Նամակներ գերմանացի բարեկամին
Ահա ինչու մենք ելանք ձեր դեմ: Ահա ինչու պիտի գնայինք սկզբում ձեր ճանապարհով, որը խորթ էր մեր էությանը և որն ի վերջո ավարտվեց մեր պարտությամբ: Քանզի ձեր ուժը ձեր հուսահատության մեջ էր: Այն պահից, երբ այդ հուսահատությունը մենակ է, մաքուր, ինքնավստահ, անողոք իր հետևանքների մեջ, ձեռք է բերում անողոք հզորություն: Դա այն հզորությունն է, որը ջախջախեց մեզ, մինչ մենք վարանումների մեջ էինք և դեռ հետադարձ հայացք էինք նետում դեպի երջանիկ ժամանակները: Կարծում էինք, թե երջանկությունը ամենամեծ նվաճումն է, հաղթանակը, որ տանում ենք մեզ պարտադրված ճակատագրի հանդեպ: Նույնիսկ պարտության մեջ դրա կորստի ափսոսանքը չէր լքում մեզ:
Բայց դուք արեցիք պետք եղածը, մենք մտանք Պատմության մեջ: Եվ հինգ տարիների ընթացքում այլևս անհնարին դարձավ մթնշաղի զովության մեջ վայելելու թռչունների դայլայլը: Դուք պարտադրեցիք մեզ հուսահատության մեջ ընկնել: Մենք կտրվել էինք աշխարհից, քանզի յուրաքանչյուր պահը այդ աշխարհը լցնում էր մահվան պատկերների հերթական շարքով: Արդեն հինգ տարի է, ինչ այս հողի վրա չի բացվում մի առավոտ առանց հոգեվարքի, չի իջնում մի երեկո առանց բանտերի, չի լինում մի օր առանց սպանության: Այո՛, մենք հարկադրված էինք հետևել ձեզ: Բայց մեր դժվարին սխրանքը հանգում էր նրան, որ պատերազմում հետևելով ձեզ՝ չմոռանանք երջանկության մասին: Եվ անողոք գոռում-գոչյունի, դաժանության մեջ մենք փորձում էինք մեր սրտերում պահել գեղածիծաղ ծովի, անմոռաց բլրի, ժպտաթով, սիրելի դեմքի հիշողությունը: Հարկավ, սա մեր լավագույն զենքն էր, զենք, որ երբեք վայր չենք դնելու: Քանզի այն օրը, երբ ցած դնենք այն, կդառնանք ձեզ պես մեռած: Պարզապես մենք այժմ գիտենք, որ երջանկության զենքը կռելու համար շատ ժամանակ ու շատ արյուն է պահանջվում: Մեզ հարկ եղավ թափանցել ձեր փիլիսոփայության մեջ, համաձայնվել փոքր-ինչ նմանվել ձեզ: Դուք ընտրել էիք աննպատակ, ուղեկորույս հերոսությունը, քանզի դա միակ արժեքն էր իր իմաստը կորցրած այս աշխարհի մեջ: Եվ ընտրելով այն ձեզ համար՝ ընտրեցիք նաև բոլորի ու մեզ համար: Մենք ստիպված էինք ձեզ ընդօրինակել, որպեսզի չմեռնեինք: Բայց այնժամ նկատեցինք, որ ձեր նկատմամբ ունեցած մեր գերազանցությունը հենց ուղեգիծ ունենալն էր: Հիմա, երբ պատերազմը ավարտվելու վրա է, կարող ենք ասել, թե ինչ սովորեցինք՝ հերոսություն գործելը մեծ բան չէ, առավել դժվար է երջանկություն նվաճելը:
Այժմ ձեզ համար ամեն ինչ պիտի պարզ լինի. դուք գիտեք, որ մենք թշնամիներ ենք: Դուք անարդարության մարդիկն եք, իսկ աշխարհում չկա մի բան, որ հոգիս ավելի շատ ատի, քան անարդարությունը: Բայց եթե դա եղել է լոկ կրքի պոռթկում, այժմ արդեն գիտեմ դրա պատճառները: Ես կռվում եմ ձեր դեմ, որովհետև ձեր տրամաբանությունը նույնքան ոճրագործ է, որքան սիրտը: Եվ չորս տարի շարունակ մեզ շռայլած սարսափների մեջ ձեր բանականությունը նույնքան մասնակից է, որքան բնազդը: Ահա ինչու, իմ դատավճիռը կլինի վերջնական, դուք արդեն մեռած եք իմ աչքին: Բայց նույնիսկ այն ժամանակ, երբ կդատեմ ձեզ ձեր արյունարբու վարքագծի համար, կհիշեմ, որ և՛ դուք, և՛ մենք գալիս ենք նույն մենությունից, որ և՛ դուք, և՛ մենք ողջ Եվրոպայի հետ հաղորդակիցն ենք բանականության նույն ողբերգության: Եվ հակառակ ձեզ, ձեզնից չեմ վերցնի մարդ կոչումը: Մեր հավատին հավատարիմ մնալու համար մենք ստիպված ենք հարգել ձեր մեջ այն, ինչը չեք հարգում դուք ուրիշների մեջ: Երկար ժամանակ դա ձեր մեծագույն առավելությունն էր, քանզի դուք սպանում էիք առավել հեշտությամբ, քան մենք: Եվ մինչև ժամանակների վախճանը դա կլինի ձեր նմանների առավելությունը: Բայց մինչև ժամանակների վախճանը մենք, որ չենք նմանվում ձեզ, պիտի վկայություն տանք, որպեսզի մարդը չնայած իր ծանրագույն մեղքերին, ստանա իր արդարացումն ու անմեղության գրավականները:
Ահա ինչու այս պայքարի վերջում դժոխքի դեմքն ստացած քաղաքի սրտում, չնայած հայրենակիցներիս հասցրած բոլոր տառապանքներին, չնայած այլանդակված մեր մեռելներին և որբացած գյուղերին, կարող եմ ասել նույնիսկ այն պահին, երբ ձեզ կջախջախենք անգթորեն ու անողոքաբար, համենայն դեպս չենք տածի ատելություն ձեր նկատմամբ:
Եվ եթե վաղը նույնիսկ այլոց պես մեզ հարկ լինի մեռնել, մենք դարձյալ ատելություն չենք ցուցաբերի: Չենք ասի, թե կլինենք զերծ վախից, մենք կփորձենք միայն մնալ ողջախոհ: Բայց կարող ենք հավաստել, որ ոչինչ չենք ատի:
Աշխարհում մի բան կա, որ կարող էի այսօր ատել, բայց ասում եմ ձեզ, թե դրա հետ արդեն փակել ենք հաշիվները և ուզում ենք ոչնչացնել ձեզ՝ ջախջախելով ձեր հզորությունը, բայց առանց խեղելու ձեր հոգին:
Մեր նկատմամբ ունեցած առավելությունը, ինչպես տեսնում եք, դուք շարունակում եք պահպանել: Բայց դա նաև մեր գերազանցությունն է: Եվ հիմա դա է ինձ համար դարձնում թեթև այս գիշերը: Մեր ուժը ձեզ նման աշխարհի խորիմաստության մասին մտածելու մեջ է, մեր ապրած դրամայից ոչինչ չժխտելու մեջ, բայց միաժամանակ բանականության այս ավերածության վերջում մարդու գաղափարը փրկելու և դրանից դեպի վերածնունդ տանող անհողդողդ արիություն քաղելու մեջ: Անշուշտ, աշխարհին ուղղած մեր մեղադրանքը դրանից չի նվազում: Այս նոր գիտության համար մենք շատ թանկ վճարեցինք, որպեսզի մեր իրավիճակը հուսահատական չթվա մեզ: Լուսաբացին հարյուր հազարավոր սպանվածներ, բանտերի ահարկու պատեր, Եվրոպա, որի հողը տնքում է միլիոնավոր դիակներից, որոնք եղել են իր զավակները. այս ամենը հարկ եղավ երկու-երեք նրբերանգի ձեռք բերման վճարի համար, նրբերանգներ, որոնք թերևս այլ բանի պիտանի չլինեն մեզնից մի քանիսին օգնելուց բացի, որ պատվով մեռնեն: Այո, սա հուսահատեցնող է: Բայց մենք պիտի ապացուցենք, որ արժանի չենք այդքան անարդարության: Այս այն խնդիրն է, որ դրել ենք մեր առջև և պիտի լուծենք վաղը: Եվրոպայի այս գիշերվա մեջ, ուր թևածում է ամառվա շունչը, միլիոնավոր զինված կամ անզեն մարդիկ պատրաստվում են պայքարի: Ուր որ է, կծագի արշալույսը և կբերի վերջապես ձեր պարտությունը: Գիտեմ, երկինքը, որ այնքան անտարբեր էր եղել ձեր դաժան հաղթանակների նկատմամբ, նույնքան անտարբեր կլինի ձեր արդարացի պարտության հանդեպ: Այսօր դեռևս ոչինչ չեմ սպասում նրանից: Բայց մենք գոնե կօգնենք մարդ արարածին, որ փրկվի մենությունից, ուր ուզում էիք դուք նետել նրան: Իսկ դուք, որ ուրացել եք հավատարմությունն առ մարդը, պիտի մեռնեք հազարներով հենց մենության մեջ: Հիմա արդեն կարող եմ ձեզ ասել՝ մնաք բարով:
Հուլիս 1944թ.
Ֆրանսերենից թարգմանությունը՝ Արուս Բոյաջյանի
Albert Camus “Lettres à un ami allemand”, Gallimard 1948