Նամակներ գերմանացի բարեկամին
Ալբեր Կամյու
Ռընե Լեյնոյին
ՆԱԽԱԲԱՆ ԻՏԱԼԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
«Նամակներ գերմանացի բարեկամին»-ը լույս է տեսել Ֆրանսիայում ազատագրումից հետո փոքր տպաքանակով և երբեք չի վերահրատարակվել: Ես միշտ դեմ եմ եղել դրանց հրատարակմանը արտասահմանում ՝ ելնելով այն պատճառներից, որ կներկայացնեմ ստորև:
Առաջին անգամն է, որ այդ նամակները լույս են տեսնում Ֆրանսիայի տարածքից դուրս: Նման վճիռ կայացնելու համար պակաս կարևոր չէր այն գիտակցությունը, թե իմ համեստ մասնակցությամբ երբևէ նպաստելու եմ մեր երկու տերությունները բաժանող անհեթեթ սահմանի վերացմանը:
Սակայն չեմ կարող թույլ տալ, որ այդ էջերը վերահրատարակվեն առանց լուսաբանման, թե դրանք ինչ են ներկայացնում իրենցից: Այդ էջերը գրվել և հրատարակվել են ընդհատակում: Նրանք ունեցել են մի նպատակ՝ փոքր-ինչ պարզաբանել այն կույր պայքարը, որ մղում էինք մենք, և դրանով իսկ առավել արդյունավետ դարձնել այն:
Դրանք հանգամանքների պարտադրանքով շարադրված էջեր են և այսօր կարող են անարդարացի երևալ: Եթե իրոք պետք էր գրել պարտված Գերմանիայի մասին, հարկ կլիներ փոքր-ինչ այլ լեզու գործածել: Բայց ես կուզեի միայն կանխել մի թյուրիմացություն: Երբ տողերիս հեղինակն ասում է «դուք», նկատի ունի ոչ թե «դուք՝ գերմանացիներդ», այլ «դուք՝ նացիստներդ»: Երբ ասում է «մենք», սա միշտ չի նշանակում «մենք՝ ֆրանսիացիներս», այլ «մենք՝ ազատ եվրոպացիներս»: Ես հակադրում եմ երկու դիրքորոշումները, ոչ թե երկու ազգերին, նույնիսկ եթե պատմության մի շրջանում այդ ազգերը երկուստեք հանդես են բերել թշնամական դիրքորոշում: Ուզում եմ հիշատակել ինձ չպատկանող մի խոսք. «Ես չափազանց շատ եմ սիրում իմ երկիրը ազգայնամոլ լինելու համար»: Եվ գիտեմ, որ ո ՛չ Ֆրանսիան, ո ՛չ Իտալիան, ընդհակառակը ոչինչ չեն կորցնի, եթե սկիզբ դնեն առավել լայն մի ընկերակցության: Բայց մենք դեռևս հեռու ենք նման ակնկալիքից, և Եվրոպան շարունակում է մասնատված մնալ: Ահա ինչու այսօր ես կամաչեի, եթե ստեղծեի այն տպավորությունը, թե ֆրանսիացի մի գրող կարող է թշնամի դառնալ որևէ ազգի:
Ես ատում եմ լոկ դահիճներին: Յուրաքանչյուր ընթերցող, որ կուզենա կարդալ «Նամակներ գերմանացի բարեկամին»- ը այս տեսանկյունից, այսինքն՝ իբրև պայքարի վավերագիր ընդդեմ բռնության, կընդունի, որ այժմ կարող եմ ասել, թե չեմ հրաժարվում իմ այս խոսքի ոչ մի բառից:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ՝ տրված հրատարակչի կողմից: Այս նամակներից առաջինը լույս է տեսել 1943թ. «Ռըվյու լիբր»-ի երկրորդ համարում, երկրորդը՝ «Կաիե դը լիբերասիոն»-ի երրորդ համարում 1944թ.: Մյուս երկուսը՝ գրված «Ռըվյու լիբր»-ի համար մնացել են չհրապարակված մինչև Ազատագրումը: Երրորդը տպագրել է «Լիբերթե» շաբաթաթերթը 1945թ. սկզբին:
ՆԱՄԱԿ ԱՌԱՋԻՆ
Դուք ասում էիք ինձ. «Անգնահատելի է իմ երկրի փառքն ու մեծությունը: Լավ է այն ամենը, ինչը նպաստում է նրա բարգավաճմանը: Աշխարհում, ուր ամեն բան զուրկ է իմաստից, նրանք, ովքեր մեզ՝ երիտասարդ գերմանացիներիս նման բախտ են ունեցել այն գտնել իրենց ազգի ճակատագրի մեջ, պիտի ամեն ինչ զոհաբերեն նրան»: Մի ժամանակ սիրում էի ձեզ, բայց դա արդեն մեզ բաժանում էր իրարից: «Ո ՛չ, – ասում էի ձեզ, – չեմ կարող ընդունել, թե հարկավոր է ամեն ինչ ծառայեցնել հետապնդվող նպատակին: Կան միջոցներ, որոնք չեն ներվում: Ես կուզեի իմ երկիրը սիրել կարողանալ՝ լիովին սիրելով արդարությունը: Նրան չեմ կամենա պատեհ-անպատեհ մի փառք, որին խառնված է արյուն ու կեղծիք: Կուզեի արդարությունը կյանքի կոչելով՝ նրան կյանք ապահովել»: Ինձ պատասխանեցիք. «Որ այդպես է, դուք չեք սիրում ձեր երկիրը»:
Հինգ տարի է անցել այդ օրվանից, մենք բաժանվեցինք, կարող եմ ասել, թե այդ երկարուձիգ (սակայն ձեզ համար այնքա~ն կարճատև, այնքա~ն կայծակնային) տարիների մեջ չկա մի օր, որ միտքս չգա ձեր խոսքը. «Դուք չեք սիրում ձեր երկիրը»: Երբ այսօր մտածում եմ այդ մասին, կոկորդումս ինչ-որ բան սեղմվում է: Ո ՛չ, չեմ սիրում, եթե չսիրել նշանակում է վեր հանել անարդարը այն ամենի մեջ, ինչը սիրում ենք, եթե չսիրել նշանակում է պահանջել, որ սիրելի էակը նույնանա նրա մասին ունեցած մեր ամենագեղեցիկ պատկերացման հետ: Հինգ տարի առաջ Ֆրանսիայում շատերն էին մտածում ինձ պես: Նրանցից ոմանք, սակայն, արդեն հայտնվել են գերմանական ճակատագրի մութ ու մռայլ տասներկու փոքրիկ աչքերի առջև: Եվ այդ մարդիկ, որոնք ըստ ձեզ չէին սիրում իրենց երկիրը, նրա համար արեցին ավելին, քան դուք երբևէ կանեիք հանուն ձեր երկրի, եթե նույնիսկ հնարավորություն ունենայիք հարյուր անգամ տալու ձեր կյանքը: Քանզի նրանք կարողացան հաղթել իրենք իրենց, և դա է նրանց հերոսությունը: Բայց այստեղ նկատի ունեմ երկու տեսակի փառք և ուզում եմ խոսել մի հակասության մասին, որը պարտավոր եմ ձեզ պարզաբանել:
Թե բախտը կամենա, կտեսնվենք շուտով: Բայց այնժամ մեր բարեկամությանը կտրվի վերջ: Դուք տարված կլինեք ձեր պարտությամբ և չեք ամաչի նախկին հաղթանակներից, ավելի շուտ կափսոսաք ձեր բոլոր ջախջախված ուժերի համար: Այսօր դեռևս մտքով ես ձեր կողքին եմ, ես, ճիշտ է, ձեր թշնամին, բայց նաև փոքր-ինչ բարեկամը, որովհետև այստեղ շարադրում եմ իմ բոլոր մտքերը: Վաղը սա արդեն վերջացած կլինի: Այն, ինչ ձեր հաղթանակը չկարողացավ մինչև վերջ խզել, իր ավարտին կհասցնի ձեր պարտությունը: Բայց մինչ երկուստեք գործի կդնենք անտարբերությունը, ուզում եմ առնվազն հստակ պատկերացում տալ մի բանի մասին, ինչը ո ՛չ խաղաղությունը, ո ՛չ պատերազմը չսովորեցրին ձեզ ճանաչել իմ երկրի ճակատագրի մեջ: Ուզում եմ առանց այլևայլության ասել, թե փառքի որ գաղափարն է մեզ գործի դնում: Բայց դա նշանակու ՛մ է ասել, թե ինչպիսի արիությամբ ենք մենք հիանում, որը բնորոշ չէ ձեզ: Քանզի դատարկ բան է կռվի վազ տալը, երբ դրան պատրաստվել ես շարունակ, երբ ձեզ համար ավելի բնական է վազելը, քան մտածելը: Ընդհակառակը, շատ մեծ բան է, երբ ընդառաջ ես գնում տանջանքին ու մահվան և հաստատապես գիտես, որ ատելությունն ու բռնությունն ինքնին ապարդյուն միջոցներ են: Շատ մեծ բան է, երբ կռվում ես արհամարհելով պատերազմը, երբ համաձայն ես ամեն ինչ կորցնել, բայց պահպանել երջանկության համը, երբ դիմում ես քարուքանդի, սակայն փայփայում ես բարձրագույն քաղաքակրթության գաղափարը: Հենց սրանով է, որ մենք անում ենք ավելին, քան դուք, քանզի պիտի հաղթահարենք ինքներս մեզ: Դուք հաղթահարելու ոչինչ չունեցաք ո ՛չ ձեր սրտում, ո ՛չ ձեր բանականության մեջ: Մենք ունեինք երկու թշնամի, և զենքով հաղթանակ տանելը մեզ բավական չէր, ինչպես ձեզ, որ ոչնչի տեր չէիք դառնալու:
Մենք շատ բաներով պիտի անցնեինք, գուցեև առաջին հերթին ձեզ նմանվելու հավիտենական գայթակղությունը հաղթահարելու համար: Քանզի մեր մեջ էլ միշտ կա ինչ-որ բան, որը մղում է շարժվելու բնազդորեն, բանականությունը քամահրելով, հաջողությունը պաշտամունք դարձնելով: Մեր մեծ առաքինություններն ի վերջո հոգնեցնում են մեզ: Գիտակցությունը մեզ ամոթի զգացում է հաղորդում, և երբեմն մենք երազում ենք ինչ-որ բերկրալի բարբարոսության մասին, ուր ճշմարտությունը կտրվեր առանց ճիգուջանքի: