Ռուբիկոն

Բերկրանքի հայտնությունը

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Ձև-տիպեր. բնավ ո՛չ պատկերներ, ո՛չ գաղափարներ, առավել ևս ո՛չ էություններ: Դրանք կյանքի անպարագրելի մոգական բյուրեղի նիստերի, միաժամանակ միասնական և եզակի, տիեզերական և խիստ անձնական Սրտի խորագույն մայր-մատրիցայի ցոլքերն են: Եվ տիպական ձևերի անորոշ հավաքածուի քաոսը ի վերջո դառնում է անզանազանելի «կերպափոխությունների վիհի» նախաստեղծ քաոսից, որում Աստված արարում է աշխարհն իր բացակայության պահերին: Քանզի ինչպես նկատել է Գ. Բաշլյարը. «Երևակայել նշանակում է բացակայել»:

Այսպիսով «ինքնամոռացման մեջ» սուզվելը դարձնում է մեզ զգայուն Դաոյի ծածուկ կերպափոխությունների հանդեպ, այն հաղորդակցում է մեզ կեցության ստեղծագործական սկզբին: Ահա թե ինչու գեղարվեստական ստեղծագործության տեսությունը Չինաստանում իբրև հիմք է ընդունել հենց Դաոյի իմաստությունը: Կյանքի ստեղծագործական ակնթարթը ղեկավարվում է իր պարադոքսալ տրամաբանությամբ. որքան ավելի չնչին է երևում նկարիչը աշխարհի անծայրածիր Միասնական փոխակերպության առաջ, այնքան ավելի մեծ է նա իր առնչությամբ իրերի այդ տիեզերական պարին: Պարզվում է, որ Ճանապարհի իմաստուն բերկրանքի մեջ խորապես արմատավորված է հեգնական և զավեշտական չափողությունը: Արդյոք կարո՞ղ է հեգնանք չլինել այնտեղ, ուր առաջարկվում է ըմբռնել մեծը փոքրում և վսեմը առօրեականում: Որտեղ ամեն մի հասկացություն կրում է իր ներսում սեփական ժխտումը: Հեգնանքը իրերի ոչ-երկատվածության ոչ-կապի վկայությունն է (ըստ բնութագրման պատսպարող), ինքնափոփոխվող Քաոսի տարածության մեջ: Ժամանակի ընթացքում այն գիտակցվեց չին գրողների կողմից որպես իմաստնացած խոսքի պարտադիր ուղեկից: Նրանով է համակված ուշ շրջանի չինական գրականության ոչ փոքր մասը:

Այժմ խոսելով հեգնանքի և ծիծաղի մասին` մենք, թվում է, մոտեցանք մեր դատողությունների ավարտին: Չէ՞ որ ծիծաղը, քննադատական ՙմտքի՚ համար միակ անորսալի իրականությունն է, որը մշտապես դատողության առաջ սահման է քաշում և ստիպում է ապրել անհնարինով: Ծիծաղը չի կարելի «ըմբռնել», բայց այն, անշուշտ, կարելի է հասկանալ, ծիծաղը մտերմորեն պարզորոշ է մեզ համար, քանի որ վերականգնում է անվերապահ, կենդանի կապը մարդկանց միջև, ժամանակների կապը հենց մարդու ներսում: Ծիծաղը կրում է իր ներսում իմաստնացած, ամենայն ինչ իր ներսում տեղավորած և ինքն իրեն կորցրած հոգու գաղտնիքը:

Բայց ինչո՞ւ, համենայն դեպս, գաղտնիքը: Դե հենց այն պատճառով, որ անհնար է ըմբռնել, բայց կարելի է հասկանալ, գուշակել, ընկալել բաց սրտով այն, որ մեզանով լոկ կռահվում է, այն, ինչը դեռևս չկա, բայց որը վրա է հասնում մեզ հասուն ամպրոպի անխուսափելիությամբ:

Մենք գիտենք հենց այն, ինչը չգիտենք: Կենդանի իմացության այդ զվարճալի պարադոքսից չէ՞ արդյոք, որ ծիծաղում են իրենց անգիտությամբ իմաստնացած, Ճանապարհի բարեհոգի արդարակյացները: Նրանք ծիծաղում են իրար երեսի, քանի որ նրանց իմաստությունը, շփման բոլոր պայմանականությունները ճեղքող մարդկանց միջև ազատ հաղորդակցությունն է:

Զվարթ բարեպաշտների իմաստությունը հասանելի է ամենքին և կյանքի ամեն պահին: Ավելին, այն հենց իսկ կենդանի և գործուն է դառնում, երբ մարդ մասնակից է համաշխարհային համամիասնությանը: Իմաստությունը հավաստվում է բերկրանքով: Հարկ է շատ բան վերապրել, որպեսզի տեսնես կյանքի թանկագին պարգևը մարդկային սրտերի ազատ շփման բերկրանքում:

Ռուսերենից թարգմանությունը` Վարդան Ֆերեշեթյանի

«Книга мудрых радостей». М. 1997

Կարդալ նաև

Մշակութաբանություն Մուշի բանալի Արա Գուրզադյան …բանալի ու բանալիություն է փնտրում… Ի՞նչ ես փակել և ի՞նչ ես բացել դու, երբ Հայրենիքի մարմինը դեռ կաթվածահար չէր իր ոգեզարկերակը արձանագրող վանքերում: Երբ Երկինքը դեռ մուտք ուներ Երկիր մարդիրեղենության բոլոր մանրուքներում: Քեզ վստահված դռան… Մշակութաբանություն Ռուդոլֆ Կասսներ Մաքս Ռյուխներ «Երկրորդ ուղևորությունը» ինքնակենսագրական հատորում Ռուդոլֆ Կասսները նկարագրում է Մորավիայում իր մանկությունը` ընդգծելով, սակայն, որ ընտանիքը ներգաղթել է Շլեզիայից: Նշանակալի է այն, որ նա Սիլեզիացի է (Silesius), – Յակոբ Բյոմեն էլ էր իրականում… Մշակութաբանություն Վլադիմիր Սոլովյով Դանիիլ Անդրեև (հատված «Աշխարհի վարդը»1 գրքից) Գրքի հեղինակի ճակատագիրը ողբերգական է, ինչպես շատերինը այդ ժամանակաշրջանում: Դանիիլ Անդրեևը նախահեղափոխական շրջանի հայտնի ռուս գրող Լեոնիդ Անդրեևի որդին է: Ծնվել է 1906թ. Բեռլինում: Որպես ոչ պրոլետար գրողի որդի,…