«Կենտրոն» և «ծայրամաս» հասկացությունների ֆենոմոնոլոգիան. Մայրցամաքային աշխարհագրությունների եզրերին
Այս ամենին սոսկ հավատալու ժամանակներն արդեն անցել են: Այսօր մենք ապրում ենք իմացությունից և ինքնաճանաչողությունից ելնելով գործելու ժամանակներում, անհատական ստեղծագործության ժամանակներում, երբ արտաքին պատվեր այլևս չկա: Ծայրամասը կենտրոն դարձնելու միստերիան իրագործելի է միայն անհատական ազատության և ստեղծագործության պարագայում, դավաճանության, մահվան և հարության առեղծվածը անհատապես ճաշակելուց հետո:
Կարծում եմ, որ սրանում է կայանում մեր պատմության, մեր իրականության և առհասարակ մեր գոյության լեյտմոտիվը: Մենք ծնվել ենք կենտրոնում և այսօր դարձել ենք ծայրամաս: Նորից կենտրոն դառնալու համար մենք պետք է հաղթահարենք մեր անցյալը, նվաճելով ստեղծագործության նոր մայրցամաքներ, կուրությունը տեսողության վերածելու արվեստի անդաստաններում: Սոսկ գոյատևման, այսպես կոչված ազգապահպան քաղաքականությունը կործանարար է քրիստոնեությունը 1700 տարի առաջ որդեգրած ազգի համար: Դրանով մենք դատապարտված ենք ծայրամասային շրջափակման մեջ մեր փակուղին ինքներս կառուցելու և կահավորելու գործընթացին, որն ի վերջո կվերածվի դամբարանի: Ամեն գնով գոյատևման քաղաքականությունը, սոսկ գոյություն ունենալու և դրանով հպարտանալու հոգեբանությունը փակուղի է մի ժողովրդի համար, որը արիական և ստեղծարար լինելու հավակնություն ունի:
Միայն ծայրամասը կենտրոն դարձնելու, ստեղծագործելու, այսինքն` իրապես ապրելու և ոչ թե գոյատևելու կամքն է, որ կհանի մեզ այս փակուղուց: Մեզ տրված երևակայության պաշարները սպառվում են մեր անձնական էգոիզմի սահմաններում: Փսեվդոսոցիալիզմի աղետը դեռ չմարսած` մենք թևակոխում ենք կապիտալիստական դեկորացիաներով ժամանակավրեպ ֆեոդալիզմի փուլը, անձնական էգոիզմի դրոշների ներքո: Անբարոյական երևակայության այդպիսի ծայրամասային կիրառումը կհանգեցնի «բոլորը բոլորի դեմ» հասարակական կեցության միակ սկզբունքին, որը նշանակում է կործանում:
Միայն հոգևոր ստեղծագործության մեջ ծնվող անհատական բարոյական երևակայությունն է, որ կուրվագծի ելքը ստրկատիրության գնացող այս ծայրամասից, բացելով կյանքի և ազատության կենտրոնական հանքերը:
Դա է ապրելու ռազմավարական մեր հումքը մայրցամաքային աշխարհագրությունների այսօրվա եզրերին:**
* Արխեոլոգիան պետք է, որ էապես կապված լինի արքետիպերի հայտնաբերման խորքային հոգեբանության հիմնական տենդենցի հետ, քանզի երկուսի հիմքում էլ ընկած է պեղումի երևույթը: Այս կոնտեքստում չափազանց կարևոր է դառնում հնագիտությունը և մոդեռնիզմ թեման, Միշել Լեյրիսի և ուրիշների կյանքերը:
** Առաջին անգամ լույս է տեսել In Vitro ամսագրում: In Vitro, № I 1998: