Ռուբիկոն

Գրականության մեջ ազդեցության դերի մասին

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Այս անըմբռնողությունները բացատրվում են ահա թե ինչպես. դրանք, անշուշտ, անհեթեթություն չեն, ոչ էլ նույնիսկ մասնակի կուրություն, դրանք շլացումներ են: Այսպես ամեն մեծ սեր բացառիկ է, և իր սիրեցյալի հանդեպ սիրահարի հիացմունքը նրան դարձնում է անտարբեր ցանկացած այլ գեղեցկության հանդեպ: Բանականության նկատմամբ տածած սերը Վոլտերին անհաղորդ էր դարձնում քնարականությանը: Պաշտամունքն առ Հունաստան և Մոցարտի մաքուր ու ժպտուն քնքշություն Գյոթեին ստիպում է երկնչել բեթհովենյան կրքոտ մոլեգնությունից և Մենդելսոնին ասել. «Սա ինձ միայն զարմանք է պատճառում»: Նա համարում էր դա հատկապես շատ աղմկոտ:

Գուցե կարելի է ասել, թե ամեն մի մեծ հեղինակ, ամեն ստեղծագործող սովորաբար այն խնդրի վրա, որն ուզում է արծարծել, սփռում է հոգևոր այնպիսի առատ լույս, ճառագայթների այնպիսի փունջ, որ շուրջը մնացյալ ամեն ինչ թվում է մութ:

Դրա հակառակն է դիլետանտը, նա, ով հասկանում է ամեն ինչ հենց այն պատճառով, որ ոչինչ չի սիրում կրքոտորեն, այսինքն` բացառապես:

Բայց նա, ով չունի ճակատագրական անհատականություն, որ պիտի լիներ ստվեր ու շլացք, ջանում է ստեղծել իր սահմանափակ, համադրական անհատականությունը` իրեն զերծ պահելով որոշ ազդեցություններից և միտքը դնելով ռեժիմի մեջ, ինչպես հիվանդը, որի տկար ստամոքսը կարող է հանդուրժել միայն ընտրովի, ոչ բազմազան սնունդ (և միայն այդ դեպքում է նա կարողանում շատ լավ մարսել), որքան է նա ինձ սիրել տալիս այն դիլետանտին, ով, անկարող արտադրող լինելու և խոսելու, հոյակապ որոշում է կայացնում` ուշադիր լինել և իր կարիերան ստեղծում իրոք հրաշալի լսել իմանալով: (Այսօր ունկնդիրների այնքան պակաս կա, որքան դպրոցների, սա ամեն գնով ինքնատիպ լինելու պահանջի հետևանքներից մեկն է:)

Ամենքին նմանվելու վախը այդ իսկ պահից ստիպում է տվյալ անձնավորությանը որոնել ինչ-ինչ արտառոց, բացառիկ (հաճախ դրանով իսկ անհասկանալի) գծեր, նա կարող է շատ լավ ցույց տալ, թե դրանք ինչ հիմնական կարևորություն ունեն իր համար, որոնք, ըստ նրա, պետք է չափազանցել, թեկուզ մնացյալի հաշվին: Ես գիտեմ մեկին, որ չի ուզում Իբսեն կարդալ, քանզի, ինչպես ինքն է ասում, «վախենում է նրան չափազանց լավ հասկանալուց»: Մեկ ուրիշն էլ խոսք է տվել իրեն երբեք չընթերցել օտար բանաստեղծների` երկյուղելով կորցնել «իր լեզվի մաքուր իմաստը»…

Նրանք, ովքեր վախենում և խուսափում են ազդեցություններից, լռելյայն խոստովանում են իրենց հոգու աղքատությունը: Նրանք անզոր են իրենց մեջ իսկապես որևէ նոր բան բացահայտելու, քանզի չեն ուզում ձեռք մեկնել մի բանի, որը նրանց կառաջնորդի իրենց բացահայտմանը: Եվ եթե նրանց չի մտահոգում հոգեհարազատություն գտնելու խնդիրը, ապա, ըստ իս, այն պատճառով, որ կանխազգում են իրենց ազգակցելու անկարողությունը:

Մեծ մարդը միայն մեկ հոգս ունի` դառնալ հնարավորինս ավելի մարդկային, ավելի ճիշտ` ԴԱՌՆԱԼ ՍՈՎՈՐԱԿԱՆ: Դառնալ սովորական Շեքսպիր, սովորական Գյոթե, Մոլիեր, Բալզակ, Տոլստոյ…

Եվ զարմանալի բան, այդկերպ նա ձեռք է բերում ավելի անհատականություն: Մինչդեռ նա, ով խույս է տալիս մարդկանցից հանուն իրեն, կարողանում է սոսկ դառնալ առանձնահատուկ, տարօրինակ, մնալ անլիարժեք… Հա՞րկ է մեջբերել Ավետարանի խոսքը: Այո, քանզի չեմ ուզում դրա իմաստը խեղաթյուրել. «Ով կամենում է փրկել իր կյանքը (իր անձնական կյանքը), կկորցնի այն, իսկ ով կամենում է կորստյան մատնել, կփրկի (կամ եթե ավելի ճիշտ թարգմանենք հունարեն տեքստը` «կդարձնի իսկապես կենդանի*»):

Ահա ինչու, մեծ մտածողները, ինչպես տեսնում ենք, չեն երկնչել ազդեցություններից, այլ, ընդհակառակը, փնտրել են մի տեսակ ագահությամբ, ինչը կարծես ԼԻՆԵԼՈՒԹՅԱՆ ագահություն է:

Ի~նչ հարստություններ պիտի չզգար իր մեջ Գյոթեն, եթե հրաժարվեր ամեն ինչից կամ Նիցշեի բառերով ասած` եթե «ասեր ոչ» ամեն ինչի: Թվում է` Գյոթեի կենսագրությունը նրա կրած ազդեցությունների պատմությունն է (ազգային` Գյոցից, միջնադարյան` Ֆաուստից, հունական` Իփիգենիաներից, իտալական` Տասսոյից և այլն, իսկ կյանքի վերջում նաև` Հաֆեզի դիվանից, որ թարգմանել էր Համմերը. այնքան ուժգին մի ազդեցություն, որ յոթանասունն անց տարիքում նա սովորում է պարսկերեն և ինքն էլ գրում է «Դիվան»):

Նույն տենչալից մոլուցքը Գյոթեին մղել է Իտալիա, Դանտեին` Ֆրանսիա. վերջինս Իտալիայում այլևս չի գտել բավականաչափ ազդեցություն և փութացել է Փարիզ` ըմբոշխնելու մեր համալսարանի ազդեցությունը:

Եվ սակայն, հարկ է համոզվել, թե հիշատակածս երկյուղը միանգամայն արդիական երևույթ է, գրականության և արվեստների անարխիայի վերջին հետևանք. առաջներում ծանոթ չէին այդ երկյուղին: Ամեն մի մեծ դարաշրջանում գոհանում են անհատ լինելով առանց ճիգի, այնպես որ, ընդհանուր հրաշալի ֆոնը, թվում է, միավորում է մեծ դարաշրջանների արվեստագետներին, և ակամա տարաբնույթ այդ դեմքերի միավորումով ստեղծում մի տեսակ հասարակություն` ինքնին գրեթե նույնքան հրաշալի, որքան հրաշալի է նրանցից յուրաքանչյուրն առանձին: Մի՞թե Ռասինն ուներ մեկ ուրիշին չնմանվելու մտահոգությունը: Նրա «Ֆեդրան» արդյո՞ք նսեմացել է այն բանից, որ ծնվել է, ինչպես ենթադրում են, յանսենական ազդեցություններից: Ֆրանսիական XVII դարը մի՞թե պակաս մեծ է այն պատճառով, որ Դեկարտն է իշխել: Արդյո՞ք Շեքսպիրն ամաչել է Պլուտարքոսի հերոսներին բեմ հանելու և իր նախորդների կամ ժամանակակիցների պիեսները վերցնելու համար:

Մի անգամ երիտասարդ մի գրողի խորհուրդ տվեցի զբաղվել մի սյուժեով, որն ինձ թվում էր հենց նրա համար ստեղծված. գրեթե զարմանում էի, թե ինչու մինչ այժմ չի մտածել դա վերցնել: Մեկ շաբաթ անց նրան տեսա խորտակված վիճակում: Ի՞նչ էր պատահել: Անհանգստացա… «Օհ,– ասաց նա դառնացած,– չեմ ուզում Ձեզ հանդիմանել, քանի որ ինձ առաջարկած Ձեր մոտիվը, ըստ իս, լավն էր, բայց ի սեր Աստծո, բարեկամս, ինձ այլևս խորհուրդներ մի տվեք: Ես հիմա ինքս հանգեցի այդ սյուժեին, որի մասին խոսում էիք անցյալ օրը: Բայց, գրողը տանի, այժմ ի՞նչ անեմ դրա հետ: Չէ՞ որ Դուք եք դա ինձ խորհուրդ տվել. այլևս երբեք չեմ կարողանալու հավատալ, թե ինքս մենակ եմ դա գտել»:

Չե՛մ հնարում… խոստովանում եմ` որոշ ժամանակ ինքս էլ ոչինչ չէի հասկանում. դժբախտը վախեցել էր, թե անհատականություն չի լինի: Պատմում են, որ մի անգամ Պուշկինն ասել է Գոգոլին. «Երիտասարդ բարեկամս, անցյալ օրը միտքս մի սյուժե եկավ, մի գաղափար, որ համարում եմ հրաշալի, բայց զգում եմ, որ ինքս դրանից ոչինչ չեմ քաղի: Դուք պիտի վերցնեք դա: Ըստ իս, որքան Ձեզ գիտեմ, Դուք դրանից ինչ-որ բան կստեղծեք»: Ինչ-որ բան… Գոգոլն, իրոք, դրանից ստեղծեց ոչ պակաս մի բան, քան «Մեռած հոգիները», որին պարտական եղավ իր փառքը. փոքրիկ սյուժե, մի սերմնահատիկ, որ Պուշկինը մի օր գցեց նրա մտքի մեջ:

Հարկ է ավելի հեռուն գնալ և ասել` գեղարվեստական ստեղծարարման մեծ դարաշրջանները, բեղուն դարաշրջանները եղել են ամենից խոր ազդեցություն կրած դարաշրջաններ: Այդպիսին է Օգոստոսի ժամանակը հունական նամակներով, անգլիական, իտալական, ֆրանսիական Վերածնունդները Հնադարի ներխուժումով և այլն:

Կարդալ նաև

Գրականություն «Նահանջի ու պարտության աղոթքներ» շարքից 97-98թթ. Արա Գուրզադյան Պտղատու աղետների ուռկաններով բռնած միամտության գերիներն այս ձկնկուլ ժամանակների եգիպտական վերքերի թաց հիշողություններից զմռսված դեմքերով քանդակում էին տոթ հեղափոխությունն ահագնացող քամու, որի ճեղքերից բացվող անապատն այս հուսահատության դանդաղ… Գրականություն Պոեզիայի փոխարեն կամ «աքսորյալի եվրոպական օրագիրը» շարքից. Արա Գուրզադյան գերմանա-հայկական օրագիր. 92-93 քայքայման տարեգրություն. Գերմանիա 10. X. 92 Լռության փափուկ ծալքերում բազմապատկվող ակնթարթն իր հիշողության ամայի ընդերքից կաթում է անմահության մեջ: Փխրուն բորբոսի երակներով առաքվում է խիղճը: Իսկ խայտաբղետ… Գրականություն 1980-1983 Բառերի բույրը Օրագրեր Արա Գուրզադյան Մարդը մանկության ներսում Սուր մի ցավ. և փշրվող հայելիների աղմուկ: Այն փոքրիկ այգին իր մեջ պարփակեց քո սիրած բնապատկերի անհասանելի բույրը: մանկությունդ կոտրվեց քո գրկում: այսօր անարդարություն կա այնտեղ: Փշեր աճեցրու: արյուն, անձրև և քամիներ…