Պաուլ Ցելան. Միջօրեականը
Ես փնտրում եմ այն նաև «Լենցում» և կփորձեմ ցույց տալ այդ կապը ձեզ:
Լենցը, հետևաբար՝ Բյուխները,- «Ա՜խ արվեստ»,- անչափ քամահրական բառերով է բնութագրում «իդեալիզմը» և դրա «փայտե տիկնիկներին»: Նա հակադրում է դրանք,- այստեղ հետևում են անմոռանալի տողերը «ամենաաննշանների», «ցնցումների» և «միանգամայն ազատ և հազիվ նշմարելի դիմախաղի» մասին: Արվեստի այս ըմբռնումը նա լուսաբանում է մի դրվագի օրինակով:
«Երեկ հովտում տեսա քարին նստած երկու աղջիկների: Մեկը փորձում էր հավաքել իր արձակված ոսկե մազերը, իսկ մյուսն օգնում էր նրան: Ոսկե մազերը թափվում էին լուրջ և դալուկ դեմքին, որն այնքան երիտասարդ էր: Մյուսը խոնարհվել էր նրա վրա: Հին գերմանական դպրոցի գեղեցկագույն, ամենազգայուն նկարները պատկերացում անգամ չունեն սրա մասին: Երբեմն ուզում ես լինել Մեդուսայի գլուխ, քարի վերածել այսպիսի խումբը և կանչել մարդկանց»:
Տիկնայք և պարոնայք, նկատեք. «Երբեմն ուզում ես լինել Մեդուսայի գլուխ», որպեսզի… բնականը որսաս արվեստի միջոցով:
Բայց այդ «երբեմն ուզում ես»-ը չի նշանակում, որ ես եմ ուզում:
Տվյալ դեպքում դուրս են գալիս մարդկայինի սահմաններից` շարժվելով դեպի մարդուն ուղղված, բայց զարհուրելի ոլորտ, որում կապկի արտաքինը, ավտոմատները, իսկ դրանց հետ միասին, ա՜խ, նաև արվեստը, կարծես թե տանն են:
Այստեղ խոսում է ոչ թե պատմական, այլ բյուխներյան Լենցը: Մենք լսում ենք Բյուխների ձայնը. նրա համար այստեղ ևս արվեստը հաստատում է զարհուրելի ինչ-որ բան:
Տիկնայք և պարոնայք, ես դրել եմ ակուտ. չեմ ցանկանում ոչ ձեզ, ոչ էլ ինձ անտեղյակ թողնել, որ արվեստի և ստեղծագործության մասին այս հարցը,- շատ հարցերից միայն մեկը,- ստիպեց ինձ անձնական, բայց ոչ լիովին կամավոր նկատառումներով գնալ Բյուխների մոտ` գտնելու համար նրա հարցը:
Բայց դուք տեսնում եք, որ ամեն անգամ, երբ բեմ է բարձրանում արվեստը, Վալերիոյի «խռպոտ» ձայնն անհնար է:
Հավանաբար այդ զարհուրելին,- ինձ է հուշում Բյուխների ձայնը,- գալիս է հին ժամանակներից: Ես այդպիսի համառությամբ եմ խոսում դրա մասին, որովհետև այն առկա է օդում, օդ, որ մենք պիտի շնչենք:
Այժմ ես հարցնում եմ. միթե՞ Գեորգ Բյուխները` վերջավորի բանաստեղծը, գուցե միայն կիսաձայն, գուցե միայն կիսով չափ, բայց դրանից ոչ պակաս արմատական կերպով, իսկ գուցե հենց այդ պատճառով բուն իմաստով արմատական կերպով կասկածի տակ չի դնում արվեստը` ելնելով արվեստի այդպիսի ուղղվածությունից: Միթե՞ այս կասկածին չպիտի վերադառնա ողջ ժամանակակից բանաստեղծությունը, եթե ցանկանում է առաջ շարժվել: Այլ կերպ ասած, եթե, իհարկե, մի փոքր առաջ ընկնենք. կարո՞ղ ենք արդյոք, ինչպես հաճախ պատահում է, համարել արվեստը նախապես տրված և ենթադրված: Ավելի կոնկրետ. արդյո՞ք մենք պիտի հետևենք Մալլարմեի արտահայտած մտքին:
Ես առաջ ընկա, շեղվեցի, բայց ոչ շատ: Ես գիտեմ, որ վերադառնում եմ Բյուխների «Լենցին», այն կտրտված զրույցին, որ ընթանում էր սեղանի շուրջ և որի ընթացքում Լենցը «լավ տրամադրություն ուներ»:
Լենցը շատ խոսեց` «երբեմն ժպտալով, երբեմն լուրջ»: Զրույցին հետևում է հեղինակի խոսքը Լենցի մասին` նրա, ով տարված է արվեստի խնդիրներով, արվեստագետ Լենցի մասի. «Նա լրիվ մոռացության մեջ է»:
Ընթերցելով սա՝ ես մտածում եմ Լյուսիլի մասին: Ես կարդում եմ. «Նա, հենց նա»:
Նա, ում համար արվեստը մտքում և աչքի առաջ է,- ես հավատարիմ եմ պատմվածքի սյուժեին,- մոռանում է ինքն իրեն: Արվեստը հեռացնում է Ես-ը: Արվեստը պահանջում է որոշակի ուղղությամբ որոշակի հեռավորություն, որոշակի ճանապարհ:
Իսկ պոեզիա՞ն: Պոեզիան, որն ամեն դեպքում պիտի անցնի արվեստի ճանապարհը: Բայց չէ՞ որ դա ճանապարհ է դեպի Մեդուսայի գլուխը և ավտոմատները:
Ես հիմա չեմ փնտրում ելք: Ես միայն հարցնում եմ, ընդ որում արվեստի ուղղությամբ, և, ինչպես կարծում եմ, ուղղությամբ, որը տրված էր «Լենցի» դրվագում:
Հավանաբար,- ես միայն հարցնում եմ,- պոեզիան, ինչպես և արվեստը ինքն իրեն մոռացած Ես-ի հետ շարժվում է դեպի այն զարհուրելին և օտարը և դարձյալ ազատվում է, բայց ինչպե՞ս, որտե՞ղ, ինչի՞ շնորհիվ և որպես ի՞նչ:
Չէ՞ որ այդ դեպքում արվեստը մի ճանապարհ է, որը պոեզիան, ոչ ավել, ոչ պակաս պիտի թողնի ետևում:
Ես գիտեմ, գոյություն ունեն ուրիշ, ավելի կարճ ճանապարհներ: Բայց չէ՞ որ պոեզիան ևս երբեմն մեզնից առաջ է ընկնում: La poésie, elle aussi, brûle nos étapes.
Ես թողնում եմ ինքնամոռացին, նրան, որ զբաղվում է արվեստով` արվեստագետին: Հույս ունեի պոեզիա գտնել Լյուսիլի մոտ, որն ընկալում է լեզուն որպես կերպար, ճանապարհի ուղղություն և շնչառություն: Նույնը ես փնտրում եմ նաև այստեղ, Բյուխների ստեղծագործության մեջ, փնտրում եմ հենց Լենցին, նրա անձը, նրա կերպարը, որպեսզի գտնեմ պոեզիայի տեղը, դրա ազատագրումը, առաջխաղացումը:
Բյուխներյան Լենցի առնչությամբ, տիկնայք և պարոնայք, մնում է մի դրվագ ևս: Չարժե դիմել պատմական Լենցին, իմանալու համար, թե ինչ ուղղությամբ զարգացավ նրա կյանքը:
«… կյանքը բեռ էր դարձել նրա համար: Նա այդպես էր ապրում…»,- այստեղ պատմվածքն ընդհատվում է:
Սակայն պոեզիան, ինչպես և Լյուսիլը, փորձում է տեսնել կերպարը իր զարգացման մեջ: Պոեզիան շտապում և առաջ է ընկնում: Մենք գիտենք, ինչին նա հասավ և ինչպես ապրեց:
«Իսկ մահը»,- կարդում ենք 1909 թ. Լայպցիգում Յակոբ Ռայնհոլդ Լենցի մասին լույս տեսած գրքում, որ պատկանում է մոսկովյան պրիվատ-դոցենտ Մ. Ն. Ռոզանովի գրչին,- մահը որպես ազատում իրեն երկար սպասել չտվեց: 1792 թ. մայիսի 23-24-ի գիշերը Լենցին գտան Մոսկվայի փողոցներից մեկում: Թաղվեց ոմն ազնվականի միջոցներով: Նրա վերջին հանգրվանատեղին անհայտ է»:
Այսպիսին էր նրա ավարտը:
Նա` ճշմարիտ, բյուխներյան Լենցը, բյուխներյան կերպարը, որին կարողացանք ընկալել պատմվածքի առաջին էջերից, նա, ով «Հունվարի 20-ին գնաց լեռները», նա, և ոչ թե արվեստագետը, ոչ թե մարդը, որը զբաղվում է արվեստով, այլ նա, որպես մի Ես:
Գուցե հիմա մենք գտնենք այն տեղը, որտեղ թաքնվել էր օտարը, որտեղ անձը կցանկանար ազատագրվել որպես օտարված մի բան, որպես Ես: Կգտնե՞նք այդպիսի տեղ, այդպիսի արարք:
«…երբեմն նա միայն ափսոսում էր, որ չի կարող քայլել գլխիվայր»: Ահա Լենցը: Ահա նա, կարծում եմ, նա և իր քայլը, նա և իր «Կեցցե՚ արքան»:
«…երբեմն նա միայն ափսոսում էր, որ չի կարող քայլել գլխիվայր»:
Նրա համար, ով քայլում է գլխիվայր, տիկնակք և պարոնայք, նրա համար, ով քայլում է գլխիվայր, երկինքը վերածվում է անդնդի:
Տիկնայք և պարոնայք, այսօր ընդունված է մեղադրել պոեզիան «մթության» մեջ: Թույլ տվեք ինձ այստեղ իսկույն,- բայց միթե՞ ինչ-որ բան արդեն չպարզվեց,- թույլ տվեք մեջբերել Պասկալի մի խոսք, որը ես վերջերս կարդացի Լև Շեստովի մոտ. «Ne nous reproche donc plus le manque de clarté puisque nous en faisons profession!»: Ես կարծում եմ, սա, եթե ոչ բնածին, ապա պոեզիային հաղորդված մի մթություն է. այն հաղորդված է հանուն հանդիպման և գալիս է,- գուցե իր իսկ կողմից նախանշված,- հեռվից կամ օտարությունից: