Ռուբիկոն

Գրականության մեջ ազդեցության դերի մասին

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Միքելանջելոն սկզբում այնքան վճռականորեն ընօրինակեց հնադարյան գործերը, որ իր մի քանի արձանները, այդ թվում և ննջող Կուպիդոնը զվարճության համար որոշեց անցկացնել որպես պեղումներից հայտնաբերված արձաններ: Պատմում են, որ Ամուրի մեկ այլ արձան ինքն է թաղել, հետո հողից հանել իբրև հունական մարմարե քանդակ:

Մոնտենը հներին իր հաճախակի անդրադարձի մեջ իրեն համեմատում է մեղուների հետ, «որոնք այստեղ-այնտեղ կողոպտում են ծաղիկները», բայց հետո պատրաստում են մեղր, «որ ամբողջովին իրենցն է», դա այլևս, ասում է նա, «ոչ ուրց է, ոչ սուսամբար»:

Ո՛չ, դա Մոնտեն է, և ավելի լավ: 

Տիկնայք և պարոնայք,

Ինքս ինձ խոստացել էի ազդեցություն կրողների ջատագովությունից հետո ջատագովել նաև ներազդողներին: Հիմա այլևս դա ինձ օգտակար չի թվում: Ազդողի ջատագովությունը չէ՞ր լինի արդյոք «մեծ մարդու» ջատագովություն: Ամեն երևելի դեմք ներազդող է: Արվեստագետը, իր գրվածքներն ու նկարները նրա ստեղծագործության լոկ մի մասն են: Նրա ազդեցությունը հենց իր բացատրությունն է, իր ստեղծագործության շարունակությունը: Դեկարտը միայն «Մեթոդի քննախոսության», «Դիոպտրիայի» և «Խոհերի» հեղինակը չէ. նա նաև կարտեզիականության հեղինակն է: Երբեմն նույնիսկ մարդու ազդեցությունն իր գործից առավել նշանակալի է, երբեմն այն առանձնանում է գործից և կարծես հետևում է նրան խիստ հեռվից: Այդպիսին է իներտության դարերից եկող Արիստոտելի «Պոետիկայի» ներգործությունը ֆրանսիական XVII դարի վրա: Եվ վերջապես, ազդեցությունը,հպանցիկ նշեմ սա,լինում է միակ գործը, ինչպես պատահել է երկու բացառիկ դեմքերի` Սոկրատեսի և Քրիստոսի պարագայում:

Հաճախ է խոսվել մեծ մարդկանց պատասխանատվության մասին: Քրիստոսին այնքան չեն հանդիմանել այն բոլոր նահատակների համար, որ տվել է քրիստոնեությունը (քանզի դրան միախառնված էր փրկության գաղափարը), որքան հանդիմանում են դեռևս այս կամ այն գրողին իր գաղափարների երբեմն ողբերգական արձագանքի համար: Ասում են Վերթերից հետո, Վերթերի օրինակով եղել է ինքնասպանությունների համաճարակ: Նույնը և` Ռուսաստանում Լերմոնտովի մի պոեմից հետո:

«Այս գրքից հետո,– ասում էր տիկին դը Սևինյեն` խոսելով Լառոշֆուկոյի «Ասույթների» մասին,– մնում է միայն մեռնել կամ քրիստոնյա դառնալ»: (Սա ասում էր հաստատ համոզված, թե չի գտնվի մեկը, որ չգերադասի հավատադարձությունը մահից:) Ըստ իս` նրանք, ում սպանել է գրականությունը, իրենց մեջ արդեն կրում էին մահը. նրանք, ովքեր դարձան քրիստոնյա հրաշալիորեն պատրաստ էին այդպիսին դառնալու: Ազդեցությունը, կասեի ես, ոչինչ չի ստեղծում, այն արթնացնում է:

Սակայն ես կզգուշանայի մեծ մարդկանց պատասխանատվությունը նվազեցնել ջանալուց: Ի մեծ փառս իրենց, այն նույնիսկ պետք է ամենածանրը և հնարավորինս ամենասոսկալին համարել: Ես չգիտեմ նրանցից մեկին, որ տեղի տված լինի: Ընդհակառակը, նրանք ջանացել են միշտ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել: Նրանք իրենց շրջապատում, կհավատաք թե ոչ, իրենց կյանքը սպառել են ցմրուր:

Բայց ոչ միշտ է նրանց առաջնորդել գերիշխելու պահանջը. հաճախ արվեստագետի կողմից նվաճված ուրիշի հնազանդությունը ունենում է շատ տարբեր պատճառներ: Կարծում եմ, սակայն, դրանք կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ. նա չի բավարարվում ինքն իրենով: Իր ունեցած գաղափարի կարևորության գիտակցությունը տանջում է նրան: Դրա համար նա պատասխանատու է, և գիտակցում է դա: Այդ պատասխանատվությունը նրան թվում է ամենակարևորը, մնացյալը ստորադասվում է դրան: Ինչի՞ է ի զորու նա: Միայնակ: Նա ափեափ լիքն է: Նրան չեն բավարարում իր հինգ զգայարանները աշխարհը շոշափելու համար, օրվա քսանչորս ժամը` ապրելու, մտածելու, արտահայտվելու համար: Նա չի գոհանում, և գիտի դա: Կարիք ունի օգնականների, փոխանորդների, քարտուղարների: «Մեծ մարդը,– ասում է Նիցշեն,– միայն իր ոգով չի օժտված, այլ ունի նաև իր բոլոր բարեկամների ոգին»: Բարեկամներից յուրաքանչյուրը նրան կտրամադրի իր զգայարանները, ավելին` կապրի հանուն նրա: Նա դառնում է կենտրոն, տեսնում և օգտվում է ամեն ինչից: Ներգործում է. մյուսները կապրեն և նրա համար կներկայացնեն իր գաղափարները, կհանդգնեն նրա փոխարեն դրանք փորձարկել:

Երբեմն դժվար է մեծ մարդկանց ջատագովել: Չէի ասի, թե խրախուսում եմ դա, այլ միայն ուզում եմ նշել, թե առանց դրա հնարավոր չէ պատկերացնել մեծ մարդու: Այդ դեպքում գուցե կգերադասեին, որ մեծ մարդիկ չլինեին. ես` ոչ, նախընտրանքի հարց է: Եթե նրանք ստեղծագործեին առանց ազդելու, նախ իրենք կմնային անգիտակ` չկարողանալով տեսնել, թե ինչպես են գործում իրենց գաղափարները, հետո չէին լինի հետաքրքիր, քանզի մեզ համար կարևոր է միայն ազդեցիկը: Ահա ինչու մտադրվեցի նախ ջատագովել ազդեցության ենթարկվածներին: Հիմա համարձակ կարող եմ ասել, որ նրանք անհրաժեշտ են մեծերին:

Տիկնայք և պարոնայք,

Այս պահին ձեզ ներկայացրի մոտավորապես այն, ինչ կկամենայի ասել: Գուցե և որոշ գաղափարներ, որ փորձեցի շարադրել այստեղ, ձեզ կթվան պարադոքսային, կեղծ: Եվ սակայն, ինձ բավարարված կզգամ, եթե կարողացա ձեր մեջ, թեկուզ և դրանց դեմ առարկության ձևով, առաջացնել, ավելի ճիշտ` արթնացնել ինչ-ինչ գաղափարներ, որ դուք համարում եք ճիշտ և գեղեցիկ:

Դա հենց այն է, ինչ կարող ենք կոչել ազդեցություն հակազդմամբ:

* Տե՛ս Ավետարան ըստ Հովհաննեսի, XII, 25:

** Տե՛ս Ավետարան ըստ Մատթեոսի, ԺԳ,12:

Ֆրանսերենից թարգմանությունը`

Արուս Բոյաջյանի

Կարդալ նաև

Գրականություն «Նահանջի ու պարտության աղոթքներ» շարքից 97-98թթ. Արա Գուրզադյան Պտղատու աղետների ուռկաններով բռնած միամտության գերիներն այս ձկնկուլ ժամանակների եգիպտական վերքերի թաց հիշողություններից զմռսված դեմքերով քանդակում էին տոթ հեղափոխությունն ահագնացող քամու, որի ճեղքերից բացվող անապատն այս հուսահատության դանդաղ… Գրականություն Պոեզիայի փոխարեն կամ «աքսորյալի եվրոպական օրագիրը» շարքից. Արա Գուրզադյան գերմանա-հայկական օրագիր. 92-93 քայքայման տարեգրություն. Գերմանիա 10. X. 92 Լռության փափուկ ծալքերում բազմապատկվող ակնթարթն իր հիշողության ամայի ընդերքից կաթում է անմահության մեջ: Փխրուն բորբոսի երակներով առաքվում է խիղճը: Իսկ խայտաբղետ… Գրականություն 1980-1983 Բառերի բույրը Օրագրեր Արա Գուրզադյան Մարդը մանկության ներսում Սուր մի ցավ. և փշրվող հայելիների աղմուկ: Այն փոքրիկ այգին իր մեջ պարփակեց քո սիրած բնապատկերի անհասանելի բույրը: մանկությունդ կոտրվեց քո գրկում: այսօր անարդարություն կա այնտեղ: Փշեր աճեցրու: արյուն, անձրև և քամիներ…