«Կենտրոն» և «ծայրամաս» հասկացությունների ֆենոմոնոլոգիան. Մայրցամաքային աշխարհագրությունների եզրերին
Իսկ եթե մեր այսօրվա գոյությունը մենք գիտակցում ենք մեր անցյալի պատմական անհրաժեշտությունից, ապա մեր ապրելակերպը պետք է գերխնդիր ունենա: Մեր պետականությունը պետք է գերխնդիր ունենա: Այն պետք է արդարացնի պատմական անհրաժեշտության հեռանկարները, ելնելով արդիականության խորը ըմբռնումից:
Արդի աշխարհը ահռելի խմորումների մի վիթխարի կաթսա է, որի աշխարհագրական կենտրոնում տեղի ունեցող բոլոր պրոցեսները ենթարկվում են մի օրինաչափության, այն է` փորձություն ազատությամբ:
Դարն անցնում է ազատության դաժան մի փորձություն, որի դիալեկտիկան կատարվում է ծայրամասկենտրոն հակամարտության ֆոնի վրա:
Ինչո՞ւմ է կայանում այդ փորձությունը: Վերածննդից ի վեր կատարվում են տեկտոնիկ յուրօրինակ տեղաշարժեր. արտաքին տիեզերական աշխարհագրությունը Աստվածակենտրոնությունից անցնում է Մարդակենտրոնության: Սրանք ուղղակիորեն արտացոլում են մարդկային գիտակցության մեջ տեղի ունեցող իրար հակադիր երկու հիմնական տեղաշարժերը, ինչով էլ պայմանավորված են հետվերածնության շրջանի ոգե-պատմական բոլոր պրոցեսները: Արտաքին տիեզերքի ընկալողությունը նոր ձևավորվող ռացիոնալիզմի հրամայականով Երկրակենտրոն տիեզերքը (այսինքն` հելենիստական մարդակենտրոն ինքնազգացողությունը) փախարինում է Արևակենտրոն տիեզերքով (այսինքն` արտամարդկային, Աստվածակենտրոն /միջնադարյան/ ինքնազգացողությամբ): Իսկ ներքին, հոգևոր տիեզերքի ընկալողությունը միջնադարյան Աստվածակենտրոն տիեզերքը (այսինքն` արտամարդկային, արտաերկրային ինքնազգացողությունը), փոխարինում է մարդակենտրոն տիեզերքով (այսինքն` երկրային ինքնազգացողությամբ): Պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունենում դրսի և ներսի ներդաշնակ, ամբողջական ընկալողության հստակ տրոհում արտաքին և ներքին իրար հակադիր տեսադաշտերի: Այս երևույթն, ի դեպ, օրգանական շարունակությունն ու արտաքին մանիֆեստացիան է դեռ անտիկ աշխարհում սկիզբ առած աշխարհայացքային այն տրոհման, որը մտածողության պատմության մեջ հայտնի է պլատոնիզմ և արիստոտելիզմ անվան տակ: Մտածողության մեջ աշխարհի պլատոնական և արիստոտելական ըմբռնումը, որն այնուհետև ներառվում է քրիստոնեական աշխարհըմբռնման մեջ, գրեթե 2000-ամյա խմորումներից հետո XV դարից սկսած ամբողջի ներդաշնակ ընկալողությունը ճեղքում է երկու հակադիր, արտաքին ու ներքին, դուալիստական ընկալողությունների, որից էլ սկսվում են մարդկային հոգու և առհասարակ պատմության հայտնի հակամարտությունները: Արևակենտրոն աշխարհայացքը դրսից, հակադրվում է մարդակենտրոն աշխարհայացքին ներսից: Առաջինի զարգացումը աստիճանաբար ազատելով իրեն աստվածաբանական ենթատեքստից, բերում է արտաքին մատերիալիստական գիտությունների ծաղկման, և ի վերջո այսպես կոչված ճշգրիտ, էմպիրիկ գիտությունների հեգեմոնիային: XIX դարն ու XX դարի մեծ մասը անցնում են մատերիալիստական աշխարհայացքների սցենարով:
Երկրորդի զարգացումը հումանիզմի աշխարհայացքի կոնտեքստում ծնում է ինդիվիդուալիզմի, անհատապաշտության կենսազգացողություն, որից ծնունդ են առնում այսպես կոչված հումանիտար գիտությունները, որոնք հետագայում անխուսափելիորեն հայտնվում են մատերիալիստական գիտությունների մեթոդաբանական ազդեցության տակ, կորցնելով իրենց հոգևոր-մարդկային խորությունները:
Աշխարընկալման այս հիմնական բևեռներն իրենց բազմաթիվ ճյուղավորումներով և երանգներով փոխներգործելով իրար վրա, բախվելով ու ներհյուսվելով մարդկային գործունեության ամենատարբեր ասպարեզներում, արտացոլվում են հատկապես մշակույթի երեք հիմնական բաղադրիչների` գիտության, արվեստի և կրոնի վրա, դուալիստական բևեռայնությունից տրոհվելով պլյուրալիստական խայտաբղետության:
Տրոհվածության, ուղղությունների և իզմերի այդ խայտաբղետությունը XX դարի արևմուտքում հասնում է այնպիսի մետաստազների, որ մշակույթի մեջ չկողմնորոշվող մարդու համար անհնար է դառնում ճշմարտության որևէ ըմբռնում այս խառնաշփոթի մեջ: Այլ կերպ ասած` իրեն «կենտրոն» երևակայող արևմուտքը ծնում է այնպիսի քանակության ծայրահեղություններ (ՙծայրամասեր՚), որում իմաստ (ՙկենտրոն՚) փնտրելու փորձերն ապարդյուն են թվում: Արևմուտքին սպառնում է ծայրահեղությունների մեջ խեղդվելու ծայրամասային վախճանը: Այդ մասին դեռ դարասկզբին են նախազգուշացրել արևմուտքի մեծերը:
Սրան հակառակ XX դարի արևելքում, տարբեր երկրներ շարունակում են կոնսերվացված պահել, մումիֆիկացնել իրենց ավանդական աստվածակենտրոն մշակույթները, պարբերաբար արտահանելով այդ պահածոները և զանազան սպիրիտուալիստական պիտակների ներքո հեղեղել դրանցով արևմտյան շուկան, մատերիալիզմից կշտացած արևմտյան մարդու հոգևոր սովը խեղդելու համար: Որոշ երկրներ էլ մենիշխանությունը հանձնելով կոմունիստական, մոնիստական, հակաինդիվիդուալիստական, կոլեկտիվիստական մատերիալիզմին, լրիվ մեկուսանալով աշխարհից և հակադրվելով աշխարհին, արտաերկրային և մարդակենտրոն (հումանիստական, բայց ոգի, հոգի, նույնիսկ մարմին չունեցող մարդու իմաստով) աշխարհայացքները միացնում են աթեիստական կրոնի ֆունկցիաներ կատարող գաղափարախոսության մեջ ու խեղդվում են այդ մոնիստական տոտալիտարիզմից, մեծ համակենտրոնացման ճամբարի նման ընտրելով ծայրամասային մենության «կենտրոնական» փակուղին: Համաշխարհային հանրությունը հյուսվում է ապակենտրոնացման և համակենտրոնացման ճամբարներից, որոնցում տարվում է բարոյական արժեքների ապակենտրոնացման և համակենտրոնացման քաղաքականություն:
Երկու դեպքում էլ տեղի է ունենում ահռելի մի օտարացում, քանզի ծայրամասից դուրս գալու փորձերը ավարտվում են նույն հարթության մեջ գոյացած խաբուսիկ կենտրոնների փակուղիներում, որոնցում նոր արժեքների համակարգը կառուցվում է առավելապես քանակական հորիզոնականների և ոչ թե որակական ուղղահայացների տրամաբանությամբ: Համատարած օտարացման տրամադրությունը ծայրամասի թակարդներում կորած մարդու, ազգի կամ պետության օրգանիզմում ծնում է կենտրոնախույս դավաճանության հոգեբանություն, որն անխուսափելիորեն բերում է մեկուսացման: Միջնադարում մարդիկ մեկուսանում էին կենտրոն ընկնելու համար: Այսօրվա մեկուսացումը թելադրվում է ծայրամասի ողբերգությամբ: Ծայրամասը կենտրոն դարձնելու հանելուկը ներկա իրադրության մեջ պահանջում է տիեզերական կենտրոնի Լոգոսի նոր ըմբռնում: Պատմությունն ու մարդկության 2000-ամյա հոգևոր փորձը վկայում են, որ Լոգոսն ինքը հրաժարվելով իր կենտրոնական դիրքից, մտնում է ծայրամաս և ճաշակելով ծայրամասային բոլոր հնարավոր տանջանքները, դավաճանության սկզբունքով հանձնըվում է ամենավերջին մարդու համար նախատեսված մահվան և հաղթելով մահը հարություն է առնում, դրանով իսկ բացելով ծայրամասը կենտրոն դարձնելու ուղին: Հատկապես այսօր շատ էական է հասկանալ, որ այդ քայլով մարդկությանը տրվել է ոչ թե սոսկ ծայրամասից կենտրոն ընկնելու մեխանիզմը (ինչը ոչ քրիստոնեական կրոնների խնդիրն է), այլ ծայրամասը կենտրոն դարձնելու արվեստը: