Պաուլ Ցելան. Միջօրեականը
Իսկ մա՞րդը: Իսկ արարա՞ծը:
Ինչպիսի՞ հարցեր: Ինչիսի՞ պահանջներ:
Բայց ժամանակն է վերադառնալ:
Տիկնայք և պարոնայք, ես ավարտում եմ: Ես նորից սկզբում եմ:
Ellergissez l`Art! Այս հարցը նորից վերադառնում է իր ողջ հին, իր նոր զարհուրելիությամբ: Ես այդ հարցով դիմեցի Բյուխներին, հույս ունեի նրանից պատասխան ստանալ:
Ինքս ունեի պատասխան` լյուսիլյան հակաբառ, ցանկանում էի ինչ-որ բան հակադրել, իմ հակաճառությամբ ներկա լինել:
Ընդլայե՞լ արվեստը:
Ոչ: Գնա արվեստի հետ քո խորագույն նեղության մեջ: Եվ ազատիր քեզ:
Ես նաև այստեղ ձեր ներկայության մեջ եմ, ես անցել եմ այդ ճանապարհը: Դա շրջան էր:
Արվեստը, այսինքն` Մեդուսայի գլուխը, մեխանիզմները, ավտոմատները, զարհուրելին և դժվար տարբերելին, վերջին հաշվով գուցե միօտարություն են. մինչդեռ արվեստը շարունակում է ապրել:
Երկու անգամ, երբ Լյուսիլը բացականչում է «Կեցցե’ արքան» և երբ երկինքը բացվում է Լենցի տակ որպես անդունդ, ասես տեղի ունեցավ շնչառության շրջադարձ: Հավանաբար այնժամ, երբ ես փորձեցի շարժվել դեպի այն հեռուն և հասանելին, որոնք ի վերջո տեսանելի դարձան միայն Լյուսիլի կերպարում: Մի անգամ նաև մեզ հաջողվեց ուշադրություն դարձնելով իրերին և արարածին, հայտնվել բացի և ազատի մերձությամբ: Ի վերջո ուտոպիայի մերձությամբ:
Պոեզիան, տինայք և պարոնայք, ինչպիսի՜ անվերջ խոսողություն է և ամեն բան դրա մեջ մահկանացու և զուր է…
Տիկնայք և պարոնայք, թույլ տվեք ինձ, քանի որ ես նորից սկզբում եմ, մեկ անգամ էլ հակիրճ և ուրիշ ուղղությամբ հարցնել նույնի մասին:
Տիկնայք և պարոնայք, մի քանի տարի առաջ ես գրեցի քառատող: Ահա այն.
Ձայներ եղնջապատ ճանապարհին.
Ձեռքերի վրա արի մեզ մոտ:
Նա, ով միայնակ է լուսամփոփի հետ,
կարող է կարդալ միայն ձեռքերից:
Մի տարի առաջ, հիշելով Էնգադինում չկայացած հանդիպումը, ես թղթին հանձնեցի մի փոքրիկ պատմություն, որում մի մարդու, ինչպես Լենցին, ուղարկեցի լեռները:
Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դեպքում ես գրում էի ելնելով «հունվարի 20»-ից, իմ «հունվարի 20»-ից:
Ես հանդիպեցի…ինքս ինձ:
Հետևաբար, երբ մենք մտածում ենք բանաստեղծությունների մասին, անցնում ենք նրանց հետ այդպիսի ճամփաներ: Մի՞թե սրանք սոսկ շրջանցիկ ճամփաներ են, քեզնից` դեպի քեզ: Բայց դրանք միաժամանակ նաև այն ճամփաներն են, որոնց շնորհիվ լեզուն ստանում է ձայն, դրանք հանդիպումներ են, ձայնի ճամփաներ, որոնք տանում են դեպի որևէ ընկալող դու, դրանք ամեն արարածի ճամփաներն են: Գուցե դրանք գոյության ուրվագծեր են, ինքդ քեզ քեզ մոտ առաջ ուղարկող միջոցառումներ, ի խույզ ինքդ քեզ…Մի տեսակ տունդարձ:
Տիկնայք և պարոնայք, ես ավարտում եմ` այն ակուտի հետ, որը չէի կարող չդնել, ես ավարտում եմ… «Լեոնսը և Լենան»:
Եվ այստեղ, հասնելով ստեղծագործության երկու վերջին խոսքին, պիտի հատկապես ուշադիր լինեմ:
Ես պիտի զգուշանամ, ինչպես Կառլոս Էմիլ Ֆրանցոսը, որը 81 տարի առաջ Ֆրանկֆուրտի «Զաուերլենդերս» հրատարակչությունում լույսընծայեց «Գեորգ Բյուխների երկերի և ձեռագիր ժառանգության առաջին լիակատար ծանոթագրված ժողովածուն»,- ինչպես իմ վերագտնված համերկրացի Կառլոս Էմիլ Ֆրանցոսը,- պիտի զգուշանամ պիեսում օգտագործված “Commode”-ն ընթերցել որպես “Kommende”:
Այդուհանդերձ, մի՞թե «Լեոնսը և Լենան» պիեսում գոյություն չունեն բառերին անտեսանելիորեն ժպտացող փակագծերը, որոնք կցանկանային լինել ավելի շուտ սագի թաթիկներ, քան նապաստակի ականջներ, այսինքն` ականջներ, որ ոչ առանց վախի ցանկանում են հասկանալ իրենք իրենց և պիեսի բառերը:
Այստեղից, հետևաբար այս Commode-ից, ուտոպիայի լույսի տակ ես նախաձեռնում եմ տոպոսի ուսումնասիրություն:
Ես որոնում եմ երկիր, որտեղից գալիս են այստեղ գալու իմ ճանապարհին և Բյուխների մոտ ինձ հանդիպած Ռայնհոլդ Լենցը և Կառլոս Էմիլ Ֆրանցոսը: Քանի որ ես նորից այնտեղ եմ, որտեղից մեկնարկեցի, փորձում եմ գտնել նաև սեփական ծագման տեղը:
Ես փնտրում եմ այդ ամենը անվստահորեն սահեցնելով մատս քարտեզի վրա, և պիտի խոստովանեմ, դա դպրոցական քարտեզ է: Նշված տեղերից և ոչ մեկը հնարավոր չէ գտնել, դրանք չկան, սակայն ես գիտեմ, թե որտեղ դրանք պիտի լինեն առնվազն հիմա… և ինչ-որ բան գտնում եմ:
Տիկնայք և պարոնայք, ես գտնում եմ մի բան, որը սփոփում է ինձ, քանի որ ձեր ներկայությամբ ես ստիպված էի անցնել այս անհնար ճանապարհը, անհնարի ճանապարհը:
Ես գտնում եմ այն, ինչը կապում է և որպես բանաստեղծություն տանում է հանդիպման:
Ես գտնում եմ մի բան,- ինչպես լեզուն,- աննյութական, սակայն երկրային, հողեղեն, մի բան, որը շրջանաձև է, որն անցնելով երկու բևեռներով վերադառնում է ինքն իր մոտ և կայտառորեն հատում է տրոպները: Ես գտնում եմ…միջօրեական:
Ձեր, Գեորգ Բյուխների և Հեսսեն երկրամասի հետ միասին ես կարծես նորից հպվեցի նրան:
Ծանոթագրություններ
Կոնսյերժերի- Փարիզի հնագույն բանտերից մեկը, XVIII դարի վերջին դարձավ յակոբինյան տերորի խորհրդանիշ:
ՊյոտրԿրոպոտկին (1842-1921) – ռուս հեղափոխական գործիչ, անարխիզմի տեսաբան:
Գուստավ Լանդաուեր(1870-1919) – հրեական ծագումով գերմանացի փիլիսոփա, անարխիստ:
Լենց, Յակոբ Միքաել (1751-1792) – գերմանացի դրամատուրգ, բանաստեղծ, քննադատ:
Մերսյո, Լուի-Սեբաստյան (1740-1814) – ֆրանսիացի գրող, դրամատուրգ, Բյուխների «Դանտոնի մահը» պիեսի հերոսներից: «Ellargissez l՚Art» (Ընդլայնե’ք արվեստի սահմանները) արտահայտությունը ոչ թե նրանն է, այլ Մ. Ն. Ռոզանովինը. Ցելանը մեջբերում է այն Լենցի մասին Ռոզանովի մենագրությունից:
…La poe՚sie, elle aussi, brule nos e՚tapes – Պոեզիան նույնպես վազում է, այրելով իր ետևում նաև մեր կամուրջները (Ֆր.):
Հունվարի 20 – այս ամսաթիվը համընկնում է Ցելանի համար ամենաողբերգական ամսաթվերից մեկի հետ: Պատմական Լենցի մահից 159 տարի անց, 1942 թ. Բեռլինի արվարձանում տեղի ունեցավ տխրահռչակ Վանզեյան կոնֆերանսը, որի ընթացքում որոշվեց վերջնականլուծումտալ հրեական հարցին:
… Ne nous reproche donc plus le manque de clarté puisque nous en faisons profession! – Թող մեզ չմեղադրեն պարզության պակասի մեջ, չէ՞ որ մենք բացորոշ դավանում ենք այն:
ԼևՇեստով(1866-1938) – ռուս փիլիսոփա, 1920 թ.-ից ապրել է Փարիզում:
Մալբրանշ, Նիկոլա (1638-1715) – ֆրանսիացի փիլիսոփա, Դեկարտի հետևորդ, օկկազիոնալիզմի հիմնադիրը:
Ու–տոպիա – ou topos (հուն.) – ոչ- տեղ, անտեղիություն:
Ֆրանցոս Կառլոս Էմիլ (1848-1904) – Չեռնովիցում ծնված գերմանացի գրող, որ նկարագրել է արևելյան հրեականության կենցաղը:
Commode – հարմար, պատշաճ։
Kommend – գալիք, ապագա։
Միջօրեականի հետ լեզվի համաբանությունը հավանաբար կապված է գերմանացի փիլիսոփա Վիլհելմ Դիլթայի կողմից շրջանառության մեջ դրված «ըմբռնման շրջանակի» հասկացության հետ: Դիլթայը գտնում էր, որ բանասիրության մեջ ճանաչողությունը իրագործվում է ոչ միայն առանձին մասից դեպի մյուսը հետևողական շարժման արդյունքում, այլև մի ամբողջի նախակռահման:
Գերմաներենից թարգմանությունը և ծանոթագրությունները՝ Սերգեյ Ստեփանյան