Պաուլ Ցելան. Միջօրեականը
Բայց գուցե միևնույն ուղղությամբ իրար կողք-կողքի գոյություն ունեն երկու օտարություններ:
Լենցը, այսինքն` Բյուխները, այստեղ մի քայլ առաջ է անցել Լյուսիլից: Նրա «Կեցցե՚ արքան», այլևս խոսք չէ, այլ զարհուրելի համրություն, որը կտրում է ինչպես նրա, այնպես էլ մեր շնչառությունը:
Պոեզիան կարող է նշանակել շնչառության շրջադարձ: Ո՜վ գիտի, գուցե պոեզիան անցնում է այս ճանապարհը, նաև արվեստի ճանապարհը, հանուն շնչառության այդպիսի շրջադարձի: Եվ քանի որ օտարը, այսինքն` անդունդը և Մեդուսայի գլուխը, անդունդը և ավտոմատները գտնվում են ասես միևնույն ուղղության վրա` պոեզիայի, այստեղ գուցե հաջողվի տարբերել օտարը օտարից, գուցե հենց այստեղ կջղաձգվի Մեդուսայի դեմքը, հենց այստեղ շարքից դուրս կգան ավտոմատները՝ միայն մեկ ակնթարթ: Գուցե այստեղ և այսկերպ ազատագրվող օտարված Ես-ի հետ ազատագրվի նաև մեկ ուրիշ ինչ-որ բան:
Գուցե այստեղից բանաստեղծությունն այլևս հենց ինքն է…և կարող է անարվեստ եղանակով բռնել իր ուրույն ճանապարհը, հետևաբար նաև արվեստի ճանապարհը` նորից ու նորից:
Գուցե:
Գուցե կարելի է ասել, որ ամեն բանաստեղծության մեջ ներգրված է իր «հունվարի 20»-ը: Գուցե այսօր գրվող բանաստեղծությունների նորույթը հենց սա է. ակնհայտ փորձ պահել այդ թվականները:
Բայց մի՞թե մենք չենք գրանցում մեզ` ելնելով այդպիսի թվականներից: Եվ ի՞նչ թվականների ենք մեզ վերագրում:
Բանաստեղծությունը խոսում է: Այն հիշողության մեջ է պահում իր թվականները, սակայն խոսում է: Ակնհայտ է, որ այն խոսում է միայն իր սեփական, ամենախորը խնդիրներից:
Իսկ ես կարծում եմ,- և այս միտքը դժվար թե անակնկալի բերի ձեզ,- որ բանաստեղծությունն այսկերպ միշտ հույս է ունեցել խոսել նաև օտարի,- ոչ, այս բառը ես այլևս չեմ կարող կիրառել,- ուրիշի և, ով գիտի, գուցե բոլորովինուրիշիխնդիրներից:
Այս «ով գիտի»-ն, որին ես հիմա հանգեցի, միակն է, որ ես կարող եմ իմ կողմից ավելացնել մինչ այժմ եղած հույսերին:
Գուցե,- կասեմ ինքս ինձ,- գուցե հանդիպումը այդպիսի լիովին ուրիշի հետ,- այստեղ ես օգտվում եմ հայտնի օժանդակ բառից,- այդպիսի ոչ լիովին հեռավոր, այլ միանգամայն մոտ «ուրիշի» հետ նորից ու նորից մտածելի է: Այսպիսի մտքերի մեջ բանաստեղծությունը հապաղում և սպասում է բառի, որ առնչվում է արարածին:
Ոչ ոք չի կարող ասել, թե որքան կտևի շնչառության դադարը` այդ քարացումը և մտածումը: «Արագը», որը միշտ «դրսում» էր, արագություն է հավաքել: Բանաստեղծությունը գիտի դա: Սակայն շարունակում է իր ճանապարհը դեպի «ուրիշը», ում հասանելի, ազատ, գուցե վականտ է համարում և միաժամանակ` շրջված, ասում ենք մենք, դեպի բանաստեղծությունը, ինչպես Լյուսիլը:
Բանաստեղծությունը, այսօրվա բանաստեղծությունը, ակնհայտորեն ձգտում է համրության և դա, ինձ թվում է, միջնորդավորված կերպով կապված է բառերի ընտրության դժվարության, շարահյուսության կտրուկ անցումների և էլիպսիսի նկատմամբ ուժեղ հակման հետ:
Բանաստեղծությունը,- թույլ տվեք ինձ այսքան ծայրահեղ ձևակերպումներից հետո ևս մեկը,- հաստատում է իրեն իր սահմանի վրա. այն կանչում և դուրս է բերում ինքն իրեն իր արդեն-ոչից դեպի դեռևս-միշտը:
Այս դեռևս-միշտը կարող է լինել միայն խոսողություն: Այսինքն` ոչ պարզապես լեզու կամ «համապատասխանություն»:
Դա ակտուալացած լեզու է` ազատագրված թեպետ արմատական, բայց միաժամանակ լեզվի կողմից իր համար գծված սահմաններին և լեզվի կողմից իրեն տրամադրված հնարավորություններին հավատարիմ մնացող անհատականության նշանի տակ:
Բանաստեղծության այս դեռևս-միշտը կարելի է գտնել միայն նրա բանաստեղծության մեջ, ով չի մոռանում, որ խոսում է իր գոյության, իր անցավորության թեքման անկյան տակ:
Այդկերպ բանաստեղծությունը դառնում է,- հիմա ավելի հստակ, քան նախկինում,- կերպար ստացած առանձին մարդու լեզու, իսկ իր ներքին էությամբ` ներկա և առկայություն:
Բանաստեղծությունը միայնակ է: Այն միայնակ է և ճանապարհին է:
Նա, ով բանաստեղծություն է գրում, մնում է հաղորդված իր բանաստեղծությանը:
Բայց մի՞թե բանաստեղծությունը դրա շնորհիվ հանդիպման պահին իսկ արդեն կանգնած չէ հանդիպմանառեղծվածիմեջ:
Բանաստեղծությունը շարժվում է դեպի ուրիշը, ունի ուրիշի կարիք, դեմառդեմության կարիք: Այն փնտրում է ուրիշին և խոսում է նրան ընդառաջ:
Յուրաքանչյուր իր, յուրաքանչյուր մարդ դեպի ուրիշը շարժվող բանաստեղծության համար ուրիշի կերպար է:
Ուշադրությունը, որը բանաստեղծությունը փորձում է տրամադրել իրեն հանդիպող ամեն բանի,- դրվագների, ուրվագծերի, գույների, կառուցվածքի յուրահատուկ զգացումը,- թվում է, ոչ թե մեր աչքերի ձեռքբերումն է, աչքեր, որ մրցակցում են,- իսկ գուցե համագործակցում,- ամեն օր կատարելագործվող սարքերի հետ, այլ ավելի շուտ մեր բոլոր թվականները հիշողության մեջ պահող համակենտրոնացում է:
«Ուշադրությունը»,- թույլ տվեք ինձ մեջբերել Մալբրանշի մի ասույթ Կաֆկայի մասին Վալտեր Բենյամինի էսսեից,- հոգու բնական աղոթքն է»:
Բանաստեղծությունը կայանում է,- բայց ինչպիսի՜ պայմանների առկայությամբ,- նրա բանաստեղծությունը, ով դեռ ընկալելով հայտնվողը, շրջված է դեպի դա, ով քննում է այդ հայտնվողը և զրուցում է դրա հետ: Կայանում է զրույց. հաճախ դա հուսահատ զրույց է:
Միայն այս զրույցի տարածության մեջ է հաստատվում զրուցակիցը և հավաքվում է զրուցող և իրեն անվանող Ես-ի շուրջ: Բայց այդ ներկայի մեջ զրուցակիցը, որը անվանակոչելու շնորհիվ ասես վերածվում է Դու-ի, բերում է այլագոյություն: Այստեղի և հիմայի մեջ,- չէ՞ որ բանաստեղծությունն ինքը միշտ ունի լոկ այս, միանգամյա, ստույգ ներկան,- դեռ այս անմիջականության մեջ բանաստեղծությունը նաև դրան` ուրիշին թույլ է տալիս արտաբերել իր սեփականը` իր ժամանակը:
Զրուցելով այսկերպ իրերի հետ` մենք միշտ բախվում ենք հետևյալ հարցին. որտեղի՞ց են դրանք և ո՞ւր են գնում: Այս հարցը մնում է բաց և չունի սպառիչ պատասխան, այլ տանում է դեպի բացը, դատարկը և ազատը, որտեղ մենք միշտ դրսում ենք:
Բանաստեղծությունը, կարծում եմ, փնտրում է նաև այս տեղը:
Բանաստեղծությո՞ւնը:
Բանաստեղծությունը իր պատկերներով և տրոպներո՞վ:
Տիկնայք և պարոնայք, ինչի՞ մասին եմ ես ըստ էության խոսում, եթե ելնելով այսպիսի ուղղությունից, այս ուղղությամբ, այս բառերով խոսում եմ ոչ թե բանաստեղծության, ոչ, ես խոսում եմ այն բանաստեղծության մասին:
Ես խոսում եմ բանաստեղծության մասին, որը գոյություն չունի: Բացարձակ բանաստեղծություն, իհարկե, գոյություն չունի, չի կարող գոյություն ունենալ:
Սակայն յուրաքանչյուր իսկական ոչ հավակնոտ բանաստեղծության հետ առաջ է գալիս այս անխուսափելի զրույցը, չլսված հավակնությունը:
Իսկ ի՞նչ են բանաստեղծության պատկերները:
Դրանք այն դեպքն են, որը ընկալվում և ընկնում է միայն մեկ անգամ և միայն այստեղ: Բանաստեղծությունն այն տեղն է, որտեղ բոլոր տրոպներն ու մետաֆորները հանգում են ad absurdum:
Տոպոսի քննությո՞ւն:
Ակներևաբար: Սակայն քննվելիքի, ու-տոպիայի լույսի տակ: