Ռուբիկոն

Գրականության մեջ ազդեցության դերի մասին

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Գրեթե անհարմար է այստեղ հիշել Լեսսինգի` ժպիտ հարուցելու աստիճան հանրահայտ խոսքը, որ Գյոթեն կրկնել է «Ընտրյալ հոգեհարազատության» մեջ. “Es wandelt niemand unbestraft unter Palmen” և որը բավական հասարակ ձևով ֆրանսերեն թարգմանվում է այսկերպ. «Ոչ ոք անպատիժ չի զբոսնում արմավենիների տակ»: Ի՞նչ հասկանանք այս խոսքից, եթե ոչ այն, որ զուր է դուրս գալ նրանց ստվերների տակից. այլևս չես լինի այն, ինչ եղել ես առաջ: 

Կարդացի գիրքը. կարդալուց հետո փակեցի, դրեցի գրադարանիս դարակին: Սակայն այդ գրքում կար այնպիսի մի խոսք, որ չկարողացա մոռանալ: Դա այնքան խորն է ներթափանցել իմ մեջ, որ ես այլևս չեմ առանձնացնում ինձնից: Թող որ մոռանամ գիրքը, որի մեջ կարդացել եմ դա, թող նույնիսկ չհիշեմ կարդացածս, մտաբերեմ միայն աղոտ,փույթ չէ: Այլևս անկարող եմ դառնալ այն, ինչ եղել եմ նախքան կարդալը: Ինչպե՞ս բացատրել նրա ուժը:

Նրա ուժը գալիս է այն բանից, որ այն ընդամենը բացահայտեց իմ ես-ի ինձ անհայտ մի կողմը. այն ինձ համար եղավ սոսկ մեկնություն: Արդեն ասվել է` ազդեցությունները գործում են ըստ նմանության. դրանք համեմատելի են այն հայելիների հետ, որոնք մեզ ցույց են տալիս ոչ թե այն, թե ինչ ենք արդեն իրականում, այլ թե ինչ ենք գաղտնապես: «Այն ներքին եղբորը, որ դեռևս չես», ասում էր Անրի դը Ռենիեն: Ավելի ստույգ` ես կհամեմատեի դրանք Մետեռլինկի պիեսի այն արքայազնի հետ, որ գալիս է արթնացնելու արքայադուստրերին: Անծանոթ, քնած քանի~-քանի արքայադուստրեր ենք մենք կրում մեր մեջ, որոնք սպասում են մի հպման, մի ձայնի, խոսքի, որպեսզի արթնանան:

Սրանից բացի ինձ համար կարևոր է, թե արդյոք ուղեղով սովորածս ի վիճակի եմ հիշողության օգնությամբ պահպանելու: Ուսումնառությամբ ես, այսկերպ, կարող եմ կուտակել լուրջ արժեքներ, խոչընդոտող մի ամբողջ պաշար, իբրև միջոց, անշուշտ, արժեքավոր հարստություն, բայց որը կմնա ինձնից տարբեր մինչև ժամանակների վախճանը: Ժլատն իր ոսկեդրամները պահում է սնդուկում, սակայն փակ սնդուկն արդեն նման է դատարկ սնդուկի:

Ոչինչ չի կարելի նմանեցնել այն ներքին ճանաչողությանը, որ ավելի շուտ սիրուն միախառնված ճանաչում է, իսկապես ճանաչում, ինչպիսին է վերագտած հարազատության զգացումը:

Հռոմում, Քիթսի մենավոր փոքրիկ շիրմի մոտ ես կարդացի նրա հրաշալի բանաստեղծությունները, և ինչ անկեղծությամբ անձնատուր եղա նրա մեղմանուշ ազդեցությանը, թողեցի, որ այն քնքշորեն համակի ինձ, ճանաչի, հարազատանա իմ ամենից կասկածելի ու տարտամ մտքերին: Այն աստիճան, որ երբ «Օդա առ սոխակ» քերթվածում նա հիվանդ բացականչում է. «Ախ, ո՞վ ինձ կտա մի կում գինի` խորը հողի մեջ երկար սառեցված, գինին այն, որ ֆլորա ու կանաչազարդ դաշտ է բուրում, պրովանսական երգեր ու պարեր և արևից շիկացած բերկրանք: Ախ, ո՞վ ինձ կտա տաք հարավով լի մի գավաթ», ինձ թվաց, թե լսում եմ իմ սեփական շուրթերից ժայթքող այդ սքանչելի հծծյունը:

Աշխարհում բարեկրթվելն ու զարգանալը կարծես իսկապես նշանակում է հարազատներին վերագտնել:

Գիտակցում եմ, որ հիմա մենք արդեն հասել ենք վտանգավոր, զգայուն կետին, և առավել դժվարին ու բարդ է լինելու այդ մասին խոսելը: Խոսքն այժմ վերաբերում է, ես կասեի բնական, բայց մարդկային ազդեցություններին: Ինչպե՞ս բացատրեմ. եթե մինչ այժմ ազդեցությունը մեզ թվում էր անհատական հարստացման երջանիկ միջոց կամ առնվազն նմանվում էր կախարդական այն փայտիկին, որ թույլ է տալիս մեր մեջ բացահայտել հարստություններ, ի՞նչ բացատրություն տալ, որ հիմա հանկարծ պետք է զգոն դառնալ, երկնչել (մանավանդ մեր օրերում,– խոստովանենք դա) և զգուշանալ: Ազդեցությունն արդեն դիտարկվում է իբրև չարաբաստիկ բան, մահափորձ, անհատականության դեմ ուղղված հանցագործություն:

Բանն այն է, որ հենց մեր ժամանակներում, անհատապաշտությունն առանց մասնագիտություն դարձնելու, մեզնից յուրաքանչյուրը ձգտում է ունենալ իր անհատականությունը. թող որ այդ անհատականությունը շատ զորեղ չլինի, թող որ մեզ և ուրիշներին երևա փոքր-ինչ անորոշ, երերուն կամ թույլ. այն կորցնելու վախը մեզ հետապնդում է և սպառնում փչացնել մեր ամենաիրական ուրախությունները:

Սեփական անհատականությունը կորցնելու վախը… 

Մեր երանելի գրական աշխարհում մենք ականատեսն ենք եղել և հանդիպել բազմաթիվ երկյուղների. երկյուղ նորի նկատմամբ, երկյուղ հնից, այս վերջին ժամանակներում նաև երկյուղ օտար լեզուների հանդեպ, և այլն: Բայց այս բոլորից ամենատգեղը, ամենից անհեթեթն ու ծիծաղելին անհատականությունը կորցնելու երկյուղն է:

«Ես չեմ ուզում կարդալ Գյոթե,– ասում էր ինձ երիտասարդ մի գրող (մի՛ վախեցեք, ես անուն տալիս եմ միայն գովաբանելիք),– չեմ ուզում կարդալ Գյոթե, որովհետև դա կարող է ինձ վրա տպավորություն գործել»:

Պետք է հասած լինես, չէ՞, հազվագյուտ կատարելության այնպիսի աստիճանի, որպեսզի հավատաս, թե կարող ես միայն փոխվել դեպի վատը:

Գրողի անհատականությունը, այդ նուրբ, փայփայված անհատականությունը, որ վախենում են կորցնել ոչ այնքան այն պատճառով, որ արժեքավոր են համարում, այլ նրա համար, որ նրանց անվերջ թվում է, թե կորցնելու վրա են, շատ հաճախ արտահայտվում է այս կամ այն բանը երբեք չանելով: Ինչը կարելի է անվանել զրկանքային անհատականություն: Այն կորցնել նշանակում է ցանկալ անել ինքդ քեզ չանել խոստացածը: Տասը տարի առաջ լույս ընծայվեց նովելների մի հատոր, որ հեղինակը վերնագրել էր «Պատմություններ առանց «ով»-ի և «ինչ»-ի»: Հեղինակը ստեղծել էր մի տեսակ ինքնատիպություն, յուրօրինակ ոճ, անհատականություն“ երբեք չգործածելով հարաբերական դերանուն: (Ասես «ով»-ն ու «ինչ»-ը չեն շարունակելու գոյություն ունենալ:) Որքան գրողներ, արվեստագետներ ունեն միայն նմանօրինակ անհատականություն, և այն օրը, երբ նրանք կհամաձայնեն բոլորի նման գործածել «ով»-ն ու «ինչը»-ը, պարզապես կմիաձուլվեն սովորական, մարդկային անսահման երանգավորումներով զանգվածին:

Եվ սակայն, պետք է խոստովանել, որ ականավոր մարդկանց անհատականությունը բաղկացած է նրանց անըմբռնողությունից: Նրանց հատկանշական գծերի շեշտադրումն իսկ պահանջում է ուժեղ սահմանափակում: Ոչ մի ականավոր դեմք իրենից հետո չի թողնում անորոշ կերպար, այլ`ճշգրիտ և խիստ որոշարկված: Նույնիսկ կարելի է ասել, որ նրա անըմբռնողությունները տալիս են մեծ մարդու սահմանումը:

Թող որ Վոլտերը չհասկանա Աստվածաշունչը, թող քրքջա Պինդարոսի վրա. մի՞թե սա չի ներկայացնում Վոլտերի կերպարը, ինչպես այն նկարիչը, որ դեմքի շրջագիծը քաշելիս կասի նրան. «Շատ հեռուն չես գնա»:

Թող որ Գյոթեն` մարդկանցից ամենախելամիտը, չհասկանա Բեթհովենին, որ նրա առջև դո դիեզ մինոր ֆանտազիան նվագելուց հետո (այն, որ սովորաբար կոչում են «Լուսնի սոնատ») հուսահատ ճիչով դիմել է Գյոթեին, երբ վերջինս պահպանել է սառը լռություն. «Բայց, վարպե՛տ, եթե դուք, դուք էլ ոչինչ չեք ասում, այդ դեպքում էլ ով կհասկանա ինձ»: Մի՞թե սա միանգամից չի բնորոշում թե՛ Գյոթեին, թե՛ Բեթհովենին:

Կարդալ նաև

Գրականություն «Նահանջի ու պարտության աղոթքներ» շարքից 97-98թթ. Արա Գուրզադյան Պտղատու աղետների ուռկաններով բռնած միամտության գերիներն այս ձկնկուլ ժամանակների եգիպտական վերքերի թաց հիշողություններից զմռսված դեմքերով քանդակում էին տոթ հեղափոխությունն ահագնացող քամու, որի ճեղքերից բացվող անապատն այս հուսահատության դանդաղ… Գրականություն Պոեզիայի փոխարեն կամ «աքսորյալի եվրոպական օրագիրը» շարքից. Արա Գուրզադյան գերմանա-հայկական օրագիր. 92-93 քայքայման տարեգրություն. Գերմանիա 10. X. 92 Լռության փափուկ ծալքերում բազմապատկվող ակնթարթն իր հիշողության ամայի ընդերքից կաթում է անմահության մեջ: Փխրուն բորբոսի երակներով առաքվում է խիղճը: Իսկ խայտաբղետ… Գրականություն 1980-1983 Բառերի բույրը Օրագրեր Արա Գուրզադյան Մարդը մանկության ներսում Սուր մի ցավ. և փշրվող հայելիների աղմուկ: Այն փոքրիկ այգին իր մեջ պարփակեց քո սիրած բնապատկերի անհասանելի բույրը: մանկությունդ կոտրվեց քո գրկում: այսօր անարդարություն կա այնտեղ: Փշեր աճեցրու: արյուն, անձրև և քամիներ…