Ռուբիկոն

«Կենտրոն» և «ծայրամաս» հասկացությունների ֆենոմոնոլոգիան. Մայրցամաքային աշխարհագրությունների եզրերին

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Արա Գուրզադյան

XXI դարի ստորոտին նորից պանդխտության մեջ հայտնվածի ճշմարտության պեղումներից, մշակութային մայրցամաքների հերթական հայտնագործումից և սահմանների տարանջատող պաթոսը անընդհատ խեղդելուց հետո, մենության մեջ խրված սիրտը աշխարհագրության իմաստը վերծանելու ճանապարհին հանդիպում է իրեն ու իր անցյալին, իր ծագման պատմությանը և փորձում հիմնավորել իր փոքրիկ գոյության մեծ իմաստը, որպես ծայրամասի և կենտրոնի սինթեզ:

Մեր գոյությունը ծայրամասային է: Մեզ ծնում և աշխարհ են բերում այս աշխարհի ինչ-որ կետում, որն ըստ էության ծայրամաս է, տիեզերական ծայրամաս, որում մենք առնչվում ենք կոնկրետության և դիմակայության աշխարհին: Ծայրամասը վերջավորի արքայությունն է: Այն վտարվածների հայրենիքն է` աքսոր, վտարանդիների այս մրջնանոցում: Նյութի և նյութեղենի կոնկրետությունը ճաշակելով, տուն, փողոց, թաղ, գյուղ, քաղաք, երկիր, մայրցամաք, տարածություն, ժամանակ, դարաշրջան և նման բաներ հայտնագործելով, մենք աստիճանաբար գտնում ենք հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք հարաբերության մեջ մեր տեղը` կանխազգալով, որ այս ամենի մեջ պետք է լինի կենտրոն: Տան, ընտանիքի կենտրոնը օջախն է: Եվ սա խորհըրդանշական է, քանզի կենտրոնական վայրերում «կրակ» կա: Կա գյուղի, քաղաքի, երկրի կենտրոն: Կան մայրցամաքային կենտրոններ: Կան դարաշրջանների կենտրոններ: Այսինքն` միշտ կան տարածական և ժամանակային կենտրոններ, քանակական և որակական կենտրոններ, նյութական և հոգևոր կենտրոններ: Այսինքն` ի սկզբանե պարզ է, որ բևեռների և ծայրամասերի այս բարդ համակարգում միշտ կան կենտրոններ: Եվ ամենաառեղծվածայինն այն է, որ մարդու էկզիստենցիալ ինքնազգացողությունը հյուսվում է ինքն իրեն միաժամանակ թե° ծայրամաս, թե° կենտրոն վերապրելու նախաֆենոմեններից: Մարդու ողջ էկզիստենցիան այդ նախաֆենոմենների տարբեր տեսակարար կշիռների և ինտենսիվությունների, գիտակցական և ենթագիտակցական տարբեր խտությունների ներհյուսվածության բարդ մի համակարգ է, որը դինամիկ զարգացում է ապրում կյանքի սուբստանցիայում հոգու և ոգու ուժերի կոնկրետ կենսագրական փոխ-հարաբերությունների պարագայում:

Իրեն միայն ծայրամաս կամ միայն կենտրոն վերապրելու դեպքում մարդը կորցնում է իրական կապը աշխարհի հետ: Գոգոլի «Շինել»-ից, Կաֆկայի «Միջատ»-ից մինչև Սալվադոր Դալիի «Ինքնակենսագրությունը» պատմվել ու պատմվում է այդ փոխհարաբերության մասին:

Հաճելի է ծնվել կենտրոնական վայրերում, կենտրոնական պահերին, լինել ուշադրության և երկրպագության կենտրոնում, որ ժամանակավորապես մոռացվի ծայրամասային ու լքված լինելու փաստը: Ապրել սոցիալական և հասարակական օգտակարության պատրանքներով: Կատարել ՙպարտքդ՚ ընտանիքիդ, հայրենիքիդ, մարդկության առջև և բավարարված հեռանալ թատերաբեմից: Կան այսպիսի փայլուն կենսագրություններ: Կան հիասքանչ ճակատագրեր, որ ինքնաբերաբար կամ մեծ ճիգերով են իրականանում: Փառասիրությունն իր բոլոր նրբերանգներով հիմնական շարժիչն է այստեղ: Եվ դա բնական է: Սխրանքը, սխրագործությունը, հերոսականը միշտ եղել է մարդու ուշադրության կենտրոնում, ունեցել է դաստիարակչական ահռելի նշանակություն: Եվ պատմության մեջ մնացել են անուններ, դեմքեր, դեպքեր, հետքեր: Մեզ ընտրության մեծ հնարավորություն է ընձեռնված: Ըստ մեր նախասիրությունների, իդեալների և ուղղվածության մենք ուղեկիցներ ենք ընտրում մեզ այս կյանքում: Ոմանց թողնում, փնտրում նորերին: Ուղեկիցներ կենդանի և ուղեկիցներ հորիզոններից այն կողմ: Մշակույթն իր հանքերն է բացում մեր առջև: Սկսվում են պեղումները: Պեղումների իմաստը ծայրամասից դուրս գալու մեջ է: Ժամանակների ծայրերը իրար կապելու, ընդերքի շերտերը վիրահատելով, նոր տեղանքների ու լանդշաֆտների վերծանման մեջ: Դրանցում կենտրոնների վերականգնման և ծայրամասերի հետ փոխազդեցությունների հստակեցման, իմաստավորման մեջ: Ժամանակի ու տարածության փոշու մեջ թաղված, ժամանակի օվկիանոսում խորտակված քաղաքակրթությունների կենտրոններում մենք փնտրում ենք այսօրվա ծայրամասերի առեղծվածը: Պատահական չէ, որ հնագիտությունը ստեղծած և կուլտիվացրած մշակույթները աստիճանաբար դարձան կենտրոնական մշակույթներ: Վերածննդի գոյացումը էապես պեղումնաբանական բնույթի էր: Կլասիցիզմից մինչև ռոմանտիզմ, այնուհետև XX դարի մոդեռմնիզմներն ու պոստմոդեռմնիզմները, որ անհնար էին առանց արևմտյան հնագիտության զարգացման, վառ արտահայտված նմուշներն են արտաքին պեղումնաբանությունից ներքին պեղումնաբանության անցման երևույթի, որը սերտորեն կապված է անհատականության, Ես-ի հասունացման ու ձևավորման գործընթացի հետ*: Պեղումներն առհասարակ Ես-ի հայտնագործման ոդիսականի նախնական փուլին բնորոշ դրսևորումներից են, և ցույց են տալիս, որ ծայրամասից դուրս գալու բնազդով սկզբում միայն արտաքինում ձեռնարկված, դրանք միաժամանակ ներքինն են և ի վերջո ուղղված են ներսի կենտրոնի հայտնաբերմանը: Ավելի ճիշտ ներսի կենտրոնի ստեղծմանը, դրա ստեղծագործմանը, որպես հակադարձ պեղում կամ պեղումնաբանական ստեղծագործում: Ողջ իմաստությունն էլ հենց նրանում է, որ կենտրոնը տրված է որպես պոտենցիա, որպես կայացում ծայրամասային քողարկվածության ու լքվածության մեջ, և այն ենթակա է անհատական ստեղծման, հակադարձ պեղման, որում էլ պետք է տեսնել կյանքի բուն իմաստը: Եթե պատմաբանը դեպի ետ ուղղված մարգարե է (ըստ Շլեգելի), իսկ պատմությունը հակադարձ մարգարեություն, ապա Ես-ի կայացումը, անհատականացումը հակադարձ պեղում է, ինքնաստեղծագործում, երբ ներկայի ցանկացած պահի միաժամանակ առկա են անցյալի կենսագործվածի, և ապագայի կենսագործվողի ժամանակի մեջ տրոհված բևեռները Ես-ի ընթացող ինքնասինթեզի մեջ: Կենտրոնը սինթեզի ծնունդ է, որում անընդհատ սինթեզվում են տարածաժամանակային ծայրամասերը:

Կենտրոնի ստեղծման փորձերը բազմազան են: Մարդը միշտ տառապել է հռչակավոր, փառավոր լինելու հիվանդությամբ: Ձգտել ու ձգտում է հռչակի, փառքի հասնել հաճախ ամեն գնով բոլոր պարագաներում և իրադրություններում: Դառնալ հայտնի, ճանաչվել ուրիշների կողմից, քանզի ինքնաճանաչողության ինքնահայտնիության անբավարարությունը սպառնում է խորտակել նրան անհայտության անտանելի մղձավանջում: Անհայտության դեմ տարվող պայքարի ինքնահաստատող պարզագույն քայլից` սեփական անունը ծառի բնին կամ եկեղեցու պատին փորագրելուց մինչև սեփական ստեղծագործության տակ ստորագրելու ակտը ցուցանում է սեփական գոյության մասին ինչ-որ կերպ վկայելու փաստը և հետք թողնելով անհայտությունից խուսափելու ճիգը: Այս տարրական բնազդը սկիզբ է առնում կենտրոն լինելու ցանկությունից: Ամեն գնով պոկվել ծայրամասից, կենտրոնում ինչ-որ տեղ գրավելու համար: Դարվինիզմով համեմված այս հոգեբանությունը մեր նյութապաշտական դարաշրջանում հասել է գրոտեսկային մակարդակների: Առաջներում գոնե կային չափանիշեր, իդեալներ, օրինակելի վարքեր: Յուրաքանչյուր դարաշրջան ուներ իր առաքինության չափանիշը և դա որոշիչ դեր էր խաղում կենտրոն ընկնելու հարցում: Դրանցով էլ նկարագրվում է ժամանակի ոգին: Անցումային շրջաններում այդ չափանիշերը փոխվում էին, փոխարինվում նորերով: Ի վերուստ տրված, ավանդաբար փոխանցվող բարոյականությունը ակամայից կարգավորում էր ծայրամաս-կենտրոն հարաբերակցությունը: Կատարվում էր բնական ընտրություն: Չնայած անարդարությունը տարբեր խտությամբ միշտ էլ առկա է եղել պատմության ողջ ընթացքում, բայց ճակատագրի ըմբռնումն ու հավատին ու հույսին ապավինելու կարողությունը մարդուն ինչ-որ կերպ ապրեցնում էր անգամ ծայրամասում:

Կարդալ նաև

Մշակութաբանություն Արա Գուրզադյան. երկու խոսք Սերգեյ Ստեփանյան «Ճշմարտության որոնումը, մարդու ամենանախնական այդ բնազդը, զարգացման այն փուլում, երբ ճանաչողությունը հղիացնելով երևակայությունը` վերածվում է ստեղծագործության, աստիճանաբար դառնում է ճշմարտածնություն, որը և իրական ազատության նախապայմանն է»:… Մշակութաբանություն Հատվածներ օրագրից Արա Գուրզադյան 23.09.97 Փարիզում եմ: Նոտր-Դամն ու կանացի մարմինների առատությունն իրագործում են այս հպանցիկ ու թեթև թվացող ներկայացման առօրյան, դարերի ծանրության ընդերքից բացելով միապետության ու տիրապետության ձգտող ոգու քարացած ճարտարապետությունը: Երևակայել,… Մշակութաբանություն Հրապարակումներ Կոստան Զարյանի թղթակցությունները «Զարյա Վոստոկա» օրաթերթին Արծվի Բախչինյան Կոստան Զարյանի (1885–1969) բազմալեզու մեծածավալ գրական ժառանգությամբ զբաղվողները դեռևս երկար ժամանակ հայտնաբերելու և ուսումնասիրելու շատ նյութ կունենան: Բախտիար Հովակիմյանի` 2005-ին հրատարակված «Հայոց ծածկանունների բառարանի» շնորհիվ պարզվեց,…