Ռուբիկոն

Նամակներ գերմանացի բարեկամին

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Երեխան կիպ սեղմվում է բրեզենտե ծածկին, որ տեղի է տալիս փոքր-ինչ: Նա հայտնաբերում է մի նեղ ճեղք բրեզենտե ծածկի ու թափքի միջև: Եթե ուզենա, կարող է ցած թռչել: Այն մեկը թիկունքը շրջել է իրեն: Առաջնամասում զինվորները ուշադիր նայում են, որ կողմնորոշվեն մռայլ աղջամուղջի մեջ: Տղան երկար-բարակ չի մտածում, պոկում է բրեզենտը, ճեղքով դուրս սահում ու ցատկում: Հազիվ լսվում է նրա թրմփոցը, հետո ճանապարհով հեռացող հապշտապ ոտնաձայնը, այնուհետև տիրում է լռություն: Տղան անցնում է հող ու դաշտով, որ խլացնում է վազքի աղմուկը:

Բայց բրեզենտի շփշփոցը, բեռնատարի մեջ ներխուժող առավոտվա խոնավ ու սուր օդը հարկադրում են քահանային ու դատապարտվածներին ետ շրջվել: Մի պահ քահանան սևեռուն նայում է իրեն լուռ զննող այդ մարդկանց: Մի պահ միայն, և Աստծո ծառան իր կոչման համաձայն պիտի որոշի, ում հետ է ինքը, դահիճների՞, թե՞ նահատակվողների: Բայց նա արդեն ծեծում է միջնորմը, որը նրան բաժանում է իր ընկերներից: «Achtung»: Ահազանգը տրված է: Երկու զինվոր նետվում են բեռնատարի մեջ և բանտարկյալների վրա նշան բռնած հսկում: Մյուս երկուսը ցատկում են ցած և դաշտերով մեկ վազում: Քահանան բեռնատարից մի քանի քայլ հեռու, ասֆալտին ցցված՝ փորձում է աղջամուղջի միջից հայացքով հետևել նրանց: Բեռնատարի մեջ մարդիկ լուռ միայն ականջ են դնում. հետապնդման աղմուկ, խլացող բացականչություններ, կրակոց, լռություն, հետո նորից ձայներ՝ ավելի ու ավելի մոտեցող և վերջապես մարող ոտնաձայներ: Տղային ետ են բերում: Նրան չէին բռնել, բայց նա ինքն էր կանգ առել թշնամական մշուշոտ այդ օղակի մեջ հայտնված, հանկարծակի քաջությունը կորցրած և թևաթափ եղած: Պահակները նրան ավելի շուտ քարշ են տալիս, քան ուղեկցում: Ծեծում են մի քիչ, ոչ շատ: Չէ՞ որ ամենակարևորը դեռ առջևում է: Տղան աչք չի գցում ո՛չ քահանայի, ո՛չ մյուսների վրա: Քահանան նստում է վարորդի կողքին, բեռնատարի մեջ մի զինված զինվոր փոխարինում է նրան: Մեքենայի մի անկյունը նետված երեխան լաց չի լինում: Բրեզենտի և հատակի արանքից նայում է սուրացող ճանապարհին, որի վրա բացվում է լույսը:

Ես ճանաչում եմ ձեզ, դուք շատ լավ եք պատկերացնում մնացյալը: Բայց դուք պիտի իմանաք, թե ինձ ով է պատմել այս պատմությունը: Ֆրանսիացի մի քահանա: Նա ասաց. «Ես ամաչում եմ այդ մարդու փոխարեն և գոհանում եմ այն մտքից,որ ոչ մի ֆրանսիացի քահանա չի հանդուրժի իր Աստծուն ի սպաս դնել մարդասպանությանը»: Եվ դա ճշմարիտ էր: Պարզապես այն հոգևորականը մտածում էր ձեզ նման: Նրան բնական էր թվում ամեն ինչ, մինչև իսկ հավատը ի սպաս դնելը իր երկրին: Ձեզ մոտ զորակոչվեցին նույնիսկ աստվածները: Նրանք ձեզ հետ են, ինչպես ասում եք դուք, բայց ոչ իրենց կամքով: Դուք այլևս ոչինչ չեք տարբերակում, դուք վերածվել եք սոսկ մի անսանձ պոռթկման: Եվ այժմ կռվում եք միայն կույր մոլեգնության միջոցներով, ուշադիր՝ ավելի շուտ զենք ու զրահին, շաչ ու շառաչին, քան գաղափարների հրամայականին, համառ՝ ամեն ինչ ցրիվ տալու և ձեր սևեռուն մտքին հետևելու մեջ: Մենք ելնում էինք բանականությունից ու դրանից բխող վարանումներից: Այդ մոլեգնության դեմ մենք ուժ չէինք: Բայց հիմա արդեն շրջադարձն ավարտված է: Մեզ հարկ եղավ մեկ երեխայի մահ, որ բանականությանը գումարեինք նաև մեր ցասումը, և այսուհետ մենք երկուսն ենք մեկի դեմ: ՈՒզում եմ ձեզ հետ խոսել ցասման մասին:

Հապա հիշեք: Ձեր վերադասներից մեկի հանկարծական պոռթկման հանդեպ ցուցաբերած իմ զարմանքին դուք պատասխանեցիք. «Դա նույնպես շատ լավ է: Բայց դուք չեք հասկանա: Ֆրանսիացիները զուրկ են այդ առաքինությունից, այն է՝ զայրույթից»: Ո՛չ, այդպես չէ, բայց ֆրանսիացիները դժվարահաճ են առաքինությունների հարցում: Եվ դրանք ի հայտ են բերում միայն անհրաժեշտության դեպքում: Դա նրանց ցասումը դարձնում է լուռ և ուժեղ, ինչը սկսել եք դուք նոր-նոր զգալ: Եվ ավարտելու համար, հենց այդ ցասումով, ինձ ծանոթ այդ միակ ցասումով էլ խոսելու եմ ձեզ հետ:

Ձեզ արդեն ասացի, թե համոզվածությունը չի լիացնում սիրտը զվարթությամբ: Մենք գիտենք, թե ինչ կորցրեցինք այդ երկարուձիգ շրջադարձի ընթացքում: Գիտենք ինքներս մեզ հետ հաշտ լինելով կռվելու այդ դառը ուրախության գինը: Քանզի ունենք անդառնալիության սուր զգացում, քանզի մեր կռիվն էլ իր մեջ ունի նույնքան դառնություն, որքան վստահություն հաղթանակի հանդեպ: Պատերազմը չէր գոհացնում մեզ: Մեր փաստարկները դեռևս պատրաստ չէին: Մեր ժողովուրդը ընտրեց քաղաքացիական պատերազմը, համառ ու հավաքական պայքարը, առանց մեկնաբանությունների զոհողությունը: Սա պատերազմ է, որ նա հայտարարեց ինքն իր դեմ և ոչ թե ընդունեց տխմար ու թուլամորթ կառավարություններից: Պատերազմ, որի մեջ վերագտավ ինքն իրեն և կռվում է հանուն այն գաղափարի, որ կազմել է ինքն իր մասին: Բայց ինքն իրեն թույլ տված այդ շքեղությունը ահավոր թանկ նստեց նրա վրա: Այդտեղ ևս այս ժողովուրդը առավել արժանիք ունի, քան ձերն է: Քանզի կենացմահու այդ կռվում ընկան նրա լավագույն զավակները. ահա իմ ամենադաժան միտքը: Պատերազմի հեգնանքի մեջ կա հեգնանքի առավելություն: Մահը տարածվում է ամենուր և բախտապավեն: Մեր մղած պատերազմի մեջ արիությունը դրսևորվում է ինքնաբուխ, և դուք հանապազօր գնդակահարեցիք մեր ամենաարդար ոգին: Քանզի ձեր պարզամտությունը զուրկ չէ կանխատեսությունից: Դուք երբեք չիմացաք, թե ինչ է հարկավոր ընտրել, բայց գիտեք, թե ինչ է հարկավոր ավերել: Իսկ մենք, որ մեզ համարում ենք ոգու պաշտպաններ, գիտենք, սակայն, որ ոգին կարող է մեռնել, երբ նրան ջախջախող ուժը բավականաչափ մեծ է:

Բայց մենք հավատում ենք մի այլ ուժի: Դուք կարծում եք, թե համրացած, այս աշխարհին արդեն հրաժեշտ տված այդ դեմքերը գնդակներով ծակծկելով այլանդակում եք մեր ճշմարտության դեմքը: Բայց դուք հաշվի չեք առնում համառությունը, որը պարտադրում է Ֆրանսիային կռվել ժամանակի հետ: Դժվարին ժամերին մեզ սատար է կանգնում այս վհատեցնող հույսը. մեր ընկերները կլինեն ավելի համբերատար, քան դահիճները և առավել շատ, քան գնդակները: Տեսնում եք, ֆրանսիացիներն ընդունակ են ցասման:

Դեկտեմբեր 1943 թ.

ՆԱՄԱԿ ԵՐՐՈՐԴ

Մինչև այժմ ձեզ հետ խոսել եմ իմ երկրի մասին, և սկզբում դուք հավանաբար մտածել եք, թե իմ լեզուն փոխվել է: Իրականում ոչինչ չի փոխվել: Պարզապես մենք նույն իմաստը չենք տալիս միևնույն բառերին, այլևս չենք խոսում միևնույն լեզվով: Բառերը միշտ ընդունում են հարուցած գործողությունների կամ զոհողությունների գույնը: «Հայրենիք» բառը ձեզ մոտ ունի արյունոտ ու կույր անդրադարձներ, ինչն առմիշտ օտար է ինձ համար, մինչդեռ նույն բառի մեջ մենք բանականության հուրն ենք դրել. դրա մեջ արիությունն առավել դժվարությամբ է ի հայտ գալիս, բայց մարդ առնվազն գտնում է իր ողջ ակնկալիքը: Մի խոսքով՝ դուք հասկացաք, իմ լեզուն իսկապես երբեք չի փոխվել: Դա այն նույն լեզուն է , որով խոսել եմ ձեզ հետ մինչև 1939 թ. և խոսում եմ այսօր:

Կարդալ նաև

Գրականություն Ասույթներ Նիցշեի ոճով Հովնաթան Ադամյան Քանի ապրում ես՝ ոչինչ էլ չունես, Քանզի կամ լցվում կամ դատարկվում ես: Ուր սիրելու էլ բան չկա՝ Մի վարանիր, թող ու գնա: Ով քիչը տալիս ու շատն է առնում, Հոգու պարտքերի գերին է դառնում: Թե չկամեցար արծվի պես ճախրել, Գոնե կամեցիր քարի պես ընկնել:… Գրականություն «Երկնագույն տետրակ N 10» … Դանիիլ Խարմս Դանիիլ Խարմսը (Դանիիլ Իվանովիչ Յուվաչով) ծնվել է Պետերբուրգում 1905 թ. դեկտեմբերի 30-ին: 1941 թ. օգոստոսին ձերբակալվեց երրորդ անգամ և մահացավ բանտային հիվանդանոցում 1942 թ. փետրվարին: «Ինձ, – գրում է Խարմսը 1937 թվականին, – հետաքրքրում է միայն… Գրականություն «Պարականոն» շարքից Վարդան Ֆերեշեթյան Գիտեմն ու Չգիտեմը Ոմն այր երկու զավակ է ունենում` Գիտեմն ու Չգիտեմը, որոնց մայրը մահանում է: Հայրը խորթ մայր է բերում տուն (հետևելով հեքիաթների տխուր իրողությանը): Գիտեմը, որ ամեն ինչ գիտեր, մեղադրում է հորը և տանից վտարվում: Չգիտեմը, որ…