Գրականության մեջ ազդեցության դերի մասին
Անդրե Ժիդ
Բանախոսություն՝ կարդացված Բրյուսելի «Ազատ էսթետիկա»-ի կոնֆերանսում 1900 թվականի մարտի 29-ին
Թեո Վան Ռիսսելբերգին
Տիկնայք և պարոնայք,
Այստեղ ես ջատագովելու եմ ազդեցությունը:
Սովորաբար ընդունված է, թե կան լավ և վատ ազդեցություններ: Ես հանձն չեմ առնում դրանք տարբերակել: Մտադիր եմ ջատագովել բոլոր ազդեցությունները:
Կարծում եմ` կան հրաշալի ազդեցություններ, որոնք այդպիսին չեն երևում ամենքին:
Ըստ իս` ազդեցությունը չի կարող բացարձակապես լավ կամ վատ լինել, այլ պարզապես այդպիսին է այն կրողի առումով:
Հատկապես ենթադրում եմ, թե կան հոռի բնավորություններ, որոնց համար ամեն ինչ ձախողանք է, ամեն բան անիրավություն իրենց հանդեպ: Մյուսների համար, ընդհակառակը, ամեն ինչ բարերար սնունդ է, և նրանք քարը վերափոխում են հացի: «Ես,– ասում է Գյոթեն,– կլանում էի այն ԱՄԵՆԸ, ինչ Հերդերն ուզում էր ուսուցանել ինձ»:
Ազդեցության ջատագովություն` սկզբում, ազդեցության ջատագովություն` հետո. սրանք կլինեն մեր խոսակցության երկու կետերը:
Գյոթեն իր Հուշերում հուզմունքով է խոսում երիտասարդության այն շրջանի մասին, երբ իր զգայունակությունը եղել է այնքան սրված, որ դաշտում զբոսնելիս իրեն հասած երգը, հովը, թույլ շողը կամ աննշմար ստվերը, թվում է, իրապես ձևափոխել է իրեն: Նա բերկրանքով ենթարկվել է ամենից հպանցիկ ազդեցությանն անգամ:
Ազդեցությունները լինում են բազմատեսակ, և եթե ձեզ հիշեցրի Գյոթեի այս հատվածը, ապա այն պատճառով, որ կամենում էի խոսել բոլոր ազդեցությունների մասին, քանզի յուրաքանչյուրն ունի իր կարևորությունը` սկսած ամենաանորոշներից, ամենաբնականներից, վերջացրած մարդկանց և նրանց ստեղծագործությունների ազդեցություններով. վերջացրած դրանցով, քանզի չափազանց դժվար է խոսել այդ ազդեցությունների մասին, և ամենից շատ ջանում են կամ հավակնում են քարկոծել դրանք: Ու քանի որ ես մտադիր եմ նաև անել դրանց ջատագովությունը, կուզեի այդ ջատագովությունը նախապատրաստել հավուր պատշաճի, այսինքն` աստիճանաբար:
Անկարելի է, որ մարդը զերծ մնա ազդեցություններից: Ամենից զգուշավոր, ամենից մեկուսացած մարդն անգամ դարձյալ զգում է դա: Ազդեցությունները նույնիսկ նկրտում են լինել այնքան ավելի ուժգին, որքան սակավաթիվ են: Եթե վատ եղանակը մոռացության տալու ոչինչ չունենք, ապա նույնիսկ կարճատև տարափը մեզ անմխիթար վիճակի մեջ կգցի:
Այնքան անհնարին է մարդուն պատկերացնել բացարձակապես զերծ բնական ու մարդկային ազդեցություններից, որ երբ երևան են գալիս հերոսներ, որոնք, թվում է, ոչինչ պարտական չեն արտաքին աշխարհին ու որոնց քայլերն անկարելի է բացատրել, իսկ կրած և հասարակ մարդկանց անհասկանալի ազդեցություններն այնպիսին են, որ մարդկային որևէ դրդապատճառով կարծես չեն մեկնաբանվում, նրանց հաջողությունից հետո ուզում են հավատալ աստղերի ազդեցությանը. պարզապես անհնարին է պատկերացնել մարդկային ինչ-որ բան, որն ամբողջությամբ, խորապես ու հիմնովին լինի ինքնաբուխ: Ըստ իս` առհասարակ կարելի է ասել, թե նրանք, ովքեր միայն իրենց աստղին հնազանդվելու փառավոր համբավն ունեն, այն մարդիկ են, որոնց վրա առավել ուժգին են գործում, անհատական, ընտրովի, քան ընդհանուր ազդեցությունները, այսինքն` մի ամբողջ ժողովրդի կամ առնվազն նույն քաղաքի բնակիչների վրա միաժամանակ գործող ազդեցությունները:
Արդ, գոյություն ունի երկու կարգի ազդեցություն` ընդհանուր և մասնավոր. այնպիսին, որին միաժամանակ ենթակա են ողջ ընտանիքը, մարդկանց խումբը, երկիրը, և մեկ ուրիշը, որ ընտանիքում, քաղաքում, երկրում կրում է մեկը (կամա թե ակամա, գիտակցաբար թե անգիտակցաբար, այնպիսիք, որ դուք եք ընտրել, թե դրանք են ձեզ ընտրել): Առաջին խումբը ձգտում է անհատին հանգեցնել ընդհանուր տեսակի, երկրորդը` անհատին հակադրել հանրությանը: Տենը գրեթե բացառապես զբաղվել է առաջին խմբով. դրանք մյուսներից ավելի լավ են շոյել նրա դետերմինիզմը…
Բայց քանի որ անկարելի է միայն ինքնին որևէ նոր բան հորինել, ազդեցությունները, որ անհատական եմ կոչում քանի որ դրանք ինչ-որ ձևով տարանջատելու են ազդեցություն կրող անձին, անհատին իր ընտանիքից, հասարակությունից, նաև լինելու են այն ազդեցությունները, որոնք մերձեցնելու են նրան իր նման կրող կամ կրած այս կամ այն անծանոթին` այսկերպ ձևավորելով նորանոր խմբեր և ասես ստեղծելով երբեմն խիստ ցաքուցրիվ անդամներով մի նոր ընտանիք: Սա աղերսում է կապեր, հիմնում հոգեհարազատություն ու կարող է միևնույն մտքին հանգեցնել պեկինցուն և ինձ, ժամանակի միջով մերձեցնել Ժամին, Վերգիլիուսին և չինացի այն բանաստեղծին, որի հրաշալի, համեստ ու զվարթ բանաստեղծությունը նա ձեզ համար ընթերցեց անցյալ հինգշաբթի:
Ընդհանուր ազդեցությունները, բնականաբար, ամենից հասարակն են. պատահական չէ, որ հասարակ բառը դարձել է ընդհանուրի հոմանիշը:
Գրեթե անհարմար եմ զգում հիշատակել սննդի ազդեցությունը, եթե, օրինակ, Նիցշեն պարադոքսալորեն (ուզում եմ հավատալ դրան) չպնդեր, որ խմիչքն առհասարակ նշանակություն է ունենում ժողովրդի բարքերի, մտքի վրա, որ գերմանացիները գարեջուր խմելով, օրինակ, իրենց մեկընդմիշտ զրկում են մտքի այն թեթևությունից, սրությունից, որ նա կամենում էր վերագրել գինի գործածող ֆրանսիացիներին:
Անցնենք առաջ:
Սակայն կրկնում եմ` որքան ազդեցությունը նվազ հասարակ է, այնքան ավելի է գործում առանձնահատուկ ձևով: Իսկ արդեն ժամանակը, եղանակները թեև բազմությունների վրա գործում են միաժամանակ, բայց ազդում են ավելի նրբորեն ու ավելի ուժգին` առաջացնելով խիստ տարատեսակ հակազդեցություններ: Մեկը կարող է նվաղել շոգից, մյուսը` ոգեշնչվել: Քիթսը կարողանում էր իսկապես աշխատել միայն ամռանը, Շելլին` աշնանը: Իսկ Դիդրոն ասում էր. «Ուժգին քամիների ժամանակ միտքս խելահեղ է դառնում»:
Կարելի է դարձյալ մեջբերումներ անել, օրինակներ բերել նորից ու նորից…
Անցնենք առաջ:
Կլիմայի ազդեցությունը դադարում է ընդհանուր լինելուց և դրանով իսկ դառնում զգայելի նրա համար, ով ենթարկվում է դրան օտար երկրում: Այստեղ գործ ունենք առանձնակի ազդեցությունների հետ, այն միակ ազդեցությունների, որ պիտի հետաքրքրեն մեզ հիմա:
Երբ Գյոթեն Հռոմ ժամանելով գրում է. “Nun bin ich endlich geboren!” «Վերջապես ծնվեցի…», երբ իր նամակներում նշում է, թե Իտալիա ոտք դնելուն պես իրեն թվացել է, որ առաջին անգամ է եկել ինքնագիտակցության և զգացել իր գոյությունը…, ահա ուրեմն, ինչի մասին է մեզ ստիպում մտորել օտար երկրի ազդեցությունը որպես ամենակարևոր երևույթի: Ավելին, սա ընտրովի ազդեցություն է. այսինքն չարաբաստիկ բացառություններից զատ` հարկադրական ուղևորություններ կամ աքսորներ, սովորաբար ընտրում են այն վայրը, ուր ուզում են ճամփորդել. ընտրությունն իսկ ապացույցն է այն բանի, որ արդեն փոքր-ինչ կրում են այդ երկրի ազդեցությունը: Վերջապես, ընտրում են հենց այդ երկիրը, որովհետև գիտեն, որ տպավորվելու են նրանով, որովհետև հույս ունեն կրել այդ ազդեցությունը, փափագում են այն: Դուք ընտրում եք հենց այն վայրերը, որոնք, ձեր համոզմամբ, կարող են ամենից շատ ներազդել ձեզ վրա: Երբ Դելակրուան մեկնում էր Մարոկկո, ապա դա օրիենտալիստ նկարիչ դառնալու համար չէր, այլ հասկանում էր, որ իրեն պետք են առավել վառ, առավել նուրբ ու վսեմ հարմոնիաներ, որպեսզի լիարժեքորեն ինքն իրեն «գիտակցի» իբրև կոլորիստի: