Ռուբիկոն

Պաուլ Ցելան. Միջօրեականը

Հրապարակվել է
25 մայիսի 2022

Բանախոսություն` Գեորգ Բյուխների անվան մրցանակի ստացման առիթով (հոկտեմբեր 22, 1960 թ.)։

Աղբյուրը՝ Paul Celan, Der Meridian und andere Prosa, Frankfurt am Main, 2010:

Տիկնայք և պարոնայք,

Արվեստը, դուք սա հիշում եք, խամաճիկանման, հնգոտնյա-յամբային և,- այս հատկությունը դիցաբանորեն հղում է Պիգմալիոնին և նրա ստեղծագործությանը,- անզավակ էություն է:

Այս տեսքով արվեստը զրույցի առարկա է դառնում սենյակում և ոչ Կոնսյերժերիում, զրույց, որը, մենք զգում ենք, կարող էր շարունակվել անվերջ, եթե դրան ոչինչ չխանգարեր:

Բայց ինչ-որ բան խանգարում է:

Արվեստը դարձյալ հայտնվում է: Այն վերադառնում է Գեորգ Բյուխների մեկ ուրիշ երկում` «Վոյցեկում», ուրիշ, անանուն կերպարների թվում և, եթե ես կարող եմ օգտվել «Դանտոնի մահվան» մասին Մորից Համանի ծեծված արտահայտությունից, «թուխպ եղանակի առավել աղոտ լույսի» տակ: Միևնույն արվեստը բեմ է բարձրանում բոլորովին այլ ժամանակի մեջ` հայտարարված տոնավաճառային մուշտարի կանչողի կողմից: Ինչպես հիշյալ զրույցի ընթացքում այն այլևս չի առնչվում «այրող», «եռուն» և «լուսավոր» արարմանը, այլ դրված է արարածի և այն «ոչնչի» կողքին, որ հագել է այդ ոչինչը: Արվեստն այստեղ հանդես է գալիս կապկի տեսքով, սակայն այն նույնն է և մենք դարձյալ ճանաչում ենք այն իր «հագ ու կապից»:

Եվ այդ արվեստը նորից մեզ է հասնում Բյուխների երրորդ` «Լեոնսը և Լենան» երկից: Ժամանակը և տեղը տվյալ դեպքում չեն ճանաչվում, մենք բոլորս այստեղ «փախչում ենք դրախտ» և «բոլոր ժամացույցներն ու օրացույցները շուտով կկոտրվեն և կարգելվեն», բայց մինչ այդ մեզ են ներկայանում «երկու սեռերի անձինք» և հաղորդում են, որ «ժամանել են երկու աշխարհահռչակ ավտոմատներ» և մի մարդ, որն իր մասին ասում է, թե նա «գուցե երրորդն ու նրանցից ամենաերևելին է»: «Խռպոտ ձայնով» նա պահանջում է զարմանալ աչքի տեսածի վրա. «Այստեղ չկա ոչինչ բացի արվեստից և մեխանիկայից, ոչինչ բացի ստվարաթղթե տուփից և ժամացույցի զսպանակից»:

Արվեստը ժամանել է մեծ շքախմբով, սակայն աչքի է զարնում, որ իր նմանների հետ է: Դա նույն արվեստն է. արվեստ, որը մենք արդեն ճանաչում ենք: – Վալերիո,- սա լոկ ուրիշ անուն է մուշտարի կանչողի համար:

Արվեստը, տիկնայք և պարոնայք, իր բոլոր բնածին և ձեռքբերովի հատկություններով հանդերձ խնդիր է, որն ըստ ամենայնի հակված է կերպարանափոխությունների, կենդանի և, կուզեի ասել, հավերժական է:

Խնդիր, որը թույլ կտա ոմն մահկանացուի` Կամիլին և իր մահվան միջոցով հասկանալի դարձող Դանտոնին շարակցել բառերը: Արվեստի մասին դյուրին է խոսել:

Սակայն, երբ խոսքն արվեստի մասին է, մշտապես ներկա է նաև ոմն, ով… ճիշտ չէ ականջ դնում:

Ավելի շուտ` ոմն, ով լսում է, ունկնդրում… իսկ հետո չգիտի, թե խոսքն ինչի մասին էր: Նա լսում է խոսողին, «տեսնում է նրա խոսելը», ընկալում է լեզուն և խոսողի տեսքը և միաժամանակ,- այս ստեղծագործության միջավայրում ո՞վ կցանկանար կասկածել դրան,- նաև նրա շնչառությունը, այսինքն` ուղղությունը և ճակատագիրը:

Դուք վաղուց ի վեր ճանաչում եք նրան, նա, ում այդքան հաճախ և ոչ պատահականորեն մեջբերում են, գալիս է ձեզ մոտ ամեն տարի: Դա Լյուսիլն է:

Այս ընթացքում զրույցին խանգարողը ակտիվորեն առաջ է շարժվում և մեզ հետ հասնում է հեղափոխության հրապարակ, «հասնում են սայլերը և կանգնում են»: Բախտակիցները բոլորն այստեղ են` Դանտոնը, Կամիլը, մյուսները: Նրանք բոլորն էլ ունեն խոսքի իրավունք: Դա խոսքի իսկական  արվեստ է: Բյուխներին մնում է միայն մեջբերել. նրանք պատրաստ են միասին-մահ-ընդունել, Ֆաբրը մինչև իսկ պատրաստ է մեռնել «կրկնակի»: Յուրաքանչյուրն իր բարձրության վրա է, և այդուհանդերձ գտնվում են ձայներ, «մի քանիսը», անանուն ձայներ, որ բղավում են. «դա արդեն եղել էր, ձանձրալի է»:

Եվ այստեղ, ուր ամեն բան մոտենում է ավարտին, այս ձգված պահերին, Կամիլը, ոչ, ոչ նա, այլ դատապարտյալներից մեկը, քանի որ դա Կամիլն է թատերականորեն, ասես յամբ արտասանելով դիմավորում է մահը, այն մահը, որը մենք երկու տեսարան սրանից հետո, նրան օտար, բայց նաև հարազատ բառերից կզգանք որպես նրա մահ: Պաթոսը և խրատականությունը հավաքվել են  նրա շուրջ` հաստատելով «տիկնիկի» և «խաղաթելի» հաղթանակը: Եվ ահա՝ Լյուսիլը, այն Լյուսիլը, որ խուլ է արվեստի նկատմամբ, սակայն լեզուն զգում է որպես ընկալելի անձով օժտված մի բան: Նա այստեղ է իր անսպասելի «Կեցցե՚ արքան» արտահայտությամբ:

Ահա խոսք, որ նետված է պիեսի ավարտին բեմից (իսկ բեմ է արյունոտ փայտամածը):

Սա հակախոսք է, խոսք, որը կտրում է «թելը», խոսք, որն այլևս չի խոնարհվում «պատմության շքերթային վարգաձիերի» առաջ, սա ազատության ակտ է: Սա քայլ է:

Իհարկե այստեղ լսվում է,- և իմ ներկայիս ասելիքի առնչությամբ պատահական չէ, որ լսվում է,- ancien regime-ին հավատարիմ լինելու խոստովանություն: Բայց այստեղ, պիտի ասեմ որպես մեկը, ով դաստիարակվել է Պյոտր Կրոպոտկինի և Գուստավ Լանդաուերի գրվածքների վրա, չկա հակվածություն ո՛չ միապետությանը, ո՛չ էլ պահպանողական նախօրեին:

Այստեղ կա հակվածություն աբսուրդի մեծությանը, որը վկայում է մարդկայինի ներկայության մասին:

Սա, տիկնայք և պարոնայք, չունի մեկընդմիշտ հաստատված անուն, բայց ինձ թվում է, որ սա… պոեզիան է:

«… ա՜խ, այդ արվեստը»: Դուք տեսնում եք, ես չեմ կարող ազատվել Կամիլի այդ բառերից:

Իհարկե, կարելի է,- ես լիովին դա գիտակցում եմ,- կարդալ սա և այսպես և այնպես, կարելին է դնել տարբեր շեշտեր` ներկայի ակուտ, պատմականի, անգամ գրական-պատմականի գրավիս կամ ցիրկումֆլեքս, որը տարաձիգի` հավերժականի նշանն է: 

Ես չունեմ ընտրություն, ես դնում եմ ակուտ:

Արվեստը, «ա՜խ, արվեստը». կերպարանափոխվելու իր հակման կողքին այն ունի ամենուրեքության շնորհ: Մենք գտնում ենք այն «Լենցում» և այստեղ,- թույլ տվեք շեշտել սա,- ինչպես և «Դանտոնի մահը» պիեսում, որպես դրվագ:

«Սեղանի մոտ էլ Լենցը լավ տրամադրություն ուներ: Խոսում էին գրականության մասին և դա նրա ոլորտն էր…»

«… Զգացումը, որ արարվածը կյանք ունի, վեր է այդ երկու գնահատականներից և արվեստի իրերի միակ չափանիշն է…»

Ես կտրել եմ կոնտեքստից միայն երկու նախադասություն: Գրավիսի նկատմամբ ոչ մաքուր խիղճը իսկույն ստիպում է ինձ ձեր ուշադրությունը հրավիրել վիպակի այս տեղի հատուկ պատմա-գրական նշանակության վրա: Այստեղ արտահայտություն է գտնում Բյուխների էսթետիկական կոնցեպցիան: Այստեղ, լքելով Բյուխների Լենցին, մենք հայտնվում ենք Ռայնհոլդ Լենցի` «Թատրոնի մասին նշումների» հեղինակի, այսինքն` պատմական Լենցի մոտ, այնուհետև շարժվում ենք դեպի Մերսյոյի գրական իմաստով այդքան արգասովոր «Elargissez l`Art» նշանաբանը: Սա բացում է հեռանկարներ. այստեղ է Գերհարդ Հաուպտմանի նախակռահված նատուրալիզմը: Այստեղ պետք է փնտրել և գտնել բյուխներյան ստեղծագործության սոցիալ-քաղաքական արմատները:

Տիկնայք և պարոնայք, ոչ կանխամտածված կերպով հիշատակելով «Լենցի» գրական-պատմական ասպեկտը, ես հանգստացնում եմ սեփական խիղճը: Բայց միաժամանակ ես չեմ կարող մնալ հանգիստ խղճով, քանի որ չեմ կարող ազատվել որևէ բանից, որ թվում է կապված արվեստի հետ:

Կարդալ նաև

Գրականություն Ջոն Դրայդեն. Հատվածներ «Օվիդիուսի նամակների նախաբանից» Ստորև ներկայացնում ենք հատվածներ անգիացի բանաստեղծ, դրամատուրգ, կլասիցիզմի տեսաբան Ջոն Դրայդենի (1631-1700) Օվիդիուսի նամակների իր թարգմանությանը կցված նախաբանից, որտեղ հեղինակը քննում է թարգմանական արվեստին առնչվող հարցեր: Աղբյուրը՝ John Dryden, Preface to… Գրականություն Թոմաս Սթեռնս Էլիոթ. «Համլետը և նրա խնդիրները» Ներկայացնում ենք ամերիկացի բանաստեղծ Թոմաս Սթեռնս Էլիոթի «Համլետը և նրա խնդիրները» (1921) հոդվածը «Սրբազան անտառ» ժողովածուից։ Աղբյուրը՝ T. S. Eliot, Hamlet and His Problems, Sacred Wood, 1921: Քիչ քննադատներ են խոստովանել, որ «Համլետի» գլխավոր խնդիրը հենց… Գրականություն Բլեյք . Թոմաս Սթեռնս Էլիոթ Ներկայացնում ենք ամերիկացի բանաստեղծ Թոմաս Սթեռնս Էլիոթի «Բլեյք» (1921) հոդվածը «Սրբազան անտառ» ժողովածուից։ Աղբյուրը՝ T. S. Eliot, Hamlet and His Problems, Sacred Wood, 1921: I Եթե հետևենք Բլեյքի մտածողությանը դրա բանաստեղծական զարգացման մի քանի փուլերի…