Նամակներ գերմանացի բարեկամին
Բայց լինում են և այլ պահեր, իրոք ճշմարիտ պահեր, երբ սիրտս հրճվում է: Քանզի այդ բոլոր բնապատկերները, ծաղիկները, հերկած դաշտերը, այս հինավուրց հողը ամեն գարնան ձեզ ապացուցում են, որ կան բաներ, որոնք դուք անկարող եք խեղդել արյան մեջ: Սրանով էլ ուզում եմ ավարտել խոսքս: Ինձ համար բավական չէ այն միտքը, թե Արևմուտքի բոլոր մեծ ստվերները, թե նրա երեսուն ժողովուրդները մեզ հետ են. ես չեմ կարող գոհանալ առանց նրա հողի: Եվ գիտեմ նաև, որ Եվրոպայում ամեն ինչ՝ բնությունն ու ոգին ժխտում են ձեզ հանգիստ, առանց բուռն ատելության, հաղթանակների անխռով ուժով: Զենքը, որ եվրոպական ոգին ուղղում է ձեր դեմ նույն զենքն է, որ ունի իր հասկապսակներով ու ծաղկաբույլերով անվերջ վերածնվող այս հողը: Մեր մղած պայքարը հաղթանակի համոզմունքն է կրում իր մեջ, քանզի ունի գարունների համառությունը: Վերջապես գիտեմ, որ ձեր պարտությամբ ամեն ինչ չի կարգավորվի: Եվրոպան պիտի նորից ստեղծվի: Նրան պիտի միշտ ստեղծել: Բայց առնվազն նորից կմնա Եվրոպա, այսինքն՝ այն ինչ ձեզ արդեն ներկայացրի: Ոչինչ չի կորչի: Իսկ հիմա պատկերացրեք մեզ՝ վստահ մեր փաստարկների վրա, սիրահարված մեր հայրենիքին, հափշտակված ողջ Եվրոպայով և ճիշտ հավասարակշռությունը գտած զոհողության ու երջանկության, ոգու ու սրի միջև: Սա ասում եմ դարձյալ, քանզի անհրաժեշտ է ասել, քանզի դա է ճշմարտությունը, և այդ ճշմարտությունը ձեզ ցույց կտա այն ուղին, որ իմ երկիրն ու ես անցանք մեր բարեկամությունից ի վեր. այսուհետ մեր մեջ կա մի գերազանցություն, որը կսպանի ձեզ: Ապրիլ 1944 թ.
ՆԱՄԱԿ ՉՈՐՐՈՐԴ
«Մարդս մահկանացու է: Հնարավոր է. բայց մահն ընդունենք դիմակայելով, և եթե մեզ վերապահված է անէություն, այնպես չանենք, որ դա դառնա դատաստան»:
Օբերման, նամակ 90
Ահա և եկավ ձեր պարտության ժամը: Ձեզ գրում եմ աշխարհահռչակ մի քաղաքից, որն ընդդեմ ձեզ պատրաստում է ազատության վաղվա օրը: Նա գիտի, որ դա հեշտ չէ և իրեն հարկավոր է մինչ այդ դարձյալ հաղթահարել ավելի մութ ու խավար մի գիշեր, քան այն գիշերը, որին սկիզբ դրեց չորս տարի առաջ ձեր գալուստը: Ձեզ գրում եմ ամեն ինչ կորցրած, լույս ու կրակից զրկված, սովի մատնված, բայց երբեք չծնկած մի քաղաքից: Ուր որ է, շատ շուտով մի նոր շունչ կփչի այնտեղ, որի մասին դուք դեռ գաղափար չունեք: Եթե մեր բախտը բերեր, կհայտնվեինք դեմ դիմաց: Այնժամ կկարողանայինք կռվել գործիմաց կերպով. ես՝ ճշմարիտ պատկերացում կազմած ձեր դրդապատճառների մասին, դուք՝ շատ լավ ըմբռնած մեր շարժառիթները:
Հուլիսյան այս գիշերները միաժամանակ թեթև են ու ծանր: Թեթև են Սենայի վրա, ծառերի տակ, ծանր՝ նրանց սրտում, ովքեր սպասում են հետայսու բաղձալի միակ արշալույսին:
Ես նույնպես սպասում եմ և մտածում եմ ձեր մասին: Ուզում եմ մի բան էլ ասել, որը կլինի վերջինը: Խոսքս այն մասին է, թե ինչպես հնարավոր եղավ այդքան նման լինելով իրար՝ այսօր արդեն թշնամիներ դառնալ, թե ինչպես կարող էի լինել ձեր կողքին և թե ինչու է այժմ ամեն ինչ վերջացած մեր միջև: Մենք երկուսով երկար ժամանակ կարծել ենք, թե այս աշխարհը չունի բարձրագույն միտք և թե մենք խաբված ենք: Որոշ առումով դեռ այդ կարծիքին եմ: Սակայն ես դրանից եկա նաև այլ եզրակացությունների, տարբեր՝ այն ժամանակ ինձ ներկայացրած ձեր եզրահանգումներից և նրանցից, որ տարիներ շարունակ փորձում եք խցկել Պատմության մեջ:
Այսօր ինքս ինձ խորհում եմ, որ եթե իսկապես դարձած լինեի ձեր գաղափարների հետևորդը, պիտի արդարացնեի ձեր գործողությունները: Իսկ դա այնքան լուրջ բան է, որ ավելի լավ է կանգ առնեմ այդ մտքի վրա այս ամառային գիշերվա սրտում՝ այնքան խոստումնալից մեզ և այնքան տագնապալից ձեզ համար:
Դուք երբեք չհավատացիք, որ այս աշխարհը իմաստ ունի և դրանից եզրակացրիք, թե ամեն բան նույն արժեքն ունի, թե բարին ու չարը կարելի է բնորոշել ըստ ցանկության: Դուք ենթադրեցիք, որ մարդկային կամ աստվածային ամենայն բարոյականության բացակայության դեպքում միակ արժեքները կենդանական աշխարհը ղեկավարող արժեքներն են, այսինքն՝ բռնությունն ու խաբեությունը: Սրանից էլ եզրակացրիք, թե մարդը ոչինչ է և կարելի է սպանել նրա հոգին, թե ամենից իմաստազուրկ այս պատմության մեջ անհատի խնդիրն է իր ուժի և հզորության գործադրությունը, իսկ նրա բարոյականությունը՝ նվաճումների իրողությունը: Ճիշտն ասած, ես, որ կարծում էի, թե մտածում եմ ձեզ պես, ձեզ հակադրվելու գրեթե այլ փաստարկ չէի գտնում, քան արդարության իմ ուժգին ծարավը, ինչն ի վերջո, ինձ թվում էր նույնքան քիչ հիմնավորված, որքան կրքի ամենահանկարծական պոռթկումը:
Ո՞րն էր տարբերությունը: Այն, որ դուք հեշտությամբ ընկնում էիք հուսահատության գիրկը, ինչի հետ ես երբեք չհաշտվեցի: Այն, որ շատ թե քիչ ընդունելով մեր վիճակի անարդարությունը՝ վճիռ կայացրիք ավելացնել այն. մինչդեռ ինձ հակառակն էր թվում, թե մարդը պիտի արդարություն հաստատի, որպեսզի դիմակայի հավերժական անարդարու- թյանը, երջանկություն արարի, որպես բողոք ընդդեմ դժբախտությունների աշխարհի: Դուք ձեր հուսահատությունը վերածեցիք գինովության, ձերբազատվեցիք նրանից՝ սարքելով այն սկզբունք, հեշտությամբ հանձն առաք կործանել մարդու ստեղծագործությունները և կռվել նրա դեմ՝ վերջնակետին հասցնելու համար նրա հանապազօրյա թշվառությունը: Իսկ ես, մերժելով այդ հուսահատությունը և այդ չարչրկված աշխարհը, կամենում էի միայն, որ մարդիկ վերագտնեն իրենց համերաշխությունը և պայքարի մեջ մտնեն իրենց անօրեն ճակատագրի հետ:
Տեսնում եք, միևնույն սկզբունքից մենք քաղել ենք բարոյական տարբեր դասեր: Պարզապես դուք ճանապարհին հրաժարվեցիք ողջախոհությունից և ավելի հարմար (դուք կասեիք անտարբեր) համարեցիք, որ մեկ ուրիշը մտածի ձեր և միլիոնավոր գերմանացիների փոխարեն: Քանի որ հոգնել էիք երկնքի դեմ կռվելուց, շունչ առաք այս ուժասպառող արկածախնդրության մեջ, որտեղ ձեր խնդիրն է հոգիներ խեղանդամելն ու աշխարհը կործանելը: Մի խոսքով, դուք ընտրեցիք անարդարությունը և ձեզ նույնացրիք աստված- ների հետ: Ձեր տրամաբանությունը մնաց երևութական:
Ես, ընդհակառակը, ընտրեցի արդարությունը, որպեսզի հա- վատարիմ մնամ աշխարհին: Բայց շարունակում եմ կարծել, թե այս աշխարհը չունի բարձրագույն իմաստ: Թեև գիտեմ, որ ինչ-որ բան նրա մեջ ունի իմաստ, և դա մարդն է, քանզի նա միակ արարածն է, որ պահանջ ունի ձեռք բերելու այդ իմաստը: Այս աշխարհն առնվազն ունի մարդու ճշմարտությունը, և մեր խնդիրն է նրան տալ անհրաժեշտ փաստարկներ ընդդեմ ճակատագրի մարտնչելու համար: Իսկ նա մարդ լինելուց զատ այլ փաստարկներ չունի, և հենց մարդուն է պետք փրկել, եթե ուզում ենք փրկել կյանքի մասին ունեցած մեր պատկերացումը: Ձեր ժպիտն ու արհամարհանքը կասեն ինձ. «Իսկ ի՞նչ է նշանակում փրկել մարդուն»: Բայց ես իմ ողջ էությամբ գոռում եմ՝ դա նշանակում է չայլանդակել նրան և տալ արդարության բոլոր հնարավորությունները, արդարություն, որ միայն նա է ընդունակ ընբռնելու: