Ռուբիկոն

Որտեղ քննարկվում են գաղափարներն առհասարակ և ընթացքում հետազոտվում՝ արդյոք մարդկային հոգին միշտ է մտածում

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Թ. – Պարզ է, մենք ենք ննջում ու նիրհում, իսկ Աստ­ված ենթակա չէ դրան։ Սակայն սրանից բնավ չի հե­տևում, թե մենք ոչինչ չենք ընկալում քնի ժամանակ։ Ուշադիր լինելու դեպքում ավելի շուտ հակառակը կնկատենք։

Ֆ.– Մեր մեջ կա ինչ-որ բան, որը մտածելու ներու­նակություն ունի, բայց սա չի նշանակում, թե մենք միշտ այդ ակտն ենք կատարում։

Թ. – Իսկական ներունակությունները երբեք պարզ հնարավորություններ չեն։ Միշտ գոյություն ունի մի­տում և գործողություն։

Ֆ.– Բայց այն դրույթը, թե հոգին միշտ մտածում է, ինքնին ակնհայտ չէ։

Թ. – Ես նման բան չեմ էլ ասում։ Փոքր-ինչ ուշադրու­թյուն ու դատողություն է պետք դա հայտնաբերելու համար, հասարակ մարդը դա նկատում է նույնքան քիչ, որքան օդի ճնշումը կամ Երկրի գնդաձևու­թյունը։

Ֆ.– Կասկածում եմ, թե միտքս գործել է անցյալ գիշեր, սա փաստական հարց է, և այն պետք է լուծել զգայական փորձով։

Թ. – Դա լուծում են այնպես, ինչպես ապացուցում են, թե կան անշոշափելի մարմիններ, անտեսանելի շարժումներ, թեև ոմանք դրանք համարում են ծիծա­ղելի։ ճիշտ նույնկերպ կան անթիվ-անհամար աննշմարելի ընկալումներ, որոնք բավականաչափ չեն առանձնանում նկատելի կամ հիշելի լինելու հա­մար, բայց որոնք ճանաչելի են դառնում որոշակի հետևանքների շնորհիվ։

Ֆ.– Ոմն հեղինակ մեզ հանդիմանում է այն բանի համար, թե մենք պաշտպանում ենք այն թեզը, ըստ որի հոգին դադարում է գոյություն ունենալուց, քանի որ քնի ժամանակ այն չենք զգում։ Այս հանդիմա­նությունը կարող է սոսկ տարօրինակ կանխակար­ծության արդյունք լինել, քանզի մենք չենք ասում, թե մարդու մեջ հոգի չկա, որովհետև չենք զգում նրա գոյությունը քնի ժամանակ, այլ միայն նշում ենք, թե մարդը չի կարող մտածել առանց դա գիտակցելու։

Թ.– Ես չեմ կարդացել այդ քննադատությունը պարունակող գիրքը, բայց ամենևին չեմ սխալվի՝ առարկելով, թե մտածողության չգիտակցվածությունից չի հետևում, որ այն գոյություն չունի, քանզի հակառակ դեպքում նույն հիմնավորմամբ կարելի էր ասել, թե գոյություն չունի հոգի, քանի դեռ այն չենք գիտակ­ցում։ Իբրև այդ առարկության հերքում պետք է մաս­նավորապես մտածողության առումով մատնանշել, որ նրա համար էական է գիտակցելի լինելը։

  • 11. Ֆ.– Դժվար է ըմբռնել, թե ինչ-որ բան կարող է մտածել և չզգալ, որ ինքը մտածում է։

Թ.– Ահա և խնդրի հանգույցն ու ճարտարամիտնե­րին խանգարող դժվարությունը։ Բայց ահա և դրա լուծման միջոցը։ Պետք է նկատի առնել, որ մենք միա­ժամանակ մտածում ենք բազմաթիվ բաների մասին, բայց ուշադրություն ենք դարձնում սոսկ ամենից առանձնացող մտքերին։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի ամեն ինչին ուշադրություն դարձնելու դեպքում հարկ կլիներ միաժամանակ ու սևեռակի մտածել բազում բաների մասին, որ զգում ենք և որոնք ազդեցություն են գործում մեր զգացումների վրա։ Կասեմ ավելին, մեր անցյալ բոլոր մտքերից մնում է ինչ-որ բան, ոչ մեկը երբեք չի ջնջվում ամ­բողջովին։ Չէ՞ որ երբ քնած ենք ու երազ չենք տես­նում կամ թուլացած ենք ինչ-որ հարվածից, ընկ­նելուց, հիվանդությունից կամ այլ պատահարից, մեր մեջ առաջանում են բազում խառնաշփոթ, աղոտ զգա­ցումներ. նույնիսկ մահը չի կարող մեկ այլ ազդե­ցություն թողնել շնչավորների հոգիների վրա, որոնք անտարակույս վաղ թե ուշ պիտի ստանան հստակ ըն­կալումներ, քանզի բնության մեջ ամեն ինչ ընթանում է իր կարգով։ Սակայն ընդունում եմ, որ այդ խառնաշփոթ վիճակում հոգին կլիներ հաճույքից ու ցավից զերծ, քանի որ դրանք նշանակալի ընկալումներ են։

  • 12. Ֆ. – Մի՞թե ճիշտ չեն նրանք, ում հետ գործ ունենք հիմա, այսինքն՝ կարտեզիականները, ովքեր կարծում են, թե հոգին միշտ է մտածում, և կյանք են շնորհում մարդուց տարբեր բոլոր շնչավորներին՝ առանց նրանց տալու ճանաչող ու մտածող հոգի։ Հենց նրանք էլ առանց դժվարության ասում են, թե հո­գին կարող է մտածել առանց մարմնին միացած լինելու։

Թ. – Ինչ վերաբերում է ինձ, ես բոլորովին այլ կար­ծիքի եմ, քանզի թեև ինքս էլ համամիտ լինելով կարտեզիականների հետ այն հարցում, որ հոգին միշտ մտածում է, միանգամայն տարակարծիք եմ մյուս երկու կետերի վերաբերյալ։ Ըստ իս, կենդա­նիներն ունեն անկորնչելի հոգի, իսկ մարդկային հո­գիները, ինչպես և մյուսները, երբեք չեն լինում առանց մարմնի, նույնիսկ մտածում եմ, որ լինելով զուտ գործողություն՝ միայն Աստված է ամբողջովին զերծ մարմնավորությունից։

Ֆ.– Եթե համամիտ լինեիք կարտեզիականների հետ, դրանից կեզրակացնեի, որ քանզի Կաստորի և Պոլլուքսի մարմինները կարող են մերթ ունենալ, մերթ չունենալ հոգի, թեև միշտ մնալով գոյացական, և քանի որ հոգին էլ կարող է մերթ հայտնվել մարմնի մեջ, մերթ լինել նրանից դուրս, ուստի Կաստորն ու Պոլլուքսը կունենային միայն մեկ հոգի, որը հաջոր­դաբար կգործեր հերթով ննջող ու արթմնի մնացող այդ երկու մարդկանց մարմնում, այսպիսով այդ հոգին կլիներ երկու նույնքան տարբեր անձ, որքան Կաստորն ու Հերկուլեսն են։

Թ. – Իմ հերթին ձեզ կներկայացնեմ մեկ այլ ենթա­դրություն, որն ավելի իրական է թվում։ Մի՞թե ճիշտ չէ այն, ինչի հետ պետք է միշտ համաձայնել, թե որոշ ժամանակից կամ որևէ մեծ փոփոխությունից հետո կարելի է ընդհանրապես մոռացության մեջ ընկնել։ (Ասում են)՝ Սլեյդանը նախքան մահանալը մոռացել է իր ողջ գիտեցածը. նմանատիպ տխուր դեպքի բազ­մաթիվ օրինակներ կան։ Ենթադրենք, նման մեկը երի­տասարդանում է և ամեն ինչ ուսանում նորից, այդ դեպքում նա կլինի՞ ուրիշ մարդ։ Հիշողությունը չէ, որ ստեղծում է միևնույն մարդուն։ Եվ սակայն, հերթով տարբեր մարմիններ շնչավորող հոգու մտապատրանքը, – հոգի, որ կենդանություն է պարգևում այնպես, որ այդ մարմիններից մեկնումեկի մեջ իր հետ կատարվածը չի հետաքրքրում իրեն մյուս մարմ­նում, – իրերի բնությանը ներհակ այն մտապատ­րանքներից մեկն է, որոնք բխում են փիլիսոփաների թերի հասկացություններից, ինչպես տարածությունն առանց մարմնի և մարմինն առանց շարժման, և որոնք վերանում են, երբ փոքր-ինչ ավելի ենք խորամուխ լինում հարցի մեջ, քանզի հարկ է գիտենալ, որ ցանկացած հոգի պահպանում է բոլոր նախորդ տպավորությունները և չի կարող երկատվել ձեր ներկայացրած ձևով, յուրաքանչյուր սուբստանցի մեջ ապագան լիակատար կապի մեջ է անցյալի հետ, ինչն էլ կազմում է անհատի նույնությունը։ Եվ սակայն, հի­շողությունն անհրաժեշտ չէ, ոչ էլ միշտ հնարավոր անթիվ-անհամար ներկա ու անցյալ տպավորություն­ների պատճառով, որոնք զուգորդվում են մեր ներկա մտքերին, քանզի չեմ կարծում, թե մարդու մեջ լինեն մտքեր, որոնք չգործեն որոշ, թեկուզ աննշմար ազ­դեցություն կամ որոնցից չմնա ինչ-որ բան՝ միա­խառնված հաջորդ մտքերին։ Կարելի է շատ բան մոռանալ, բայց կարելի է վերհիշել անցած-գնացած բաներ, եթե տնտղենք ինչպես հարկն է։

  • 13. Ֆ.- Նրանց, ովքեր քնել են առանց երազ տեսնե­լու, երբեք չես համոզի, որ իրենց մտքերը գործել են։

Թ. – Քնած ժամանակ, նույնիսկ երբ երազ չենք տես­նում, մարդու մեջ պահպանվում են թույլ զգայու­թյուններ։ Դա է վկայում անգամ արթնացումը, և որ­քան ավելի հեշտությամբ ենք արթնանում, այնքան ավելի շատ ենք զգում, թե ինչ է կատարվում դրսում, թեև այդ զգացումը ոչ միշտ է բավական ուժգին լինում արթնացնելու համար։

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Գաղափարների մասին ընդհանրապես Իմմանուել Կանտ («Զուտ բանականության քննադատություն», Տրանսցենդենտալ դիալեկտիկա, բաժին առաջին Չնայած մեր լեզվի անսպառ հարստությանը՝ խոր­հող մարդը հաճախ դժվարանում է գտնել մի տեր­մին, որը լրիվ կհամապատասխանի իր հասկացու­թյանը, և այդ բացի հետևանքով հիշյալ… Փիլիսոփայություն Գաղափարների պրոբլեմատիկան Լոկի, Լայբնիցի և Կանտի իմացաբանության մեջ (վերլուծական ակնարկ) Սերգեյ Ստեփանյան Ճանաչողության տեսությունը, այն թափով և վեճերի այն բազմազանությամբ, որով ժառանգվել է մեզ այսօր, նոր ժամանակներում, իբրև պրոբլեմ հարուց­վել է այն բանից հետո, երբ դեկարտյան իշխող ուսմունքին Ջոն Լոկը հակադրեց իր «Փորձ մարդ­կային ըմբռնողության… Փիլիսոփայություն Ընդհանրապես գաղափարների և դրանց ծագման մասին Ջոն Լոկ «Փորձ մարդկային ըմբռնողության մասին», գիրք երկրորդ, բաժին առաջին Գաղափարը մտածողության օբյեկտ է։ Յուրաքանչյուր մարդ գիտակցում է, որ մտածում է և որ այն, ինչով զբաղված է իր միտքը մտածելիս, գաղափարներ են։ Կասկածից վեր է, որ մարդիկ իրենց մտքում մի շարք…