«Կենտրոն» և «ծայրամաս» հասկացությունների ֆենոմոնոլոգիան. Մայրցամաքային աշխարհագրությունների եզրերին
Միջնադարի մարդն ի դեմս Աստծո միշտ ուներ իր կենտրոնը, որի անտեսանելի ներկայությամբ էր համակված նրա առօրյան: Իր աղոթքներով նա իր ծայրամասում ստեղծում էր կենտրոնի առկայությունը, ինչը ուժ ու հավասարակշռություն էր տալիս նրան: Վերածննդից ի վեր, կյանքի և առօրյայի ապասրբացումից (դեսակրալիզացիա) հետո կենտրոնի դերն աստիճանաբար մարդն ինքն է փորձում ստանձնել, արդեն առանց Աստծո օգնության: Մինչ մեր օրերը ընկած այդ ժամանակաշրջանում պատմա-հասարակական մեծ դեր է սկսում կատարել հանճարեղության հասկացությունը: Հանճարը դառնում է կենտրոնական հասկացություն: Հանճարը դառնում է կենտրոն: Մնացածները մնում են ծայրամասում և իրենց կարողության սահմաններում երկրպագում կամ ատում հանճարներին: Պատմության մեջ մնում են հանճարների անունները, քանզի նրանք են ստեղծում մնայուն արժեքների աշխարհը, մնացածները, նույնիսկ իշխողները, արագ մոռացվում են ընկնելով անցողիկի գիրկը: Քաղաքակրթության զարգացման, այսպես կոչված դեմոկրատիայի տարածման, ազատության մեծացման հետ մեկտեղ անցյալի ավանդական հոգևոր չափանիշերը հանճարեղության հետ միասին աստիճանաբար կորցնում են իրենց կենտրոնական բնույթը, դառնալով երկրորդական ծայրամասային արժեքներ: XX դարը այս տեսանկյունից հասնում է բացառիկ արդյունքների: Արևմտյան երկրների քաղաքակրթական արագ զարգացումը, որի ընթացքում ֆիզիկական աշխարհի նվաճողական յուրացումը ռացիոնալիզմի ուժերով, աստիճանաբար վեր էր ածվում քանակական ահռելի կապիտալի և զարկ տալիս գաղութատիրությանը, երկրագունդը վերջնականապես տրոհելով արևմուտք-արևելք (կենտրոն-ծայրամաս) հակամարտության, մշակեց արժեքների բոլորովին նոր սանդղակ, որի առանցքը դարձավ դրամի տնօրինման ընդունակությունը: Հիշենք այստեղ Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծման պատմությունը և արևմտյան (կապիտալիստական) աշխարհի դեմ, արևմուտքի և արևելքի արանքում դարասկզբին ահռելի (մատերիալիստական) իդեալիզմով ստեղծված Սովետական Միության պատմությունը: Եվ այդ պատմության տխրահռչակ վերջը, որի մեջ դեռ խմորվում են մեր կենսագրությունները: Առաջինի դեպքում, որի ազդեցությունը վարակի նման տարածվեց ողջ արևմտյան աշխարհի վրա (և ոչ միայն արևմտյան), մենք գործ ունենք անընդհատ հոլովվող «Աստծո կամքով» և «Աստծո հովանավորությամբ» ստեղծված գերտերության հետ, որի իրական ՙԱստվածն՚ իհարկե դրամն է: Երկրորդի դեպքում մենք գործ ունենք աստվածամերժ, աթեիստական մի գերտերության հետ, որի մատերիալիստական գաղափարախոսության (կամ աթեիստական կրոնի) իդեալն էր մարդու ազատագրումը կապիտալի շահագործումից և կոմունիզմի տարածումը եղբայրության մեջ բարգավաճող ազգերի և ազգությունների վրա, որը սակայն վախճանվեց կիսաստրկատիրական, կիսաճորտատիրական սնանկության և կոմունիստական գաղափարախոսությունը կրողների (իշխողների) ծայրահեղ կոռուպցիայի մեջ, որոնք ևս (բայց այս անգամ գաղտնի քվեարկությամբ) ընտրել էին իրենց իրական ՙառաջնորդին՚ դրամին: Սրանք էլ իրենց ազդեցությունն էին ուզում տարածել աշխարհի վրա, և դա մասամբ արևելքում էր ստացվում անել: Չմոռանանք, որ Ռուսաստանում փորձարկված այդ մարդասիրական գաղափարախոսությունը ծնունդ է առել Եվրոպայում, մասնավորապես Գերմանիայում, անգլիական քաղաքատնտեսության ուսումնասիրության և գերմանական իդեալիզմի քննադատության արդյունքներից: Արևմուտքի փրկագինը եղավ այն, որ այդ գաղափարախոսությունը նոր կրոնի տեսքով հնարավոր եղավ վաճառել ռուսական միամտությանը: Արդյունքն այն էր, որ աշխարհը հստակ արևմուտք-արևելք բաժանելու ժամանակ միշտ խանգարող Ռուսաստանը աննախադեպ դեր ստանձնեց պատմության այդ հատվածում խելագարի նման ինքնակոչ «կենտրոն» հայտարարելով իրեն աշխարհի մասշտաբով, երբ փաստացի «կենտրոնը» արևմուտքն էր, իսկ փաստացի ՙծայրամասը՚ արևելքը: (Կա նաև բնականաբար «հյուսիս-հարավ» հակամարտությունը, որը հասունանում է այսօր, աստիճանաբար դառնալով ապագա խմորումների դրդապատճառ): Ինքնակոչ «կենտրոնները» աստիճանաբար վեր են ածվում «ծայրամասերի»: Դա էլ հենց տեղի ունեցավ Սովետական Միության հետ, ինչպես դա տեղի է ունենում խելագարների հետ, որոնք իրենց «հանճար» («կենտրոն») հայտարարելով հայտնվում են հոգեբուժարանում. հասարակության լքված «ծայրամասում»:
Պատմական այս ողբերգական անցքերը պատահական չէ, որ տեղի ունեցան Ռուսաստանի հետ (և հարակից որոշ այլ երկրների): Ռուսաստանն իրոք հավակնություն ունի ապագայում «կենտրոն» դառնալու: Եվ արևմուտքի նենգ իմաստությունը կանխազգալով այդ, ժամանակից շուտ ներարկեց չարաբաստիկ շիճուկը, վաղաժամ ծննդաբերության հարկադրելով մորը («матушка Россия»): Երեխան բնականաբար մահամերձ էր, և կյանքը կարճ տևողություն ունեցավ: Համեմատաբար երիտասարդ այդ ազգի հետ մեկտեղ նույն ճակատագրին ենթարկվեցին (պատմա-քաղաքական այլ երկընտրանք չունենալու պատճառով) նաև որոշ հին ժողովուրդներ, այդ թվում և հայերը: Այդ ճակատագրի հետ են անմիջականորեն առնչվում նաև մեր անմիջական կենսագրությունները, որովհետև ազգային և անհատական մակարդակով անցյալում «կենտրոնում» գտնված (կամ «կենտրոնի» հետ թերևս սերտորեն կապված, սկսած Նոյի, նոյան տապանի, Արարատի, այնուհետև Ուրարտուի / Միջագետքում որպես այդ ժամանակաշրջանի կենտրոն/ պատմությունից) մի ժողովուրդ, հարելով այսօր ապագայի «կենտրոնական» մի ժողովրդի, հավատալով նրան, կիսելով նրա հետ նրա «խելագարությունը», կարելի է ասել «քրիստոնեական խելագարությունը», վերջնականապես հայտնվեց «ծայրամասում», որն իրականում «պատմաքաղաքական» մի «ծուղակ» ու փակուղի էր: Պատմության ընթացքում «դրախտային կենտրոնից» աստիճանաբար վտարված այդ երկիրը, 1700 տարի առաջ քրիստոնեություն ընդունելով, փորձ է անում վերադառնալ «կենտրոն», դառնալ նոր «կենտրոն», բայց հայտնվում է զրադաշտական դեկադանս ապրող Պարսկաստանի և քրիստոնեության զգեստով զուգված աշխարհատեր Հռոմի ատելությամբ ու նախանձով շրջափակված մի աշխարհագրության մեջ, որը հետագայում պարբերաբար ոտատակ են անում տարբեր թափառական ու պարապ ժողովուրդներ: Հետևանքը լինում է այն, որ հայերը տանուլ տալով իրենց ողջ «ունեցվածքն» ու հողերի մեծ մասը, փորձելով դառնալ նոր «կենտրոն», հենց քրիստոնեական աշխարհի կողմից ստիպողաբար վեր են ածվում «ծայրամասի», իսկ աշխարհա-քաղաքական տեսակետից «փակուղու», ինտելեկտուալների ժարգոնում հորջորջվելով որպես «քրիստոնեական (կամ եվրոպական) քաղաքակրթության ֆորպոստ»:
XX դարի վերջին նորից հաջողվում է պետականություն ստանալ: Բայց ումի՞ց: Երկու պատասխան կա` կամ պատահականությունից, կամ պատմական անհրաժեշտությունից: Եթե պատմության մեր ըմբռնումը ելնում է պատահականությունների տրամաբանությունից, ապա մեր այսօրվա գոյությունը համարելով պատահական, մենք պիտի համակերպվենք մեր այսօրվա ծայրամասային գոյության հետ և բնավ չըմբռնելով մեր պատմության իմաստը, տրվենք պատահական գործունեությունների, ինչ-որ կերպ ապրելով մեր անհատական կյանքերը: Ի դեպ, այսօր բավականին տարածված մի ապրելակերպ: