Գրականության մեջ ազդեցության դերի մասին
Այդ մեծ դարաշրջանների դիտարկումը, երբ երջանիկ հանգամանքների բերումով զարգանում, փթթում, շողշողում էր վաղուց ցանված, ծլարձակման պատրաստ և սպասման մեջ գտնվող ամեն բան, այսօր մեզ կարող է ափսոսանքով ու տխրությամբ լցնել: Մեր դարաշրջանում, որով հիանում եմ և որը սիրում եմ, կարծում եմ, լավ է փորձել պարզել, թե որտեղից է գալիս այս տիրող անարխիան, որ կարող է մեզ մի պահ խանդավառել` ստիպելով հորդուն կյանքի տենդով բռնկվել, սակայն անիմաստ է հասկանալ, թե իր հարուստ բազմազանության մեջ ինչ է անում մարդկանց ամբողջությունը, չնայած մեծ դարաշրջանին. բանն այն է, որ դա կազմող բոլոր մտավորականները խմում են նույն ջրից…
Այսօր մենք այլևս չգիտենք` ինչ աղբյուրից խմել. կենարար ջրերին շատ ենք հավատ ընծայում, և մեկը խմում է այստեղից, մյուսը` այնտեղից: Սակայն ոչ մի մեծ աղբյուր մի ակով չի ժայթքում, իսկ ամեն տեղից հանգիստ բխող ջրերը հոսում են աննկատ և գետնի երեսին մնում կանգնած. այսօր գրական դաշտը բավականաչափ նման է ճահճի:
Չկա ուժեղ հոսանք, ուղղություն, համընդհանուր հզոր ազդեցություն, որը համախմբում և միավորում է մտավորականներին` նրանց ենթարկելով ինչ-որ ընդհանուր զորեղ հավատալիքի, գերիշխող մի մեծ գաղափարի, այլ խոսքով` չկա դպրոց, բայց կա միմյանց նմանվելու վախից, իրար ենթարկվելու սարսափից, նաև անորոշությունից, թերահավատությունից ու բարդույթից առաջացած առանձին մանր հավատալիքների մի բազմություն` հանուն առանձին, մանր արտառոցությունների:
Եթե մեծ մարդիկ ագահաբար որոնում են ազդեցություններ, ապա այն պատճառով, որ վստահ սեփական հարստությունների վրա, ունենալով ինտուիտիվ զգացում, որն անտեղյակ է իրենց էությանը ներհատուկ լիությանը, նրանք ապրում են իրենց նոր փթթումների բերկրալից սպասման մեջ: Եվ ընդհակառակը, նրանք, որոնց հոգում չկան խոշոր պաշարներ, թվում է, շարունակ երկյուղի մեջ են` տեսնելով, թե ինչպես է իրենց համար հաստատվում Ավետարանի խոսքը. «Կտրվի նրան, ով ունի, իսկ ով չունի, նրանից կառնվի նույնիսկ իր ունեցածը**»: Այստեղ դարձյալ կյանքն անողոք է թույլերի նկատմամբ: Արդյո՞ք սա պատճառ է ազդեցություններից խույս տալու համար: Ո՛չ: Բայց թույլերը սրանով կարող են կորցնել այն չնչին ինքնատիպությունը, որին կարող են հավակնել… ԱՎԵԼԻ ԼԱՎ, պարոնայք… Հենց սա է թույլ տալիս, որ գոյանա դպրոց:
Դպրոցը միշտ բաղկացած է մի քանի հազվագյուտ, ուղղորդող մտածողներից և ենթակաների մի ամբողջ շարքից, որոնք ձևավորում են այն չեզոք տարածքը, որի վրա բարձրանում են այդ մի քանի մեծերը: Նախ այստեղ մենք տեսնում ենք որոշ ստորադասություն, մի տեսակ լուռ, անգիտակից ենթակայություն այն մի քանի մեծ գաղափարներին, որ ոչ այնքան մեծ դեմքերը ընդունում են որպես ճշմարտություն: Եվ եթե նրանք հետևում են այդ մեծերին, փույթ չէ, քանզի մեծերը նրանց կարող են տանել ավելի հեռու, քան ի զորու էին իրենք գնալ մենակ: Մենք չգիտենք, թե ինչ կլիներ Յորդանսը առանց Ռուբենսի: Ռուբենսի շնորհիվ Յորդանսը բարձրացել է երբեմն այնքան վեր, որ թվում է, թե բերածս օրինակը այնքան էլ հաջող չէ և որ հարկավոր է, ընդհակառակը, Յորդանսին դասել առաջատար մեծերի շարքը: Իսկ ինչ կլինի, եթե խոսեմ Վան Դեյքի մասին, որն իր հերթին ստեղծել է անգլիական դպրոցը և գերիշխել:
Այլ բան. հաճախ մեծ գաղափարի արտահայտման, ծավալման համար բավական չէ միայն մեկ երևելի դեմքը. հարկ է, որ դրան ձեռք զարկեն մի քանի հոգի, նորից ու նորից աշխատեն այդ նախնական գաղափարի վրա, վերստին անդրադառնան դրան, բեկեն այն, արժևորել տան նրա նոր գեղեցկությունը: Շեքսպիրի անչափելի թվացող մեծությունը երկար ժամանակ խանգարել է տեսնելու,– բայց այսօր այլևս մեզ չի խանգարում հիանալու,– նրա շուրջ գտնվող դրամատուրգների հրաշալի համաստեղությունը: Հոլանդական դպրոցի վեր խոյացրած գաղափարը արդյո՞ք կարող էր բավարարվել մի Տերբուրգով, մի Մեթսուով, մի Պետեր դե Հուկով: Ոչ, իհարկե ոչ. հարկավոր էր նրանցից յուրաքանչյուրը, և դեռ շատ ուրիշներ:
Ինչևէ, եթե մեծ մտածողների մի ամբողջ շարք նվիրվում է վսեմ գաղափարի փառաբանմանը, ապա հարկավոր են նաև այլ նվիրյալներ` այն չափազանցելու, իսկ հետո վարկաբեկելու և կործանելու համար: Նկատի չունեմ նրանց, ովքեր կատաղորեն ընդդիմանում են, ոչ, նրանք սովորաբար ծառայում են այն գաղափարին, որի դեմ կռվում են, ամրապնդում իրենց թշնամանքով: Այլ խոսքս նրանց մասին է, ովքեր հավատում են, թե ծառայում են դրան այն տխրահռչակ անկումով, որի մեջ ի վերջո կորչում է այդ գաղափարը: Եվ քանի որ մարդկությունը նշանակալիորեն սպառում է և պիտի սպառի գաղափարներ, պետք է երախտապարտ լինենք նրանց, ովքեր ի վերջո սպառելով այդ գաղափարների մեջ դեռևս եղած ազնվագույնը` դա վերստին վերածելով ԳԱՂԱՓԱՐԻ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ, որին նման էր այն, վերջնականապես զրկում են այդ գաղափարը ամեն կենարար ավշից և նոր գաղափար որոնողներին պարտադրում գաղափար, որն իր հերթին թվում է Ճշմարտություն:
Թող օրհնյալ լինեն Միերիսներն ու Անտոն վան Դեյքերը` հոգեվարք ապրող հոլանդական դպրոցի փլուզումն ավարտին հասցնելու և նրա վերջին մեծ գերիշխանությանը վերջ տալու համար:
Գրականության մեջ, հավատացեք, Պառնասն իր ավարտին չհասցրին «վերլիբրիստները», նույնիսկ ամենամեծերը` Վիելե-Գրիֆենները, Վերհառնները, այլ նա ինքը քայքայվեց, վարկաբեկվեց իր վերջին խղճուկ ներկայացուցիչների միջոցով:
Ավելացնենք նաև հետևյալը. ովքեր երկյուղում են ազդեցություններից և մերժում դրանք, պատժվում են հրաշալիորեն. նմանակողի նկատելիս նրան պիտի փնտրել հենց սրանց մեջ: Նրանք լուրջ քննություն չեն բռնում այլոց գեղարվեստական ստեղծագործությունների առջև: Իրենց վախը ստիպում է նրանց կանգ առնել ստեղծագործության մակերեսին. նրանց հազիվ են դրա համն առնում: Ինչ որոնում են այնտեղ (նրանց կարծիքով) նյութի, մասնագիտության միանգամայն արտաքին գաղտնիք է, մի բան, որ ըստ էության գոյություն ունի միայն արվեստագետի անհատականության հետ ներքին ու խորը հարաբերության մեջ և նրա ամենաանօտարելի հարստությունն է:
Գեղարվեստական ստեղծագործության հիմնավորման առումով նրանք բացարձակապես զուրկ են ըմբռնողությունից: Նրանց թվում է, թե կարելի է վերցնել արձանների թաղանթը, մեջը փչել, և կստացվի ինչ-որ բան:
Իսկական, խոր ազդեցությունների ծարավի արվեստագետը կքննի արվեստի գործը` ջանալով մոռանալ այն և թափանցել առավել խորքերը: Նա կդիտի ավարտուն ստեղծագործությունը իբրև կանգառ, սահմանագիծ. ավելի հեռուն կամ այլ տեղ գնալու համար մենք պետք է փոխենք մեր մաշկը: Իսկական արվեստագետը գործի ետևում կորոնի մարդուն և կսովորի նրանից:
Ազնիվ ընդօրինակությունը որևէ կապ չունի նմանակման հետ, որը միշտ մնում է գաղտնի, սքողված աշխատանք: Այսօր չգիտես ինչու մենք այլևս չենք համարձակվում ընդօրինակել: Սրա բացատրությունը շատ երկար կլիներ. թեև խնդիրն առկա է, բայց եթե մինչ այժմ հետևել են խոսքիս, կհասկանան առանց դժվարության: Մեծ արվեստագետները երբեք չեն երկնչել ընդօրինակելուց: