առ ինքն անհողդողդ վստահություն ներշնչող մարդը, քանզի նա «չի կարող լինել», և հենց այդ պատճառով «չի կարող չլինել»: Ճանապարհի չին սխրագործը (подвижник) վերացնում է իր «ես»-ի ամենայն արտոնյալ կերպարները` իրեն նույնացնելով առաջին հերթին մարմնի հետ, որն ինչ-որ ան-մտածելի բան է, մտքի համար մի այլ բան և միաժամանակ ընկալումների բազմակիության սկզբունքն է, փորձի մշտակա ինքնաբարեփոխումը, և որ պակաս կարևոր չէ, փորձի ամբողջականության նախատիպարը: Այդ սխրագործը գիտակցության լույսը հունցում է կեցության փոշում և իր ներսում կրում է, ըստ հին դաոսի խոսքի, «թաքուցյալ լույսը»:
Անխռով է հանգիստը, մաքուր է բերկրանքը չին իմաստունի, որը հնարավորություն է ընձեռում կյանքի անթիվ հրաշքներին կայանալու իր հոգու խորքում: Ապացույցներ և արդարացումներ չէր փնտրում նա, աշխարհին ապացուցելու ոչինչ չուներ և ինքն իր առջև արդարանալու բան էլ չուներ: Նա համակեցության մեջ էր աշխարհի հետ և, գիտենալով իր մտադրությունների մշտակայությունը, վստահում էր իր փորձի անթափանց խորքերին: Տրամաբանությունից և վերացական սահմանումներից առավել նա սիրում էր զգացմունքի թարմությունը և արտահայտման ճշգրտությունը: Նա կարողանում էր չծանրաբեռնել իրեն գիտելիքներով և ապրել «ինքնամոռացման մեջ» սխալներ չգործելով, քանզի նա հոգով ազատ է և ուրեմն` մշտապես ճշմարիտ: Նա ներարկում է իր մեջ աշխարհի վերին ներդաշնակությունը, անիմանալի «կենաց հատկությունների լիությունը» մորից կերակրվող մանկան պես: Եվ այդ պատճառով էլ Չինաստանում ասում էին, որ իմաստունը հրճվում է Երկնքով և գիտե Ճակատագիրը:
Սակայն ի՞նչ է այդ նախածին «Երկնքից և Երկրից առաջ» տրվածը, իր բնույթով յուրաքանչյուրի համար պարզորոշ «ինքնամոռացման» հայտնությունը: Ի՞նչ է այդ Մեծ Մայրը, ումից կերակրվում է առանց մեծամտության առանձնացած չին իմաստուն–մանուկը:
Դա դեռևս «մարդու որդու» կերպարի կամքի գերագույն լարմամբ արարված անվեհերության հայտնությունը չէ: Մեր առջև կանացի մեղմության և զիջողականության ապոթեոզն է, ամենայն դրսևորվածի ֆոնը, թեթևաթև անուրջների անբացատրելի կերպարանափոխությունների, աղոտ երազանքների ինչ-որ չարարված տարերքը, կախարդական մթնշաղային աշխարհը, որ օրը ցերեկով անհետանում է, մահանում իր վրա ուղղված «քննադատական մտքի» շողից: Ալեհեր Արևելքի այդ խորագույն ճշմարտությունը իր հանճարեղ հոտառությամբ կռահել է հոգևոր գաղտնիքների մեր ռուս պայծառատես Վասիլի Ռոզանովը, որ հրաշապատում հեքիաթների կապակցությամբ մի անգամ գրել է.
«Ինչու՞ են կրոններն Ասիայից: Ինչու՞ են հեքիաթներն այնտեղից: Ասիան հրաշալի երազ է, և եթե նա «ննջում է` պահպանելով հանգստություն», այսինքն` առաջադիմության մեջ հեռու չի գնացել, ապա այն պատճառով, որ այլ մայրցամաքների և նրանց բնակչության մեջ նա Պապ է և Մանկիկ, ընդհանրապես օտար և ցայսօր օտարվող գոյության միջին քաղաքացիական ժամանակից… Մանուկը նստում, նստում և հանկարծ սկսում է մորը պատմել Աստված գիտե թե ինչ: Աստված գիտե թե որտեղից վերցրած. «Հա, տեսել եմ, չէ, մամ, դու հավատա, դա եղել է»: Այստեղից էլ Ասիան դարերից ի վեր և ամենուր եղել է փոքրիկ և մեծ «հայտնությունների» մայրցամաք. «Էվրիկա, էվրիկա: Գտել եմ»: «Գտել է» Բուդդան, ծառի տակ նստած: Զրադաշտը «գտավ» քարանձավում. «Չհասցրեց ջրով լի կուժը թափվել, որ ես երեք երկինք թռա և կանգ առա չորրորդի առաջ, ուր Աստված է», – գրանցել է իր մասին Մուհամեդը: Խարդախում է Ասիան հեքիաթներում, ինչպես խարդախում ենք մենք իրական պատմություններում: Եվ Ասիան երբեք չի կարողացել իրեն «ապացուցել» և իրենը «ապացուցել» խիստ վերաքննիչին Եվրոպայից, Հայդելբերգից կամ Տյուբինգենից…»:
Ռոզանովը հազիվ թե գիտեր, որ դաոսիզմի նահապետ Լաո-ցզիի անունը հենց տառացիորեն նշանակում է ծերուկ–մանուկ և որ ըստ ավանդության նա դուրս է եկել արգանդից արդեն ճերմակահեր ծերունի, որ բոլոր սերունդների չին գրողներն իրենց ներշնչանքը քաղել են իրենց ազատ անրջանքներում, որտեղ ամեն ոք կարող է ապրել բերկրանքով, անհոգ և անտագնապ, և որ Չինաստանի գրականության մեջ, թերևս, ամենահայտնի սյուժեն է դարձել հնամենի դաոս Չժուան Ցզիի ահա այս անպաճույճ պատմությունն իր մասին.