Ռուբիկոն

Ի խոյզ ստեղծանող տրցակի

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Գրիգոր Հակոբյան

Սոյն գրութիւնն ընդամէնը Գրիգոր Պըլտեանի «Սեմերի» ընթերցումի սկզբնադիր ուրուագիրն է: Այս երկի բազմապարունակութիւնըներբնագրային եւ արտաբնագրային զուգորդութիւններում առկայում է ինչպես իմաստային յոգնակիութիւն` բնագրում ձգուելով, անդրափոխարկուելով տարբեր իմաստների, նշանակութիւնների, այնպես էլ ներբնագրային լեզուակերտութեամբ` նշանաբանում XX դարավերջի արձակի յղացքա-ստեղծաբանական, ձեւաբանական համադրութիւնը, միաժամանակ` XXI դարի գրականութեան/վէպի մշակոյթ ներբերելով:

Եօթ հազար ութ հարիւրմէկ տողանոց («Սեմերի» ծաւալը) ստեղծագործութիւնը1 տարողում է հայկական արտատարածքային կենսապատմութեան էպոպէան եւ այս քաոսային բոյլի ստեղծագործական հանդարտեցումը, կարգաբերումը` ներքին տարաժամանակեայ պատմումայնութեամբ, կենդանագրում է էպոպէան տարողող գոյութենական եւ ապագոյութենական վտարանդիութեան հովուերգութիւնն ու միստերիան, գրոտեսկայնութիւնն ու անհեթեթութիւնը, հոգեվերլուծումն ու քնարական հագներգութիւնը, կենսաուժերի անանցութիւնն ու սպառումը, նախասահմանութեանը տրուե- լու, ըմբոստանալու շրջանակը, սպասումն ու իմաստաւորումը, կեանքի հեքիաթահիւսքի կենտրոնացում-ապակենտրոնացման ընթացքի տենդն ու ահը, վայելքն ու կարօտաբաղձութիւնը, ինքնապատնէշումների վկայութիւնները:

Ա. Շեմ` դեպի «Սեմեր». երկը գեղարուեստական ընթացի խորքին

«Սեմերը» բարեյաջողելով Փարիզ-Բէյրութ-Հալէպ տպագրական անցուդարձը 1997-ին լոյս տեսավ «Մաշտոց» մատենաշարով2:

Ընդհանրապէս 20-րդ դարի վերջին տասնամեակի երկրորդ կէսը սփիւռքեան արձակի մետաբնագրի համար չափազանց արգասաւոր է ոչ միայն արժէքաբանական թելադրանքներով, այլեւ, որն ըստ իս, առաւել կարեւոր է եւ հետաքրքիր, գրակա- նութեան պատմութեան ընթացականութեան յետագան ապահովագրելիս` ստեղծաբանական բնոյթի եւ կիրարկումների արդիացման եւ արձակի գեղարուեստական շարունակելիութեան հնարաւորութիւնների մատնանշում-իրացումներով: Արձակի (վէպի) նորագոյացումները Իշխան Ճինապա- շեանի «Արխիւ հասնումի», Վահէ Պէրպէրեանի «Նամակներ Զաաթարէն» վէպերով, խնդրո առարկայ ստեղծագործութեամբ պոէտիկական-յղացքային ամբողջութեամբ նորագոյացում են, ազատագրում` դասական կաղապարներից. եւ եթէ Պէրպէրեանի, յատկապէս Ճինապաշեանի ստեղծագործութիւնները սփիւռքի գրականութեան պատմութեան մէջ այնուհանդերձ, տեղայնացւում են խիստ կարեւոր, էական գործառնային դերերով, ապա «Սեմերը» պայմանաւորում են արձակի նոր կերպը, վերջնականապէս աւարտաբանում ձեւաբանական-յղացքային հանդերձը, սկզբնադրում գեղարուեստական նորագոյացումը, միջբնագրային պարագրկումներում առկայացնելով ստեղծաբանական համադրականութիւն:

Գրիգոր Պըլտեանի «Սեմերը» համահայկական գրական համապատկերում հանգրուանում են նոր վիպաձեւման երեւութականութիւնը ձեւական պլանի յարացուցային նորոգութեամբ, լեզուակերտութեամբ, բովանդակային պլանի ռեֆորմացիայով, իմաստային ընթերումների չափագրումներով, ստեղծագործութեան գրականութեան պատմութեան համար միաժամանակեայ, սինքրոն աւարտաբանուածութիւն-սկզբնաբանութիւնը խարսխւում է գրականացման համադրական հիմներին. այսպիսով ներբնագրային տիրոյթներում ստեղծում է գեղարուեստական արձակի «ծննդոց ելքը»` բախումներով, ճակատումներով վկայում` արձակի բնութային գերակայութիւնները: Բնականաբար նմանօրինակ գերհագեցուածութիւնը փոխակերպում է նաեւ գեղարուեստական ընթացքի պատմական հետագծի հիմնային կողմնորոշումներն ու արտայայտութիւնները: Գենետիկական պոէտիկայի ոլորտում «Սեմերի» կանգնումը շօշափելիանում էր տակաւին Պըլտեանի փոքր արձակ երկերի մեջ արդէն. մի դէպքում նախաստեղծականութեանը մօտենալու, նրա սկիզբը նուաճել-հռչակագրելու, սեմին մերձենալու անթաքոյց արարքով («Աղբիւր»)3, որտեղ այս հատորի որոշադրումն աներկբայելիացւում է գրողի ստեղծագործական կենսոլորտում. «Մանկութեան մէջ այրութեան թեթեւ բարձրացումը` երբ դեռ մանկութիւնը կը շարունակէ տեւել: Հատումը տեղի ունեցեր էր արդէն, քեզմէ առաջ, քեզմէ անկախ, եւ ձայնդ կը կրէր անոր լսելի հետքը, անոր սպին»4, իսկ տեւողութիւնն ու հատումը մանրամասնում է Էլմոնին ու Մարիամին, Վերժինին ու Անթիքային, Մարիձային, Արաքսիին, Նանոյին բաղհիւսուած գրողի ես-ի նշանագրումները` աղէտի եւ կարօտի, սիրո եւ հեռացման, աքսորի եւ գոյաբանական «բօշայուիթեան» պարունակներում: Մէկ այլ պարագային, կենտրոնանալով բազմաթիւ դետալներից մէկին, ներթափանցւում նոյն աղէտի եղկութեանը` միաժամանակ եւ ՛ պատնէշելով, եւ ՛ տիրելով եւ թե ՛ անցնելով այն5:

«Սեմերի» հանրգրուայնութիւնը, պայմանաւորում է նաեւ երկի սփիւռքեան գրականութեան պատմութեան մէջ բովանդակային պլանի նորարարական-ավանդադիր դերով: Այս պարագային եւս ստեղծագործութեան ներքին բազմաձայնութիւնը ներբերում է այնպիսի որակներ, որոնք այսպէս կոչուած «կարօտի», «նահանջի» գրականութիւնների կրաւորական, չարչրկուած գրաբանութիւններն անցնում են, աւելին` համադրւում` գոյաւորելով պոստնահանջ/կարօտային գրականութիւն, բնագիր, որ 21-րդ դարի սփիւռքեան գրականութեան կողմնորոշիչներից է լինելու առնուազն մի քանի տասնամեակ:

Բ. «Սեմեր». ժանրակերպութեան խնդրադրութիւնում

Վէպի ճգնաժամի, ժանրի «մայրամուտի» ստեղծաբանական-տեսաբանական «գուժումը» (բնականաբար ժանրի դասական կառոյցի` Ռ. Յեակոբսօնից մինչեւ Օրտեգա-ի-Գասսետ, Վ. Բենիամին, Ջ. Ֆաուլզ, այլք) Հայոց գրաբանութեան պարագրկումներում անդրդուելիօրէն մեծամասնութեամբ հասու չէ, սակաւ դէպքերում շրջանցւում եւ, զարտուղութիւնները բացառեալ, 20-րդ դարավերջին Հայաստան ու ի սփիւռս հիւսում լաւագոյնը րաֆֆիական-շիրվանզադեականին գիրկընդխառն երուխանական արձակ: Ժամանակակից գրականական ընթացն այսօր էլ «սպեկուլեատիւ պատմավիպասանութեան» տեղապտոյտից յամառ անգիտութեամբ դուրս չի գալիս` կարօտաբաղձութիւն, ուծացում, սեռականութիւն տարտամ չափաբաժիններով: Գրական-մշակութային կենսոլորտում սակայն կայ համընդհանուր դժգոհութիւն, անբաւարարուածութիւն վէպից, արձակից առհասարակ, որ ճգնաժամի, մայրամուտի առարկայական արտայայտութիւնն է: «Սեմերը» արձակի մետաբնագրում, վիպագրութեան նորմատիւ ընդելուզումներում (աղէտ, աքսօր, այլուրութիւն, սփիւռքացում, ես-ի կենսագործունեութեան համապատկեր) ցուցանում է ժանրի, արձակի ընդհանրապես «յարութեան» կարելիութիւնները, արդիաց- նում նոր գրականութեան պատմութեան մէջ ամրագրուած «հայկական վիպաստեղծումի» արքետիպերի համակարգը` հակաճգնաժամային ստեղծաբանական կիրարկումներով, նորարարական լեզուակերտմամբ: Պատահական չէ, որ ինձ հասու եղած «Սեմերի» անդրադարձումներում գրքի ժանրային պատկանելիութեան խնդիրը կամ սոսկ հռչակագրուել եւ առկախուել է, կամ տարուբերուել վէպից մինչեւ խճանկար ու թատրոն: Ընդ որում թէ՛ Պալեանը, թէ՛ Շահինեանը ժանրանուանումը բնորոշում են դասական շրջագծում6:

«Սեմերի» իբրեւ վէպի բնութագրականը չի մանրամասնուել, փաստարկուել, իսկ յօրինումի (հաւասար է ժանրային ինքնութեանը) «խճանկարային», «թատրոնական» կերպը, «թատերայնութիւնը», կարծում եմ, խստագոյնս տեղայնացնում է երկի ժանրային խնդրադրութիւնը` ենթադրելով թերթօնային վէպի ներդիրայնութիւն (Երուանդ Օտեանի վէպերի թատերայնութեան զուգաբանութեամբ): «Սեմերի» բազմաձայնային ստեղծաբանական-արխիտեկտոնիկ հիմքը աներկբայելի է, հետեւաբար երկի համաբնագրում իրապես առկայ բաղկացյալներն ընդամէնը ժանրային տարրեր են, այլ ոչ թէ ժանրաինքնութիւն: «Սեմերի» պարագային հարկ է նկատել, որ այս ստեղծագործութիւնը արդի գրականութեան մէջ վերջնականապէս աւարտում է ժանրային, միջժանրային ձեւերի սահմանների պայմանականութիւնները, հաստա- տագրում փոխներթափանցուած արձակի նոր կերպ, որտեղ գործում են վէպի եւ փոքր արձակի, խոհագրութեան եւ non fiction-ի, ակնարկի, պատկերի խայտաբղետ կիրարկումների էամասերը. սրանք կորցրել են կամ չունեն որեւէ ներդիր գործառնութիւն բանգրային մակարդակում, ներփակ միտում են ինքնին բազմաձայնութեան: Ահա թէ ինչու եմ գրքի պարագային անընդհատ կիրառում նոր վիպագրութիւն արտահայտութիւնը, որ, երկրորդեմ, արձակի կերպն է այժմ, ապագան պայմանաւորողը, նոյն արձակի (վէպի) կենսագործունեութիւն ապահովագրողը:

Կարդալ նաև

Գրականություն Վերջին լուսանկարը («Սեմեր» վեպից) Գրիգոր Պըլտեան Չեմ գիտեր ի՞նչ պատահեցաւ, տարիներ ետք, օր մը, բայց ե՞րբ էր իսկապէս, ելեր էի դուրս, լուսանկարները մնացեր էին բաց, լոյսին ու փոշիին, այդպես եղած էր միշտ, երբ միասին էինք, դրած էինք տան պատերուն, գնդասեղով մը ամրացուցեր էինք, դիտեր, մոռցեր էինք… Գրականություն Բանաստեղծություններ Հրաչյա Բեյլերյան *** Մահը բնակվում է մեր ոսկրածուծերում, Այնտեղ գիշերային աստեղ կան ուշաթափ, Որ մեզ այլաշխարհիկ ճառագում են բերում – Խինդ հարբած հրեշտակի ու հայհոյանք սթափ: Լուսնոտ քարանձավում մի արծաթե չղջիկ Լափում է կտրված կաթը լիալուսնի: Գամվում է գիշերով… Գրականություն Ասույթներ Գյոթե «Զարմանահրաշն այն է, որ մեր համոզմունքների լավագույն մասը անհնար է բառերով ընդգրկել: Լեզուն հարմարեցված չէ ամեն բանի, և հաճախ մենք բնավ չգիտենք` ի վերջո տեսնո՞ւմ, հայո՞ւմ, մտածո՞ւմ, հիշո՞ւմ, երևակայո՞ւմ թե հավատո՞ւմ ենք մենք»: «Մենք պետք է սովորենք…